Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Նրանց կռիվը դեռ նոր է սկսվում

Նրանց կռիվը դեռ նոր է սկսվում
07.10.2013 | 13:50

Երբ խոսում եմ ազատամարտիկների հետ, հիշում եմ պատերազմի տարիները, երբ ամեն օր- ամեն ժամ-ամեն րոպե լավ լուրերի էինք սպասում Ղարաբաղից, երբ սրտներս մղկտում էին ամեն զինվորի զոհվելու հետ, երբ ամեն ժամ սպասում էինք, թե` էս է, հաղթելու ենք: Նրանք խոսում-պատմում-բացատրում են, ես ավելի եմ սիրում իրենց` իրենց անձնազոհությունը, պատվախնդրությունը, հայրենասիրությունը:

Նրանց մի մասը այսօր Ազատության հրապարակում նստացույց է անում: Աշխարհազորայիններ են հավաքագրում: Ասում են` իշխանությունը փոխելու են, և դա ինքնանպատակ չէ, քանի որ ողջ ժողովուրդն է վատ վիճակում: Ինչպե՞ս են փոխելու` հարցնում եմ: «Ոնց որ կռվում հաղթեցինք, այ էդպես»,- ասում են զարմացած, որ այդքան պարզ բանը չեմ հասկանում:
Արցախյան ազատամարտի վետերանները հերքում են, թե իրենք պառակտված են: Նրանք երկու խմբի են բաժանվել պարզապես: Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ խումբը պայքարում է սոցիալական խնդիրների համար, մյուս խումբը համարում է, որ պետք է քաղաքական պայքար տանել: Վոլոդյայի հետ կապը կտրված չէ. «Ինքն էլ մեր տղան է, մեզանից մեկն է, մենք նույնիսկ դեմ չենք, որ ինքը սոցիալական հարցերով զբաղվի, թող գնա զբաղվի, դա էլ կարևոր է, բայց ամենակարևորը չէ»: Նրանք հիշեցրին, որ հունիսի 12-ին ազատամարտիկ Շամիր Սահակյանը հացադուլի նստեց` «իբր դրանով ազդարարելով քաղաքական պայքարի սկիզբը»: Նույն օրն իսկ պարզվեց, որ Շամիրը «անձնական խնդիր էր լուծում» ` բնակարանի հարց։ «Պահանջ էր դրել, որ Սեյրան Օհանյանի հետ հանդիպի: Օսիպյանը եկավ, թե` եթե ես ձեր հանդիպումը կազմակերպեմ, դուրս կգա՞ս հացադուլից: Շամիրն ասաց` հա: Կես ժամ հետո Շամիրն ու նախարարը հանդիպեցին: Սեյրան Օհանյանն ասել էր` հացադուլից դուրս արի, մենք քո հարցը երկու շաբաթում կլուծենք: Էդպես էլ եղավ, Շամիրը հացադուլից դուրս եկավ, Օհանյանը նրան երկուսենյականոց բնակարան տվեց: Հիմա Շամիրը էստեղ չի գալիս: Մենք էդպես չենք ուզում, մենք հարցը գլոբալ ենք դնում, ոչ թե անհատական` թոշակ բարձրացնեն, կամ այլ բան անեն»:
Պատերազմի ժամանակ զինվորին չես կարող հարցնել` ինչքա՞ն ես կռվելու: Անհեթեթ կհնչի: Քաղաքական պայքարի հրապարակում հարցը տրամաբանորեն առաջանում է: «Մինչև հաղթանակ»` ասացին: Հաղթանակի մասին ազատամարտիկների պատկերացումները նույնացվում են երկրում իշխանափոխության հետ. «Ընտրված նոր նախագահ ենք ունենալու»:
Նրանք աշխարհի, իրենց երկրի նկատմամբ դառնացած չեն, թեև յուրաքանչյուրն առնվազն մեկ անգամ ռազմի դաշտում վիրավորվել է ու այսօր հին վերքերի հետևանքները բժշկելու համար դրամ չունի: Ժամանակակից երիտասարդության մասին էլ բարձր կարծիքի են, «էսօր շատերին թվում է, թե երիտասարդությունը անտարբեր է, բայց էդպես չէ: Իրենց արյան մեջ կա, ուղղակի էս պահին քնած է: Եթե Աստված չանի, պատերազմ լինի, մեզնից լավ են կռվելու: Մենք մեր պապերից լավ կռվեցինք, իրենք էլ մեզնից են լավ կռվելու: Դա լինելու է»: Նրանք ծանր ու դժվար օրեր շատ են ունեցել մարտի դաշտում, բայց ամենահուզիչը եղել է հայ փախստական տեսնելը. «Շահումյանից ու Մարտակերտից հետո Լաչինում փախստականների շարքերը` սոված-հոգնած, տնից-տեղից կտրված ոտքով գնում էին, իրենք էլ չգիտեին, թե ուր: Դա էր ամենասարսափելին»:
Հայաստանից այս օրերին շատերն են գնում, ու նրանց մեջ նաև ազատամարտիկներ կան: Ազատության հրապարակում գտնվող վետերանների համար սա ցավոտ հարց է: Իրենք չեն դատապարտում, բայց պայքարում են, որ արտագաղթը կանգնի. «Հայաստանը դատարկվում է: Սա մեր երկիրն է, ու էսօրվա վիճակը պատերազմականից ոչնչով չի տարբերվում: Մեր կռիվը դեռ նոր է սկսվում»:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 832

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ