Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ԱՌԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՀԶՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ

ԱՌԿԱ ԵՆ ԱՌՈՂՋԱՐԱՆԱՅԻՆ ՀԶՈՐ ԿԵՆՏՐՈՆ ԴԱՌՆԱԼՈՒ ԲՈԼՈՐ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԸ
09.11.2010 | 00:00

Ջերմուկի Ս. Գայանե նորակառույց եկեղեցին, որը քաղաք մտնող մայրուղու հենց սկզբնամասում է, օծվել է 2007 թվականին: Դեռ հեռվից, Կեչուտ գյուղի դարավանդից, երկնքի կապույտին գծագրվող նրա գմբեթի նրբակերտ խաչը, դեղին բազալտե սրբատաշ որմերը, կամարաղեղները խոր ակնածանքով ու հիացմունքով են համակում զբոսաշրջիկներին և այցելուներին: Մայրուղու ոլորանը հաղթահարելուց հետո ավտոբուսին ասես ընդառաջ է գալիս Արփայի ավելի քան 100 մ խորությամբ կիրճը, որը գոտևորել է Աջափնյակ և Ձախափնյակ թաղամասերն իրար կապող միաթռիչք կամուրջը: Այս կիրճում է նաև Արփա գետը թափվող Ջերմուկի հրաշագեղ ջրվեժը` իր շողարձակ ցոլարձակումներով: Ավտոբուսի պատուհանից դուրս միմյանց են հաջորդում անվանի ճարտարապետներ Է. Տիգրանյանի, Մ. Գրիգորյանի և Գ. Թամանյանի նախագծերով կառուցված գեղագիտորեն ներդաշնակ, իրար լրացնող հոյակերտ առողջարանները, հյուրանոցները, ճարտարապետական համալիրներն ու կոթողները:
«Նախկինում Ջերմուկ քաղաքն ուներ միութենական առողջարանային կենտրոնի կարգավիճակ»,- ասում է քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:- Այցելուների թիվը տարեկան հասնում էր 25-30 հազարի: Չնայած Միության փլուզումից հետո ենթակառույցներում ներդրումների բացակայության պատճառով զբոսաշրջիկների և բուժվողների թիվը նվազեց, սակայն զբոսաշրջության ցուցանիշները, զանգվածային տեղեկատվության ապահովման շնորհիվ, 1990 թվականին վերականգնվել են:
Ըստ Վ. Հովհաննիսյանի, տարածաշրջանում առողջարանային եզակի կենտրոնի և Հայաստանի առաջնային զբոսաշրջային գոտու ավանդական համբավը կայուն հիմքերի վրա պահպանելու, մրցակցային մակարդակը ձմեռային զբոսաշրջության ոլորտում բարձրացնելու, ներդրումներն ընդլայնելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությունը մշակել և հաստատել է «Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագիրը», որը համահունչ է «ՀՀ կառավարության 2008-2012 թթ. կայուն զարգացման», «ՀՀ և ԵՄ գործողությունների» ծրագրերին ու «Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծին»:
«Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի» շրջանակներում, «Եղնիկի սար» կոչվող 100 հա տարածքում, գալիք տարվանից կսկսի կառուցվել ձմեռային քաղաք, որտեղ կհյուրընկալվեն հիմնականում լեռնադահուկային մարզաձևի սիրահարները: Նախատեսվել է կառուցել միջազգային չափորոշիչներին համապատասխան ևս մեկ ճոպանուղի, որին զուգահեռ կգործեն սրճարաններ, ճաշարաններ, ձմեռային ճամբարներ, մարզադահլիճներ: Ծրագրի շրջանակներում կառուցվելու են կինոթատրոններ և բացօթյա ամֆիթատրոններ և նոր, ժամանակակից օդանավակայան: Կգործի նաև շախմատի միջազգային մրցաշարերի անցկացման կենտրոնը: Կկարգավորվեն ուղևորափոխադրումներն ու հեռահաղորդակցության կապերը` քաղաքն ինտեգրելով եվրոպական առողջարանային ցանցին: Նշված կառույցների շահագործմանը զուգահեռ կբացվի շուրջ 5000 աշխատատեղ:
Վ. Հովհաննիսյանի խոսքերով` համայնքի, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Հայաստանի մրցունակություն» հիմնադրամի միջոցներով առաջիկա տարում կգործի աշխատանքային խումբ, որտեղ կընդգրկվեն զբոսաշրջության ոլորտում մասնագիտացած, օտար լեզուների տիրապետող ջերմուկցի երիտասարդներ: «Հոկտեմբերի վերջին կներկայացվի շվեյցարացի մասնագետների հետ համատեղ նախագծված Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագիծը, որի աշխատանքներին օժանդակել են համայնքն ու ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը»,- նշում է Վ. Հովհաննիսյանը, հավելելով, որ հատակագծի հետ կքննարկվեն նաև մինչև 100 հազար այցելուների ընդունման և դրա հետ կապված աշխատատեղերի բացման խնդիրներ:
Այսօր քաղաքի հանքային բուժիչ ջրերի շշալցման մոտ մեկ տասնյակի հասնող ձեռնարկություններում զբաղված է քաղաքի բնակչության շուրջ 20 տոկոսը: Դրանցից` «Ջերմուկի մայր գործարան», «Ջերմուկ գրուպ» գործարանների նորագույն տեխնոլոգիաներով արտադրված ապրանքի զգալի մասն սպառվում է արտերկրում: Քաղաքի բնակչության մոտ 30 տոկոսն էլ (ավելի քան 2000 մարդ) աշխատում է առողջարաններում և սպասարկման ոլորտում: «Զարմանալի թող չհնչի, բայց արտագնա աշխատանքի մեկնող ջերմուկցիներ համարյա թե չունենք»,- ասում է քաղաքապետը:
Ծովի մակերևույթից 2080 մ բարձրության վրա գտնվող, տարեկան 280 օր տևողությամբ արևափայլով, մեղմ կլիմայով, անտառածածկ լեռներով շրջապատված Ջերմուկն ունի բուժիչ հատկություններով հարուստ շուրջ 40 տաք աղբյուր: Դրանց մեջ եղած ծծմբային, ազոտական, ածխաթթվային գազերն ու ապարային աղերն իրենց կազմով, բաղադրությամբ և պարունակությամբ մոտ են կառլսբադյան հայտնի հանքային ջրերին: Դրանց միջոցով համապատասխան մասնագետները բուժում, վերացնում, մեղմացնում են աղեստամոքսային տրակտի, միզասեռական օրգանների, նյութափոխանակության խանգարման, հոդացավային, նյարդային, վերին շնչուղիների, բերանի խոռոչի և մաշկային հիվանդությունները: Ըստ քաղաքապետի, ավելի քան 30 տարվա հետազոտությունների շնորհիվ, քաղաքի բժշկական փորձագիտական խմբի ուժերով, ընդերքաջրերի համակցմամբ, ստեղծվել է մինչև 60 աստիճան տաքությամբ, «կախարդական» անվանումը կրող ջուր, որը բուժում, կանխում է հատկապես հոդացավային հիվանդությունները: Նշված ջուրը, որը հատուկ խողովակաշարով տեղափոխվում է քաղաքի առողջարաններ, արդեն ապացուցել է բուժման իր հրաշագործ ներգործությունը:
Սպասարկման բարձրակարգ որակի, առողջարանային առաջնակարգ քաղաքի ավանդույթների և վարկանիշի պահպանման շնորհիվ բուժման սեզոնին Ջերմուկի հյուրընկալ առողջարաններում են ԱՊՀ-ից և արտերկրից ժամանած ամենամյա զբոսաշրջիկներ, որոնք ակտիվ հանգստի հետ նորից ու նոր վայելում են նաև հանքային ջրերի հրաշագործ ազդեցությունը:
«Զբոսաշրջության ակտիվ շրջանում քաղաքում առավել հաճախակի են հանրապետության համույթների և անհատ կատարողների բացօթյա համերգները»,- նշում է քաղաքապետը: Նրա խոսքերով, զբոսաշրջիկների հանգիստն առավել հետաքրքիր դարձնելու համար կազմակերպվում են նաև հետաքրքիր շրջայցելություններ 8-10-րդ դարերում կառուցված Տաթև, Նորավանք, Գնդեվանք վանական համալիրներ, Գլաձորի համալսարան, ինչպես նաև միջնադարյան այլ հուշարձաններ ու բնակավայրեր:
«Ջերմուկում են անցկացվում նաև արդեն ավանդական դարձած «Բազե» համահայկական երիտասարդական ամենամյա հավաքներն ու միջազգային շախմատային մրցաշարերը,- վերջում ասում է Վ. Հովհաննիսյանը:- Կանանց և տղամարդկանց շախմատի «Գրան պրի» մրցաշարի ավարտից հետո ՖԻԴԵ-ի նախագահը, հրապուրվելով քաղաքի հրաշալի պայմաններով, առաջնակարգ սպասարկումով և հանքային ջրերով, կանանց շախմատի մրցումային երկրորդ փուլը նույնպես անցկացրեց Ջերմուկում»:
Այնպես որ, Արփայի հեքիաթային հովտի գեղեցկուհին` Ջերմուկ քաղաքը, շարունակում է կանչել հազարավոր զբոսաշրջիկների և հանգստացողների. նրա կախարդանքն անսպառ է, դյութական:
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 1662

Մեկնաբանություններ