Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Բրետանում ամեն քար պատմություն է «արտաշնչում», իսկ հայերի մասին այստեղ գիտեն` լավ կամ ոչինչ

Բրետանում ամեն քար պատմություն է «արտաշնչում», իսկ հայերի մասին այստեղ գիտեն` լավ կամ ոչինչ
25.07.2013 | 18:13

Ինչո՞ւ Ֆրանսիայում հարուստ մարդիկ համեստ են, իսկ մեզ մոտ կամ Ռուսաստանում նրանք ավելի քան հաբռգած են: Չգիտեմ, սովետական համակարգի պտուղներն են կամ ոչ, բայց որ մենք ու Ռուսաստանը էդպես էլ նույն սովետականն ենք մնացել, փաստ է: «Զվարթնոց» օդանավակայանը, իհարկե, ավելի գեղեցիկ ու հարմարավետ է, քան «Շերեմետևոն», սպասարկումն էլ բավականին բարձր է` ռուսների հետ համեմատած: Համենայն դեպս մեզ մոտ, նկատեցի, օդանավակայանի աշխատակիցները ժպտալու սովորություն ունեն, Մոսկվայում նման բան չտեսա: Մոսկվացիները իրենց ազգի նկատմամբ էլ առանձնապես բարյացակամ չեն, իսկ հայերիս նկատմամբ` առավել ևս:
Ֆրանսիական Dinan (Դինան) քաղաքը Բրետանի գեղեցկուհիներից է: Մեր ժամանակներն է հասել միջին դարերից: Մադամ Կլոդինի փոքրիկ սրճարանում նրա օգնականը մատուցարանը ձեռքին այս ու այն կողմ էր շտապում: Երբ իմացավ` հայ եմ, ժպտալով ասաց. «Սուջուխ, բաստուրմա»: Պարզվեց` Մարսելից է, մայրը հայ է: Հայերի մասին առանձնապես բան չգիտեր: Չգիտեր, թե իր` ազգությամբ հայ պապն ու տատը երբ են Ֆրանսիա տեղափոխվել և ինչ պատճառով: Իմ հարցերին ի պատասխան ներողամիտ ժպտում էր և ասում. «Je ne sais pas» (չգիտեմ): Դինանում նկարիչների տուն կա, ուր հանգրվանում են այստեղ ժամանող նկարիչները: Maison d’artiste de la Vigne-ում ամեն տարի շատ նկարիչներ են իջևանում հատկապես ամռան ամիսներին և տրվում շրջակա բնության ու քաղաքի ճարտարապետական համուհոտը թղթին կամ կտավին հանձնելու ներշնչանքին: Իսկ ջրի ափին գտնվեղ Les Rossignols (le rossignol նշանակում է սոխակ) բացօթյա սրճարան-ռեստորանի տերը Յանն է: Նա նախկին մոտոցիկլիստ է, որը մրցումների ժամանակ վթարի է ենթարկվել, զրկվել աջ ձեռքից ու ոտքից, երեք երեխա ունի, նրա մեծագույն օգնականը հավատարիմ կինն է: Յանը հաճախորդներին ընդհանրապես չի երևում: Այստեղ հայտնի Cidre խմիչքը համտեսեցի, որը խնձորի հյութ է, պարունակում է 2-8 տոկոս ալկոհոլ: Cidre-ի պատմությունը վկայագրվում է 1130-1140 թվականներից: Խմիչքի արտադրմամբ մասնագիտացված են Բրետանը և Նորմանդիան: Ինձ ասացին, որ Բրետանում շատ խնձոր կա, քանի որ խնձորը շատ ջուր է պահանջում, իսկ ջուր Բրետանում որքան ուզես: Dinan-ի հին, փայտե միջնադարյան տները պարզապես ապշեցնում են: Նրանք այնպես են խնամված, կարծես թե նոր են կառուցվել, բայց հին ոճով: Ֆրանսիացիներին նախանձեցի երկրորդ անգամ` նրանք գիտեն խնամել պատմությունը: Քաղաքում գնացք է աշխատում` տուրիստների համար, փողոցներում թուղթ կամ սիգարետի մնացորդ անհնար է գտնել: Քաղաքը լի է ծաղիկներով: Notre Dame des Vertus տաճարը, որը կառուցվել է 1260-ին, Բրետանին հատուկ ճարտարապետության նմուշներից է: Տաճարի հետևում փոքրիկ շուկա է գործում, ուր իրենց չօգտագործվող ինչքն են վաճառքի հանում հնավաճառները:
Իսկ Saint Malo-ն (Սան Մալո) ամբողջովին տարբերվում է նախորդից, այն ծովահենների քաղաք է: Այստեղ նույնիսկ երկու խոշոր նավ կա` Etoile du ROY և La Baudeuse, որոնք հիշեցնում են ծովահենների ժամանակները: Առաջինում սրճարան է գործում: Մի քանի ամրոցներ կան այստեղ` մեկը մյուսից բարձր, անառիկ ու, անշուշտ, պատմականորեն հետաքրքիր:
Բրետանում արդեն երկրորդ անգամ եմ ու նույն ձևով արբած: Շրջապատող ամեն բան ինձ գլխապտույտի աստիճանի ապրումների է մղում: Բրետանում անհնար է անտարբեր քայլել: Զգացողություն է, թե վերադարձել եմ այն ժամանակները, ուր մի ժամանակ ապրել եմ: Գուցե իմ նախորդ կյանքում: Ո՞վ գիտե: Քարերի արանքից գլուխները հանած ծաղիկներն էլ մտորելու առիթ են տալիս: Հայերս սիրում ենք հպարտանալ ու նաև խորհուրդ գտնել այն բանի մեջ, որ Հայաստանում ամենաքարքարոտ հողում անգամ ծաղիկներ են աճում: Դա նկատելի է և Բրետանում: Օրինաչափ է, երբ մի պտղունց հողի մեջ էլ կյանք է ապրում, իսկ ծաղիկներն առանձնապես, իմ կարծիքով, պատմության հարատևության վկայագիրն են: Պատմությունը այստեղ, ինչպես և Հայաստանում, ամենուր է: Ի դեպ, Բրետանում հայերի մասին հարգանքով են խոսում: Նրանք, ովքեր ճանաչում են հայերին, ասում են`«Հայերը լավ մարդիկ են»:
Rennes (Ռեն) քաղաքից Փարիզ կարելի է հասնել երկու ժամում` 350 կմ ճանապարհը գնացքով կտրելով: Նման արագընթաց գնացքներ կային դեռևս քսան տարի առաջ` 1993-ին: Այն ժամանակ երազում էի, որ գուցե մի օր դրանցից կունենա և Հայաստանը: Գնացքում ֆրանսիացիները, ովքեր սիրում են խոսել-պատմել ոչ պակաս, քան մենք` հայերս, որպես կանոն սովորաբար լուռ են: Չի կարելի խանգարել կողքինի` հանգիստ ճամփորդելու իրավունքը: Հիշեցի մեր երթուղայինների վարորդներին, ովքեր բարձր երաժշտություն են միացնում` արհամարհելով ուղևորների ցանկությունը, ծխում են` խախտելով օրենքը, իսկ նախատեսված նստատեղերից ավելի մարդ վերցնելու մասին, լավ է չխոսել: Հասնելով Հայաստան` իմացա տրանսպորտի ուղեվարձի բարձրացման մասին: Քաղաքապետարանը դրանից առաջ գուցե վերանայե՞ր շահագործվող ավտոմեքենաների որակի չափանիշները, դրանց հիգիենիկ վիճակն ու վարորդների` սպասարկելու մակարդակը: Իմ 16 տարեկան դուստրը, ով մեծացավ քաղաքական ակցիաների ու միտինգների մեջ, մասնակցել է ուղեվարձի բարձրացման դեմ կազմակերպվող ակցիաներին: Առաջին բանը, որ ինձ գրկելուց հետո ասաց, սա էր. «Մամա, հանկարծ 150 դրամ չվճարես, ես դրա դեմ եմ պայքարում»:
Շարունակելի


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1358

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ