Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

ՀԱՅԵԼԻ ՈՒՆԵՑԵՔ ՁԵՐ ՆԵՐՍՈՒՄ

ՀԱՅԵԼԻ ՈՒՆԵՑԵՔ ՁԵՐ ՆԵՐՍՈՒՄ
21.01.2011 | 00:00

Ձեզնից որևէ մեկը կարո՞ղ է առանց մտածելու թվարկել աշխարհի յոթ հրաշալիքները: Առանց մտածելու, մտաբերելու, հիշողությունը չտանջելով: Հազիվ թե: Ի՞նչ են այսօր նշանակում աշխարհի յոթ հրաշալիքները, որոնք իրենց պատմությունը սկսել են մեր թվարկությունից շատ առաջ:
Շամիրամի կախովի պարտեզները Բաբելոնում:
Արտեմիսի տաճարը Եփեսոսում:
Զևսի արձանն Օլիմպիայում:
Քեոփսի բուրգը Գիզայի հովտում:
Մավզոլ թագավորի դամբարանը Հալիկառնասում:
Հելիոսի արձանը Հռոդոսում:
Ալեքսանդրիայի փարոսն Ալեքսանդրիայում:

Աշխարհի յոթ հրաշալիքներից այսօր մեկն է պահպանվել` Քեոփսի բուրգը։ Չկան եգիպտացիները, որ կառուցել են բուրգերն ու փարոսը: Չկան իբրև քաղաքակրթություն, ազգ, պետականություն. այսօրվա Եգիպտոսում բնակվողներն իրենց չեն համարում նրանց ժառանգորդները: Միայն սակավաթիվ ղպտիների ցեղախումբը հեռավոր ազգակցության նշույլներ ունի:
Մեր թվարկությունից առաջ ու հիմա ապրող մարդկությունը պահպանում է աշխարհի յոթ հրաշալիքների պատմությունը, հիշողությունը, իդեալը:
Յուրաքանչյուր երկիր իր պատմության խորքերից սեփական յոթ հրաշալիքները կարող է պեղել` պահպանված կամ կիսավեր, մագաղաթներում ու մատյաններում միայն մնացած կամ աղյուսներին ու քարերին սեպագրված:
Ինչո՞վ աշխարհի ութերորդ հրաշալիք չէ Չինական մեծ պարիսպը: Աթենքի Ակրոպոլիսը: Հռոմի Սուրբ Պետրոս տաճարը: Էյֆելյան աշտարակը: Ֆլորենցիան: Վենետիկը:
Մարդկության հավաքական հիշողության մեջ պահպանվել են առասպելները` առանց նույնիսկ իրենց ստեղծողների անունների: Ժանրի օրենքն է:
Ի՞նչ կա հայերիս հավաքական հիշողության մեջ:
Որ չի եղել մեր գայլը պղնձյա՞:
Որ դեգերել ենք անղեկ, ցաքուցրիվ, օտար խարույկներից հայցելով կրա՞կ:
Որ պարսիկներին հաղթել ենք Ավարայրո՞ւմ, իսկ նրանք այդ ճակատամարտը չեն հիշում:
Որ Մհերը փակվեց Ագռավաքարո՞ւմ: ՈՒ` անզավակ մնա՞ց:
Որ «ծովից ծով»-ից մնաց մի լի՞ճ:
Որ Արարատը դարձավ անհաս փառքի ճամփա՞:
Որ գայլը փարախում ձագեր է բերել, և դա մեր ոչխարների հեզությունի՞ց է:
Ի՞նչ կա հայերիս հավաքական հիշողության մեջ:
Որ փոքր ածու ենք, բայց մեր երկրում էլ եղել են գործեր փառքի արժանի՞:
Որ ոսկեդարյան մեր թարգմանիչների մատյաններն այսօր բնագրի արժե՞ք ունեն:
Որ աշխարհում միայն մե՞նք խաչքար ունենք:
Որ չենք քանդել Գառնին, Գեղարդը, Էջմիածի՞նը:
Որ Մայր Աթոռում Սուրբ գեղա՞րդն է պահվում:
Որ Երևանը Հռոմից հի՞ն է:
Ի՞նչ կա հայերիս հավաքական հիշողության մեջ:
Հռոմը կառուցել են կեսարները, ճարտարապետները կատարել են նրանց պատվերը: Գայոս Հուլիոս Կեսարը հերթական արշավանքից վերադառնալուց հետո քարե ագուգաներով սարերի սառը ջուրը բերում էր քաղաք, հասարակական գրադարաններ ու տաճարներ, կամուրջներ էր կառուցում, խնձորենիներ էր տնկում: Օգոստոս կայսեր ընկեր Մեկենասը ոչ միայն արվեստներ էր հովանավորում, այլև անկանոն շինություններն էր քանդում ու մայրաքաղաքին վայել տեսքի էր բերում փողոցները:
Երբ մ. թ. 1-ին դարում փայտե Հռոմն այրվեց, Ներոնը կառուցեց քարե քաղաք: Եթե չլիներ Հուլիոս Երկրորդ պապը, որ աշխարհիկ ու հոգևոր տեր էր, Հռոմը ոչ Վատիկան կունենար, ոչ Սուրբ Պետրոսի տաճար: Թեկուզ հարյուր Բրամանտե, Միքելանջելո, Ռաֆայել ու Լեոնարդո դա Վինչի ճարտարապետեին, քանդակեին, նկարեին: Աշխարհը չէր ունենա: Որովհետև մի անգամ ստեղծվելով Իտալիայի խելահեղ գեղեցիկ երկնքի տակ, այդ ամենն աշխարհինն է այլևս: Աշխարհի, ուրեմն նաև հայերի, հավաքական հիշողության հարստությունը, հպարտությունը, հիացումը:
Երբ քանդվում էր Պուշկինի փողոցը, տների քարերը համարակալվում էին և բարձրագոչ խոստումներ էին հնչում, որ նույն տները իբրև պատմական ժառանգություն, որ պահպանվում է պետության կողմից, հավաքվելու են այլ թաղամասում: Հավաքվեցի՞ն: Ի՞նչ կատարվեց Արամի փողոցի հետ: Ինչո՞ւ այլանդակվեց Աբովյանը: Մի քանի փողոց ընդամենը, որ Երևանին իր պատմությունն էին պատմում, որ Երևանի պատմությունը պատմում էին Երևան եկողին: Չհանդուրժեցինք: Հիմնավորումն էլ երկաթյա էր` քոսոտ, խարխուլ տներ էին, ամառները նույնիսկ կարիճ էր լինում, կենցաղային հարմարություններ չկային, զուգարան-լոգարան բակում էին, ապրելու տեղ չէր: Պատճառը ևս երկաթյա էր` գին ունեին ոչ թե 19-րդ դարի շինությունները, այլ հողը, որի վրա կառուցված էին: Տները ոչ մեկին չէին խանգարում, քաղաքի դիմագիծը չէին խաթարում, բնակիչների համար մահացու վտանգ չէին, քանի դեռ հողին փող տվող չկար, հայտնվեց փողը և ... պատմությունը նահանջեց: Հռոմում, Փարիզում, Վենետիկում, Բրյուսելում, Սանկտ Պետերբուրգում, Բեռլինում, Լոնդոնում պատմական հատվածում օրենքով արգելված է որևէ շինարարություն, նույնիսկ բազրիքի ընկած քարը տեղադրել, պատուհանի փայտե մասերը ներկել նախկինից տարբեր գույնով: Եվ դա ոչ այն պատճառով, որ Հռոմը, Փարիզը, Վենետիկը, Բրյուսելը, Սանկտ Պետերբուրգը, Բեռլինը, Լոնդոնն են, այլ որովհետև հարգանքը սեփական պատմության նկատմամբ, պատասխանատվությունն ու գեղագիտական ճաշակը, տարրական պատշաճությունն այդ քաղաքները դարձրել են Հռոմ, Փարիզ, Վենետիկ, Բրյուսել, Սանկտ Պետերբուրգ, Բեռլին, Լոնդոն:
Ո՞ր դարի հայերի հիշողության մեջ է Հյուսիսային պողոտան մնալու իբրև Երևան: Ե՞րբ են անմարդաբնակ այդ տարածքում հայտնվելու մարդիկ ու ծառեր:
Չինական մեծ պարիսպը Չինաստանի միայն պաշտպանությունը չէր: Կառուցվել սկսել էր պաշտպանական նպատակներով, որովհետև հարթավայրում բնակվողներն անընդհատ սարերից ենթարկվում էին հարձակման: Տարբեր տեղերից: Անսպասելի: Դավադիր: Բարբարոսաբար: Չինական մեծ պարիսպը դարձավ չինական մեծ պետության խորհրդանիշը` ամբողջ երկիրն աշխատում էր այդ պարսպի կառուցման համար, և որովհետև պարիսպը մեծ էր, իսկ պետությունը թույլ, նոր նվաճումներ էին պետք, նոր ուժեր, նոր կառուցողներ, այդպես մի քանի դարում սահմանափակ մի հարթավայրից ձևավորվեց մեծ մի պետություն: Աշխարհի յոթ հրաշալիքներից վեցը չկան, իսկ Չինական մեծ պարիսպը, որ ոչնչով չի զիջում քաղաքակրթության պատմության ընդամենը յոթ խորհրդանիշներին, կա, որովհետև չինացիները չեն քանդել` պարսպի լավ հղկված քարերից իրենց տները, գոմերը, ամառանոցները կառուցելու համար, որովհետև չինացիները թշնամուն թույլ չեն տվել պարիսպն անցնել:
Իսկ մենք զգո՞ւմ ենք մեր քաղաքը: Մենք հասկանո՞ւմ ենք մեր քաղաքը: Մեր քաղաքում մենք ունե՞նք մեր անկյունը:
Գեներալ-նահանգապետ Աստաֆևը քաղաք կառուցեց: Աստծուց օծված ճարտարապետ Թամանյանը քաղաք կառուցեց, և նրա կառուցած քաղաքի բոլոր պատուհաններից երևում էր Արարատը: Նա տեսել էր արևային մի քաղաք: Հետո եկան շինարարները: Հիմնականում: Նրանց կառուցած քաղաքի պատուհաններից երևում էր միայն հարևանի գույնզգույն լվացքը:
Հռոմը կառուցել են կեսարները: Սուրբ Պետրոսի տաճարը նախագծեց Բրամանտեն, կառուցեցին յոթ ճարտարապետներ, քանդեց ու հիմքից կառուցեց Միքելանջելոն, ավարտեց Ջակոմո դելլա Պորտոն 1590 թվականին: Նա պահպանեց Միքելանջելոյի նախագիծը` գետնից 150 մետր բարձրությամբ գմբեթը հպարտ ու հանգիստ իշխում է Հռոմին ու կաթոլիկ աշխարհին: 1590 թ. պապը բրևեով արգելեց ավելի բարձր շինության կառուցումը Հռոմում: Պապն իշխանությունն էր ցուցահանում` իր ժամանակ բարձրահարկերը ֆանտազիա էին: Առայսօր Հռոմում սուրբ Պետրոսից բարձր ոչինչ չի կառուցվում:
Արգիշտիի որդի Մենուան...
Էրեբունի-Երևան...
Ի՞նչ ենք մենք պահելու մեր հավաքական հիշողության մեջ ու ի՞նչ ենք փոխանցելու աշխարհի հավաքական հիշողությանը:
Ե՞րբ ենք ունենալու չափանիշի այն չափանիշը, որ արժեհամակարգ է դառնալու և պարտադիր կատարման ուժ է ունենալու ոչ օրենքով, կարգադրությամբ ու հրամանով, այլ գիտակցաբար, պատասխանատվությամբ ու սիրով:
Եթե որևէ մեկը հանկարծ կմտածի, թե վերացական ու հատվածական այս մտքերը ոչ մեկին ուղղված չեն, թող մոտենա հայելուն:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2388

Մեկնաբանություններ