Հետաքննությունը հաստատել է Կիևի կապը «Կրոկուս Սիթի Հոլի» ահաբեկիչների հետ
Հետաքննությունը հաստատել է Կիևի կապը «Կրոկուս Սիթի Հոլի» ահաբեկիչների հետ. այս մասին ապրիլի 16-ին հայտնել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Հյուսիս-արևմտյան դաշնային օկրուգում ազգային անվտանգության ապահովման հարցերով խորհրդակցության ժամանակ:
«Մարտի դաշտում հաջողության չհասնելով, Կիևի հանցավոր վարչակարգը, անգլոսաքսերի և նրանց կամակատարների աջակցությամբ և նրանց անմիջական համակարգմամբ, միտումնավոր դիվերսիաներ է իրականացնում քաղաքացիական օբյեկտների նկատմամբ»,- ասել է Պատրուշևը և հստակեցրել, որ խոսքը սահմանամերձ շրջաններին հասցվող հարվածների, մարդկանց զանգվածային բնակության վայրերում ահաբեկչությունների, իշխանության ներկայացուցիչների և լրագրողների դեմ մահափորձերի մասին է:
Ըստ Անվտանգության խորհրդի քարտուղարի, օրինակ, հետաքննությունը հաստատում է «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկչություն կատարողների կապն ուկրաինացի ազգայնականների հետ: Պատրուշևը նշել է նաև, որ Ռուսաստանի դեմ գործողությունների կազմակերպիչներին պատրաստում են ՆԱՏՕ-ի երկրների հրահանգիչները։
«ՈՒզում եմ այսօր ձեզ հետ կիսվել ահաբեկչության հետաքննության նախնական արդյունքներով,- ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի նիստում օրերս, ТАСС– ի տեղեկացմամբ , ասել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:- Կառանձնացնեմ գլխավորը՝ արդեն այս փուլում որևէ կասկած չի առաջանում այդ նողկալի և անմարդկային ոճրագործությանն ՈՒկրաինայի անմիջական ներգրավվածության մեջ։ Եվ նրա պատվիրատուների հետքերը, ինչպես կարելի է ամենայն հիմնավորմամբ պնդել, տանում են Կիև»:
Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարը նշել է ուկրաինական հատուկ ծառայությունների հետ ահաբեկիչների կապի վերաբերյալ առկա փաստերի անհերքելիությունը:
«Մասնավորապես, ըստ մարդասպանների ցուցմունքների, նրանք պետք է անցնեին Բրյանսկի մարզի պետական սահմանի հատված, որից հետո անտառապատ տեղանքում վառեին տրանսպորտային միջոցը և այդ մասին հայտնեին իրենց կուրատորին, որը կապահովեր նրանց անցումն ուկրաինական տարածք և փոխադրումը Կիև»,- նշել է Նեբենզյան և հավելել, որ «կատարողների հեռանալու նման սխեմա առաջարկվել է նաև Դարյա Դուգինայի և Վլադլեն Թաթարսկու սպանության ժամանակ»:
Բացի այդ, ինչպես ընդգծել է ՄԱԿ- ում ՌԴ մշտական ներկայացուցիչը, քննությանը հաջողվել է «հասանելիություն ստանալ կասկածյալների հեռախոսների տվյալներին, որոնք պարունակում են ուկրաինական հատուկ ծառայություններին բացահայտող տեղեկություններ»:
«Հետաքննության տրամադրության տակ կան նաև հաստատված տվյալներ ահաբեկչություն կատարողների կողմից ՈՒկրաինայից զգալի գումարների և կրիպտոարժույթի ստացման մասին, որոնք օգտագործվել են հանցագործության նախապատրաստման ժամանակ,- ասել է Նեբենզյան:- Ավելին. տվյալներ կան, որ Կիևի ռեժիմը տևական ժամանակ համագործակցում է իսլամիստ արմատականների հետ և նրանց օգտագործում է իր նպատակների համար։ Հայտնի է նաև Դուշանբեում ՈՒկրաինայի դեսպանատան կողմից հավաքագրման աշխատանքների իրականացման մասին, որը ներգրավում է վարձկանների, ովքեր ցանկանում են միանալ միջազգային լեգեոնին: «Կրոկուս»- ի ահաբեկչության կատարողներն ու նրանց հանցակիցները նույնպես հիմնականում տաջիկական ծագում ունեն»։
«Կրոկուսում» ահաբեկչության մեջ մեղադրվողները ՄԱԿ- ի ԱԽ- ում ՌԴ մշտական ներկայացուցչի հայտարարությունից մոտ մեկ շաբաթ առաջ, ապրիլի 7- ին արդեն հայտնել էին իրենց համակարգողի անունը:
Համակարգողին, որը «Կրոկուս Սիթի Հոլը» նշել է որպես հարձակման վայր և ՈՒկրաինայի հետ սահման մեկնելու ուղին, կոչում են Սայֆուլո, հայտարարել են ահաբեկչության մեջ մեղադրվողները հարցաքննության ժամանակ, որի կադրերը ցուցադրվել են «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Վեստի նեդելի» ծրագրում:
«Սայֆուլոն մեզ տեղեկացրել է, որ մենք մեկնենք ՈՒկրաինա, Կիև։ Եվ այնտեղ միլիոն ռուբլի կտան»,- ասել է նրանցից մեկը։
Վերոնշյալ հայտարարության հաջորդ օրը՝ ապրիլի 8- ին, ՌԴ քննչական կոմիտեն հայտարարել է, որ զգալի տվյալներ է ստացել ուկրաինական հատուկ ծառայությունների հետ «Կրոկուս Սիթի Հոլում» ահաբեկիչների հնարավոր կապի մասին: Հաղորդվել է, որ գերատեսչության ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը լսել է «Կրոկուսում» ահաբեկչության հետաքննության վերջին արդյունքները: Ըստ այդմ, հետաքննությունը նաև «նշանակալի տվյալներ» է ստացել հանցագործությանն ահաբեկիչներին նախապատրաստելու հանգամանքների մասին, որոնք կարող են վկայել ուկրաինական հատուկ ծառայությունների հետ նրանց կապի մասին:
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Դմիտրի Մեդվեդևը X սոցցանցի իր էջում նույն օրը գրել է.
«Դե ինչ, ԱՄՆ- ի և եվրոպական երկրների հարգելի առաջնորդներ. ահաբեկիչների հայտարարություններն այն մասին, որ իրենց մեկական միլիոն ռուբլի են խոստացել Կիևում, և որ նրանք պետք է անցնեին ռուս- ուկրաինական սահմանի անցքով, ձեզ անբավարար թվա՞ց: Եվ այսպես, ահաբեկչությունը պատվիրվել է ԻԼԻՊ- ի կողմից, ճիշտ է՞… Իրական պատվիրատուները՝ ուկրաինական բանդերական տականքները, ձեր սաները։ Իսկ այդ սպանության մեղսակիցները՝ դուք բոլորդ՝ Բայդեն, Մակրոն, Սունակ, Շոլց և այլ հանցակիցներ։ Մենք դա չենք մոռանա»:
Մեկ- երկու պարզ հարց. եթե Արևմուտքը վերոնշյալ ահաբեկչության հետ որևէ կապ չունի կամ առնվազն հովանավորը չէ ահաբեկչության պատվիրատուի՝ ՈՒկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարության, ինչու՞ է համառորեն չտեսնելու տալիս արդեն իսկ հրապարակված, հայտնի փաստերը, ինչու՞ է ԱՄՆ- ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը պնդում, թե «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած է բացառապես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, և ավելին՝ ինչու՞ է Արևմտյան ԶԼՄ-ներին հրահանգվել լռել «Կրոկուսում» ահաբեկչության զոհերի թվի մասին:
«Իրական կազմակերպիչներից և շահառուներից համաշխարհային հանրությանը շեղելու Արևմուտքի փորձերին առանձնահատուկ ցինիկություն է հաղորդում կտրական ցուցումը՝ ԶԼՄ- ներում չլուսաբանել ողբերգության իրական մասշտաբները՝ չհիշատակել ահաբեկչության զոհերի թիվը, զոհված երեխաներին, բացառել տեղի ունեցածին հասարակ քաղաքացիների արձագանքի ցուցադրումը»,- «РИАНовости»– ի փոխանցմամբ, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ն Telegram ալիքում:
Նախարարությունում նշել են, որ ահաբեկչությունից անմիջապես հետո արևմտյան ԶԼՄ-ները և պաշտոնյաները PR արշավ են կազմակերպել ուկրաինական հատուկ ծառայությունների ներգրավվածությունը հերքելու համար: Այսպես, ԶԼՄ-ներին հանձնարարվել է տիրաժավորել այն վարկածը, թե հարձակման կազմակերպմանը մասնակցել է «Իսլամական պետությունը», հերքել իսլամիստների կապը Կիևի և արևմտյան հատուկ ծառայությունների հետ, վարկաբեկել հետաքննության արդյունքները և առաջ տանել «ռուսական հատուկ ծառայությունների մասնակցության» տեսությունը։
Ռուսաստանը գնալով հիմնավորում և ամրապնդում է իր այն դիրքորոշումը, որ ՈՒկրաինան ահաբեկչական պետություն է, առնվազն՝ ահաբեկիչներ են Զելենսկին և նրա վարչակարգի բազմաթիվ այլ անդամներ: ՈՒկրաինան Ռուսաստանի կողմից պաշտոնապես, օրենսդրական մակարդակով ահաբեկչական պետություն հռչակելուց հետո Զելենսկին և, ընդհանրապես, ՈՒկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն օրենքից դուրս կհայտարարվեն, Ռուսաստանի ԶՈՒ-ն և հատուկ ծառայությունները նրանց հետ կվարվեն որպես ահաբեկիչների: Նրանց համար կգտնվի՞, արդյոք, ռուսական զենքի հարվածներին դիմացող ռմբապաստարան:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ