Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Գնիշիկ գյուղում ոռոգման ջրի ներքին ցանց կկառուցվի

Գնիշիկ գյուղում ոռոգման ջրի  ներքին ցանց կկառուցվի
24.07.2018 | 12:20

Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրը գյուղատնտեսության ոլորտում զարգացման պոտենցիալ ունի: Կան չմշակված շուրջ 15-20 հեկտար տնամերձ վարելահողեր, արդեն ստեղծված, բայց խնամք պահանջող պտղատու այգիներ, որոնցից ստացվող արդյունքը հեռու է գոհացուցիչ լինելուց: Գյուղացու ջանասիրությունն ու համառությունը բավարար չեն, երբ հողի բերքատվությունն ակնկալվող քանակից քիչ է շուրջ չորս անգամ: Գյուղացու ծախսը գերազանցում է ստացվող եկամուտը: Տեղում կա ոռոգման ջրի խնդիր, որն անհնար է լուծել բացառապես համայնքային բյուջեով: Աշխատանքներ իրականացվել են, սակայն դա բավարար չէ. ջուրը գյուղ է հասնում հոսակորուստներով: Անհրաժեշտ է կառուցել նաև ոռոգման ներքին ցանց:


«Գնիշիկում հողերի բերքատվության մասին խոսելն անօգուտ է: Մշակաբույսերը թոշնում են, ծառերն էլ ջրվում են դույլերով, ինչը ոչ միայն ծանր, այլև անօգուտ աշխատանք է՝ հատկապես ամռան տապին: Ներքին ցանցի կառուցումը կլուծի 2 բնակավայրեր՝ Գնիշիկի և Մոզրովի ոռոգման ջրի խնդիրը: Հարևան գյուղում հնարավոր կլինի նվազագույն ջանքերով առավելագույն օգուտ քաղել: Մոզրովում կա շուրջ 40 հա վարելահող: Կաթիլային ոռոգման եղանակով հնարավոր կլինի պտղատու ծառեր մշակել կամ խաղողի այգի ստեղծել»,- ասել է Գնիշիկ և Մոզրով բնակավայրերի վարչական տարածքի ղեկավար Արա Լևոնյանը:
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «Համայնքների զարգացման» ծրագրով, կաջակցեն խնդրով մտահոգ գյուղացիներին: Հնարավորինս արագ կկառուցվի ոռոգման ներքին ցանց, որի արդյունավետությունը կզգան ոչ միայն Գնիշիկի, այլև Մոզրովի բնակիչները: Ներկայում, իրենց այգիները պահպանելու համար, գնիշիկցիները ստիպված են լինում օգտվել Մոզրովի խմելու ջրից, ինչն իր հերթին խնդիր է ստեղծում հարևան բնակավայրի բնակիչների համար:


ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Գնիշիկում համատեղ ծրագրեր են իրականացնում 2015 թվականից: Չորս տարվա ընթացքում գործակցող կողմերին հաջողվել է կարգավորել բնակավայրի խմելու ջրի խնդիրը. ամբողջությամբ կառուցվել է ներքին ցանց: Լուծվել է նաև լուսադիոդային (LED) համակարգով գործող՝ արտաքին լուսավորության և գյուղտեխնիկայի հարցը:

Դիտվել է՝ 4613

Մեկնաբանություններ