Ահա հերթական լակմուսի թուղթը կոռուպցիայի դեմ պայքարից և օրինականության հաստատումից մեծ-մեծ խոսող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ գլխավոր դատախազության ու գլխավոր դատախազի, Հատուկ քննչական ծառայության ու ՀՔԾ պետի, թերևս նաև քննչական կոմիտեի համար: Հայաստանում դարձյալ հանցագործություն է կատարվել բնության նկատմամբ, իսկ վերոնշյալ մարմինները դեռ որևէ տեղեկություն կամ հաղորդագրություն չեն հրապարակել այդ կապակցությամբ գոնե նյութեր նախապատրաստելու մասին:
Փաստ 1-ին. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը կամ նրա ջրային կոմիտեն «Արփի լիճ» ջրամբարի մակարդակն իջեցնելուց, ջրամբարում ջրի ծավալը մեռյալ ծավալի (5 մլն խմ) հասցնելուց առաջ չի ստացել ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագիտական եզրակացության վրա հիմնված ՀՀ շրջակա միջավայրի նախարարության թույլտվությունը, իսկ առանց դրա իրավունք չուներ «Արփի լիճ» ջրամբարի ջրի ծավալը մեռյալ ծավալի իջեցնելու:
Փաստ 2-րդ. ինչպես տեղեկացանք ՀՀ շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Ալլա Սուքիասյանից, վարչապետի հանձնարարականի համաձայն, շրջակա միջավայրի նախարարության կողմից ուսումնասիրվել են Արփի լճի լցվածության և մեռյալ ծավալի հետ կապված խնդիրները, և նախարարությունը թռչունների բնադրավայրերի պահպանման համար «Արփի լիճ» ջրամբարի ջրի մեռյալ ծավալն ընդունել է 18 մլն խորանարդ մետր:
Այսպիսով, թեև ՀՀ կառավարության համապատասխան որոշման համաձայն, կառավարության պաշտոնական խորհրդատուն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան է, և «Արփի լիճ» ջրամբարի ջրի մեռյալ ծավալ ընդունելուց կամ որոշելուց առաջ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը համապատասխան մասնագիտական եզրակացություն ստանալու համար պարտավոր էր դիմել ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, առանց նրա եզրակացությունը ստանալու, իրավունք չուներ «Արփի լիճ» ջրամբարի մեռյալ ծավալ որոշելու, այնուհանդերձ, նույնիսկ նախարարության` չգիտես ինչի հիման վրա որոշած մեռյալ ծավալը ջրային կոմիտեի կողմից գերազանցվել է 13 մլն խմ-ով: Այսինքն` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը թեկուզ կառավարության վերոնշյալ որոշումը զանց է առել, սակայն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը կամ նրա ջրային կոմիտեին, բոլոր դեպքերում, չի տվել «Արփի լիճ» ջրամբարի ջրի մեռյալ ծավալը 5 մլն խմ համարելու, ջուրը մինչև այդ ծավալը դատարկելու թույլտվություն:
Փաստ 3-րդ. ըստ «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրեն Հովսեփ Սիմոնյանի, Արփի լճի ջրի թույլատրելի նվազման սահմանը 20 մլն խմ է, և լճի ջրային ծավալի նվազեցումը լճի կենսաբազմազանության վրա կանդրադառնա ուղղակիորեն: Անկախ «Արփի լիճ» ազգային պարկի հորդորներից, ջրային կոմիտեն օգոստոսի վերջից սկսած ջրբացթողումների արդյունքում լճի ծավալը նվազեցրել է 5 մլն խմ-ի, ինչը, Հովսեփ Սիմոնյանի հավաստմամբ, անթույլատրելի էր: Այս մասին նա ասել է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:
«Ըստ Սիմոնյանի, իր տնօրինության ժամանակահատվածում, երբ ջրային կոմիտեից ստացվել է պատվարի անվտանգությունն ապահովելու գործողություններն իրականացնելու համար ջրի մակարդակն իջեցնելու մասին գրությունը, իրենք դեմ են եղել,- գրել է «Հայկական ժամանակը»:- «Մենք գրել ենք, որ դա լուրջ խնդիրներ է առաջացնելու, նույնիսկ էդ ժամանակ շրջակա միջավայրի նախարարն էլ գրեց, որ մեզ համար ընդունելի չէ: Ընդունելի տարբերակը մինչեւ 20 մլն խմ էր, դրանից ներքև արդեն խնդիրներ են առաջանում»:
Փաստ 4-րդ. «Բավական ձկնային պաշար կար, էդ ջրթողի հետ ձկնային պաշարները գնացին գետը, էդ ձկնային պաշարը թռչունների համար կերակուր էր, և անհայտ է, թե վաղը էդ թռչունները որ եկան, ինչ է լինելու դրանց հետ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ նույն զրույցում ասել է 2017 թվականից «Արփի լիճ» ազգային պարկի տնօրեն, ս. թ. հոկտեմբերի 31-ին, աշխատանքային պայմանագրի ավարտից դեռ 2,5 տարի առաջ առողջական խնդիրների պատճառաբանությամբ աշխատանքից ազատման դիմում ներկայացրած Հովսեփ Սիմոնյանը:
Փաստորեն վերոնշյալ ջրբացթողումը` տվյալ պարագայում ՀՀ քրական օրենսգրքի 293-րդ հոդվածում («Ձկնային պաշարների պահպանության կանոնները խախտելը») նշված այլ աշխատանքների իրականացումը, լճից ձկնային պաշարների հեռացման առումով (հիմք ընդունելով «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրենի հայտնած տեղեկությունը) հանգեցրել է օրենսգրքի նույն հոդվածում նշված այլ ծանր հետևանքների, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ Արփի լիճը բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Արփի լիճ» ազգային պարկի օբյեկտ է, առավել ևս` կենտրոնական կամ հիմնական օբյեկտը: Բացի այդ, կատարվածը կարող է հանգեցնել կերից զրկված ջրլող որոշ թռչունների զանգվածային ոչնչացման:
Ջրային կոմիտեի համապատասխան պաշտոնյաների վերոնշյալ արարքը համապատասխանում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 298-րդ հոդվածում («Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը») նշվածին` «Արգելոցների, արգելավայրերի, ազգային պարկերի, բնության հուշարձանների և պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքների կամ օբյեկտների ռեժիմը խախտելը, որը դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել է էական վնաս...»:
Կատարվածը նաև «կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի կոպիտ խախտում է։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի տեղեկատվական կենտրոնը մոտ տասն օր առաջ հանդես եկավ պարզաբանմամբ` անդրադառնալով Շիրակի մարզում, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում գտնվող Արփի լճի վերաբերյալ «Հայկական բնապահպանական ճակատի» հրապարակած ահազանգին:
Հայկական բնապահպանական ճակատը տեղեկություն էր տարածել, որ «Արփի լիճը ցամաքել է» և այդ «փաստով» պայմանավորված մտահոգություն էր հայտնել։ Այս մասին հայտնելով, ջրային կոմիտեն տեղեկացրել է.
«Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ մտահոգության առիթ չկա, քանի որ լճի մակարդակն իջեցվել է մեռյալ ծավալի՝ ոչ թե այն ցամաքեցնելու, այլ տեխնիկական հանգույցների ուսումնասիրության համար։ Մանրամասնենք.
«Արփի լիճ» ջրամբարը կառուցվել է Շիրակի, Արմավիրի, Թալինի տարածաշրջանների ոռոգելի տարածքների ջրապահանջարկն ապահովելու նպատակով, գտնվում է Շիրակի մարզում, շահագործվում է 1950 թվականից։ Ջրամբարի ընդհանուր ծավալը 105 մլն խմ է, մեռյալ ծավալը՝ 5 մլն խմ։ Այն իր աշխատանքային ռեժիմով բազմատարյա կարգավորման ջրամբար է։
Ջրամբարի շուրջ 70 տարվա շահագործման ընթացքում առաջ են եկել մի շարք տեխնիկական հարցեր, որոնք պայմանավորված են պատվարի առանձին տարրերի մաշվածության, կայունության, աշխատանքային բնութագրերի փոփոխման խնդիրներով։ Մասնավորապես, պատվարի վերին շեպի երկաթբետոնե էկրանը հողմահարված, ջրատարված վիճակում է, շինարարական կարերը, մակերեսի առանձին խոռոչները, ամրանները բացված վիճակում են։ Էկրանի միջով, պատվարի հիմնատակով, ինչպես նաև պատվարի աջ և ձախ ափային լծորդումներից տեղի են ունենում ֆիլտրացիոն հոսքեր, որոնք բեռնաթափվում են ներքին բիեֆում։
Իռիգացիոն ջրթող կառույցը կահավորված է 4 հարթ փականներով, որոնց ծառայության նորմատիվ ժամկետը վաղուց լրացել է, դրանք ենթակա են փոխարինման՝ նորերով։
Հարթ փականների վերամբարձ սարքավորումները 1946 թ. արտադրության են, բարոյապես, ֆիզիկապես մաշված վիճակում են։ Մասնակի կատարված ուսումնասիրության հիման վրա պատվարների անվտանգության Համաշխարհային բանկի փորձագիտական խումբը, ինչպես նաև Գերմանական զարգացման բանկի (KfW) մասնագետները եզրակացության են հանգել, որ պատվարի հանգույցը պետք է ենթարկվի վերականգնման և վերազինման՝ դրանք նորմատիվային պահանջներին համապատասխանեցնելու համար։
Ջրային կոմիտեի կողմից այդ աշխատանքների նախագծումը կազմակերպելու համար մրցույթ էր հայտարարվել, որոշվել է կապալառու նախագծող կազմակերպությունը։
Նախագծային աշխատանքների համար պայմաններ ստեղծելու նպատակով «Արփի լիճ» ջրամբարում ջուրն իջեցվել է մինչև մեռյալ ծավալի «5 մլն խմ» հորիզոնի։ Դա թույլ կտա նախագծողներին՝ պատվարի վերին շեպի երկաթբետոնե էկրանի խուլ պատի ջրընդունիչի բազալտե հենապատերի ստորջրյա հատվածն ուսումնասիրել, դրանց տեխնիկական վիճակը վերհանել և ըստ այդմ, նախագծային լուծումներ մշակել՝ պատվարի ամրացման, պատվարի հիմնատակով և ափերը շրջանցող ֆիլտրացիոն հոսքերի, ինչպես նաև էկրանի ջրամեկուսացման աշխատանքները նախագծելու նպատակով: Ավելացնենք, որ նշված հանգույցներում երբևէ հիմնանորոգում չի կատարվել, կատարվել են միայն ընթացիկ նորոգումներ։
Ջրամբարի ջուրն իջեցվել է մինչև մեռյալ ծավալ, այդ հորիզոնը կպահպանվի մինչև նոյեմբերի 20-ը, որից հետո կվերսկսվի ջրի կուտակումը»։
Նախ, նկատի ունենանք, որ ըստ «Հայկական բնապահպանական ճակատի» հրապարակած տեղեկատվության, «Արփի լիճը ցամաքել է», ինչը թեև նման դեպքերում միանգամայն թույլատրելի կերպով փոքր-ինչ չափազանցված է, սակայն հիմնականում համապատասխանում է իրականությանը, քանի որ հենց ջրային կոմիտեի խոստովանության համաձայն, 105 մլն խմ ընդհանուր ծավալ ունեցող ջրամբարի ջուրն իջեցվել է մինչև մեռյալ ծավալ` 5 մլն խմ: ՀԲՃ-ի տեղեկատվության մեջ չի նշված, թե լճի մակարդակն իջեցվել է այն ցամաքեցնելու նպատակով, հետևաբար անհասկանալի է, թե ջրային կոմիտեն ինչն է հերքում կամ պարզաբանում:
Երկրորդ. «Արփի լիճ» ջրամբարը նախ և առաջ բնական լիճ է, իր մեծությամբ` թե մակերեսով, թե ծավալով, Սևանա լճից հետո Հայաստանի երկրորդ բնական լիճը, որը ջրային պաշարների կուտակման նպատակով 1946-1951 թթ. արհեստականորեն մեծացվել է, որպես ջրամբար շահագործման հանձնվել 1951 թվականից: Բացի այդ, թե՛ ջրային տարածքում, թե՛ ափամերձ գոտում այնպիսի հարուստ, գեղեցիկ ու բացառիկ էկոաշխարհ ունի, որ Ջավախք-Շիրակ բարձրավանդակի ուրույն կենսաբազմազանության պահպանման նպատակով և «Կովկասի էկոտարածաշրջանի բնապահպանական ծրագրի» (ECP) շրջանակում 2009 թ. Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ այստեղ հիմնվեց «Արփի լիճ» ազգային պարկը: Ազգային պարկի տարածքում կան մոտ 670 տեսակի ծաղիկներ և այլ բույսեր՝ խոլորձ, թրաշուշան, հիրիկ, կակաչ, շուշան և այլն, որոնցից 25-ը ներառված են ՀՀ Կարմիր գրքում, դրանցից 22-ն էնդեմիկ տեսակներ են։ Պարկում կա կաթնասունների 38 տեսակ, որոնցից 3-ը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում, 2-ը՝ Բնության պահպանության միջազգային միության (IUCN) կարմիր ցուցակում:
Ազգային պարկի տարածքում գրանցված են 225 տեսակի ողնաշարավոր կենդանի, այդ թվում Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում գրանցված 14 տեսակ՝ ջրասամույր, խայտաքիս, տափաստանային հողմավար բազե և այլն: Տարածքում գրանցված են 11 տեսակի ձուկ, 3 տեսակի երկկենցաղ, 6 տեսակի մողես և 4 տեսակի օձ, որոնցից մեկը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում:
«Արփի լիճ» ազգային պարկի էկոհամակարգը ճանաչված է որպես չվող և բնիկ թռչունների բազմացման համար նպաստավոր գոտի, ինչպես նաև համաշխարհային կարևորություն ներկայացնող օբյեկտ: Պարկի տարածքում արձանագրվել է թռչունների 193 տեսակ, որոնցից 32-ը գրանցված է ՀՀ Կարմիր գրքում, իսկ 11 տեսակը՝ Բնության պահպանության միջազգային միության կարմիր ցուցակում: 193 թռչնատեսակներից 80-85-ը բնադրում են ազգային պարկի տարածքում, նշված 80-85-ից յոթը համաշխարհային պահպանման մտահոգության առարկա են, ներառյալ` գանգրափետուր հավալուսնը և մարգահավը: Ազգային պարկի տարածքում են գտնվում Հայաստանում գանգրափետուր հավալուսնի միակ բնակավայրը և էնդեմիկ հայկական որորի ամենամեծ գաղութն աշխարհում (էնդեմիկ հայկական որորը ձվադրում է Արփի լճի շրջակայքում):
Երրորդ. Արփի լճին էկոլոգիական լուրջ հարված հասցնելու պարագայում, ինչի ռիսկն այժմ, կարծում ենք, կա, ազգային պարկի գոյությունը և կատարված ծախսերը կարող են դառնալ այս կամ այն չափով անիմաստ:
Չորրորդ. նախագծային վերոնշյալ աշխատանքների մի մասի կատարման համար պայմաններ ստեղծելու նպատակով լճում ջրի ծավալը նվազեցնելու (այն էլ` մինչև մեռյալ ծավալ) անհրաժեշտություն չկար, իսկ նախագծային աշխատանքների մյուս մասի իրականացման համար անհրաժեշտ ուսումնասիրման, չափագրման աշխատանքները, կարծում ենք, կարելի էր կատարել նաև ջրասուզակների միջոցով, ախր հիմա ո՞ր դարն է։
Հինգերորդ. եթե հիմա միայն նախագծային աշխատանքների կատարման համար պայմաններ ստեղծելու պատճառաբանությամբ ջրամբարում ջրի ծավալն իջեցվել է մինչև մեռյալ ծավալ, ապա բնական է, որ նախագծային աշխատանքների ավարտից հետո, երբ գա բուն շինարարական ու տեխնիկական աշխատանքների կատարման ժամանակը, ջրամբարի ջրի ծավալը դարձյալ նվազեցվելու է մինչև մեռյալ ծավալ, մինչդեռ մեծ հարց է, թե այդպիսի ահռելի տատանումներից, փոփոխություններից հետո լճի առանց այն էլ տուժած ձկնաշխարհից ու նվազած ձկնապաշարներից, ընդհանրապես, էկոաշխարհից ինչ կմնա:
Վեցերորդ. թեև ջրային կոմիտեի տեղեկատվության մեջ նշված է, որ ջրամբարի ջրի մեռյալ ծավալը, լճի ներկայիս հորիզոնը կպահպանվի մինչև նոյեմբերի 20-ը, որից հետո կվերսկսվի ջրի կուտակումը, սակայն չի նշված, թե լճի ծավալը երբ կհասնի մինչև իջեցումը եղած ծավալին: Մինչդեռ նոյեմբերի 20-ից մինչև ձմեռ ընդամենը 10 օր է մնում, մինչև ձմռան ավարտ` մոտ 100 օր, հետևաբար մինչև լճի սառցակալումը և նույնիսկ ձմռան ավարտին լճի ծավալը տարվա տվյալ ժամանակահատվածում սակավաջուր գետերի շնորհիվ էապես չի կարող ավելանալ ու չի ավելանալու:
Յոթերորդ. եթե նույնիսկ ընդունենք, թե վերոնշյալ նախագծային աշխատանքների կատարման համար պայմաններ ստեղծելու նպատակով անհրաժեշտ էր ջրամբարում ջրի ծավալն իջեցնել մեռյալ ծավալ, և այդ գործողությունը չուներ այլընտրանք, ապա դա պետք է արվեր ժամանակին:
Պետք էր նկատի ունենալ, որ առջևում ձմեռն է, Արփի լիճն ամեն ձմռան խոր սառցակալում է (ընդհանրապես տվյալ վայրը Հայաստանի ամենացուրտ տարածաշրջանն է, Արփի լճի ամբարտակի մոտ, ջրամբարի արևելյան ափին գտնվող Պաղակն գյուղը ոչ միայն Հայաստանի, այլև ողջ Կովկասի ամենացուրտ վայրն է, նվազագույն ջերմաստիճանն այստեղ հասել է Ցելսիուսի սանդղակով -46-ի), իսկ լճում ջրի մեռյալ ծավալի կամ, թեկուզ, դրանից քիչ ավելիի պարագայում շատ մեծ է ռիսկը, որ լիճն ավելի հաստ շերտով կսառցակալի, բացի այդ, սառցե շերտով ծածկված, մթնոլորտից էկրանավորված լճում եղած թթվածինը չի բավարարի այնտեղ մնացած ձկներին, ինչի պատճառով այդ ձկները կարող են շնչահեղձ լինել` անկախ նրանից, որ առանց այն էլ փոքրիկ, իսկ այժմ և առաջիկա ամիսներին սակավաջուր գետերն այդ ընթացքում թթվածնի ոչ մեծ պաշար գուցե կբերեն լիճ: Այսպիսով լիճն իր արժեքավոր ձկնային պաշարներից կարող է գրեթե կատարելապես կամ կատարելապես զրկվել:
Եվ վերջում` մեղավորների նկատմամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելը գնահատվելու է առնվազն հովանավորչության, քաղաքական կոռուպցիայի դրսևորում:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ