Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակվում է:
Կարծես վերջ չկա, մանավանդ, որ դրան խթանում, խրախուսում ու աջակցում են ՈՒկրաինայի «լավը ցանկացողները»:
«Արի սիրեմ, գնա մեռի» հակառակ սկզբունքով վերջիններս զինում են ՈՒկրաինային, Զելենսկին էլ՝ պատերազմում:
«Կենացները քաղցրացան», երբ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատեց ՈՒկրաինային 61 մլրդ դոլարի օժանդակության նախագիծը։
Այն պետք է վավերացվեր նաև Սենատում։
Նախագահ Բայդենը խոստացել էր անմիջապես ստորագրել օրենքը Կոնգրեսի 2 պալատներում հաստատվելուց հետո։
Բայդենն այն ստորագրեց:
ՈՒկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագծի համաձայն արդեն իսկ սկսվել են ռազմական մատակարարումներն ՈՒկրաինա։
Դրանից զատ ԱՄՆ-ն ՈՒկրաինայի համար 1 մլրդ դոլարի օգնության ևս մեկ փաթեթ է պատրաստել, որն իր մեջ կներառի «HIMARS»-ի համար նախատեսված հրթիռներ, արկեր, ՀՕՊ համակարգեր և այլ սպառազինություններ:
Դա էլ քիչ չէ՝ ԱՄՆ-ը ևս 6 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցություն կտրամադրի ՈՒկրաինային։
Անգամ Ավստրալիան 100 միլիոն դոլարի ռազմական օգնություն է խոստացել ՈՒկրաինային:
Միացյալ Նահանգներից հետ չմնալով՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն էլ իր հերթին Կիևում հայտարարեց, որ աշխատում են ավելի շատ ՀՕՊ ՈՒկրաինա հասցնելու ուղղությամբ:
Ինչ խոսք, նման ծավալի օգնությունն աննախադեպ էր:
Այ սա «դաշնակցին անշահախնդիր օգնության» դեմոնստրացիա է:
Թեև, նույն ԱՄՆ-ը ճնշում է գործադրել ՈՒկրաինայի վրա և միայն նոր մոբիլիզացիայից հետո է համաձայնել սպառազինություն տրամադրել Կիևին։
Սակայն միևնույն ժամանակ փարատել է այն հույսերն ու սպասումները, որ հանուն ՈՒկրաինայի կներքաշվեն Ռուսաստանի հետ անմիջական պատերազմի մեջ:
Ասել կուզի՝ փողն ու զենքը տալիս եմ, գնա կռվի մեր համատեղ թշնամու հետ:
Դե իսկ Պուտինն ակնարկում, Ստոլտենբերգն ու Բորելն էլ հաստատում են, որ Ռուսաստանն ավելի երկար կդիմանա քան ՈՒկրաինան և նրան աջակցող երկրները:
Ավելին՝ որ պատերազմի վերջնարդյունքն անկախ Արևմուտքի օգնության արդեն իսկ կանխորոշված է:
Փաստ է՝ ռուսական բանակը շարունակում է ինտենսիվ առաջխաղացում գրանցել ռազմաճակատում՝ օկուպացնելով նորանոր տարածքներ:
Իհարկե, ամենօրյա ռեժիմով նահատակելով հարյուրավոր զինվորի կյանք:
«Ողբերգական զավեշտն» էլ այն է, որ նրանց մոտ ևս երկուստեք գործում է՝ «նոր պատերազմ, նոր տարածքներ» չարաբաստիկ ու աղետաբեր սկզբունքը:
Մանավանդ, երբ դրան խթանում են՝ «ՈՒկրաինան հաջողության է հասնելու», «ՈՒկրաինան վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը, ՈՒկրաինան հաղթելու է» վերտառությամբ սին ու պոռոտ, էքսցենտրիկ ու պաթոսային հոդվածներն ու հայտարարությունները, որոնք ծփում են արևմտյան պարբերականներում:
Նման պարադոքսալ «պառաժներով», սպեկուլյատիվ նարատիվներով՝ շինծու հաջողության գրավականի իմիտացիա են ստեղծում:
Եվ դա «ուտվում» է շատերի կողմից:
Իսկ երբ այս մանիպուլյացիոն արշավին գալիս են «օգնության» այնպիսի սրտաճմլիկ ու լալահառաչ ձևակերպումներ, ինչպիսիք են՝ «ՈՒկրաինան պատերազմում է անկախության համար», «ՈՒկրաինան պայքարում է աշխարհի մյուս երկրների համար կամ փոխարեն» հասկանում ես, որ թե՛ հասարակ մարդկանց և թե՛ Հավաքական Արևմուտքին ապուշի տեղ են դրել:
ՈՒկրաինային միլիարդներ ու սպառազինություն են տալիս որպեսզի ՈՒկրաինան լինի անկախ:
«Ֆանտաստիկ» է:
ՈՒրիշ բան, եթե ասվի՝ ՈՒկրաինան կռվում է Ռուսաստանի կախվածությունից դուրս գալու, իր տարածքները վերադարձնելու, տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար:
Իհարկե, Արևմուտքին տրվելու, կախվածության ու ինտերվենցիայի գնով:
Մանավանդ, որ միայնակ չէր ձգելու մինչ այսօր:
Ինչևէ, մասամբ սթափված Զելենսկին գոնե իր բարձաստիճան զինվորականներին տեղեկացնում է, որ հույսը կարող են դնել միայն սեփական ուժերի վրա և որ ՆԱՏՕ-ին անդամակցումը կլինի բացառապես մի պայմանով.
եթե պատերազմում ՈՒկրաինան հաղթի:
Իսկ թե արդյոք նա հավատու՞մ է իր իսկ բարձրաձայնած դոգմատիկ փաստի իրականություն դառնալուն՝ գիտի միայն նա:
Եթե այո, ապա նա տառապում է ինքնախաբեությամբ:
Եթե խոհեմությունն ու հեռատեսությունը զիջել են իրենց տեղն ինտուիտիվ էմոցիաներին, «տոքսիկ» ամբիցիաներին, ապա իռացիոնալ «էքսպերիմենտների» արդյունքում կարձանագրեն նոր կորուստներ, օկուպացիա ու էքսպանսիա, այնուհետև՝ կոլապս, իսկ վերջում՝ վա բանկ:
Մանավանդ, երբ հակամարտության դադարեցման Մինսկի, 2022 թվականի ապրիլի 15-ի ստամբուլյան համաձայնությունները հօդս են ցնդել:
Իսկ թե մոտ ապագայում արդյոք լինելու՞ է հրադադարի հնարավորություն՝ կարծում եմ այո, իհարկե՝ ավելի վատ պայմաններով:
Ինչևէ, քանի դեռ պատերազմ պարտադրողներ, հրահրողներ, «հույս բաժանողներ» կան, շարունակելու ենք տեսնել եղբայրասպան պատերազմ, կորուստներ ու արհավիրքներ:
Իսկ աշխարհը կեղծ արցունքներով կարեկցելու է:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ