Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Տնտեսական պոպուլիզմ

Տնտեսական պոպուլիզմ
04.03.2023 | 11:21

Որպես կանոն, եթե քաղաքական պոպուլիզմով կարելի է անվերջ զբաղվել, այլ է տնտեսական պոպուլիզմի կյանքը։ Այն կարճ է, իսկ եթե պոպուլիզմի շահառուն խեղճ ու կրակ օրվա հաց վաստակողներն են, ապա իշխանական մեքենան դրանց նկատմամբ առանձնակի ձևեր էլ չի թափում։ Իսկ եթե այդ մանր տնտեսվարողները նաև հիպնոսի մեջ են, ապա հանգուցալուծումը լինում է արագ և արցունքաբեր։


Բերենք կոնկրետ օրինակ. 2018-19 թվականներին ժողովրդի դարդով տապակվող նոր մարդիկ բերեցին մի օրինագիծ, որով ոսկե սարեր, ֆինանսական կայունություն, բարգավաճում խոստացան փոքր ձեռնարկատերերին։ Մասնավորապես, նրանց խոստացան ստվերից դուրս գալու պարագայում տալ եկամտահարկի մասով նկատելի առավելություններ, հարկային գործակալի մասով՝ կոնկրետ ազատություն, պակաս նկատելի չէր նաև այդ սեգմենտի տնտեսվարողների կազմած վճարային փաստաթղթերը որպես ծախս հաշվառելու փաստը շահութահարկ վճարող այլ կազմակերպությունների մոտ։ Բոլորը գոհ էին, հատկապես՝ փոքր ձեռնարկատիրության բնագավառի տնտեսվարողները։ Գոհ էր նաև իշխանությունը։ Միայն տնտեսագետներն էին, որ կատարված պոպուլիստական փոփոխությունները որակեցին որպես տխմարություն և հայտնեցին, որ դրանք ժամանակավոր բնույթ ունեն։ Անցավ մի երկու տարի, քաղաքական ընտրություններից հետո վստահ դարձած իշխանությունները վերջապես հիշեցին իրենց խաբված փոքր ձեռնարկատերերին։ 2022 թվականի դեկտեմբերի վերջին, նախկինների կրկնվող ձեռագրով, ԱԺ բերվեց և, բնականաբար, հավանության արժանացավ մի նախագիծ, որը սառը ցնցուղ է փոքր ձեռնարկատերերի համար։


2023 թ. հունվարի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող հանդիսանալ այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, որոնք ստանում են վարձակալական վճար, տոկոս կամ ռոյալթի, այսինքն՝ հանդիսանում են թվարկված եկամուտների մասով գործող պայմանագրի՝ վարձակալական վճար, տոկոս կամ ռոյալթի ստացող կողմ: Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ վարձով տուն տվող և ռուսների վրա մի քիչ փող աշխատող անձինք պետք է խուսափեն թափանցիկ աշխատանքից և գնան ստվեր։
2023 թ․ հունվարի 1-ից սահմանափակվել է միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ձեռքբերումների գծով ծախսագրումը, ըստ որի, շահութահարկ վճարողները համախառն եկամտից չեն կարող նվազեցնել միկրոձեռնարկատիրության սուբյեկտներից ձեռք բերված ապրանքների, ստացված ծառայությունների, ընդունված աշխատանքների գծով կատարվող ծախսերը։ Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ հարկման ոչ արտոնյալ դաշտում գործող ձեռնարկությունները հրաժարվելու են միկրոձեռնարկությունների մատակարարումներից։


2023 թ․ հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները, որպես հարկային գործակալ, չեն ազատվում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից։
Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է,որ միկրոձեռնարկությունները պետք է իրականացնեն հարկային գործակալի ամբողջ ծավալով պարտավորությունները, այդ թվում՝ հաշվետվությունների հանձնումը, դրա համար հաշվապահ ունենալը և էլի բազմաթիվ ստորջրյա խութեր։
Իսկ միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին վճարվող կամ հաշվարկվող եկամուտներից եկամտային հարկը, ամսական 5000 դրամի փոխարեն, 2023 թվականի հուլիսի 1-ից կհաշվարկվի ընդհանուր սահմանված 20 տոկոս դրույքաչափով։

Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է՝
1. նվազագույն աշխատավարձի պարտադիր հաշվառում և վճարում.
2. նախկին 5000 դրամի փոխարեն, առնվազն 15000 դրամի չափով եկամտային հարկ (աճը կկազմի մոտ երեք անգամ)։
Հավելյալ բացատրություններ չեմ գրում։ Միկրոձեռնարկությունների շահառուներին խորհուրդ կտամ մյուս ընտրությունների ժամանակ կարդալ թեկնածուների ծրագրերը, իսկ իշխանական խաբեբա պոպուլիստներին ասենք' ամո՛թ։


Հրայր Կամենդատյան

Դիտվել է՝ 10785

Մեկնաբանություններ