ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Սառնորակ աղբյուրների պղտոր հեղեղները

Սառնորակ աղբյուրների  պղտոր հեղեղները
20.04.2012 | 00:00

«Ցինիզմը ենթադրում է ընդհանուր իդեալների առկայություն։ Հանցագործությունը` ընդհանուր օրենքների առկայություն։ Աստվածանարգությունը` ընդհանուր հավատի առկայություն։ Եվ այլն։ Իսկ ինչ է ենթադրում դատարկամտությունը։ Ոչինչ»։

Սերգեյ ԴՈՎԼԱԹՈՎ

«ՆՈԿԱՈՒՏ» ՆԱՎԹԻՆ

Համաշխարհային հանրությունը վաղուց է եզրակացրել. եթե 19-րդ դարը դարն էր ոսկու և պողպատի միջև հակամարտությունների, 20-րդը նավթի տիրակալության դարաշրջանն էր, 21-րդը դարն է ջրային պատերազմների:

Խնդրին ոչ քաջատեղյակ մարդկանց համար նյութը, հավանաբար, սառը ցնցուղի տպավորություն կգործի: Կգործի, քանի որ գիտական բազմաթիվ հաշվարկների արդյունքում հանրահայտ է` Երկիր մոլորակի ջրային պաշարների 97 տոկոսը Համաշխարհային օվկիանոսի պաշարներն են, և միայն մնացած 3 տոկոսը` քաղցրահամ ջրերը: Ընդ որում, այս երեք տոկոսից երկուսը ամբարված են Արկտիկայի և Անտարկտիդայի սառցադաշտերում և, առայժմ, անօգտագործելի են: Այսինքն` մարդկությունն օգտվում է 1 տոկոս կազմող քաղցրահամ ջրի պաշարներից: Այս 1 տոկոսը ևս բավականին «անարդար» է բաշխված:

ՋՐԱՅԻՆ ԳԼԽԱՑԱՎԱՆՔՆԵՐ

Մերձավոր Արևելքում ապրում է է աշխարհի բնակչության 5 տոկոսից ավելին: Սակայն նրանց քաղցրահամ ջրերի 1 տոկոսի դարձյալ մեկ տոկոսն է բաժին ընկնում: Այսինքն` նրանք էլ հայի բախտից այնքան հեռու չեն:

Առաջին հայացքից ջուրն ընկալում ենք նախ որպես կենսական կարևորագույն նախապայման: Հետո արդեն շատերիս մտապատկերում այն զովացուցիչ ըմպելիք է, լիճ է, ծով է և օվկիանոս: Միաժամանակ գետերը վաղուց են հիմնարար գործոն դարձել համաշխարհային հակամարտությունները լուծելիս, հարևան երկրների վրա լրջագույն քաղաքական և տնտեսական ճնշումներ գործադրելիս և այլն:

1967-ին ջուրը ծանրակշիռ գործոն էր արաբա-իսրայելական պատերազմում: Համաշխարհային քաղաքականության «գորշ կարդինալ» Իսրայելը ջրային հակամարտությունների մեջ է իր բոլոր հարևանների հետ: 1994-ին կնքվեց իսրայելա-հորդանանյան հայտնի համաձայնագիրը, որով կարգավորում էին ջրօգտագործման խնդիրները: Իսրայելա-սիրիական «տուրուդմբոցներում» գլխավոր սադրիչ գործոնը Հոլանի նշանավոր բարձունքն է, որտեղից բխող աղբյուրները բավարարում են հրեական պետության ջրային պահանջարկի գրեթե մեկ երրորդը:

Փարավոնների երկիր Եգիպտոսն իր հերթին ունի սեփական ջրային գլխացավանքը, որը նրա քաղաքական գերակայություններից է: Երկիրը, գտնվելով Նեղոսի ստորին հոսանքում, տարածաշրջանի ամենալիառատ ջրօգտագործողն է: Եվ Եգիպտոսը հաճախ է դղրդուն հրովարտակներ հղում իր հարավային հարևաններին` պահանջելով սրբազան Նեղոսի հետ վարվել շատ զգուշորեն… չվտանգելով իր ազգային-կենսական շահերը: Այսինքն` չվերցնել ավելի ջուր, քան անհրաժեշտ է: Անհրաժեշտ, իհարկե, ըստ եգիպտական պատկերացումների:

Թուրքիան, ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում էլ շահեկան դիրքերում է: ¥Շատ կուզեի իմանալ` թուրքական վարք ու բարքում «թուրքի բախտ» ասվածը կա՞, թե՞ ոչ): Օսմանցիները շահում են: Շահում են, քանի որ Եփրատն ու Տիգրիսը վաղուց հզոր զենք են նրանց ձեռքում` հարավային հարևանների` Սիրիայի և Իրաքի հետ քաղաքական և տնտեսական հարաբերությունները կարգավորելիս:

Թուրքիայում վաղուց է գործում «Մեծ Անատոլիա» ծրագիրը: Այս ահարկու ծրագրով Հայկական լեռնաշխարհից բխող չքնաղ գետերի վրա կառուցվելու են 22 ջրամբար և 19 հիդրոէլեկտրակայան: Թվում է, թե զարմանալու կամ զայրանալու պատճառներ չիք: Իրենք են, «իրենց» գետերը: Սակայն նման լայնածավալ ծրագրի իրականացումից հետո մոտ 50 տոկոսով կնվազի դեպի հարավային հարևաններ, դեպի Իրաք ու Սիրիա հոսող ջրի պաշարը: Հասկանալի է, որ Թուրքիան ջրային լայնածավալ ռմբահարություն կարող է կիրառել ցանկացած դեպքում:

Ի դեպ, միջազգային իրավունքով սահմանված է, որ մեկից ավելի պետությունների տարածքում գտնվող ջուրը միջազգային ջրահոսք է, ենթակա կառավարման միայն միջազգային նորմատիվներով: Այնինչ Թուրքիան իր տարածքում առկա ջրային հզոր պաշարները գործածում է այնպես, ինչպես այլ երկրներում գործածում են նավթը:

Եվ ահա, վերլուծաբանների համոզմամբ, ջուրը տեսանելի ապագայում կդառնա Թուրքիայի ռազմավարական հաղթաթղթերից մեկը: Մասնավորապես, Իսրայելը չափից դուրս մեծ հետաքրքրություններ ունի թուրքական ջրերի հանդեպ, քանի որ փոխշահավետ համագործակցության դեպքում պարզապես կազատագրվի արաբական աշխարհի «ջրային վասալի» անպատվաբեր կարգավիճակից: Գուցե նաև այստեղ փնտրենք թուրք-իսրայելյան «յոլդաշության» գաղտնիքը:

ԿԵՑՑԵ՛Ս, ԽԱՉԻԿՅԱՆ

Հրաշալի է, բայց ի՞նչ վիճակում ենք մենք` Հայաստան աշխարհի բնակիչներս: «Միմինոյի» Խաչիկյանը խորապես համոզված էր, որ կանաչագեղ Դիլիջան քաղաքի ցանկացած խոհանոցի խողովակից հոսում է աշխարհի երկրորդ համեղ ջուրը: Ըստ Խաչիկյանի` լավագույն ջուրը Սան Ֆրանցիսկոյում է: Անշուշտ, նրա կարծիքը լրջորեն վիճարկել և վիճարկում են Հայաստանի լեռնային շրջանների ջրօգտագործողները, ուր իսկապես հոսում է աշխարհի եթե ոչ երկրորդ, ապա վստահաբար… առաջին ջուրը: Առհասարակ, մեր ջրի հրաշքը կարող ենք գնահատել առաջին անգամ ոտք դնելով ցանկացած օտար երկիր և փորձելով ծարավը հագեցնել:

Այժմ` ուշադրություն, պատվելի ընթերցողներ, զարմանահրաշ բաներից ենք խոսելու:

Օրինակ, գիտե՞ք, որ, պաշտոնական տվյալներով, հանրապետության աղբյուրները մեկ վայրկյանում արտադրում են մոտ 50 խմ քաղցրահամ ջուր:

Այս թիվը գուցե այնքան էլ տպավորիչ չէ, քանզի պատկերն ամբողջական չի ներկայացնում: Իսկ ամբողջական պատկերը ցնցող է, քանզի, համաձայն լրջագույն գիտական հաշվարկների, առաջիկա մի քանի տասնամյակներում Հայաստանը կարող է խմելու ընտիր ջրով ապահովել Մերձավոր Արևելքի 200-միլիոնանոց բնակչությանը:

Սակայն մի փոքր դադար տանք և խոր շունչ քաշենք: Եվ հիշենք մի հեքիաթանման պատմություն: Մերձավոր Արևելքի, կարծես թե նաև աֆրիկյան երկրների ջրային խոր ծարավը որոշ պետությունների կառավարություններին ժամանակին խելքի էր գցել նավարկելու դեպի Անտարկտիդա և հզոր շոգենավերով… այսբերգներ «որսալու» ու մոտեցնելու իրենց ափերին:

Բայց պարզվում է, որ այսբերգի ծավալի մի նշանակալի մասը հեռավոր նավարկության ավարտին պարզապես անհետանում էր օվկիանոսի ջրերում: Ինչևէ, հսկայական ծախսերի գնով ներկրված սառցալեռները կամաց-կամաց հալչում էին հարավային բորբ արևի տակ և հատուկ սարքերի միջոցով խմելու ջուր մատակարարում «վիզ դրած երկրների» բնակչությանը: Իհարկե, այս մեթոդը շատ է հիշեցնում էշ առնելու և այն վերավաճառելու պատմությունը:

Նույն մտահոգ գիտնականները նաև եզրակացրել են, որ տեսանելի ապագայում 1 լիտր խմելու ջրի գինը կգերազանցի (եթե արդեն չի գերազանցում) 1 լիտր հում նավթի գինը, ո՛չ ավելի, ո՛չ պակաս, 5 անգամ:

Սա մտորելու տեղիք տալիս է, անկասկած:

Սակայն ավելի լավ է ևս մի ծրագիր հիշենք, որ ժամանակին հրապարակ նետվեց: Հայաստանն Իրանի Հանրապետության տարածքով խողովակաշարով պետք է ջուր մղեր Պարսից ծոց և վաստակեր միլիարդների եկամուտ: Բայց, գուցե թե, ԱԺ ընտրություններից հետո այն կգործարկվի: Սպասենք: Եվ հուսանք:


Մեր անփույթ-անգթությունը սահմաններ չունի հատկապես ազգային-պետական արժեքապահպան գերակայությունները գնահատելիս: Վատ չէր, չէ՞։ Սակայն խոր շունչ ենք քաշում և ոտքներս պաղ ջրի մեջ ընկղմում, զի սպասում ենք ավելի ահասարսուռ նորությունների։


Ահա ըստ պաշտոնական տվյալների` մայրաքաղաքի, նաև հանրապետության խմելու ջրի շուրջ 50 տոկոսից ավելին կորչում է անհայտ ուղղությամբ: Բայց գուցե այն «ծլարձակում» է հենց հարևան Թուրքիայի քաղցրահամ լճերո՞ւմ: Այ, սա արդեն հայի բախտի շուրջպար է:

Հազարամյակներով հոսող հայրենի գետերն ու առուները մի օրում ի տնօրինում հանձնվեցին օտարերկրյա ընկերություններին:

Մի պահ թվաց, թե ջուրը մեր հանապազօր այսուհետ մեր սիրո և գուրգուրանքի առարկան կդառնա: Ամենևին, ջուրը հոսում է, կարկաչում ու կորչում:

Եվ սա այն դեպքում, երբ պարզից էլ պարզ է` տարածաշրջանում կարող ենք (և պարտավոր ենք) խաղի մեր կանոնները հստակեցնել, խաղադաշտ մտնել և, անկասկած, մեր խաղադրույքները սահմանել:

Իսկ մինչ այս և մինչ այն մեր լեռնաշխարհի ջրերը պարարտացնում են օտար հողատարածքները: Մենք, կամոք ճակատագրի, տարածաշրջանի գլխավոր ջրբաշխն ենք: Հիշենք միայն, թե վերջնարդյունքում ուր են հասնում Հրազդանի, Դեբեդի և այլ գետերի կենսալիցք ջրերը:

Այնինչ բավական է փոքրիկ մի շրջայց կատարել, ի մասնավորի Երևանի փողոցներով, և անզեն աչքով իսկ կհայտնաբերեք անվերահսկելի հոսող ջրերը:

Խոսքը, անշուշտ, չի վերաբերում հուշաղբյուրներին: Խոսքը համակարգված ու անվերահսկելի ջրագողության մասին է: Եվ ոչինչ, հանդուրժել ու հանդուրժում ենք: Ջուր է, էլի, իր համար հոսում է, թող հոսի:


Հանրապետության զարգացման բազմաթիվ գերակայություններ են նշվել: Եվ հանրության դատին հանձնվել: Եվ խոհեմաբար մոռացության մատնվել: Վերջին տարիների «քինդեր սյուրպրիզը» զբոսաշրջության զարգացումն է: Այսինքն` ընթանում ենք տրորված ճանապարհներով և, եթե խոր Արևելքում ու Հասարակածային Աֆրիկայում երկիր-պետությունները վերածվում էին «բանանային հանրապետությունների», մենք «ծիրանային դրախտավայր» դառնալու նախ-ադրյալներն ենք հաշվառում:

Այնինչ մեր հրաշագործ ջուրը հորդում է և հոսում «դավին անտեղյակ, ցավին անտարբեր»: Բայց դեպի ո՞ւր: Եվ դեռ որքա՞ն…

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1930

Մեկնաբանություններ