Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ՉՆԱՅԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է

ՉՆԱՅԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ ՋԱՎԱԽՔՈՒՄ ԾՆՈՒՆԴՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ Է
29.10.2010 | 00:00

Աշխատանք, կրթությունը շարունակելու հնարավորություն, ժամանցի վայրեր. սա Ջավախքի երիտասարդների ցանկությունն է, որոնց առկայության դեպքում ջավախքցի երիտասարդները կմնան հայրենիքում և սեփական հետաքրքրությունները չեն փորձի բավարարել արտասահմանում։
Ջավախքում մշակութային կյանքի աշխուժացմանը նպաստելու, երիտասարդական կապերն ու համագործակցությունն ամրապնդելու նպատակով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը հոկտեմբերի 24-26-ին կազմակերպել էր հայաստանցի երիտասարդների այցելություն Ջավախք։ Քառասուն հոգուց բաղկացած հայաստանյան պատվիրակությունը Ջավախքում հանդիպեց Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության ղեկավարության, տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, այցելեց Խանդո և Գանձա գյուղեր։
Տարածաշրջանում գրանցված են մի շարք երիտասարդական հասարակական կազմակերպություններ, սակայն դրանցից շատ քչերն են գործում։ Որոշ ՀԿ-ներ գործում են կառավարության ֆինանսավորմամբ, մյուսները՝ դրամաշնորհային ծրագրերի շնորհիվ։ Դրանցից է Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը, որը հիմնադրվել է 2007-ի դեկտեմբերին։ Կենտրոնի ղեկավար ՆԱԻՐԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԸ նշեց, որ կենտրոնի կազմում գործում են պատանեկան և երիտասարդական կազմակերպություններ, որոնք աշխատանքներ են ծավալում առավելապես գյուղական համայնքներում։ Երիտասարդական կենտրոնը նշում է ազգային և հոգևոր տոներ, իրականացնում է կրթական, մշակութային ծրագրեր. այստեղ գործում են ասեղնագործության խմբակ, օտար լեզուների, համակարգչային դասընթացներ։ Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը գործում է անդամավճարների և հովանավորների աջակցության շնորհիվ, համագործակցում է նաև հայաստանյան մի շարք կառույցների հետ։
Ջավախահայության, մասնավորապես երիտասարդությանը հուզող, բազմաթիվ հիմնախնդիրներից առանցքայինը գործազրկությունն է ու աշխատատեղերի պակասը: Առկա է Վրաստանի պետական լեզվի չիմացության խնդիրը, որի պատճառով շատերը մնում են առանց աշխատանքի: Աշխատունակ ուժերի պակաս է զգացվում նաև այն պատճառով, որ կրթություն ստանալու նպատակով մեկնածներից քչերն են վերադառնում։ Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնի տնօրեն ՍԱՄՎԵԼ ՄԵՐԹԱՐՋՅԱՆԸ կարևորեց Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում վրացերենի դասընթացների կազմակերպումը, քանի որ Վրաստանում ապրող յուրաքանչյուր քաղաքացի պետք է տիրապետի այդ երկրի պետական լեզվին՝ քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային կյանքում առավելագույնս ներգրավվելու համար։ «Եթե ցանկանում ենք, որ մեզ արժևորեն, պետք է կարողանանք առաջընթաց գրանցել։ Իսկ առաջընթաց ունենալ, առանց տվյալ երկրի պետական լեզվի տարրական գիտելիքների, անհնար է»,- շեշտեց Սամվել Մերթարջյանը
Ջավախքցի երիտասարդները հատկապես ընդգծում են կրթության խնդիրը։ Ջավախքում չկան պետական բուհեր, գործում են մի քանի ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ, որոնք, սակայն, ըստ երիտասարդների, ոչ այնքան բարձր որակ են ապահովում: Այդ է պատճառը, որ երիտասարդների մեծ մասը կրթություն ստանալու նպատակով մեկնում է այլ երկրներ (մեծ մասը` Հայաստան և փոքր մասը` Ռուսաստան):
Ժամանցի վայրերի և մշակութային կենտրոնների բացակայությունը նույնպես նպաստում է ջավախահայ երիտասարդների արտագաղթին: Ախալքալաքում կա մշակույթի տուն, որն ունի ժողովրդական գործիքների բաժին, երգի-պարի անսամբլ, տարբեր խմբակներ, սակայն երիտասարդների չնչին տոկոսն է դրանցում ներգրավված: Գործում են նաև երաժշտական, նկարչական, մարզական դպրոցներ, աշուղական դպրոց, մարզադահլիճ` տարբեր սեկցիաներով։ Կառուցվում է եվրաստանդարտներին համապատասխանող լողավազան, որը կգործի մոտ մեկ տարուց, սակայն այդ բոլորը հասանելի է միայն քաղաքում ապրող երիտասարդներին, գյուղաբնակների կյանքն առավել քան ծանր է ու տաղտկալի: Գյուղերում, թերևս, միակ հետաքրքրությունը երբեմն-երբեմն Հայաստանից ժամանած մշակութային խմբերի համերգային ծրագրերն են։
Չնայած երիտասարդների համար առկա դժվարություններին՝ Ախալքալաքում, այնուամենայնիվ, նորածինների թիվը տարեցտարի ավելանում է։ Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության կառավարիչ ՆԱԻՐԻ ԻՐԻՑՅԱՆԻ տեղեկացմամբ` Ջավախքում տարեկան 750-850 երեխա է ծնվում, ընդ որում, վերջին մեկ տարում նորածինների թիվը մոտ 150-ով ավելացել է։
Ջավախքն ունի «Աբուլ» ֆուտբոլային թիմը, որը հաջողությամբ հանդես է գալիս Վրաստանի երկրորդ լիգայում։ Հաշվի առնելով բնակլիմայական պայմանները՝ այստեղ փորձ է արվում զարգացնելու լեռնադահուկային սպորտը։ Տարածաշրջանում լայն մասսայականություն է վայելում բռնցքամարտը։ Ջավախքցի մարզիկներն ընդգրկված են Վրաստանի բռնցքամարտի ազգային հավաքականում, ունեն լուրջ նվաճումներ, մասնավորապես՝ մրցանակներ միջազգային առաջնություններում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ