Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Ինչպես ոստիկանությունը գիշերը մեկն անց քառասունին թակեց իմ դուռը

Ինչպես ոստիկանությունը գիշերը մեկն անց քառասունին թակեց իմ դուռը
24.09.2013 | 11:06

Տասնհինգերորդ թաղամասի բնակիչներիս բախտը մի փոքր չի բերել. թաղամասը հիմնվելու օրից համարվել է «Ննջարանային», քանի որ մշակութային ոչ մի օջախ կամ ձեռնարկություն, բացի հացի ու գինու նախնական մշակման մի փոքրիկ գործարանից, ոչինչ չկար։ Ապրում էինք խաղաղ, հանգիստ, օդը՝ մաքուր, ջուրն էլ՝ Ապարանի սառնորակ ու համով ջուրը։ Ես կատակով ասում էի, որ ապրում ենք ոչ թե մայրաքաղաքում, այլ ծայրաքաղաքում։
Երբ այս թաղամասը 40 տարի առաջ հիմնվում էր, քանդվեց Անաստասավան գյուղի տների մի մասը՝ տնամերձ այգիներով հանդերձ, իսկ կոլտնտեսության մի քանի հեկտար խաղողի այգիները զոհաբերվեցին՝ որպես գորբաչովյան՝ հակաալկոհոլային հրամանի անհետաձգելի «ի կատար ածում»։ Մոտ 20 տարի քարքարոտ, խոպան ու փոշառատ այդ տարածքը խոցի նման ցավեցնում էր մարդկանց սիրտն ու աչքերը։
Անկախության 15 տարիներին այս ծայրաքաղաքի վրա շատ աչք ունեցողներ եղան. հայի շինարար ու անդուլ ձեռքերն այդ խոպանը վերածեցին նոր, շքեղ առանձնատներով կառուցապատված թաղամասի և խանութա-ռեստորանա-հանդիսասրահա-բենզա-գազալցակայանային մի համալիրի։ Սկզբում կառուցվեց «Շանթ» ռեստորանը՝ շքեղ, ճոխ ճարտարապետությամբ ու հունական արձաններով, բացօթյա ամֆիթատրոնով։ Ճոխությունը գլուխը քարը, մենք հո չէինք վայելում։ Մեզ բաժին էին ընկնում գիշերային երաժշտության աղմուկը և հրավառությունների տրաքտրաքոցները, որ տևում էին մինչև գիշերվա մեկը, երկուսը և ավելի։ Որոշ ժամանակ հետո երաժշտությունը կտրվեց, բայց հրավառությունը մնաց։ Անմիջապես «Շանթի» դիմաց կան մասնավոր տներ, մի 50-100 մետր հեռու հինգհարկանի շենքերի շղթա է, որոնց բնակիչների հանգիստն ամեն օր՝ երեկոյան ժամը 22-ից մինչև քեֆչիների թեժ տրամադրության թուլացումը, շարունակում է խանգարել ամենաճոխ ու շքեղ հրավառությունը։ Ցավոք, «Շանթը» մենակ չմնաց, նրա դիմացի փողոցի վրա բացվեցին այլ ռեստորաններ՝ կարծեմ «Մեծ բուրգ» և «Սոֆի», իսկ Շիրազի փողոցի ողջ երկայնքով բացվեցին մոտ մեկ տասնյակ ռեստորաններ, որոնց «վերնագիրը» չգիտեմ, քանի որ չեմ «կարդացել», բայց հրավառություններին ականջալուր եմ եղել։ Այս ռեստորաններում ձայն ձայնի տված հրավառություն են անում մեր ուտող-խմող քաղաքացիները։ Մնաս բարով, հանգի՛ստ կյանք...
Մեր շենքն ուղիղ գծով որոշ «օբյեկտներից» հեռու է մոտ 100-150 մետր, անսպասելի հրավառության ժամանակ ասես պայթյունը տան մեջ լինի. իսկ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ զարհուրելի ցնցում են ապրում դրանց անմիջական հարևանությամբ տների բնակիչները. հարվածային ալիքից դղրդում են լուսամուտների ապակիները, էլ չեմ ասում, որ տներում կան նորածիններ ու փոքր երեխաներ, ում քունը խանգարվում է անակնկալ պայթյուններից, կան ծերեր ու հիվանդներ, հղի կանայք ու պարզապես աշխատավոր մարդիկ, ովքեր իրենց տանը հանգիստ չունեն։
Մի հարցնող լինի, թե էդ ի՞նչ դարակազմիկ իրադարձություն են նրանք տոնում. չլինի՞ հայոց հողերը վերադարձրել են, մենք տեղյակ չենք, իսկ նրանք՝ որպես մեծ հայրենասերներ, «աշխարհով մեկ ուրախացել են»։ Կասկածում եմ, որ այդ ուտող-խմողները մի քանի լումա կծախսեն ու մի փուչիկ կգնեն, երբ մեր հողերը իսկապես հետ բերենք։
Ամառային մի օր՝ գիշերվա 11 անց 5 րոպեին հերթական հրավառությունը մոտակա ռեստորան-հանդիսասրահից գնդակոծեց մութ երկինքն ու մեր սրտերը։ Քաջալերվելով ոստիկանության՝ «Լռության մասին որոշումով»՝ զանգահարեցի 1-02՝ ոստիկանության բաժին և հերթապահին հարցրի՝ մի՞թե կարելի է այս ուշ ժամին հրավառություն անել։ Հերթապահը, որ կին ոստիկան էր, առանց ներկայանալու, բայց մեղմ ձայնով «հանգստացրեց» ինձ՝ ասելով, որ մինչև գիշերվա ժամը 23-ը իրավունք ունեն, իսկ եթե ավելի ուշ ժամի հրավառության փաստ լինի, անպայման իրենց տեղեկացնեմ։
Պատկերացնո՞ւմ եք, ժամը 23-ը համարվում է ոչ ուշ ժամ։
Ս. թ. օգոստոսի 2-ին «արձանագրեցի» հերթական ուշ ժամի հրավառությունը՝ 23.45-ին՝ Շիրազի և Վշտունու խաչմերուկից։ Ես հիշեցի հերթապահ ոստիկանի քաջալերող հորդորը և կրկին զանգահարեցի։ Հերթապահ ոստիկանը կին էր և քանի որ դարձյալ չներկայացավ, ես նրա ազգանունը չգիտեմ։ Ես նրան ասացի, որ մոտ 15 օր առաջ հերթապահ ոստիկանի հորդորով եմ կրկին «ահազանգում», որ այսինչ տեղից (հստակ չեմ կարող ասել՝ ո՞ր ռեստորանից, քանի որ դրանք իմ տնից հեռու են մոտ 100-150 մ և, բնականաբար, ցուցանակներն էլ իմ 5-րդ հարկից չեն երևում, որովհետև այդ ռեստորանները ուրիշ հինգհարկանի շենքերի հետևում են) հրավառություն կա։ Ես նկարագրեցի հրավառության մոտավոր տեղը՝ Շիրազի և Վշտունու խաչմերուկ։ Հերթապահին ես ներկայացա անուն-ազգանունով, զբաղմունքով, հասցե-հեռախոսով։ Հերթապահը խոստացավ հաղորդել Մաշտոցի տեղամասային ոստիկանություն, ես շնորհակալություն հայտնեցի ու որպես իր քաղաքացիական պարտքը կատարած մարդ՝ հանգիստ պառկեցի քնելու։
Երկու ժամ անց՝ 1.40, արթնանում եմ դռան թակոցից։ Մտածեցի՝ հարևաններից մեկը կլինի, երևի ինչ-որ մեկը վատ է զգում։ Հարցնում եմ՝ ո՞վ է. դռան այն կողմից ասում են՝ ոստիկանությունից են։ Ի՞նչ է եղել։ Բա՝ «Դուք ահազանգել եք հրավառությունների կապակցությամբ, եկել ենք, որ բացատրագիր գրեք, թե արդյոք ո՞ր ռեստորանում է եղել հրավառությունը»։ Ինչպիսի՜ օպերատիվություն...
Ես հերթապահ ոստիկանին բացատրել էի, թե մոտավորապես որտեղից էր արձակվում հրավառությունը։ Եթե ոստիկանները ժամանակին գնային այդ մոտերքի ռեստորանները, ոչ թե իմ տան հասցեով գային, ապա հաստատ կհայտնաբերեին հրավառության «տաք հետքերը»։ Ես դուռը չբացեցի և հիշեցրի նրանց, թե գիշերվա այս ուշ ժամին նրանք իրավունք չունեն անհանգստացնելու քաղաքացուն, եթե նա ո՛չ հանցագործ է, ո՛չ էլ նրա կյանքին է վտանգ սպառնում։ Օրենքի տարրական չիմացություն։
Ոստիկանները համառորեն պահանջում էին բացել դուռը և բացատրություն տալ։ Ինչի՞ համար պիտի բացատրություն տայի, որ ինձ անհանգստացնում են հրավառությունների հանկարծակի, տևական և ամենօրյա պայթյուննե՞րը։
Իմ հասցեով եկած ոստիկանները «խոստացան» ինձ այցելել հաջորդ օրը՝ առավոտյան՝ նախապես զանգահարելուց հետո։ Չեկան, ու ես չեմ հասկանում, թե այդ ուշ ժամին քաղաքացուն անհանգստացնելու նրանց նպատակը որն էր։ Հարևաններս ասացին, որ փորձել են ինձ վախեցնել, որ հաջորդ անգամ «չանհանգստացնեմ»։ Մտածել է պետք... Ես բաց նամակ չեմ գրի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին։ Բառացիորեն վերջերս է հրապարակվել «Իրատես de facto» թերթում (թիվ 45, 4.07.13 թ.) Վրեժ Առաքելյանի բաց նամակը՝ ուղղված վարչապետին և թվով ութ գերատեսչությունների ղեկավարներին, այդ թվում նաև ոստիկանապետին՝ այս չարաբաստիկ հրավառությունների առնչությամբ։ Ես պարզապես ուզում եմ հարցնել նրան. «Պարո՛ն ոստիկանապետ, Դուք և Ձեր ենթակայության տակ աշխատող ոստիկանները գիշերվա ժամը 22-ից մինչև 1-2-ը և հետո քաղաքում չե՞ք լինում և չե՞ք լսում այդ պայթյունները, որ չեք «ահազանգում»։
Խորապես հարգելով ոստիկանության բնագավառում Ձեր բարեփոխումները և նորամուծություններ անելու Ձեր նախաձեռնությունը՝ զարմանում եմ, որ Դուք անտեսում եք Ձեր իսկ գերատեսչության՝ «Լռության մասին որոշումը» (կարծեմ այդպես է ձևակերպված) և հաճկատար եք դառնում որոշ մարդկանց կամայականություններին, որոնք ուղղակիորեն ոտնահարում են հանրապետության մյուս՝ օրինապահ քաղաքացիների հանգստի իրավունքը։
Պարզվում է՝ մեր իշխանավորները ո՛չ թերթ են կարդում, ո՛չ առավել ևս «բաց նամակ»։ Բա էլ ինչի՞ համար եք հաստիքով ու բարձր աշխատավարձով աշխատակազմի ղեկավար և մամլո քարտուղար պահում, եթե նրանք էլ չեն հետևում մամուլի հրապարակումներին։
Ստացվում է՝ «Ձայն բարբառո Երևանի»։


Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ
Հ. Գ.- Ոստիկանների գնալուց հետո զայրույթից ու վիրավորանքից քունս փախավ, նստեցի ու մինչև ժ. 3.30 գրեցի այս հոդվածը։ Առավոտյան ես ինձ շատ վատ էի զգում. մի կողմից՝ հրավառության անակնկալ պայթյուններից առաջացրած տագնապի զգացումը, մյուս կողմից՝ ոստիկանների անժամանակ և ապօրինի այցելությունը և անքնությունն ինձ հասցրին սրտի նոպայի և ճնշման կտրուկ անկման, մի բան, որ երբեք չէր լինում ինձ հետ։ Մի քանի սրտային հաբով և մի գավաթ տաք սուրճով կարգավորվեց վիճակս։ Բայց հետո՝ «հայի վերջին խելքով» մտածեցի, որ ես պետք է շտապ օգնություն կանչեի, կանչը գրանցվեր, արձանագրվեին վատ զգալու պատճառները, ոստիկանների տարաժամ և անօրինական այցելությունը և անքնությունը։
Ահա այսպիսի ոչ օպերատիվություն քաղաքացու կողմից։ Սխալվել եմ, հաջորդ անգամ սխալս կուղեմ։
Սա էլ իմ բացատրագիրը, հարգելի ոստիկաններ։
Ստորև ներկայացնում եմ իմ «ահազանգելուց» հետո հրավառությունների երևանյան, չէ ծայրաքաղաքային քրոնիկան։
1. «Շանթ» - 23.10 - հինգ րոպե տևողությամբ 10.8.13,
2. տեսադաշտում չի երևում - 23.45, 11.8.13 թ.,
3. լսվում է միայն ձայն և արձագանք,
4. տեսադաշտում չի երևում, 24.00-ին, 12.8.-13), լսվում է ձայնը
5. տեսադաշտում չի երևում 12.8.13 թ., լսվում է ձայնը, հավանաբար Բաշինջաղյան փողոցից, 23.30, 12.8.13 թ.,
6. Վշտունու փողոցի կողմից, 24.00-ին տեսանելի չէ, բայց լսվում է ձայնը 24.45,
7. «Շանթ» - 22.00-ին, 16.8.13 թ.,
8. Շիրազի փողոցի վերջում - 18.8.13 - 23.20
9. Շիրազի փողոց- 22.8. 22.40
Այսպես կարելի է արձանագրել անվերջ։

Դիտվել է՝ 1741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ