Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Թույլ չտանք, որ բանը հասնի «սովից մեռնելուն»

Թույլ չտանք, որ բանը հասնի «սովից մեռնելուն»
27.07.2013 | 16:25

Խոստովանենք, որ տարիներ շարունակ ժողովրդին իշխանափոխություն խոստացող, սակայն ամռան ամիսներին պարբերաբար արձակուրդ գնացող և սեփական հանգիստը էկզոտիկ վայրերում ըմբոշխնող քաղաքական գործիչների համար էլ էին այս տարվա հուլիսյան զարգացումներն անակնկալ: Անակնկալ էին, որովհետև, ինչպես մեր իշխանությունների, այնպես էլ բազմաթիվ ու բազմադեմ ընդդիմության համար քաղաքական գործունեությունն էլ ունի օրացուցային նշանակություն: Եվ կյանքը ցույց տվեց, որ տրասնպորտի սակագնի` 50 դրամով բարձրացումն ավելի մեծ աժիոտաժ կարող է ստեղծել մեր քաղաքական-հասարակական կյանքում, քան՝ տարիներ շարունակ հրապարակներից ու հարթակներից տրված ու չիրագործած ամպագոռգոռ խոստումները: Ֆրանսիացի հանրահայտ փիլիսոփա Անրի Բերգսոնը, հիշելով մի փիլիսոփայի խոսքերը, մեջբերում է. «Հեղափոխությունը տեղի ունեցավ ոչ թե հանուն ազատության ու հավասարության, այլ պարզապես «այն պատճառով, որ մեռնում էին սովից»: «Եթե ենթադրենք, թե սա ճիշտ է, ապա հարկ կլինի բացատրել, թե ինչու որոշակի մի պահից այլևս չկամեցան «սովից մեռնել»,- եզրակացնում է Բերգսոնը: Հայաստանում ամեն մի ընտրությունից հետո կազմակերպվող բողոքի ակցիաները ոչ միայն չհանգեցրին իշխանափոխության, ոչ միայն ազատություն ու հավասարություն չբերեցին հանուն այդ արժեքների պայքարի դուրս եկած մարդկանց, այլ ավելի շատ խնդիրներ առաջացրին, ցույց տվեցին քաղաքական, պետական համակարգում տարիներով արմատավորված այն արատները, որոնք ժամանակի ընթացքում միայն կատարելագործվել ու բյուրեղացել են: Ի՞նչ է եղել մինչ այսօր: Արդեն տասնյոթ տարի, ամեն մի ընտրությունից հետո, ժողովուրդն ապստամբում է, դուրս գալիս փողոց, բանտեր ընկնում, ծեծվում ու նույնիսկ գնդակահարվում, իսկ ընդդիմադիր ուժերը տարիների ընթացքում ոչ միայն չեն ձևակերպում հասարակության համար առաջնային խնդիրները, հետամուտ լինում, աշխատում հասարակության տարբեր շերտերի հետ, փորձում ընդլայնել պայքարող քաղաքացիների ցանցը և դրանով իսկ ճնշում գործադրում իշխանության վրա, այլ գնում են հակառակ՝ շարժումը մարելու, տարատեսակ փոխզիջումների դիմելու ճանապարհով՝ դավաճանելով հենց այդ փոխզիջումները մերժած և պայքարի դուրս եկած քաղաքացիներին: Ընդ որում, որքան պաթետիկ ու բարձրագոչ հայտարարություններ են անում ընդդիմադիր ուժերը հետընտրական զարգացումների ժամանակ, այնքան օրինաչափ են ներկայացնում իրենց զիջումներն իշխանությանը տարիներ անց: Հիմա պայքարի են դուրս եկել հիմնականում այն երիտասարդները, որոնք այս ընթացքում չեն փչացել կուսակցական-քաղաքական ինտրիգների և կուլիսային հարաբերությունների դաշտում: Պայքարի են դուրս եկել՝ որևէ քաղաքական ուժի նախապատվություն չտալով և իրենց խնդիրները հստակ ձևակերպելով: Մնում է միայն, որ թույլ չտան քաղաքական ուժերին այս պայքարից հերթական դիվիդենտները շահելու և մեկ ամիս անց, ԱԺ աշնանանային նստաշրջանի մեկնարկին զուգահեռ, հասարակության առջև «բացճակատ» ներկայանալու: Իսկ որ այդպիսի միտում որոշ քաղաքական ուժերի կողմից նկատվում է՝ անհերքելի փաստ է:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 864

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ