Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Պարոն վարչապետ, մեր գյուղատնտեսության նախարարությունում ինչ-որ բան այն չէ

Պարոն վարչապետ, մեր գյուղատնտեսության նախարարությունում ինչ-որ բան այն չէ
30.05.2017 | 10:38


Բոլորս էլ հասկանում ենք, որ շահութաբեր նոր «բան» ստեղծելը, այն ներդնելը ցեմենտում են տնտեսության ողնաշարը. մի փոքր դանդաղեցիր, շատ քնեցիր, առավոտյան կհամոզվես, որ հարևանդ նոր «բան» է ներդնում, ապրանքի ինքնարժեքի և որակի առումով քեզնից առաջ է անցել, շուկայում գրավել է քո տեղը, քեզ զրկելով շահույթից, հետևաբար՝ բարեկեցիկ ապրելու հեռանկարից:
Այս համատեքստում թվում է, թե գյուղնախարարության առաջնահերթությունները պետք է լինեն այդ նոր «բաները» փնտրելն ու գտնելը, դրանք վերլուծելը և ներդրման գործընթացներին հետամուտ լինելը:


Իմ և իմ գործընկերների անցած տարիների փորձի հիման վրա կարող եմ հաստատապես ասել, որ գյուղնախարարությունում այդպիսի մթնոլորտ չի եղել, ցավոք, այն չկա նաև հիմա:
Պատճառը, երևի, ոչ այնքան ոլորտում վառ անհատականությունների պակասն է (թեպետ դա էլ կա. փոփոխվող նախարարների կողքին միշտ էլ կտեսնեք տարիներով նույն աթոռներն զբաղեցնող, բնագավառում ոչ մի նոր բան չբերող պաշտոնյաների), որքան կառավարման համակարգում ձևավորված ավանդույթները. համակ ուշադրությամբ նայիր ղեկավարիդ դեմքին, միշտ պատրաստ ասելու` իհարկե, ճիշտ եք, շեֆ, երբեք առաջ մի ընկիր, ինքնուրույն մտքեր մի արտահայտիր, կարող ես սխալ հասկացվել, արա միայն այն, ինչ կասի շեֆը, իսկ շեֆը սովորական մահկանացու է, ամենագետ չէ, նա նույնպես կարող է սխալվել:
Ստացվում է, որ կառավարման համակարգում պակասում է ամենահիմնականը` հանձնարարված գործի նկատմամբ անձնական շահագրգռվածությունը, որը նորն ու շահավետը փնտրելու և այն ներդնելու շարժիչ ուժն է:


Պարոն վարչապետ, Դուք ճիշտ մտքեր եք արտահայտում, վերջերս՝ նաև զայրացած, մարդիկ արդյունքներ են ակնկալում, իսկ դրանք առայժմ չկան, ստորադասները լսում են ու... վարվում այնպես, ինչպես ավանդույթն է թելադրում: Արդյո՞ւնքը:
Նախարարները զեկուցեցին 1000-ի հասնող համայնքային զարգացման ծրագրերի մասին. շուտով պարզվեց, որ դրանց գերակշիռ մասը, նորարարության ու շահութաբերության տեսանկյունից, գրեթե զրոյական է:
Տավարաբուծությամբ զբաղվող 160000 տնտեսություն աղքատության շեմին է: Մինչդեռ կամավորության սկզբունքով դրանց ռեսուրսները (3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 1,4 հա հողակտոր, 0,1 հատ գյուղտեխնիկա) միավորելով, կարելի է իրացնել կենդանիների մթերատվության գենետիկ պոտենցիալը, ստանալով 2-3 անգամ շատ կաթ և միս, դուրս գալ աղքատության շեմից:


Ինչո՞ւ են գյուղնախարարությունում դեմ այս ծրագրին:
Այլ կերպ չէր էլ կարող լինել, որովհետև անհասկանալի պատճառներով զարգացման ծրագրերից օտարվեց գիտատեխնիկական ներուժը, ինչով մենք միշտ հպարտացել ենք:
Ձեր հորդորը` ներկայացրեք նորարարական այնպիսի ծրագրեր, որոնց ներդրումից սպասվող շահույթով կլուծեք համայնքի առօրեական` տանիքների, ճանապարհների, մանկապարտեզների նորոգման, կառուցապատման և այլ խնդիրներ, պրակտիկորեն մնաց անպատասխան:
Փոխարենն առաջարկվում են բավարար չափով չհիմնավորված, անցյալի սխալները հաշվի չառած, հեռանկարի առումով ձախողման ենթակա լուծումներ, որոնք, ցավոք, հավանության են արժանանում գյուղնախարարության կողմից և ֆինանսական աջակցություն ստանում բյուջեից:
Եվրոպայից ներկրված երինջները սատկեցին, որովհետև չկան պայմաններ: Հիմա, առանց այդ պայմաններն ստեղծելու, բյուջեից փող են տալիս՝ տեղում երինջներ բուծելու համար: Ո՞րն է տրամաբանությունը:


Բերեմ մի քանի օրինակ: Այս տարվանից բյուջեից ֆինանսավորվում է տոհմային տնտեսությունների ձևավորման և խոշորացման ծրագիրը: «Իրատեսում» (թիվ 30, 25.04..2017 թ.) հրապարակված իմ «…4-5 կով պահելով մենք առաջ չենք գնա» հոդվածում, հենվելով առկա իրողությունների վրա, նշել էի, որ Եվրոպայից ներկրված բարձր մթերատու երինջների ճակատագիրը (2000 երինջից 800-ը սատկել են, մնացածները չեն ապահովում սպասված մթերատվությունը) մեզ համար պետք է դաս լինի, նախ՝ ստեղծենք պայմաններ, հետո միայն մտածենք երինջներ ներկրելու կամ տեղում աճեցնելու մասին: Եվ եթե ճիշտ էին հոդվածում բերված իմ հիմնավորումները (սխալը պետք է նշեր գյուղնախարարությունը), ապա անհասկանալի է կառույցի լուռ անտարբերությունը: ՈՒ բնական է հարցադրումը. սխալ, երկրին վնաս բերող այդ ծրագիրը գյուղնախարարությունը շարունակո՞ւմ է ֆինանսավորել: Նույնքան բնական կլինի նաև գյուղնախարարությունից խմբագրությունում սպասված պատասխանը՝ հասարակությանը ճշմարիտ տեղեկատվությամբ իրազեկելու ակնկալիքով:
Մինչև վերջ լավ չհաշվարկված ծրագրի օրինակ է նաև մեքենատրակտորային կայաններ (ՄՏԿ) հիմնելը, գյուղտեխնիկան թարմացնելը հիմա մոդա է:


Այդպիսի ծրագրեր ներկայացնողների փաստարկն այն է, որ առկա գյուղտեխնիկայի մաշվածությունը 90 % է, այսինքն, փաստորեն տեխնիկա չկա: Բայց սա ավելի շատ վատ, չհաշվարկված աշխատանքի հետևանք է, քան փաստարկ: ՈՒ ոչ ոք չի ուզում բացատրել, թե ինչպես հասանք այդ օրվան, և ի՞նչ անել, որ այն չկրկնվի:
Մասնավորի գյուղտեխնիկայի 90 % մաշվածությունը ֆինանսական աջակցության փաստարկ չէ, այլ վատ, չհաշվարկված աշխատանքի արդյունք, որը կրկնվելու է:
Մինչդեռ, տնտեսության գրագետ վարման օրենքի համաձայն, ցանկացած տեխնիկա պետք է շահույթ բերի (այլապես ինքնարժեքի բարձրացումը և վնասն անխուսափելի են), և այդ շահույթից տեխնիկայի սեփականատերը ամեն տարի պետք է առանձնացնի որոշակի գումար՝ ժամկետանց տեխնիկայի փոխարեն նորը գնելու համար:


Հիմա, երբ տեխնիկա գնելու համար դիմում են կառավարության աջակցությանը, ստացվում է, որ իրենց տեխնիկան կամ շահույթ չի բերել, կամ այն աննշան է եղել, կամ ամբողջ շահույթը «կերել» են: Ո՞րն է երաշխիքը, որ մեքենատրակտորային կայանում հավաքագրված տեխնիկան շահութաբեր կլինի. այդպիսի երաշխիք չկա, դու կունենաս լավ շահույթ, եթե մեքենադ կարողանաս լրիվ ծանրաբեռնվածությամբ աշխատեցնել, բայց հողն ու տավարը քոնը չեն, ու դու չգիտես, թե աշխատանքի ինչպիսի ծավալի և սակագնի պատվեր կունենաս:
Ցավոք, այսօրվա իրողությունների պայմաններում, երբ հնարավորինս մանրացվել, փոշիացվել են կաթ ու միս արտադրող ֆերմաները, ավելի վատթար վիճակում է հայտնվել կերարտադրությունը` կիլոմետրերով իրարից հեռու, միլիոնների հասնող սեփականաշնորհված հողակտորների պատճառով` կաթ ու միս արտադրողի շահույթի հաշվին մեքենայական աշխատանքներ պատվիրելը երաշխավորված գործառույթ չէ:


Գրեթե համոզված եմ, որ գյուղնախարարության հավանությանը արժանացած ՄՏԿ-ներ ստեղծելու ֆինանսական աջակցության խնդրանքի հիմքում ոչ այնքան կոնկրետ հաշվարկներն են, որքան կարոտախտը (համայնավարական տարիներին մեքենատրակտորային կայանները իրենց լավ դրսևորեցին): Բայց այդ տարիներին ՄՏԿ-ները ձևավորվում էին կայացած, խոշոր տնտեսությունների արտադրական չափորոշիչների հիման վրա:
Մեքենատրակտորային կայանների (ՄՏԿ) ստեղծումը անցյալի կարոտախտի, ոչ թե տնտեսագիտական լուրջ հաշվարկների արդյունք է:
Հիմա, երբ դրանք դեռևս անորոշ են, չհստակեցված, ավելին` հարափոփոխ, մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքի պատճառով արտաքին շուկա դուրս գալու հայտնի դժվարություններով, մասնավորի գյուղատնտեսական տեխնիկան թարմացնելուն, ՄՏԿ-ներ կազմելուն գյուղատնտեսության նախարարության ֆինանսական աջակցությունը չի կարող դիտարկվել երկրի զարգացման առաջնահերթություններում:


Առաջնահերթը` շահույթ ստանալու խնդրի լուծումը, տնտեսություն-գյուղտեխնիկա համատեքստում է` տեղանքի բնակլիմայական, շուկայական, արտադրական առանձնահատկությունների հիման վրա դրանց օպտիմալ չափը հստակեցնելով:
Դա չենք արել արդեն քառորդ դար ու շարունակում ենք նաև հիմա, կենդանի օրգանիզմը` տնտեսությունը բաժանելով (սա հողն է, սա՝ տավարը, սա էլ՝ գյուղմեքենան), առանձնացնելով, նրանց շահութաբերության խնդիրները փորձելով լուծել հատվածաբար:
Այսպիսի մոտեցումներով մենք խնդիրը չենք լուծի: Մի քանի տարի հետո, ծախսելով ֆինանսական նշանակալի միջոցներ, կհամոզվենք, որ սխալվել ենք:
Մինչդեռ լուծումներ կան. փորձեմ ներկայացնել խնդրի լուծման մեր տեսլականը գյուղատնտեսության առաջատար ճյուղերից մեկի` տավարաբուծության օրինակով: Վիճակագրության համաձայն՝ այսօր այդ բնագավառում զբաղվածների 80 %-ը` մոտավորապես 160000 տնտեսություն, ունի 3 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, որից՝ 1-2 կով: ՈՒսումնասիրությունների համաձայն՝ այդ տնտեսությունները որևէ էական շահույթ չեն ստանում, և զբաղմունքը պատճառաբանվում է ներտնտեսական խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ:


Եթե ընդունենք, որ գյուղացիական ամեն մի տնտեսություն բաղկացած է նվազագույնը 4 անձից, ապա աղքատության շեմին ապրող գյուղաբնակների այս խավը կկազմի նվազագույնը 640000 մարդ: Սա, թերևս, պոտենցիալ արտագաղթողների ամենամեծ խումբն է:
Մենք` տողերիս հեղինակը և Գավառի «Բարեկամություն» ԲԲԸ-ի սեփականատեր Վասիլ Հակոբյանը, մշակել ենք մի նախագիծ, որի իրագործումը, մեր կարծիքով, թույլ կտա եղած ռեսուրսներով, չիրացված հնարավորությունների իրացումով նշանակալիորեն ավելացնել գյուղացու եկամուտը, ինչը, երևի, կկանխի նաև արտագաղթը:


ՈՒսումնասիրությունները ցույց են տալիս, որ մասնավորը իր 3 գլուխ միջին վիճակագրական տավարը կբերի կոոպերատիվ հիմունքներով գործող խոշորացվող (մեր հաշվարկներով՝ 40-50 գլուխ տավարից սկսած) ֆերմա, ակնկալելով՝
ա) որ իր տավարի գենետիկ պոտենցիալը կիրացվի 100 %-ով, կաթնատվությունը կլինի 3500-5000 լիտր, տավարի մսի քաշաճը` օրը 1 կգ-ի սահմաններում, ներկայիս 2000 լիտր կաթի և օրը 300 գ քաշաճի փոխարեն, հետևաբար կունենա նկատելի շահույթ,
բ) ֆիզիկական աշխատանքի և աշխատուժի անհամեմատ նվազեցում` աշխատանքների մեքենայացման շնորհիվ,
գ) իր տանը զբոսաշրջիկներին ընդունելու պայմանների բարելավում, որովհետև վերանում են հարակից շինություններում պահվող տավարի արտաթորանքի տհաճ հոտը, ճանճերը,
դ) տնային գործերով զբաղվելու մեծ հնարավորություն, որովհետև նա իր կովերին կարող է հետևել տեսախցիկով` տանը նստած,
ե) կաթնամսամթերքի վերամշակման, նոր սննդատեսակներ ստեղծելու իր հմտությունները զարգացնելով, որովհետև կաթն ու միսը իրենն են, և նա դա կմշակի, ինչպես ինքն է ցանկանում, շուկայի պահանջարկը հաշվի առնելով, ընտանեկան բրենդ ստեղծելով:
Այդ բրենդը, այսինքն՝ շահութաբեր նոր «բանը», արդեն առօրյա է. մեզնից շատերը գնում են տիկին Շուշանիկի, վարպետ Հակոբի պատրաստած մածունը, կաթնաշոռը, կարագը, բաստուրման հենց նրա համար, որ դրանք նոր համ ու հոտ ունեն, սա շուկայի առավելությունն է, որը միշտ ստիպում է գյուղացուն մտածել որակի մասին, ինչը հարստացնում է երկիրը, բարձրացնում նրա հեղինակությունը:


Մեր այս նախագծով փորձում ենք նաև օգնել գյուղացուն, թեթևացնել նրա աշխատանքը, որ նա առավելագույնս նվիրվի իր գործին՝ որակական նոր հատկանիշներ ունեցող, երկիրը ճանաչելի դարձնող սննդամթերք ստեղծելով (ինչպես իտալական մոցարելան, պարմեզանը, ֆրանսիական կամամբերը և այլն):
«Իրատեսում» (թիվ 19, 14.03.2017 թ.) ես մանրամասն բացահայտել էի, թե ինչպես այս նախագծի իրացումով, կամավորության սկզբունքով լուծվում են ոչ միայն տավարի կենտրոնացման, կաթի ու մսի արտադրության խոշորացման, այլև հիմնավոր կերարտադրություն ստեղծելու նպատակով գյուղացիների մասնավոր հողակտորները միավորելու, գյուղտեխնիկան համատեղ օգտագործելու խնդիրները:
Մեր խորին համոզմամբ՝ սա հենց այն է, ինչն այսօր անհրաժեշտ է հանրապետությանը, ինչի մասին գրեթե ամեն օր շեշտադրում եք Դուք, հարգարժան վարչապետ:
Թվում էր, թե տավարաբուծության առաջնահերթ խնդիրների լուծմանը միտված մեր այս նախագիծը, որի իրացումը նախատեսվում է «Բարեկամություն» ԲԲԸ-ի գործող անասնաշենքերի, արտադրական լուրջ բազայի օգտագործմամբ, կարժանանա գյուղանտեսության նախարարության ուշադրությանը:
Սակայն նախարարին ուղարկած մեր 2 դիմումներն էլ (09.02.2017 թ., 16.03.2017 թ.) մնացին անպատասխան: Նախարարությունում հրաժարվեցին նախագիծը ոչ միայն իրենց մասնագետների հետ համատեղ քննարկելուց, այլև Գավառում նախագծի իրացման առկա հնարավորություններին ծանոթանալուց:


Հետաքրքիրն այն է, որ պատասխան նամակներում պատճառները նշված չեն:
Երկարաշունչ մի նամակում ամեն ինչ արվում է հարցը «սար ու ձոր» գցելով, պատասխանելով՝ չպատասխանելու համար: Մյուս նամակում գյուղնախարարությունը տեսնում է միայն մեքենատրակտորային կայանը վերականգնելու խնդիրը (այսինքն՝ այն, ինչը, մեր հիմնավորմամբ, չի կարելի անել առանց տնտեսության չափորոշիչների), այն էլ նրա համար, որ դա, երևի, մոդայիկ է:
Պարոն վարչապետ, ես հոդվածս սկսեցի Ձեր շեշտադրումով. «…ստեղծենք մի բան, որը նորություն է, կարող է շահույթ բերել»: Ինչո՞վ այս ծրագիրը նորություն չէ, շահութաբեր չէ՞: Եթե մեզ ասում եք, ներկայացրեք ծրագիր, ապա պետք է ասեք, թե ինչո՞ւ դրանք պիտանի չեն: Հակառակ դեպքում, ինչո՞ւ եք պահում չինովնիկների այդ բանակը:
(շարունակելի)


Ստյոպա ԽՈՅԵՑՅԱՆ
Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի անդամ

Դիտվել է՝ 5069

Մեկնաբանություններ