Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Իմունային համակարգ

Իմունային համակարգ
19.05.2009 | 00:00

ՀԱՅԱՑՔ ԽՈՐՔԻՑ
2005-ի աշնանը, հաշված օրերի ընթացքում, Կրեմլում, ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունում, գլխավոր դատախազությունում, գլխավոր շտաբում և Պետական դումայում տարածվեց «Проект Россия» գրքի առաջին հատորի հատուկ թողարկումը` դառնալով ռուսաստանյան քաղաքական շրջանակներում ամենաշատ քննարկվող գրքերից մեկը։ Հետո այն հանվեց նաև ազատ վաճառքի։ Գրքի երկրորդ հատորը լույս տեսավ 2007-ին, և որպես շարունակություն ևս մեկ գիրք խոստացող հեղինակները, տարբեր պատճառներից դրդված, կրկին գերադասեցին չբացահայտել իրենց։ Աշխատության հեղինակները` բարձրակարգ մասնագետներ լինելուց բացի, ըստ ամենայնի, նաև շատ ազնիվ ու հոգեպես մաքուր մարդիկ են։ Քննարկվող հարցերի մի մեծ խումբ կրում է թափանցիկ բնույթ, և ցանկություն առաջացավ գրքից քաղված որոշ մտքերի հետ ծանոթացնել նաև հայ ընթերցողին։ Հոդվածի վերջում արված փոքրիկ միջամտությունը տողերիս հեղինակին կարևոր թվաց մեր երկրի մշակութային բնագավառում տեղ գտած իրադարձությունն արժևորելու իմաստով։
ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇԸ ԳՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆ Է
Ժամանակակից հասարակության հիվանդությունն ընդհանուր խոսքն է։ Հազվադեպ է պատահում, որ այս կամ այն թեմայի մասին դատողություններ անող անձը մինչ այդ իրեն նեղություն տա պարզ պատկերացում կազմելու դրա մասին։ Ասվածն ամբողջությամբ վերաբերում է նաև արվեստին։ Քչերն են ունակ որևէ կոնկրետ սահմանում տալու նրան։ «Արվեստ» բառով ընդունված է կոչել ցանկացած ստեղծագործական արարում, անկախ նրա օգտակարության կամ վնասակարության աստիճանից։ Մենք չենք կիսում նման մոտեցումը։ Նախքան արվեստի նկատմամբ մեր վերաբերմունքն արտահայտելը ճշտենք, թե ինչ է դա։
Արվեստը էներգիա է նյութականացված այս կամ այն ստեղծագործության` նկարի, սոնատի, բանաստեղծության և այլնի մեջ։ Այդ էներգիան կարող է լինել ինչպես ստեղծագործողի անձնական էներգիան, այնպես էլ ուրիշինը. այդ դեպքում դրա անմիջական հեղինակը հանդես է գալիս սոսկ որպես միջնորդ։
Արվեստը քարացած էներգիան է։ Արհեստից այն տարբերվում է գիտակցության վրա ներգործելու, այն փոփոխելու իր ունակությամբ։ Փոփոխել նշանակում է մի նոր բան սերմանել։ Եթե արվեստագետի ստեղծագործությունը չի ներգործում հոգու կամ հոգևորի վրա կամ, գիտական լեզվով ասած, ենթագիտակցության վրա, եթե չի փոխում այն, դա արդեն արվեստ չէ։
Արվեստը ներգործում է գիտակցության վրա։ Դա կարելի է անել տարբեր կերպ, բայց մի բան անկասկած է` ներգործություն նշանակում է փոփոխություն։ Արվեստը ուժ է, որը փոխում է գիտակցությունը դեպի լավ կամ վատ կողմը։ Չի կարելի արվեստի արժեքը որոշել նրա ներգործության ուժով։ Նրա արժեքը որոշվում է հենց միայն նրա ունեցած դրական ներգործության աստիճանով։
Արվեստը կա՛մ վնասակար, կա՛մ օգտակար ներգործություն է ունենում։ Դժվար թե որևիցե մեկն առարկի սրան։ Նշանակում է` չի կարելի այն ամենը, ինչ մտնում է «արվեստ» սահմանման մեջ, համարել լավ։ Այս միտքն իր տրամաբանական ավարտին հասցնելով` մենք հանգում ենք դրական ներգործությունը խրախուսելու և բացասականը չթույլատրելու անհրաժեշտությանը։ Այլ կերպ ասած, հանգում ենք այն մտքին, որ անհրաժեշտ է վերահսկել ազգաբնակչության լայն խավերի հնարավորությունը` հաղորդակից լինելու արվեստի այս կամ այն տեսակին, որպես ուժեղ ներգործող միջոցի։ Վտանգավոր արվեստը ծագում է ճիշտ այնպես, ինչպես ծագում են վարակահարույց վտանգավոր մանրէները, սակայն առողջ օրգանիզմում կա դրանք ոչնչացնող հատուկ մեխանիզմ։ Գոյություն ունեն հսկողական կառույցներ, որոնք հետևում են, որ խանութները չտարածեն մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդեցություն գործող մթերքներ։ Պետք է գոյություն ունենան կառույցներ, որոնք հետևեն, որ տարածում չգտնեն մարդու գիտակցության և հոգու վրա վնասակար ազդեցություն գործող արվեստի ստեղծագործություններ։
Մենք եկանք գրաքննության անհրաժեշտության եզրակացությանը։ Արժե նշել, որ այն եղել է, կա և կլինի։ Հարցն այն է, թե ինչով է այն ղեկավարվում։ Այսօր գրաքննությունն անհեթեթ է, որովհետև նրա միակ չափանիշը գիտակցության վրա ներգործելու ուժն է։ ՈՒժեղ ներգործություն ունեցողները թույլատրվում են, թույլերը` արգելվում։ Որպեսզի ավելի պարզ ընկալվի նման մոտեցման անհեթեթությունը, պատկերացրեք դեղատուն, որն ընտրում է, թե ինչ է անհրաժեշտ վաճառել, ելնելով ոչ թե դրական ներգործության իրողությունից, այլ ուժեղ։ Նման կողմնորոշիչների դեպքում այն կսկսի վաճառել ավելի շատ թմրանյութեր, քան դեղորայք։ Նման տարօրինակ գրաքննության պատճառը կողմնորոշումն է դեպի առևտուրը։ Մարդը պատրաստ է վճարել ուժեղ հույզերի և ապրանքների համար, առանց դրանց հետևանքների մասին մտածելու։ Ճշմարիտն ասած, դա նրա գործն էլ չէ։ Դա պետք է լինի պետության հոգսը, բայց քանի դեռ այն կապիտալի տիրապետության տակ է, նրա անգործունակությունն անխուսափելի է։ Պետության առողջության ցուցանիշը գրաքննության տեսակն է։ Հիվանդ պետության մեջ սահմանվում է տնտեսական գրաքննություն, առողջում` գաղափարախոսական։
Արվեստագետի համար ստեղծագործելու ազատությունը պարտադիր նախապայման է։ Դա անել հարկադրանքով կամ պատվերով` անհնարին է։ Պատվերով արված ստեղծագործությունը մեծ խաբկանք է։ Սակայն ստեղծագործության տարածումը միանգամայն այլ խնդիր է։ Արվեստագետն իրավունք ունի ազատ ստեղծագործելու, բայց նա չպետք է ունենա իր ստեղծագործություններն ազատ տարածելու իրավունք։ Ինչպես խոհարարը. տանը նա կարող է պատրաստել ինչ սիրտն ուզում է։ Բայց որպեսզի իրավունք ունենա այդ սննդով կերակրելու հանրությանը, պետք է արտոնագիր ստանա, այդ սնունդը պետք է համապատասխանի որոշակի ստանդարտների։ Ստանդարտների խախտումը հանգեցնում է նույն այդ իրավունքից զրկվելուն։
Այս հարթության վրա ազատությունն ավելին չէ, քան կեցվածքի, ցուցադրական վարք, տուրք լիբերալ դրույթներին։ Դրա հետևում իսպառ բացակայում է հետևանքների իմաստավորման գործոնը։ Նման ազատությունը ճիշտ կլինի անվանել ավերելու ազատություն։ Այն ավերում է կողմնորոշիչները, արժեքների համակարգը, չարի և բարու հասկացությունը։ Առանց կողմնորոշիչների և արժեքների մարդը դառնում է գիշատիչների դյուրին ավարը։ Նման «ազատությունների» ժամանակ կտրուկ ավելանում է թմրամոլության, մարմնավաճառության, հանցագործության և այլ արատների շուրջ հրապուրիչ լուսապսակ ստեղծող գործերի քանակը։ Որպես հետևանք` ավտոմատ կերպով ավելանում է իրական մարմնավաճառների, հանցագործների, թմրամոլների և նման այլ ընկած մարդկանց քանակը։ Հիշեցնում ենք, գրաքննությունը միշտ եղել է, կա և կլինի։ Ցանկացած պարագայում։ Եթե այն չի սահմանում պետությունը, ապա դա անում է շուկան։ Այսօր արդեն ԶԼՄ-ների ղեկավարները պահում են հատուկ ծառայություններ, որոնք էլ հենց ամենաիսկական կոմերցիոն գրաքննություն են ։ Սուրբ տեղն ազատ չի մնում։
Դեմոկրատիան բոլոր ցանկացողների համար հնարավոր դարձրեց փող աշխատել հոգևոր թույնի վաճառքով։ Իսկ դրանից խանդավառվածներին թույլատրեց տարածել այն։ Եվ այդ ամենը քողարկվում է ազատության ու հավասարության մասին գեղեցիկ խոսքով։ Ոչնչով չսահմանափակված ստեղծագործության տարածումը մատուցվում է որպես տոտալիտարիզմի և բռնակալության դեմ պայքարի ցուցանիշ։ Մենք գրաքննության խնդիրը համարում ենք ոչ թե այն, որ արգելվի ստեղծագործել, այլ այն, որ թունավոր արտադրանքը դուրս չգա ազատ վաճառքի։ Իսկ թե ինչն է «ուտելի», ինչը` ոչ, չպետք է որոշեն ոչ ստեղծագործողները և ոչ էլ իրենք` սպառողները։ Կարելի է նախապես ասել, որ նրանք կընտրեն «փայլփլացողն ու կայծկլտացողը»։
Պետական, ինչպես և մարդկային օրգանիզմին պետք է իմունային համակարգ։ Եթե այն չկա, օրգանիզմը վարակվում է և մահանում։ Հակառակվել թմրանյութերի վաճառքի արգելակմանը կարող են միայն թմրավաճառները։ Նաև այն դժբախտները, որոնց նրանք նստեցրել են թմրանյութերի վրա։ Արվեստը պետք է մարդուն դարձնի թեկուզև մի փոքր լավ։ Հենց այդ նպատակով շուկայի խիստ գրաքննությանը պետք է փոխարինելու գա նույնքան կարծր գաղափարի գրաքննությունը։ Սկզբնական ժամանակահատվածում այն կսահմանափակի եկամուտները, բայց համապատասխան աջակցության դեպքում հոգևոր առողջ սնունդը կդառնա լիովին մրցունակ։
Հետգրության փոխարեն
Դե ինչ, քանի որ վերը շարադրվածը փակում է, ըստ անհայտ հեղինակների համեստ ձևակերպման` «ընդհանուր խոսքերի», ըստ իս` դատարկ շաղակրատանքի ճանապարհը, ասեմ կարճ ու կոնկրետ։ Արագորեն իրար հաջորդող մշակույթի նախարարների սեռը` լինի արական, թե իգական, այս վերջիններիս տեսակն էլ լինի ագրեսիվորեն շատախոսող, թե վախվորած թոթովող, դրանից ոչինչ չի փոխվում։ Պետական առանցքային կառույցը, որի գոյության բուն իմաստն իսկ սանձարձակ ու այլասերող «արվեստի» ճանապարհը պատնեշելն է, ինքն է կամովին, ինչպես վոլգյան բուռլակները պարաններին լծված, այդ ամենը ողջ ուժով քարշ տալիս ներս։ Եվ մի կարծեք, թե դա արվում է առանց գիտակցման։ Հաշվարկված է ամեն մի քայլը` սկզբից մինչև վերջ։ Հիշո՞ւմ եք` «ավերում է կողմնորոշիչները, արժեքների համակարգը, չարի և բարու հասկացությունը, և մարդը դառնում է գիշատիչների դյուրին ավարը»։ Եվ դրա համար ամեն ինչ արդեն պատրաստ է, ուղղակի մենք դեռևս ձեզ հետ միասին, հարգելի ընթերցող, հստակորեն տարբերում ենք չարն ու բարին և ամենևին էլ մտադիր չենք դառնալ ավար։
Նյութը պատրաստեց Ռուբեն ԱԴԱՄՅԱՆԸ

Դիտվել է՝ 2733

Մեկնաբանություններ