Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ

ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ
14.05.2010 | 00:00

Մայիսի 7-ից 9-ը Ջերմուկում տեղի ունեցավ «Գիտության զարգացման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» գիտաժողովը, որը կազմակերպել էին ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը:
Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին գիտության ոլորտի ֆինանսավորման նոր կարգերը, գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը, ՀՀ-ում գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացման հայեցակարգային դրույթները: Անդրադարձ եղավ գիտության պետական կոմիտեի երկամյա գործունեությանը՝ օրենսդրական դաշտի կատարելագործման, ոլորտի բարեփոխումների, գիտական և գիտատեխնիկական համագործակցության ուղղությամբ:
Գիտության պետական կոմիտեի նախագահ ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, անդրադառնալով գիտության ոլորտի զարգացման ռազմավարությանը, ներկայացրեց այդ ոլորտի ներկա վիճակը և առկա հիմնախնդիրները։ 2009 թվականին պետբյուջեում գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի գծով հատկացումները կազմել են 8374626,9 հազար դրամ, որը 2001 թ. համեմատ ավելացել է ավելի քան երեք անգամ։ Գիտության պետական կոմիտեի ստեղծումից հետո հայագիտության ոլորտում գիտնականների աշխատավարձը բարձրացել է ավելի քան 75 տոկոսով։ Այս ուշադրությունը պայմանավորված է նրանով, որ հայագիտությունը պետության կողմից հայտարարված է գերակա ոլորտ։ 2008-2009 թթ. միջազգային դրամաշնորհներով իրականացվել է տարեկան 20 հազար ԱՄՆ դոլարը գերազանցող ավելի քան 50 գիտական ծրագիր, որոնց ֆինանսավորման ընդհանուր ծավալները կազմել են տարեկան շուրջ 7 միլիոն ԱՄՆ դոլար։
Հանրապետությունում գիտական և գիտակրթական կազմակերպություններում գիտական գործունեությամբ զբաղվում է մոտ 17 հազար մարդ։ Պետբյուջեից ֆինանսավորվող գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված է շուրջ 7,5 հազար գիտնական և գիտաշխատող, որոնցից 3075-ն ունի գիտական աստիճան։ 2008 թ. պաշտպանվել են 520 թեկնածուական և 46 դոկտորական ատենախոսություններ՝ գիտության 20 մասնագիտությունների գծով: 2008-2009 թթ. ստեղծվել է անկախ գիտական փորձաքննության համակարգը, որում ընդգրկվել է 1200 գիտնական Հայաստանից և օտարերկրյա պետություններից։
Այս տարիների ընթացքում ընդլայնվել է միջազգային համագործակցությունը։ 2008-2009 թթ. գիտության պետական կոմիտեն ստորագրել է գիտական և գիտատեխնիկական գործունեության ոլորտում համագործակցության հուշագրեր և համաձայնագրեր Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի, Բելառուսի գիտության և տեխնոլոգիաների պետական կոմիտեի և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հետ։ Օրերս Մոսկվայում ստորագրվել է նաև ՌԴ ֆունդամենտալ հետազոտությունների հիմնադրամի հետ պայմանագիր։ Առաջիկայում նախատեսված է Ֆունդամենտալ հետազոտությունների հիմնադրամի ղեկավարի հետ հանդիպում, որի ընթացքում կհստակեցվեն այն ոլորտները, որոնց շրջանակներում կֆինանսավորվեն գիտական ծրագրեր։ Պայմանագիր է ստորագրվել նաև ԼՂՀ-ի հետ, ինչի շնորհիվ արցախցի գիտնականները ևս իրավունք կստանան մասնակցելու Հայաստանում հայտարարված մրցույթներին և շահելու ծրագրեր։ Հանրապետության գիտնականների հեղինակությամբ և համահեղինակությամբ իրականացվել են միջազգային բարձր մակարդակին համապատասխանող մի շարք աշխատանքներ, որոնք հրապարակվել են հեղինակավոր գիտական ամսագրերում։
2010 թ. էապես ավելացել են տնտեսական ծախսերը։ Մինչև 2007 թ. հետազոտական հիմնարկների տնտեսական ծախսերը 12-13 տոկոս էին, ինչը խորհրդանշական գումար էր և թույլ չէր տալիս ջեռուցման խնդիրները հոգալ։ Այսօր հաջողվել է հետազոտական հիմնարկների տնտեսական ծախսերը դարձնել 25-30 տոկոս։
Ս. Հարությունյանը ձևակերպեց գիտության ոլորտի տեսլականը, համաձայն որի՝ 2020 թվականին ՀՀ-ն կլինի գիտելիքահենք տնտեսություն ունեցող, հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների ու մշակումների մակարդակով եվրոպական գիտատեխնիկական տարածքում մրցունակ երկիր։
Գիտության ոլորտի զարգացման ռազմավարության թիրախներից է գիտության, կրթության և տեխնիկայի բնագավառի բարձր որակավորում ունեցող երիտասարդ կադրերի թվաքանակի կայուն աճի ապահովումը, գիտության ոլորտի նյութատեխնիկական բազայի և ենթակառուցվածքի արդիականացումը։ Այդ նպատակով անհրաժեշտ է ստեղծել իրավական, տնտեսական և կազմակերպական պայմաններ ու երաշխիքներ՝ երիտասարդ կադրերի համակողմանի զարգացման, ինքնահաստատման և ինքնադրսևորման համար։ Բացի այդ, պետք է իրականացնել ասպիրանտական կրթության բովանդակային բարեփոխումներ, մշակել ատենախոսությունների գիտական մակարդակի բարձրացմանը նպաստող մեխանիզմներ և ներդնել գիտական աստիճանաշնորհման առավել արդյունավետ համակարգ։ Ընդ որում, այդ միջոցառումները պետք է զուգակցվեն երիտասարդ գիտնականների սոցիալ-տնտեսական, այդ թվում՝ աշխատանքի վարձատրության պայմանների բարելավմամբ։ Գիտության պետական կոմիտեի ղեկավարը տեղեկացրեց, որ վերջին տարիներին գիտական ծրագրերում և թեմաներում ընդգրկված գիտական աստիճան ունեցող 22-33 տարեկանների թվաքանակն էապես աճել է։ Առաջին հայացքից թվում է, թե երիտասարդ թարմ շունչ է մտնում գիտության ոլորտ, սակայն իրական պատկերն այլ է։ Երիտասարդները պաշտպանում են թեկնածուական աստիճան, սակայն գիտության մեջ չեն մտնում։ Ընդ որում, եթե, օրինակ, ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանության ոլորտներում գիտական աստիճան ստացած մարդկանց ավելի քան 50 տոկոսը շարունակում է զբաղվել գիտությամբ, ապա այլ ոլորտներում (բժշկագիտություն, դեղագործություն, տնտեսագիտություն) գիտական աստիճան ստացածների շատ քիչ տոկոսն է մնում գիտության մեջ։ Մասնավորապես 1994-2008 թթ. տնտեսագիտության ոլորտում գիտական աստիճան է ստացել ավելի քան 800 մասնագետ, սակայն մոտ 100-ն են մտել գիտության կամ կրթության ոլորտ աշխատելու։ Գիտության մեջ ընդգրկված գիտության թեկնածուի միջին տարիքը Հայաստանում 52-53 է, դոկտորներինը մոտենում է 70-ի։ Օրինակ, գյուղատնտեսության ոլորտում դոկտորների միջին տարիքը 72 է։ Ըստ Ս. Հարությունյանի՝ մեզանում գիտության ծերացում է նկատվում, թեև պաշտպանողների թիվն աստիճանաբար աճում է։ Նա նշեց նաև, որ թեկնածուական ատենախոսությունների որակը բավականին ցածր է։ Նշենք, որ գիտաժողովին հրավիրված էին ոլորտին առնչվող կառավարական մարմինների, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, գիտատեխնիկական կազմակերպությունների և բուհերի ներկայացուցիչներ, ովքեր հանդես եկան ելույթներով և բազմաթիվ առաջարկներով:
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1706

Մեկնաբանություններ