ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

ԱՊՐԻԼՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐ

ԱՊՐԻԼՅԱՆ ԹԵԶԻՍՆԵՐ
15.04.2011 | 00:00

ԼՃԻՑ ԼԻՃ ՀԱՅԱՍՏԱՆ
«Մենք նման ենք այն բանտարկյալին, որ բանտից դուրս է եկել և պարծենում է, որ ազատության մեջ է հայտնվել, չհասկանալով, որ ազատության մեջ է հայտնվել նաև իր միջի անասունը»
«Ժամանակ է պետք, որ մարդիկ ձանձրանան ռաբիսներից, պոռնկագրերից, ձերբազատվեն ազատության մեխանիկական ընկալումներից»։

Հակոբ ՄՈՎՍԵՍ, արդի հայ մտածող և պոետ

«ԿԱՆԱՉԱՑՈԼՔ ԽՈՐՇԱԿՆԵՐԸ»` ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ
(դեղին քարտ` Ծիծեռնակաբերդի հուշաբլրին)

Ապրիլ է, և համաքաղաքային շաբաթօրյակների շորշոփն է պատել մայրաքաղաքցուն, պարուրել քաղաքն ու արվարձանները։ Քաղաքագլուխը հույժ աչալուրջ է, քիչ ոգեշունչ։ Նա տնկեց ահա իր «փայբաժին» տնկին ու հորդորակներ հղեց առ երևանաբնակներ։ Մոտավորապես այս հնչերանգներով. մայրաքաղաքը մերն է, մենք` մայրաքաղաքինը, լիֆտերը պետք է մաքուր պահել, «որ դուզն ասենք, քեզ էլ դուր չի գալիս կեղտոտ լիֆտը»։ Այսպես, կամ մոտավորապես այսպես։
Ի դեպ, քաղաքագլուխը «Փարոսի» բլրի համահամայնքային շաբաթօրյակ-ծառատունկին ներկայացել էր ալ վարդագույն բաճկոնով։ Արժեր։ Նախ` տարանջատվում ես ծառատնկող-ցուցարարներից և հետո հարգանքիդ տուրքը մատուցում երիտկոմական անցյալիդ։ Եվ այդ ո՞ր չնչահավատն է պնդում, թե երրորդ հանրապետությունն իր խորհրդային-կարմրացոլք անցյալից ոչ մի մարզառողջարարական-պլանային, ամբոխավարական-խմբային և ձևամոլական-թիմային արժեք չի ժառանգել։ Բա շաբաթօրյակնե՞րը։ Բա տարին մի օր «խալխի նոքար» հանդիսանալու վեհանձն տառապանքը։ Բա էն, որ Լենին պապին շաբաթօրյակին բոլշևիկյան գերանով անեծքաչոր արեց կոմունիստական իր հետնորդներին...
ԼԵՆԻՆՅԱՆ «ՂԱԶԼՈՒԽԻ» ՏԱՌԱՊԱՆՔԸ
(նեոբոլշևիկյան նաղլ)

ՈՒլյանով-Լենինը (նույն ինքը` Լենին պապին) համախորհրդային շաբաթօրյակներին գերանի «թեթև» ծայրն էր առնում ուսին։ Կեցցե՛։ Նրա հետևորդները յուրացրին ամեն բան, բացի այս հիշարժան «թեթև» ծայրից։
Ինչ կարող են անել, բոլշևիկյան-հեղափոխական ասկետիզմն ՈՒլյանովի ու նրա գերանի հետ անհետացավ Ռուսաստանի տափաստաններում, կիրգիզական աուլներում և հայոց լեռնանցքներում։ Եկավ բրեժնևյան բաքոսախաղքերի ժամանակը։ Այ, հե՛նց էս օրերին պիոներական վզկապը երիտկոմական կրծքանշանի, վերջինս էլ կոմկուսական փողկապի (հասկանալի է` նաև կուստոմսի, ծառայողական լյուքս-շարժակազմի և ստվերային-հակախորհրդային կապիտալի) փոխարինած հետբոլշևիկյան խառնուրդը (հասկանալի է` ազգային-ազատագրական սոուսով համեմված) անցավ սեռահասուն տարիքային շրջափուլն իր։ Մնացածը փնտրեք և գտեք մեր որոշ իշխանավորաց վարք ու բարքում, անկախ նրանից` Հայոց համազգային շարժման շեփորահար-մունետի՞կ էր նա, ռամկավար-ազատական ռամի՞կ, թե՞ դաշնակցական-ներդաշնակ դաշույն։
Մենք դեռ զբոսանքներ ունենք մեր ապրիլյան լճիցլճերում։
Եվ այսպես, ինչու է Ծիծեռնակաբերդի հուշաբլուրը մատնվել... Ո՛չ, ոչ մի պարագայում հուշաբլուրն անտերության, անտարբերության, անհուսության դաժան դրոշմը չի կրում։ Ճաշակի հարց է։ Ըստ հայոց իշխանապետության, հուշաբլուրը նորանկախ երկրի բազմախորհուրդ հայելապատկերն է, մեր տառապալից ուղու ուղեցույցը... և այլն։
Եվ մի պահ դադար տվեք, բազկաթոռից տեղափոխվեք ճոճաթոռին և ականջ դրեք (նաև մտովի զինվեք չունեցած մարզահագուստով և մարտասուլիչով) հրաբորբոք ասքիս։ ՈՒղղաթիռով երկինք են ելնում։ Ծախսը քաշում է Օլիգարխի մամլո խոսնակ Վարազդատը։ Ինչո՞ւ։ Շատ պարզորոշ։ Երբ Օլիգարխը Սարդարապատի հուշահամալիրում ընդունել էր Բենիլյուքսի հումանիտար հումանոիդների պատվիրակությանը և փորձում էր պարզաբանել իր չորսամյա կրթության և «Մշո ճառընտիրի» համամասնության արդի խորհուրդը, կապ ընկավ, կատաղեց ու մի էնպես բաղաձայն զկռտաց, որ պատվիրակության ողջ անձնակազմը միահամուռ բարոյական ճողվածք ստացավ։ Ես, որ զմայլվում էի երկգագաթ Արարատի հրաշքով, ակամա փրկեցի դրությունը, բացատրելով, որ Օլիգարխը խիստ ազգային երևույթ է և Սարդարապատում, Մատենադարանում և Կարապի լճի շրջակայքում կարոտաբաղձական էքստազի մեջ է ընկնում, կես ժամը մեկ մեղմանուշ թառանչում է, ժամը մեկ հուզումնալից բխկում, օրվա միջօրեին էլ, հասկացաք, բաղաձայն զկռտում է։ Եվ սույնը միանգամայն բանական է և բնական։ Զի մարդը պապերի ու ապուտատերի սովալլուկ տարիներն է «վազվրատ անում» ու մի նստելով` խեղդում-կեղեքում է ձեռքն ընկածն ու աչքը շոյածը։ Ասենք, նախաճաշին կիլոուկես խավիարը ջրում է կես դույլ «Նապոլեոնով», ճաշին էլ, բնականաբար, բավարարվում է «մաննի կաշայով»։ Մանկուց սիրած ուտեստ է։ ՈՒ մի կես տակառը բո՜լ բոլ է։
Մի խոսքով, Ծիծեռնակաբերդի հուշաբլուրում ենք։ Հակադրությունների հրավառություն։ Հականիշների հրացոլքեր։ Կանաչագեղ և խնկաբուրմունք օազիսներ են հուշահամալիրի շուրջը։ ՈՒ ահա նրանց մտահորիզոնը չխաթարելու համապետական մտահոգությամբ Ծիծեռնակաբերդը ներկայացնում ենք որպես համամոլորակային ընդվզման հանգրվան, կանաչագեղ և խնկաբույր։
Մտահորիզոնից դենը երրորդ անկախ, ինքնիշխան, իրավական երկրի հորանջն է, երկարաշո՜ւնչ և դարդալամիշ։ Հրազդանի կիրճին հարակից լանջերում ժամանակը կանգ է առել 1992-ի «ազգային-ազատագրական կացնագրոհից» հետո։ Աղբ ու քարաքոսեր, ծառաբների մրցաշունչ հիշատակներ և ջրի քսանամյա կարոտ։ Ոչինչ, դզում ա։ ՈՒ կասեմ ընչի։ Ալամ-աշխարհն այցելում է Հուշաբլուր, ծնկում-վերապրում են, շտկվում-վեհանում և մտամոլոր հեռանում։ Ընչի՞։ Քանզի և վասնզի բացակայում է վերածննդի տեսլականը։ Այնինչ, պետք ա։ ՈՒ չմղկտանք և սոցիալաբարոյական էքստազի մեջ չընկնենք։ ՈՒ վերջապես ըմբռնենք, որ երկրիս ու քաղաքիս իշխանավորները մեզնից քիչումիչ հեռատես են, խորագետ և շինիչ ծրագրերով առլեցուն։ ՈՒ մեր ամոթանք-պարսավանքի հեղեղից ամեն ապրիլ խոհեմաբար «ուխոդ անելով» Ծիծեռնակաբերդի խոյանքին են սպասում։ Էսպես ուրեմն, կանաչագեղ-խնկաբուրմունք օազիսներ, որոնք մղկտում են դարակազմիկ ցավն ու դավը։ ՈՒ ազգի, երկրի, հանրապետության և հանրության վերապրումը։ Օազիսները շրջապատում ենք անկախ-շուկայական հայրենիքի խորհրդապատկերներով, շոգեբաղնիքների շղթա, հյուրատների հյուրընկալ հավաքատեղի և, անկասկած ու անվերապահ, ազգային խոհանոցի լեռնաշղթաներ։ Առայժմ գործը քիչ դանդաղում է։ Ընդամենը Ծիծեռնակաբերդի խճուղու էլիտարոտ հանգույցում ավտոկայանատեղի է կերտվում։
Իսկ դուք ասում եք` ծառատո՜ւնկ, հուշաբլրի համակարգված «համաներո՜ւմ» և նման այլ զգայացունց զեղումներ։

ՁՈՐԱԳՅՈՒՂԻ ՁԱՆՁՐՈՒՅԹԸ
(նաղլի հետգրոցը)

Առհասարակ զգայացունց զեղումները տնաքանդություն են։ Առաջընթացի այպանելի արգելապատնեշներ։ Կայացման կասկածելի կապանքներ։ Օրինապահության օրորոցային։ Երրորդ հանրապետության երկրորդ էքսնախագահ Սեդրակիչը... Դադար ենք առնում, խոր շունչ քաշում և փնտրում ամենամեղմ բնորոշումները, բաղդատում բարեկրթության բարոյականը և այլք։ Հասկացա՞նք զմիմյանս։ Շնորհակալ եմ։ Հակառակ պարագայում, ասենք, մի երկու անմեղսունակ մեղադրանք, և խնդրեմ, թերթը, թերթի կայքն ու գույքը (ես էլ իմ հնամաշ բաճկոնով ու հուզումնաթոթով գրչով) դատարանի դռնից տուն չենք գա։
ՈՒրեմն հայոց էքսնախագահ Ռոբերտ Սեդրակիչի օրոք «Ձորագյուղ» պատմամշակութային համալիրը յուր բուն բնօրրանում հանգրվանեց։ Նախ` վերին մասից գործնական գրոհի անցավ միջին «թռփոշության» մի էլիտարոտ բազմահարկ։ Ժամանակ անց բուն գործում իր բետոնակուռ-կամային ներկայությունը շեփորեց վերջինիս կաթնեղբայրը։ ՈՒ խնդրե՜մ, Զանգվի գոտու ամենատեսարժան հատվածից սկսում ենք գործնական գրոհը։ Թե չէ, կներեք, բայց ուղղակի խայտառակություն է նման հնարավորությունը քամու բերանը տալ։ Ինչ է թե` զբոսաշրջիկները կոնյակի գործարանի հարթակից բերանբաց հիացմունքով պիտի Ձորագյուղի պատմամշակութային անկապություններով, նաև Փարաջանովի թանգարանով զմայլվեն։
Ի՜նչ հնարամիտ-հանրաշահ վճիռ կայացրեց ժամանակին Սեդրակիչը։ Որպեսզի քաղաքամայրն իր լայնք-երկայնքով համապատասխանի օլիգարխիկ մեր ներկային։ Էսպես ուրեմն, մի քաղաքագլխի օրոք հանրային շահը բրտորեն ոտնահարող գործարք է կնքվում։ Գաղտնախորհուրդ ու տակվերաց։ Հանրության աչքի առջև և օրը ցերեկով ճապոնական բուլդոզերները գրոհում են պուրակ ու այգի և օլիգարխափրկիչ հերթական շինության նորամուտը շեփորում։ Բնական է, հետևում են հանրային հուզումները, անեծքագրեր, բողոքաերթեր և այլն։ Երկրիս նախագահ Սեդրակիչը առկախում-սառեցնում է դարի հերթական ապօրինությունը։ Քաղաքագլուխը փոխարինվում է։
ՈՒ ահա հանրությանը հերթական անգամ հրամցվում է երեք մատի կոմբինացիան։ Նոր քաղաքագլուխը գիմնազիստի ամոթխածությամբ թոթվում է ուսերն ու կանաչ լույս վառում ապօրինության առջև։ Ինքը, կներեք, ինչով ա մեղավոր, է, գնացեք որոշում կայացնողի վզից կախվեք։ Ի՞նչ, ապօրինի ա՞... պետական 15 ատյան վավերացրել է սույն գործարքը։ Մի խոսքով։
Ի դեպ, երբ ներկա քաղաքագլուխը ծառ էր տնկում, ու մինչ նրա օգնականը ջրում էր այն, Օղակաձև զբոսայգում հերթական առևտրաշահ կրպակը տեղադրվեց։ Եվ պարզվեց, որ Օղակաձևի 70 տոկոսը շինությունների տակ է, 30 տոկոսը` ծառ ու թուփ է։ Պետական բոլոր որոշումներով, վճիռներով և հրահանգներով պիտի որ ճիշտ հակառակը լիներ։
Պիտի որ։ Բայց կներեք, մենք Հոլանդիա, Բելառուս կամ, կներեք հազար ու մի հարյուր անգամ, Իսթամբուլ չենք։ Էնպես որ, կեղծեցին ու կեղեքեցին նախկին քաղաքապետերը, և թող որ փուշ ու տատասկ չբուսնի նրանց հաջորդի ճանապարհին։ Դե նա էլ մարդ է, ընտանիք ու շրջապատ, վերադաս և ստորադաս ունի։

ՎԵՐՋԱԲԱՆԸ` ՈՒՂԻՂ ՃԱՆԱՊԱՐՀ
(հացի խնդիր)

Հարդը գնում է, ցորյանը մնում։ Հնուց եկած խոսք է, դարերի փորձությունն անցած, բայց և այնպես փորձանք դարձած մեր անկախ գլխին։ Եվ հատկապես տնտեսական շինծու, նաև բնածին ճգնաժամն իր խորքային դերը խաղաց։
Եվ այսպես հայոց շուկայական ջունգլիներում ամենից անհույս վիճակում հացն է (նաև բուլկի-պեռաշկին)։ Գինը մնում է ճգնաժամային մակարդակում, քաշը` նվազում օր օրի։ Եվ ահա պարզվում է, որ 200-դրամանոց հացն իրականում ձեռք ենք բերում 250 դրամով։ Ոչ պակաս ուշագրավ իրավիճակ է չամիչով բուլկու հայրենական շուկայում։ Համաձայն հանրածանոթ չափորոշիչների, բուլկու մեջ գոնե մի 20-25 չամչահատիկ պիտի դեգերի։ Վերցրեք հետճգնաժամային ցանկացած բուլկին, հայիլ-մայիլ եղեք դրա (նրա) վարդաբոսոր գույնով, ուշագնացության աստիճան ըմբոշխնեք մեղրածոր բուրմունքը և տաբու հայտարարեք սեփական քիմքին. չամիչը հաշվառելու ժամանակն է։ Եվ եթե որևէ բուլկու ընդերքում չորս չամիչից ավելի հայտնաբերեք, հապշտապ ներկայացեք խմբագրատուն։ Միասին կճաշակենք։
Այսպիսով, հատկապես հացի խնդրում մեզ բացահայտորեն «գժի տեղ» են դնում։
Ո՞Ւր են հացի կշեռքները, հարցնում եմ վրդովված։
Ո՞Ւր են վերահսկիչները։
Վերջապես, ո՞ւր է մեր նամուս-թասիբը, որ համաժողովրդական հուզումներ չկան այս համազգային խայտառակությունը հերքելու համար։
Առայժմ հանգիստ խղճով թույլ ենք տալիս մեզ ֆռռացնել։ Դե նրանք էլ, ոչ պակաս անվրդով, ֆռռացնում են։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1898

Մեկնաբանություններ