ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին
20.09.2013 | 11:16

Մեծարգո պարոն նախագահ
Ես` «ՀՅԴ-Դրո» գործով մահվան բռնադատված Արմենակ Լևոնի Մնջոյանս, ահազանգելով տեղեկացնում եմ Ձեզ 1991-2003 թթ. մահապատիժ ստացած դատապարտյալների նկատմամբ կիրառված խոշտանգումների և անօրինականության, ինչպես նաև 2003-ից առայսօր դատապարտյալների իրավունքների և ազատությունների խախտման, բոլշևիկյան ռեպրեսիաների կիրառման իրողության մասին, ակնկալելով Ձեր օժանդակությունն ու զորակցությունը հանուն արդարության վերականգնման մեր պայքարի։
1. 1991-2003 թթ. մինչև օգոստոսի 1-ը մենք` ՀՀ քաղաքացիներս, դատապարտվել ենք մահապատժի, սակայն մեր դեմ չի կիրառվել դատավճիռ-օրենքը, սրանով իսկ խախտելով դատավճիռների կատարման մասին ամրագրված ՀՀ օրենքը։ Մինչդեռ օրենսդրորեն նախատեսված չի եղել նաև մահապատիժը չկիրառելու դեպքում դատապարտյալների պահման կարգն ու ռեժիմը։ Թվով 54 մահապատժի դատապարտվածներս ենթարկվել ենք օրենքով չկարգավորված և գոյություն չունեցող մի ռեժիմի, որը պայմանավորվել է ինչպես բանտի ադմինիստրացիայի, նույնպես էլ երկրի քաղաքական վերնախավի տվյալ պահի տրամադրություններով։ Արդյունքում 12 դատապարտյալ մահացել է աննկարագրելի տանջանքներով։
2. 1991-2003 թթ. մահապատժի դատապարտված անձանց` ԵԽ-ի պարտադրած մահապատժի վերացման արդյունքում, ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից 2003-ի օգոստոսի 1-ի նհ. 103-Ա հրամանագրով անարդարացիորեն դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Մինչդեռ ՄԻՀԱՊ-ի մասին Եվրոպական կոնվենցիայի 7-րդ հոդվածի համաձայն, պատիժ կարող են նշանակել միայն դատարանները։ Իսկ դատարանները պետք է նշանակեն միայն այն պատիժը, որը կկարգավորվեր հանցագործության կատարման ժամանակ ուժի մեջ եղած օրենքով, այն է` 15 տարվա ազատազրկմամբ։ ՀՀ նախագահը ոչ միայն չի ունեցել սահմանադրական, և օրենսդրական լիազորություն արդարադատություն իրականացնելու համար, այլև այն ուղղակիորեն արգելված էր նրան իշխանությունների բաժանման մասին Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասով։ Նախագահը իր թիվ նհ.103-Ա հրամանագրով դատավճիռ-պատիժ է նշանակել ¥և ոչ միայն նոր պատժատեսակ է նշանակել¤, այլև նշանակել է հանցագործության կատարման պահին գոյություն չունեցող պատժատեսակ։ Սրանով իսկ խախտվել են նաև ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի 7-րդ կետը, 42-րդ հոդվածի 3-րդ կետը, 6-րդ հոդվածի 4-րդ կետը։
3. 1991-ից առայսօր Հայաստանում ձևավորված բդեշխական իշխանությունը, իր ավելի քան գորշության արդյունքում, հանցագործությունների կանխման համար պատճառաբանելով իբր զսպման մեթոդ, իրականացրել է և դեռ շարունակում է իրականացնել չափազանցված-ծանր պատիժների կիրառումը։ Այս մեթոդի համաձայն, դրա մասին տեղեկության սփռումը հասարակության մեջ իբր կանխարգելիչ նշանակություն կունենա։ Սակայն նման պատիժներն իրենց մեջ պարունակում են օրենքի խախտում, քանի որ թեկուզ «տարհամոզման» նպատակներ հետապնդելով, այնուամենայնիվ, որևէ քաղաքացու իր հանցանքին չհամապատասխանող, ոչ իրավաչափ պատժի նշանակումը արդեն իսկ օրենքի կոպիտ խախտում է։ Չափազանցված պատիժների արդյունքում ցմահների թիվը հասնում է 104 դատապարտյալների` «չհաշված մահացածներին», և այն ունի աճման պոտենցիալ։ Ցմահ դատապարտյալների համար նոր բանտի կառուցումը, ցմահների թվի ավելացումն ու նրանց վաղաժամկետ չազատումը պետական ընդգծված քաղաքականություն է։
4. Ցմահ դատապարտված անձանց պայմանական վաղաժամկետ չազատելու մասին նեոբոլշևիկյան դրսևորումը հատկանշվում է նաև օրենսդրական հետևյալ ակտով.
Հայաստանի Հանրապետության օրենքը` ընդունված 2003 թ. նոյեմբերի 5-ին, ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին.
Հոդված 1. ՀՀ քրեական օրենսգրքի ¥18 ապրիլի 2003 թ.¤ 76-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ պարբերությամբ.
«Օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով, 305-րդ հոդվածով, 387-րդ հոդվածի 2-րդ մասով, 388-րդ հոդվածի 2-րդ մասով, 389-րդ և 393-րդ հոդվածներով ցմահ ազատազրկման դատապարտված անձինք պատժից պայմանական վաղաժամկետ չեն ազատվում»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ ՀՀ նախագահ` Ռ. Քոչարյան. 2003 նոյեմբերի 26, Երևան ՀՕ-26-ն։
Հակառակ այն հանգամանքին, որ ԵԽ-ի ճնշումների արդյունքում 2006 թ. հունիսի 13-ին այս օրենսդրական ակտը ենթարկվել է փոփոխության, այնուամենայնիվ, դեֆակտո այն մնացել է ակտիվ կիրառության մեջ։
5. Ցմահ ազատազրկումը եվրոպական չափանիշներով ժամանակավոր է և կրում է երկու հստակ բանաձևած նպատակ. 1-ին` ազատազրկված քաղաքացու հոգեբանական փոփոխումը, և 2-րդ` ազատազրկված քաղաքացու վերադարձի ապահովումը դեպի հասարակություն։ Մինչդեռ Հայաստանում պետությունը վրեժ է լուծում և պատժիչ ռեժիմային միջոցներով չարչարում ու խոշտանգումների է ենթարկում հանցանք կատարած անձին մինչ ի մահ, այդպես էլ պայմանական վաղաժամկետ չազատելով նրանց։ Հետևաբար, ցմահ դատապարտումը Հայաստանում վերածվել է մահապատժի դաժան, դանդաղ ու տանջալի կիրառման գործիքի։
6. Հասարակության ամեն անդամ առանձին վերցրած դեմ է որևէ տիպի սպանության, և, որպես հավաքականություն բացարձակապես չի կարող համաձայն լինել այդ սպանությանը, որն իրականացնում է այս պարագայում պետությունը մեր հանդեպ` ցմահ դատապարտման միջոցով կիրառելով փաստացի մահապատիժ։ Այս պարագայում հասարակությունը իր կամքին դեմ մասնակից է դառնում այդ սպանությանը։ Մինչդեռ ազատազրկումը, որի ֆունկցիան քաղաքացու ուղղումն է, որն իր գործառույթով ընդունելի է ամեն անհատ քաղաքացու և հանրության համար, չի կարող կորցնել իր նպատակն ու էությունը և դառնալ ցմահ բանտարկության միջոցով մահապատժի կիրառում։
Հիմնվելով վերոնշյալ իրողությունների վրա, հայցում եմ Ձեր օժանդակությունն ու զորակցությունը` ՀՀ իշխանություններին ուղղված` ի պաշտպանություն իմ արդարացի հետևյալ պահանջների.
1. 1991-2003 թթ. մահապատժի դատապարտված թվով 54 դատապարտյալներիս ճանաչել խոշտանգվածներ հին և նոր իշխող ռեժիմների կողմից և ապա եվրոպական չափանիշներին համապատասխան վարձահատույց լինել մեզ, իսկ մահացածների դեպքում ¥թվով 19 դատապարտյալներ¤` նրանց ընտանիքներին կամ ժառանգներին։
2. 1991-2003 թթ. մահապատժի դատապարտյալներիս 2003 թ. օգոստոսի 1-ի ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի կողմից հակասահմանադրական հրամանագրով ցմահի բռնադատումն ընդունել որպես 1999 թ. հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում կատարված ողբերգության հետևանքով առաջացած քաղաքական պահանջ, իսկ ցմահ բռնադատվածներիս ճանաչել որպես քաղաքական դրդապատճառներով ազատազրկվածներ։
3. 1991-2003 թթ. մահապատժի դատապարտված այն բոլոր դատապարտյալներիս, որոնց պատժի կրման 15 տարին ¥կամ 20 տարին, եթե որևէ մեկն ունի մեկից ավելի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ¤ լրացած է, անհապաղ ազատ արձակել բանտերից` պաշտոնապես հիմնվելով ՀՀ Սահմանադրության և ՄԻՀԱՊ-ի մասին Եվրոպական կոնվենցիայի մարդու իրավունքները, ազատությունն ու արդարությունը պաշտպանող հոդվածների վրա։
4. Ցմահ ազատազրկված դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման 25 տարվա շեմն իջեցնել նվազագույնը 15 տարվա, ապահովելով դատապարտյալների աստիճանական ինտեգրացիան հասարակությանը, որի միջոցները պետք է հանդիսանան անկաշկանդ և ազատ հեռահաղորդակցման կապի միջոցները` բջջային հեռախոսներ, համակարգիչներ, տեսազանգեր, ինտերնետից օգտվելու հնարավորություններ։ Ինչպես նաև տեսակցությունների և դատապարտյալների արձակուրդային իրավունքների կիրառումը։
5. Հրաժարվել ցմահ ազատազրկման դատավճիռներ կայացնելուց, քանի դեռ ՀՀ քրեական օրենսգրքում հստակորեն սահմանված չէ «ցմահ ազատազրկում» պատիժը ոչ միայն թե որ դեպքերի` հանցանքների համար է այն նախատեսված, այլև թե ո՛ր տիպի հանցագործների համար է այն կիրառելի։ Քանզի ուղղման է դատապարտվում ոչ թե հանցանք-երևույթը, այլ հանցանք կատարած անձը։
Մեծարգո պարոն Սարգսյան.
Ես պատրաստ եմ համագործակցելու ինչպես պետական, նույնպես էլ հասարակական այն կազմակերպությունների և անհատների հետ, ովքեր հոգեբանորեն իրենց միջից դուրս են մղել ստրուկին և առաջնորդվում են ազատ ապրելու և ազատորեն արարչագործելու ներքին մղումով, նրանց, որոնց տրված է տիեզերական բնությամբ իրենց մեջ կրելու ազգի հավաքական բարոյական կամքի զորությունն ու բացարձակապես մերժում են ստրկական կախվածությունը հզորագույն տերերից, և նրա՛նց, որոնք բնությամբ սահմանված են ցեղային ոգու ի վերուստ տրված աշխարհընկալումի իմաստավորմամբ և հիմնվելով միայն պատմաժառանգականության և նախապատմական ցեղային ոգու ֆենոմենի վրա և արտահայտվում ու դրսևորվում են միայն հենց այդ ոգուն հարիր կենսական զգացումներով և որակական կատեգորիաներով։
Ազատության և արդարության պայքարը հանուն ճշմարտության չի կարող ուղեկցվել անբարո և մերժելի տեխնոլոգիաներով այնպես, ինչպես չեն կարող այդ պայքարին մասնակցել անբարո և մերժելի ստրուկն ու բդեշխը, որքան էլ այդ պայքարը լինի անհավասար դիրքերից և ակնածանքով լցված հզոր հակառակորդից, քանզի ասված է. «Մի՛ ակնածիր հզորից, մինչև մահ պայքարի՛ր հանուն ճշմարտության, և Տեր Աստված կպայքարի քեզ հետ...» ¥Աստվածաշունչ, Սիրաք¤։
Հաջողություն եմ մաղթում Ձեր աշխատանքներին։


Արմենակ ՄՆՋՈՅԱՆ
ՀՅԴ գործով մահվան դատապարտված

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ