ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«ԹՈԽՄԱԽԳՅՈԼԱՅԻՆ» ՎԱՐՈՒՑԱՆՔ (արձանագործական վակխանալիայի նոր հորիզոնները)

«ԹՈԽՄԱԽԳՅՈԼԱՅԻՆ» ՎԱՐՈՒՑԱՆՔ (արձանագործական վակխանալիայի նոր հորիզոնները)
28.10.2011 | 00:00

ԼՃԻՑ ԼԻՃ ՀԱՅԱՍՏԱՆ
«Այս մարդն ուզում է սեռը փոխել
և տղամարդուց դառնալ աղջիկ:
Նա խելագար չէ, և ոչ էլ խենթ,
պարզապես շուկան դատարկ խաղ չի,
այնինչ` ուզում է դեռ դիմանալ,
և տալու դիմաց` առնել մի բան…
-Եվ բոլոր հարմար գործերից նա
արհեստն է ընտրում` պոռնկության»:

«Սեռափոխը», Դավիթ ՀՈՎՀԱՆՆԵՍ, 1992 թ.

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁ
(ֆելիետոն` քնարական ենթատեքստերով)

Բավ է, հոգնեցինք քաղաքական դավերից և հանրային ցավերից: (Ենթատեքստում խնդրում եմ հասկանալ հետևյալը. քաղաքական հոգնան` որպես բուժման միջոց, բուժզննման փուլում է: Հանրային ցավերը արևածաղիկ են չրթում Հանրապետության հրապարակում)։
Առաջ ենք անցնում: Միքայել Նալբանդյանի հուշարձանի շրջակայքը փոխօգնության ձեռք է մեկնում «Թոխմախ գյոլի» հանգստարանին: (Այսինքն` գերեզմանատանը): Սակայն չիք դետեկտիվ զարգացումներ: Դոդոշները հանրային դոդոշաերթ են կազմակերպել և պահանջում են մշակութային ալեկոծումներ: Օն անդր, հառա՜ջ:
Մենք կոթողապաշտ, արձանասեր, հուշաղբյուրագետ ազգ ենք: Եվ սա մեր քնարական ու առնական ինքնության երաշխիքն է: ՈՒ թե չեք հավատում, այցելեք խորհրդահայ հանգստարաններ: Այստեղ ծաղկում ու բարգավաճում է «Գնա մեռիր, արի սիրեմ» տխրահռչակ կարգախոսը:

Առհասարակ 2-րդ համաշխարհային հաղթարշավից հետո 2-րդ հանրապետության «տառապած ու փառապանծ» հանրության հոգեմտակերպում (այս արտահայտության վերծանման մեջ դժվարացողները թող դիմեն ԱԺ մտավոր-պայծառակերպումներին, օրինակ, տիար Արզաքանցյանին, զորօրինակ Սեյրանին Սարոյան, նմանապես Վարդանին, Զարուհուն, Ռուբոյին և այլոց) զարմանահրաշ տեղաշարժեր եղան:
Մեր դարավոր ճաշակի արգասիք խոնարհ ու գեղաշեն տապանաքարերին փոխարինեցին բազալտե սյուներն ու գրանիտե կոթողները: Մրցավազքը թափ առավ: Ալիքվեց ու ափեափ խփվեց: Որքան բարձր էր բազալտակոփ սյունը, նույնքան խրոխտ ու ինքնաբավ էր հոգևոր հանգուցյալի կիսանդրին, սովորաբար բրոնզաձույլ, գրեթե միշտ ճաշակազուրկ: (Թող ներեն հանգուցյալների տերերն ու դրանք իրականացնող վարպետները):
Առհասարակ ճաշակ, չափանիշ, գեղագիտություն թելադրում է պատվիրատուն: Այս քաջ հայտնի ճշմարտությունն իր խորքային հիմնավորումներն ունեցավ և ամրացավ սեփական հավակնություններում: Առաջ էր եկել կուռ մի շղթա` պատվիրատու-իրականացնող-հասարակական կարծիք, թուջե օղակներից բաղկացած: Իսկ հասարակական կարծիքի հետ ո՛չ վիճել է հնարավոր, ո՛չ էլ, առավել ևս, ազդել նրա վրա: Յուրաքանչյուր փորձ և հավակնություն դատապարտված է ի սկզբանե: Հայ հանրությունը կների և կտանի ամեն բան (կարող է, զորօրինակ, երեք ամիս մակարոն ու կարտոֆիլ ճաշակել, զզվել մահու չափ, բայց և այնպես Ամանորին պետք է անմահանա ընտանեկան բյուջեի հնարավորությունները հնգապատիկ գերազանցող հյուրընկալությամբ), դիմացկունության և համբերատարության ռեկորդներ կսահմանի, սակայն կալեկոծվի և կպայթի, եթե փորձես նրա ճաշակն ու հավակնությունները բարեփոխել:
Մի խոսքով` չափազանց կենսունակ է «Թոխմախգյոլային» արձանագործական մշակույթը, որի չարաբաստիկ արձագանքները նոր եռանդով հնչեցին վերջին տարիներին: Անշուշտ, ընթերցողը քաջատեղյակ է, շիրմի վրա եռահարկ դամբարան կառուցողը երկու խնդիր է լուծում, ցուցամոլ-գրոհային և ինքնախարազանող-մեղայական: Շատ հաճախ դամբարանի և հուշասյան հետմահու արժանացողը երկրային իր կյանքում անտեսված - արհամարհված է: Անցնում ենք բուն նյութին, զի դոդոշները ռազմական միջամտության են պատրաստ:

Եվ վերադառնում ենք «Ազատության շեփոր» Նալբանդյանի հուշարձանին կից զբոսայգին: Մի քանի շաբաթ է, ինչ զբոսայգով անցնողները հանում են ակնոցները (եթե ակնոցակիր են), հեռադիտակ, մանրադիտակ և այլ դիտակներ են ձեռք բերում, ուշի ուշով վերադիտում են տեսածը, փորձում այն ընկալել-մարսել-արձագանքել և ձախողվելով անցնում են գործողության առավել վճռորոշ փուլ, այսինքն` կսմթում են սեփական թշիկներն ու պարանոցը։ Անկասկած, այս ամենում ցնցումներն անպակաս են: Օրինակ, ֆիզկուլտինստիտուտի ուսանող Գերասը, այնուամենայնիվ, փոխօգնության ձեռք մեկնեց կոնսերվատորիայի ուսանողուհի Փառիկին, շոյելով և կսմթելով թշիկները: Պատասխանը շառաչուն հարվածն էր գանգատուփին: Թավջութակով: Մի խոսքով, ընթերցողը զբոսայգի այցելելուց առաջ թող մի պինդ խմի: Այն աստիճանի, որ դժվարանա զանազանել կարի մեքենան և տրոլեյբուսը, տնտեսական երկնիշ աճն ու սպառողական զամբյուղի եռանիշ վայրէջքը, Դավիթ Մարքսիստին և Լճաշենի սայլը պատմության թանգարանում, աղանդավորներին և համասեռամոլներին, սերիալային Հովոյին և հեռուստաաշտարակը, Հայրիկյանի բանջարանոցում աճող քաղաքական բողկերն ու Վարդան Բոստանջյանի կոալիցիոն քմծիծաղը, Տեր-Պետրոսյանի «շինիչ-կազմաքանդիչ» հոգեպարար շոյանքներն ու դրանց բարերար ազդեցությունը թթվասերի որակի վրա:

Մի խոսքով, կերպարվեստասերների համառ գրոհներն ավարտվեցին հաջողությամբ: Երևանի քաղաքապետի ջանքերով ձևավորվեց գեղարվեստի խորհուրդ, որը պիտի վերահսկի մայրաքաղաքում տեղակայվելիք արձանների, կոթողների, աղբյուրների և ցայտաղբյուրների նպատակահարմարությունը (տեղադրե՞լ, թե՞ ոչ), հայտարարի մրցույթը և գտնի ամենաարժանավոր քանդակագործին ու որոշի ներկայացրած տարբերակի տաղանդավորության աստիճանը (գուցե տաղանդազուրկ է սույնը կամ էլ գուցե անըմբռնելիության չափ քանքարավոր) և հերթական արձանն ու կոթողը կզարդարեն քաղաքամայրը: Առայժմ չեն զարդարում, հարդարում են գազոնային սկզբունքով: Այն է` քաղաքում պիտի իշխի մեկ-երկու «շուկայական գրոհիչի» ձեռագիր (զորօրինակ, Թոքմաջյանը` Լևոն, Երևանցին` Դավիթ), որոնք և պիտի ճաշակ, գեղագիտություն, գաղափարախոսություն թելադրեն: Առայժմ, զի վերոնշյալ պատկառելի գեղխորհուրդը, քաղաքապետ Կարեն Կարապետյանի, ճարտարապետ Նարեկ Սարգսյանի և ճարտարապետ-հռետոր Լևոն Իգիթյանի գլխադասությամբ, առայժմ գործում է դիպվածային սկզբունքով, ընտրելով չարյաց փոքրագույնը: Սակայն քանի որ չարյաց փոքրագույնը չարորակ ուռուցքի պես տարածվելու հատկություն ունի, վերաճում է չարիքի մեծագույնին: Այս մասին քիչ անց:
Տարեսկզբին յուղ կապեց արվեստասեր հասարակության և առհասարակ հայության սրտին: Ազատիչի բարձր հովանու ներքո կազմաքանդվեցին և օտարվեցին Սեդրակիչի օրոք նախագահական նստավայրի առջև տեղադրված արձանագործական թյուրիմացությունները: Ցնծացե՛ք ազգային կերպարվեստի վրձին ու ներկապնակ, բանականն ու բարոյականը վերջապես ճանապարհ են հարթում, և նահանջում են գազոնահարթավայրային որոմները:
Բայց դարձյալ շաբաթը նախորդում է ուրբաթին: Մի պարզ ու ըմբռնելի հիմքով. գեղխորհուրդը նիստ է հրավիրում ինչ-որ արձանի ճակատագիր որոշելու նպատակային ցանկությամբ. բնագավառի իսկական գիտակները (նկարիչների միության ներկայացուցիչները) կամ չեն հրավիրվում կամ հրավերի են արժանանում վերջին պահին և այլն: Սակայն գեղխորհուրդը «առայժմ հակագեղագիտական և գաղափարազուրկ» դեգերումների մեջ է, ինչը և պահանջում է յուրահատուկ հոգածություն նրանց նկատմամբ: Հոգածություն և, հասկանալի է, անդրադարձ: Այժմ վերադառնանք Նալբանդյանի արձանին կից զբոսայգի:
Անկախության 20-րդ փառապանծ հոբելյանին ընդառաջ բավականին հոգեցունց առաջարկով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարությունը. Նալբանդյանի արձանին կից զբոսայգում ստեղծել «Բարեգործների ծառուղի»: Այս հուզիչ և խռովիչ հայտարարության համապատկերում քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը ասպարեզ է իջնում և «քանդակում» հանրային գիտակցություն, հայտարարելով, որ երկնել է երևելի բարերարների վեց դիմաքանդակ և գլխավոր հուշարձանը:
(Կարմրամորթ դոդոշները «Լճիցլճերում» ապստամբության դրոշ բարձրացրին և պատրաստ են մշակութադոդոշային հեղաշրջման):
Ֆերդինանդ Առաքելյանի արձանագործական շնորհները բուն «թոխմախգյոլային» են, նրա վերջին ձիարձանը Գյումրիում ահասարսուռ ենթադրությունների տեղիք է տալիս. ձի՞ է, ավանա՞կ, եղնի՞կ, թե՞ շնիկ, անհասկանալի է: Հավանաբար ամբողջը: Ամենայն հավանականությամբ Ֆ.Ա.-ն վազանցել-գերազանցել է բոլոր այն հակաարձանագործական նշաձողերը, որ մինչ այս Լևոն Թոքմաջյանի մենաշնորհային տիրույթների արգասիքն էին: Բայց և այնպես Ֆ.Ա.-ին հաջողվում է վազանցել-շրջանցել, վերջնարդյունքում էլ, դարձյալ բյուր-բազում չուգունատառ ներողագրեր, եռամատ կոմբինացիա հղել դեպ գեղխորհուրդ և Երևանի քաղաքապետարան: Բայց ինչպե՞ս, կբացականչի համբերության վերջին ումպ լիկյորն ըմբոշխնող ընթերցողը: Շատ պարզ, քիչ համբերություն:

ԲՈՒԼԴՈԶԵՐԱՅԻՆ ԳՐՈՀԻ ՂՈՂԱՆՋՆԵՐԸ
(պամֆլետ-վերջաբան)

Գեղխորհուրդը տեղյակ է իր վերին առաքելության մասին: Տեղյակ է և առլեցուն` մաքրելու մայրաքաղաքը հակամշակութային և ապակերպարվեստային թափոնից:
Ամռանը գեղխորհրդին է ներկայացվում հինգից վեց նախագիծ` զարդանախշելու վերոնշյալ Ծառուղին: Գեղխորհուրդը միաձայն և ձայնակից վրդովմունքով մերժում է հատկապես Ֆերդինանդ Ա.-ի նախագիծը։ Զայրացուցիչ է համարվում Նալբանդյանի վսեմաշուք արձանի հարևանությամբ նման անհեթեթ գաղափարի իրագործումը:
Սակայն մինչ սա բավականին ջրեր են պղտորվել զուլալվելու հույսով: 2010-ի օգոստոսյան մի հրաշեկ օր կառավարությունը Ծառուղու մասին որոշում է ընդունում և այն ամրագրում N 1013 թվանշանով: Փոքրիկ մի լիկբեզ. այս որոշումը էապես հակասում է նույն կառավարության 1999-ին ընդունված N 551 որոշմանը, որով որևէ արձանի կամ կոթողի տեղադրման նպատակահարմարությունը որոշում են Երևանում քաղաքապետը, մարզերում` համապատասխան մարզպետները: Սա դեռ ոչինչ, ընդունենք, որ կառավարությունը վազանցել է իր իսկ որոշումը ինչ-ինչ վերին «առաքելությամբ»: Ծառուղում պետք է տեղադրվեին (համաձայն կառավարության վազանցային որոշման) Ալեք Մանուկյանի, Ալեքսանդր Մանթաշյանի, Գալուստ Կյուլպենկյանի, Միքայել Արամյանի, Հովհաննես և Հովակիմ Լազարևների, ինչպես նաև Պողոս Նուբարի հուշարձանները: Վայրը` Օղակաձև զբոսայգու 4-րդ տեղամաս: Այս ամենի համար պետբյուջեից հատկացվում է 21 մլն դրամ (շուրջ 57 հազար ԱՄՆ դոլար): Մի խոսքով` գեղխորհուրդն անվրդով իր ծրագիրն է ուրվագծում, և ահա, խնդրեմ, բուն «Թոխմախգյոլային» արձանաշարը տեղադրված է: Տեղադրված` շրջանցելով Երևանի քաղաքապետարանն ու գեղխորհուրդը: Անհասկանալի է, թե ում որոշմամբ և ում պնդաճակատ համառության վերջնարդյունքում է տեղադրվել:
Սա խառնափնթոր տրագիֆարսի վերջն է: Իսկ Ֆ. Ա.-ն շրջում է քաղաքում և խոստովանում կիսաձայն, որ արձանաշարը շարունակվելու է և շուտով ձեռնամուխ կլինի մերօրյա ազգային օլիգարխ-բարերարների անձեռակերտ կոթողների կերտմանը:
Մի խոսքով` դոդոշակերպ մի հսկա բուլդոզեր է մայրաքաղաք մտել: Խորհրդային արտադրության բուլդոզեր, որ մազութ ու ձյութ է վառում, և որի վարորդը երեկ է վերադարձել հոգեբուժարանից:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1232

Մեկնաբանություններ