Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ժամանակի հարցը

Ժամանակի հարցը
27.01.2022 | 17:43

Ոչ որպես փիլիսոփայական կատեգորիա, այլ որպես կենսական իրողություն։ Սա այսօր մեզ համար հարցերից կարևորագույնն է։ Եթե մենք մեր ծրագրերը, ապագայի տեսլականները, երազանքները, մտահղացումները զետեղում ենք մի էկրանի վրա, որտեղ ժամանակը չկա, որի վրա ժամանակի ընթացքը չի ցուցադրվում, ապա վստահաբար կարող ենք ասել, որ այդ ամենը երևութական է։

Ժամանակի ծիրից դուրս իրականություն չկա և եթե մենք մտադիր ենք ինչ- որ տեսլականներ ընկալել որպես իրականություն, ապա դրանք պարտադրաբար պետք է զուգակցվեն այն ժամանակի հետ, որը մենք կարող ենք ունենալ որպես դրանց իրականացման տարածք։ Ընկալու՞մ ենք մենք այդ փաստը, և արդյո՞ք մեր արձագանքն այդ փաստին համարժեք է։ Ի՞նչ կերպ հասկանալ։ Երկրի զարգացմանը վերաբերող մտադրությունները, պատկերացումները, ծրագրերը սովորաբար ներկայացվում են ազատ ֆորմատով, «չծանրաբեռնելով» դրանք իրականացման ժամկետներով, իրականացման ճանապարհների նկարագրությամբ, պահանջվող մեխանիզմների ձևակերպմամբ։ Տպավորություն է ստեղծվում, որ այդ ծրագրերն ինքնակայացման շնորհ ունեն և բավական է միայն դրանք բարձրաձայնել։ Նման գործելավոճը մեզ մոտ խոր արմատներ ունի և անգամ կարողացել է ձևավորել հասարակության այնպիսի մի շերտ, որը կողմնորոշվում է հենց խոստումների փայլով և առատությամբ, քանի որ դրանք ծրագրեր չի կարելի անվանել։

Իրականում դա պարզ մանիպուլյացիա է, մոլորեցում։ Այդ կերպ կարող են և մարդկանց նպատակային կերպով հեռու պահել իրական խնդիրներից՝ դրանք փոխարինելով երրորդական, տասներորդական հարցերով։ Բայց պետք է հասկանալ, որ ժամանակի խնդիրը մեզ համար այս պահին ամենակարևոր խնդիրն է։ Մենք մեր գործերը կարգի բերելու համար շատ ժամանակ չունենք, եթե չասենք՝ շատ քիչ ժամանակ ունենք։ Դա տեսանելի էր դեռևս հինգ֊վեց տարի առաջ, անհնար է այդ բանը չնկատել այժմ։ Այն ուղղակի շոշափելի է։ Հետևաբար մեր բոլոր ծրագրերն ու տեսլականները պետք է կառուցվեն այդ փաստի վրա։ Յուրաքանչյուր մտահղացում պետք է բաղդատվի այդ հնարավոր ժամանակի հետ։ Եթե դրանք համադրելի չեն, ուրեմն կա՛մ գաղափարն է անիրական, կա՛մ դրա իրականացման ճանապարհը։

Մեր սկզբունքը պետք է լինի՝ ստեղծել առավելագույնը ամենակարճ ժամանակում։ Մասնավոր բիզնեսի ունեցած հնարավորությունների, ընդհանրապես ինքնակազմակերպական կարողությունների վրա հիմնված ծրագրերը, եթե մենք ապավինում ենք միայն դրանց, շատ ժամանակ են պահանջում թե՛ նախապատրաստության, թե՛ իրականացման փուլերում։ Դրանք կարևոր գործիքներ են։ Բայց դրանց արդյունավետությունը կարող է աճել անգամներով, եթե այդ ծրագրերը գործարկվում են համահունչ պետական ծրագրերին զուգահեռ։ Շատ կարևոր, որոշիչ գործոններ անհրաժեշտ արդյունավետությամբ կարող են գործադրվել միայն պետության կողմից։ Որոշ բաներ, ասենք, տնտեսական մոդելի փոփոխությունը, առանց որի մենք ոչ մի առաջընթաց չենք պատկերացնում, հնարավոր է բացառապես գործին քաջատեղյակ և հաստատակամ իշխանության պարագայում։ Վերադառնալով ժամանակի խնդրին, կարող ենք ասել, որ այս երկու ճանապարհների խելամիտ համադրության արդյունքում մենք կարող ենք ստանալ ցանկալի լուծումներ՝ բավարար ծավալներով և անհրաժեշտ արագությամբ։

Վահրամ ԲԱՅԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 141937

Մեկնաբանություններ