ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

«Անկյունաքարը «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանն է»

«Անկյունաքարը «Գրանդ հոլդինգի»  նախագահ Հրանտ Վարդանյանն է»
26.07.2013 | 12:20

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հրավիրել էր մամլո ասուլիս՝ նվիրված Սիրիայի քաղաքացիական պատերազմի պատճառով Հայաստան տեղափոխված սիրիահայերի համար Աշտարակում «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման թեմային:
Ասուլիսի բանախոսների թվում էին նաև Աշտարակի քաղաքապետ Արմեն Անտոնյանը, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ալեքսան Կարապետյանը, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախագահ Լենա Հալաջյանը, ԵՊՃՇՀ-ի ճարտարապետության ֆակուլտետի դեկան Տիգրան Բարսեղյանը, «Ար» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արամ Ղազարյանը:
Սփյուռքի նախարարի առաջարկով մշակվել է «Սիրիահայերի համար բնակելի թաղամաս կառուցելու» ծրագիրը: Համաձայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի՝ արդեն մեկնարկել է բնակարանաշինության «Նոր Հալեպ» ծրագրի իրականացումը: Աշտարակ քաղաքի ավագանու 2013 թ. հուլիսի 23-ի որոշմամբ` թաղամասը հիմնելու և կառուցապատելու նպատակով «Սիրիահայերի համակարգող կենտրոն» ՀԿ-ին 4,8 հա հողամաս է նվիրաբերվել` անհատույց սեփականության իրավունքով: Թաղամասի շինությունները ճարտարապետները կնախագծեն անվճար: 300 սիրիահայ կստանա բնակարան այդ տարածքում: Կկառուցվեն բազմաբնակարաններ և առանձնատներ: Մեր հայրենակիցները թե՛ Հայաստանում, թե՛ սփյուռքում, մեծապես աջակցում են այս գործին: Նախապես Մասիսում, Աշտարակում, Էջմիածնում են փնտրվել շինարարությանը հարմար տարածքներ, բայց սիրիահայերը նախընտրել են Աշտարակը: Հ. Հակոբյանի տեղեկացմամբ, մոտ տասը հազար սիրիահայ է եկել հայրենիք: Շատերն էլ դեռ Սիրիայում են, բայց արդեն ցանկացել են հերթագրվել՝ ունենալու համար «Նոր Հալեպ» թաղամասում բնակարաններ:
«Մենք պիտի օգնենք, որ մեր հայրենակիցները երկու խնդիր կարողանան շատ արագ լուծել` ունենան աշխատանք և բնակարան»,- ասաց նախարարը և հայտնեց, որ բնակարանաշինության այս ծրագրի իրականացման անկյունաքարը «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանն է դրել` նվիրաբերելով հարյուր հազար ԱՄՆ դոլար: Այդ գումարը որոշել են չփոշիացնել և ներդնել բնակարանաշինության նպատակին: Նախարարը նաև նշեց, որ ի նպաստ սիրիահայերի ներդրված բոլոր միջոցները տնօրինելու են իրենք՝ սիրիահայերը: Ներդրումներ կատարելու պատրաստակամություն են հայտնել նաև Կարեն և Սամվել Կարապետյանները: Հենց որ եղած ներդրումները բավարարեն, անմիջապես կսկսվի շինարարությունը: «Դիմում եմ Հայաստանում ապրող ցանկացած հայի, ցանկացած կազմակերպության, ցանկացած բիզնեսմենի, ցանկացած պետական, քաղաքական գործչի,- ասաց Հ. Հակոբյանը,- եթե մարդիկ անգամ հինգ-տասը դոլարի չափով ներդրում են անում, մեծապես օգնում են մեր գործին: Սա լավագույն քայլ է արտագաղթը կասեցնելու»: Նախարարն իր շնորհակալությունը հայտնեց այն 36 նկարիչներին, որոնք նվիրել են իրենց նկարները՝ դրանք վաճառելու և հասույթը սիրիահայերի խնդիրների լուծմանը ծառայեցնելու նպատակով: Նկարիչների միությունը և սփյուռքի նախարարությունը համատեղ դիմում են հղել աշխարհի բոլոր հայ նկարիչներին՝ մեկական նկար նվիրելու համար: Նախարարը մտադիր է դիմել նաև երգիչներին, շոու-բիզնեսի ներկայացուցիչներին: «Մենք պետք է և՛ հոգեկան, և՛ նյութական նեցուկ լինենք մեր սիրիահայ հայրենակիցներին»,- հորդորում է Հ. Հակոբյանը:
«Ար» հեռուստաընկերության գործադիր տնօրենն էլ իր խոսքը հղեց սփյուռքահայերին` հորդորելով չհիշել հայրենիքում տուն ունենալու, հայրենիքին մոտ լինելու մասին միայն այն դեպքերում, երբ իրենց ինչ-որ դժբախտություն է պատահում, այլ այդ մասին մտածել ամեն րոպե, հայրենիքին մոտ լինել ֆիզիկապես:
Բանախոսները մասնավոր դեպքերի անդրադարձան, որոնք վկայում են հայրենիքում սիրիահայերի ծավալած օգտաշատ գործունեության մասին: Ալեքսան Կիրակոսյանը սիրիահայ բժիշկ Պողոս Սարգսյանի մոտ սիրտն է վիրահատել: Տիգրան Բարսեղյանի փոխանցմամբ, «Նոր Հալեպ» թաղամասի նախագծային աշխատանքներում ներգրավված է իրենց շնորհալի սիրիահայ սաներից մեկը:
Լենա Հալաջյանն իր շնորհակալությունը հայտնեց հայրենիքին, արտասահմանի հայերին սրտացավորեն աջակցելու համար: Նշեց այն հաշվեհամարները, որոնք բացված են ACBA-CREDIT AGRICOLE BANK-ում` հօգուտ սիրիահայերի ֆինանսական ներդրումներ անելու համար: Այդ բարի գործին աջակցել ցանկացողները կարող են գրանցել դրանք.
220413350095000 (ՀՀ դրամով)
220413350046001 (ԱՄՆ դոլարով)
220413350046002 (եվրոյով)
220413350038958 (ռուսական ռուբլիով):
Կոնտակտային հեռախոս` (077)835939:
«Նոր Հալեպ» ծրագիրը նախատեսված է իրականացնել պետության, հովանավորների, բարերարների աջակցությամբ, իսկ գումարի մի մասը կվճարեն սիրիահայերը:
«Իրատես de facto»-ն Հրանուշ Հակոբյանին դիմեց հետևյալ հարցով.
-Բարեգործ լինելուց առաջ Հրանտ Վարդանյանը գործատու է: Կա՞ ինչ-որ պայմանավորվածություն նրա հետ` հետագայում Աշտարակի «Նոր Հալեպ» թաղամասի բնակիչների համար աշխատատեղեր ստեղծելու վերաբերյալ:
-Դեռ այդ մասին չենք պայմանավորվել, բայց ես կարծում եմ, որ պարոն Վարդանյանն այն բիզնեսմեններից է, որ հայրենասիրական ցանկացած առաջարկ պատրաստ է քննարկելու: Նա մեր լավագույն բարեկամն է, և մյուսները պետք է նրանից օրինակ վերցնեն,- պատասխանեց սփյուռքի նախարարը:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ