Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Որոշումը` ոտքի վրա

Որոշումը` ոտքի վրա
26.07.2013 | 00:24

Երբ համացանցում հասանելի դարձան Երևանի քաղաքապետի «Երևան քաղաքում տրոլեյբուսով ուղևորափոխադրումների վարձը սահմանելու մասին» 19.07.13 թ. N3660-Ա և «Երևան քաղաքի ներքաղաքային երթուղիները սպասարկող կազմակերպությունների կողմից իրականացվող ավտոբուսային (միկրոավտոբուսային) կանոնավոր ուղևորափոխադրումների վարձը վերանայելու մասին» 19.07.13 թ. N3661-Ա որոշումները, ծանոթացա դրանց տեքստերին, ինձ թույլ եմ տալիս համոզմունք հայտնել, որ այդ որոշումներն ընդունվել են ոչ թե մասնագիտական լուրջ հաշվարկների, նույնքան լուրջ քննարկումների, որոշումների նախագծերի պատշաճ ընթացակարգի պահպանման հիման վրա, այլ դրանք մայրաքաղաքում ծայր առած բողոքների ալիքի թելադրանքով պարզապես խզբզվել են ոտքի վրա և համացանց խցկվել։ Այլապես ինչպես կարող էր որոշման նախագծի պատշաճ ընթացակարգի պահպանման պարագայում (այն պետք է ընթերցեին և իրենց ստորագրություններով պաշտոնական փաստաթղթի վերածեին բոլոր պատասխանատու ստորաբաժանումները` տրանսպորտի վարչություն, իրավաբանական վարչություն, ֆինանսական վարչություն, քարտուղարություն, համապատասխան խորհրդական, քաղաքապետի համապատասխան տեղակալ և այլք) նման անգրագետ տեքստեր հրամցվել իբրև վերջնական փաստաթուղթ, որը վավերացնում և որոշման է վերածում քաղաքապետն իր ստորագրությամբ։ Ահա, խնդրեմ, դատեք ինքներդ. «Հիմք ընդունելով Երևանի ենթակայության «Երևանի էլեկտրատրանսպորտ» փակ բաժնետիրական ընկերության 17.07.2013 թ. հ.263 գրությունը (նկատեք` ընդամենը գրությունը- Ֆ. Ե.), Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 17.07.13 թ. N 14/42444հ զեկուցագիրը, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» (այստեղ բացակայում են «ՀՀ օրենքի» բառերը- Ֆ. Ե.) 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Տեղական ինքնակառավարման մասին» (դարձյալ բացակայում են «ՀՀ օրենքի» բառերը- Ֆ. Ե.) 39-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության օրենքի (ավելորդ բառեր, որ իրենց տեղում չեն- Ֆ. Ե.) «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ, 83-րդ և 84-րդ հոդվածներով»...
Ահա սա որոշման նախաբանն է, որով պետք է հիմնավորվի որոշման ընդունման անհրաժեշտությունը։ Նախ, ի՞նչ է նշանակում «Երևանի ենթակայության ՓԲԸ»։ Գուցե Երևանի որևէ գերատեսչության կամ, ասենք, քաղաքապետարանի՞ ենթակայության։ Այնուհետև, ի՞նչ է նշանակում, ասենք, «Տեղական ինքնակառավարման մասին» այսինչ կամ այնինչ հոդված։ Պետք է լինի «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենք, և այսպես նաև մյուս օրենքների դեպքում։ Նախաբանի մի անկապ տեղում ընկած են «Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը։ Այ, սրանք հենց այն բառերն են, որ պետք է իրենց տեղում լինեին, և քանի որ ամեն ինչ քաղաքապետարանում արվել է ոտքի վրա, անլուրջ, անմակարդակ, ուստի և մարդիկ խորամուխ չեն եղել տեքստին և չեն նկատել։ Հո չեմ կարող մտածել, որ քաղաքապետարանում միայն անգրագետներ ու տգետներ են նստած։ Բայց որ անպատասխանատու են, մտածում եմ։ Նույնը և մյուս որոշման մեջ։ Եվ պատասխանատվության այս մակարդակով էլ կոտրում են ժողովրդի մեջքը։
Երեկ 33 երթուղու` տիրոջը հլու ծառայող վարորդը այս թանկացումը համեմատում էր շաքարավազի թանկացման հետ, թե «բա ինչո՞ւ չեք բողոքում, երբ շաքարավազն են թանկացնում»։ Ասում եմ. «Այ սիրելիս, ես շաքարավազ ամիսը 1 կգ եմ առնում, իսկ երթուղային օրական 5-6 անգամ եմ նստում։ Տարբերությունը հասկացա՞ր»։ Իսկ 33 (և էլի մեկ) երթուղու գծատերը (համաձայն համացանցային կայքերի` Հարություն Կարագյոզյան կամ Կարամելի Հարութ) հայտարարել է, որ եթե ուղեվարձը 150 դրամ չսահմանվի, ինքը գծերից կհանի իր մեքենաները։ Յա՜, պարոն Հարո՞ւթ, դու էլ լեզու ունե՞ս, բա էս 10-15 տարի ինչո՞ւ ԱԺ-ում գոնե մեկ անգամ չենք լսել։ Հիմա գրպանիդ է դիպչո՞ւմ...
Ինչևէ, ամեն ինչից երևում է, որ Երևանի քաղաքապետի որոշումը (գրավոր լինի թե բանավոր) լուրջ ուսումնասիրության և քննարկումների հիմք չունի, ընդունվել է հանպատրաստից և անվերապահորեն պետք է վերանայվի։ Որքան էլ երեկ քաղաքապետն ուղերձով դիմեց երևանցիներին, այնուամենայնիվ, պետք է փաստեմ` հապճեպ որոշումներով երկիրը այս լարված արտքաղաքական պայմաններում տակնուվրա արած անպատասխանատու մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն։ Ժողովրդին խելքը գլխին բացատրություն պետք է տան այս լարված օրերին «բադեն-բադեններում» քեֆ քաշող երկրի ղեկավարները, այստեղ հարյուր թումանով «մկան ծակ» ճարած կառավարության ղեկավարը։
Ի դեպ. զարմանալի է, որ խնդրո առարկա որոշումները հրապարակված են 3660-Ա և 3661-Ա մակագրերով, որտեղ «Ա»-ն նշանակում է «անհատական»։ Այնինչ համաժողովրդական կարևորության որոշումները պետք է ունենան «Ն» (նորմատիվային) մակագիրը, հրապարակվեն պաշտոնական տեղեկագրում և ուժի մեջ մտնեն տասնօրյա ժամկետում։


Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1500

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ