Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Երևանի նոր գլխավոր հատակագիծը չի համապատասխանում 21-րդ դարի մտածողությանը

Երևանի նոր գլխավոր հատակագիծը  չի համապատասխանում   21-րդ դարի մտածողությանը
11.10.2013 | 11:52

Ճարտարապետական սխալները, ըստ էության, անշտկելի են, ուստի անհրաժեշտ է, որ ցանկացած քաղաքաշինական կամ ճարտարապետական նախագիծ կյանք ստանալուց առաջ մանրակրկիտ քննարկվի, ուսումնասիրվի։ «Փարիզ-Էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր ՄԱՐԻԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում նշեց, որ այդ քննարկումները պետք է կատարվեն ոչ թե նախագիծը պատրաստ լինելուց հետո, այլ մինչև նախագիծ անելը։ «Այն, ինչ Դուք ասում եք, իդեալական հասարակության համար է կամ էլ այն հասարակության, որտեղ կառուցապատումն արվում է բացառապես տիպային նորմերով, մոդելներով և տիպային շենքերով։ Բայց մեր հասարակությունն իդեալական լինելուց շատ հեռու է, մյուս կողմից խորհրդային կարգերն այլևս չկան, իսկ կապիտալիզմի և պոստմոդեռնիզմի ժամանակ ընդհանուր տիպային գաղափարներ պարտադրելն աբսուրդ է։ Այսպիսով՝ տարբեր տեսակի շահեր դնելով նախագծերի հիմքում՝ պաշտոնների չարաշահման և հանձնաժողովի անդամների վրա ճնշում գործադրելու պայմաններում նախագիծ մանրակրկիտ քննարկելը, ուսումնասիրելը դառնում են գլխացավանք բոլոր օղակների համար և ոչ աշխատող մեխանիզմ։ Այս պայմաններում քննարկումները դրական արդյունք չեն տա»,- ասում է մասնագետը։
Հաշվի առնելով Հայաստանի բարդ սոցիալ-տնտեսական պայմանները, քաղաքաշինական ոլորտում նորմերի գրեթե բացակայությունն ու ինքնակամ անհատական որոշումները, քաղաքների կամ բնակավայրերի քաղաքաշինական կանոնակարգերի բացակայությունը, գլխավոր հատակագծի ոչ կենսունակ լինելու փաստը, ինչպես նաև քաջատեղյակ լինելով միջազգային արդի միտումներին, Մարիամ Խաչատրյանը մատնանշում է բոլորովին այլ մոդել, որն ավելի չեզոք է և կնպաստի ճարտարապետության և քաղաքաշինության ոլորտում որակի բարձրացմանը։ «Մինչև նախագիծ անելը պետք է մանրամասն քննարկվի և ուսումնասիրվի բոլոր շահագրգիռ օղակների (պետական, մասնավոր) և մասնագիտական կողմերի հետ, թե ինչ է պետք անել, և ինչ են ուզում անել, այդ թվում՝ ֆունկցիոնալ, բեռնաթափման, քաղաքաշինական, ճարտարապետական, սոցիալ-տնտեսական և այլ տեսանկյուններից։ Կոմպրոմիսային վերջնական որոշումները, որոնք բխելու են օբյեկտիվ քննարկումներից, ամփոփվելու են մի փաթեթի մեջ, որը կոչվելու է ծրագիր՝ կառուցվելիք ճարտարապետական շինության կամ քաղաքաշինական գործողությունների համար։ Դա, ի տարբերություն ներկայում առկա ծրագրերի, ավելի լուրջ փաթեթ է, որն օբյեկտիվորեն կարող է կիրառվել՝ զերծ պահելով այժմյան կոպիտ սխալներով քաղաքաշինական և ճարտարապետական ծրագրերի իրականացումից։ Այդ մեխանիզմը կուժեղացնի նաև մարդկանց տարբեր խավերի, մասնագետների մասնակցությունը ծրագրին և կնպաստի, որ քաղաքաշինությունը դրվի ժողովրդավարական հիմքերի վրա։ Նաև կաջակցի ներդրումային արդյունավետության բարձրացմանը։ Դա կօգնի նաև փակելու այն բացերը, որոնք ունի Երևանի նոր գլխավոր հատակագիծը, որը չի համապատասխանում կապիտալիստական կարգերին և 21-րդ դարի մտածողությանը։ Իսկ այժմ, երբ քննարկումներն արվում են նախագծեր ունենալուց հետո, դա առաջացնում է գլխացավանք և թշնամություն։ Իհարկե, քննարկումները պետք է լինեն նաև վերջում, բայց դրանք արդեն կունենան ավելի թեթև բնույթ և ուղղված կլինեն նախագծի լուծումների համապատասխան լինելուն, ծրագրային փաթեթի կետերին ճիշտ լուծումներ տալուն, ինչն էլ կնպաստի ճարտարապետական և քաղաքաշինական ներդաշնակությանն ու գրագետ մոտեցումների կիրառմանը»,- նշեց Մարիամ Խաչատրյանը։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1978

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ