Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

«Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև, հաղթական հայրենիք չի ունենա»

«Մի ժողովուրդ, որի որդիները հավասար  չեն օրենքի և մահվան առջև, հաղթական հայրենիք չի ունենա»
24.09.2013 | 11:16

Հայաստանի Հանրապետության օրենքով մինչև 2003 թ. գործում էր մահապատժի ինստիտուտը։ Սակայն, անկախությունից սկսած, հակառակ այն բանի, որ կայացվեց թվով 54 մահապատժի դատավճիռ, այնուամենայնիվ, այն չէր իրականացվում։
90-ականների սկզբին Հայաստանը, գտնվելով քաոսային վիճակում և հանցագործությունների կանխման համար չունենալով դատական կանխարգելիչ միջոցներ, որդեգրեց «տարհամոզման» մեթոդը որպես զսպման միջոց։ Ըստ այդ մեթոդի՝ չափազանցված-ծանր պատիժները պետք է տարհամոզեին հանցանք կատարելու միտում ունեցողներին, որի արդյունքում կնվազեր հանցագործությունների քանակը։ Սակայն այս մեթոդը ոչ միայն արդարացված չէր, այլև որպես պատիժ իր մեջ պարունակում էր օրենքի խախտում, քանի որ որևէ քաղաքացու իր հանցանքին չհամապատասխանող պատժի նշանակումն անիրավաչափ է և հակասահմանադրական։
Դատավորներից շատերը մահապատժի վճիռ չէին արձակի, եթե գիտակցեին, որ կառափնարան են ուղարկելու մեղադրյալին։ Նրանք հոգեբանական առումով հաճախ չէին կրում պատասխանատվության այն ամբողջական սպեկտրը, երբ, ինչպես օրենքն է պահանջում, «հիմնվելով իրենց խղճի վրա» 15 տարվա ազատազրկումը կատարված հանցանքի համար քիչ համարելով և գիտակցելով, որ մահապատիժը չափազանցված պատիժ է, հոգեբանորեն ունակ էին խղճի հանգստությամբ մահապատժի վճիռ արձակելու, վստահ լինելով, որ մահապատիժ չէր իրականացվում, այլ պարզապես հայտարարվում էր 15 տարվա ազատազրկումից ավելի խիստ պատժի որոշում։ Դատավորները գիտակցում էին, որ նույնիսկ իրավունք չունեին, մահապատժից բացի, այլ պատիժ նշանակելու, ամեն անգամ, երբ 15 տարվա ազատազրկումը քիչ էին համարելու։ Զավեշտն այն էր, որ օրենքը մահապատիժ էր նախատեսում, երբ այն չէր իրականացվում, իսկ եթե մահապատիժն իրականացվեր, ապա այն չէր նշանակվելու այդքան հաճախ։ Ըստ էության, չի գործել իրավաչափ-ադեկվատ պատժաչափ որոշելու մեխանիզմը, երբ այն զետեղելի է եղել 15 տարվա ազատազրկման ու մահապատժի միջև։
1991-ից սկսած, բոլոր նրանք, ովքեր մահապատժի էին դատապարտված, գրեթե համոզված էին, որ մահապատիժը, որպես պատժատեսակ, շուտով օրենքից հանվելու էր և, ըստ օրենքի, մինչև նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելը նշանակված բոլոր մահապատիժներն ինքնաբերաբար պետք է վերածվեին 15 տարվա ազատազրկման, քանի որ ցմահ ազատազրկումը նոր պատժատեսակ էր և չէր կարող կիրառվել հետին թվով։ Սակայն արցախյան ազատամարտի զինադադարից անմիջապես հետո՝ 1994-ից, սկիզբ առան քաղաքական դատավարությունները, որոնք ձգվեցին մինչև 1998 թ.։ 1999 թ., երբ մահապատժի պաշտոնական վերացման ու նախկին մահապարտների կարգավիճակի հստակեցման մասին սկսվեցին քննարկումները, ԱԺ դահլիճում տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ի ողբերգությունը։ Այնքան ժամանակ, քանի դեռ հոկտեմբերի 27-ի դատավարությունը շարունակվում էր, նախագահ Քոչարյանը չէր կարող վերացնել մահապատիժը, քանզի նրան ամբաստանում էին հոկտեմբերի 27-ը կազմակերպելու մեջ։
2003-ին, չնայած 27-ի գործի դատական շարունակությանը, Հայաստանը, ենթարկվելով եվրոպական ճնշումներին, ստիպված եղավ մահապատիժը վերացնել ու նոր քրեական օրենսգիրքն ընդունել։ Սակայն քանի դեռ նախագահ Քոչարյանին մեղադրում էին հոկտեմբերի 27-ի կազմակերպման գործում, այլևս որևէ գործ վերանայելու հույս անգամ չէր կարելի փափագել։
2003 թ. ապրիլի 18-ին նոր քրեական օրենսգրքի հետ ԱԺ-ն ընդունեց «Քրեական օրենսգիրքը կիրառության մեջ դնելու մասին» օրենքը, որում առկա երկու հոդվածներ, հակասելով իրար, թույլ չէին տալիս նախկին մահապարտների պատիժը փոխարինել որևէ այլ պատժով։ Սույն օրենքի նպատակն էր հոկտեմբերի 27-ի գործով մեղադրվողների դեռ չավարտված դատավարության ավարտին նրանց համար մահապատիժ նշանակելը։ Այն գաղափարը, ըստ որի օրենքը թույլ չի տալիս 27-ի գործով Նաիրի Հունանյանին 15 տարվա ազատազրկումից ավելի ծանր պատիժ նշանակել, այնքան էր անընդունելի քաղաքական այրերի մի զգալի մասի համար, որ օրենքի կոպիտ խախտման զոհ էին գնալու 54 մահապարտներից ողջ մնացած 42 նախկին մահապարտները։ Նրանք պատրաստ էին անգամ Նաիրի Հունանյանին գնդակահարելու համար 42 նախկին մահապարտներին ևս գնդակահարելու...
ԱԺ-ն աֆեկտիվ մոտեցումով մեծ «ռիսկի» էր գնում, քանի որ մինչև նոր օրենքի ընդունումը կատարված ծանր հանցագործությունների համար ցմահ ազատազրկման վճիռներ արձակելն անհնար էր դառնում։ Կամ պիտի մահապատիժները կիրառեին, կամ առավելագույնը 15 տարվա ազատազրկումով բավարարվեին։ Նախագահ Քոչարյանն ստիպված էր դիմելու հերթական անօրինականությանը, այս անգամ էլ փորձելով դուրս գալ ստեղծված քաղաքական ծանր իրավիճակից։ 2003 թ. օգոստոսի 1-ին նախագահը «ներում» է շնորհում 42 նախկին մահապարտների, ըստ էության, արդեն 15 տարվա ազատազրկվածներին, նրանց վճիռը փոխելով ցմահ ազատազրկման, հակառակ նրան, որ ոչ ԱԺ-ի «Քրեական օրենսգրքի կիրառության մեջ դնելու մասին» օրենքն էր թույլ տալիս նման որոշում կայացնել, ոչ էլ նախագահի գործունեությունը կարգավորող որևէ այլ օրենք։ Հիմնական փաստարկներից մեկը նաև այն է, որ, ըստ նախորդ օրենքների, նախագահը մահապատժի ներման դեպքում այն կարող էր փոխարինել 15 տարվա (կամ 20 տարվա, եթե որևէ մեկը ունի մեկից ավելի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ) ազատազրկում պատիժներով։ Իսկ նոր օրենքի համաձայն՝ նա առհասարակ կարող է ներում շնորհել ինչպես կամենա, սակայն մահապատժի նկատմամբ ներման կարգ գոյություն չունի, քանի որ մահապատիժ կոչվող պատիժ գոյություն չունի։
Այսօր արդեն, ամեն անգամ երբ ողջ մնացած արդեն 35 նախկին մահապարտները փորձում են օրենքի մարդկանց բացատրել, թե ինչու մահապատիժները պետք է 15 տարվա ազատազրկումով փոխարինվեին, վերջիններս, ի վերջո, ընդունում են, որ «այդ քայլն առիթ կհանդիսանա Նաիրի Հունանյանին նույնպես առավելագույնը 15 տարվա ազատազրկման պատիժ նշանակելու համար, ինչը քաղաքական առումով անիրագործելի է»։ 1991-2003 թթ. չափազանցված-ծանր դատավճիռներով մահապատժի բռնադատված 54 քաղաքացիները, որոնցից այսօր ողջ են միայն 35-ը, ոչ միայն ենթարկված են պետության կողմից անվերջանալի խոշտանգումների, մեր հասարակության ու Եվրոպայի լայն բացված աչքերի առաջ, այլև քաղաքական բանտարկյալներ են և քաղաքական վերնախավի ինտրիգների զոհ, քանի որ նրանց նկատմամբ ոչ թե սահմանադրական օրենքներն են գործել և գործում, այլ Սահմանադրության հոդվածները խախտող խեղկատակություններն ու իրենց քաղաքական որոշումները։


Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
«ՀՅԴ-Դրո» գործով մահվան դատապարտված

Դիտվել է՝ 1165

Մեկնաբանություններ