Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Գծատերերի փոխարեն վճարում է ժողովուրդը

Գծատերերի փոխարեն վճարում է ժողովուրդը
23.07.2013 | 11:39

Հուլիսի 22-ին մեր համաքաղաքացիներից շատերը շարունակում էին ուղեվարձի համար վճարել 100 դրամ, իսկ վարորդները շարունակում էին մեծահոգաբար հասկանալ խնդիրը։
Քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը ուղեվարձը հաշվարկելիս կարծես թե ավելի շատ փորձել է երթուղային գծատերերի ջրաղացին ջուր լցնել կամ էլ ապահովել նրանց գերշահույթները։ Անցած շաբաթ օրը` հուլիսի 20-ը, քաղաքացիների համար խաղաղ չբացվեց .քաղաքային տրանսպորտի նոր գինը հունից հանեց մայրաքաղաքի կյանքը։ Ինչպես երթուղային, այնպես էլ էլեկտրատրանսպորտի գինը դարձավ 150 դրամ։ Այս որոշման նկատմամբ բնակչության զայրույթն այնքան մեծ էր, որ շատերը մտածված վճարում էին 100 դրամ և իջնում։ «Թող գան մի ամիս, շատ չէ, մեզ պես ապրեն, ամիսը 80 հազար դրամ աշխատավարձով, տեսնենք` կկարողանա՞ն ծայրը ծայրին հասցնել ու 150 դրամով էլ օրական 3-4 անգամ երթևեկել»,- մեզ հետ զրույցում ասում էին ուղևորները, որոնց, ի դեպ, հասկանում և նրանց բողոքը կիսում էին վարորդները։ Շաբաթ օրը բանը հասավ նրան, որ մի քանի ակտիվիստների, որոնք բողոքի մինի-ցույցեր էին կազմակերպել ընդդեմ ուղեվարձի բարձրացման և կոչ էին անում ուղևորներին չվճարել բարձրացված 50 դրամը, ոստիկանները բերման ենթարկեցին և քիչ անց բաց թողեցին։ Մի խոսքով` շաբաթ օրն ալեկոծված էր և ոչ անհիմն, իսկ դրա մեղավորը, կարծում ենք, քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն է, որն իրականացրել է հաշվարկ, ինչի հիման վրա էլ բարձրացել են ուղեվճարները։
Որակումներից որքան էլ փորձենք զերծ մնալ, միևնույն է, չենք կարող չարձանագրել, որ այն հաշվարկները, որոնք ներկայացվել են տրանսպորտի վարչությանը, զավեշտալի են։ Պետք է ենթադրել, որ տվյալ վարչությունն իր աշխատակիցներով հանդերձ Մարսից էր իջել կամ էլ (ինչն առավել հավանական է) երբևէ չէր օգտվել քաղաքային տրանսպորտից։ Եթե օգտված լինեին, ապա կիմանային, թե իրականում ինչ է կատարվում իրենց ղեկավարած ոլորտում։ Տրանսպորտի վարչության հաշվարկներով` մեկ ուղերթի ընթացքում քաղաքային մեկ տրանսպորտը տեղափոխում է 15 ուղևոր։ Իսկ այն, որ մեկ երթուղային տաքսին մեկ երթուղու ժամանակ, հատկապես պիկ ժամերին այնքան ուղևոր է տեղափոխում, որ ժողովրդական բանահյուսության նյութ է տալիս` մարդիկ շախմատի ձիու կեցվածք ստացած են իջնում երթուղայինից, չգիտես ինչու, տրանսպորտի վարչությունը չի նկատում, կամ էլ, ճիշտ է ասել, չի ուզում տեսնել։ Ըստ նույն հաշվարկների` պարզվում է, որ հաշվարկներում ներառված է նաև գծատերերի շահույթը, և թիվը կազմում է 144,9 դրամ։ Սակայն քաղաքապետարանը որոշել է այդ թիվը կլորացնել և ուղեվարձը դարձնել 150 դրամ։
Փորձագետների հավաստմամբ, ուղեվարձի բարձրացումից շահում են միայն գծատերերը` «անգամ 100 դրամի դեպքում էլ նրանց շահույթը մեծ է, հաշվի առնելով անգամ գազի գնի բարձրացումը։ Սա նշանակում է, որ ուղեվարձը հանգիստ կարելի էր չբարձրացնել անգամ էլեկտրաէներգիայի և գազի գնի բարձրացման դեպքում։ Երկրորդ` ներկայացված հաշվարկներով` 150 դրամ ուղեվարձի դեպքում մեկ ուղևորի հաշվարկով գծատերերի շահույթը կազմում է 5,1 դրամ։ Սակայն իրականում այն կկազմի 10 %։ Պետք է նկատել, որ ուղեվարձում հաշվարկել-ներառել են այնքան տարաբնույթ ծախսեր, որ անհասկանալի է, թե մինչ օրս դրանք ինչպես են կատարվել»։ Փորձագետների ասածը փաստում է, որ հաշվարկ կատարողներն ուռճացրել են շատ ծախսեր և անհիմն ծառայություններ ավելացրել։ Եթե նույն այդ մարդիկ ժողովրդին փորձում են ապացուցել, որ երթուղային տաքսին մեկ ուղերթի ժամանակ տեղափոխում է 15 ուղևոր, ուրեմն ինչո՞ւ չեն կարող աչքակապություն անել նաև այլ ծախսերի հաշվարկներում։
Խնդիրն այն է, որ նման ոչ պրոֆեսիոնալ հաշվարկի դեպքում մեղադրանքներ են հնչում ոչ միայն տվյալ վարչության, այսինքն` բուն կատարողի, այլև քաղաքապետարանի հասցեին։ Ստացվում է, որ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունն ինչ-ինչ շահերից ելնելով փորձում է դավել քաղաքապետարանին։ Այն էլ այն դեպքում, երբ, ինչպես պնդում են փորձագետները և վարորդները, 100 դրամ ուղեվարձի դեպքում յուրաքանչյուր մեքենա գծատիրոջը տալիս է 16,5-20 հազար դրամ։ Եթե անգամ 16500 դրամով հաշվարկենք գծատիրոջ շահույթը, ապա կստացվի, որ ամսական 25 օր երթուղի դուրս գալու դեպքում մեկ մեքենայից գծատերն ունենում է 412,5 հազար դրամ` 1000 դոլար։ Այս թվերի պայմաններում արդյոք չարժե՞ վերանայել ուղեվարձի թանկացումը, այն անհիմն համարել, քանի որ ներկայացված հաշվարկները նույնպես վերանայման կարիք ունեն։
Հաշվարկներ, որոնք հարվածում են բնակչության սոցիալական վիճակին, դժգոհություն առաջացնում քաղաքապետարանի նկատմամբ և մեծացնում առկա սոցիալական լարվածությունը, որը խնդիր է առաջացնում պետության համար։ Եվ այս ամբողջ շիլաշփոթում շահում են մի շարք գծատերեր, ովքեր այդպես էլ երբեք հանդես չեն գալիս հանրության առջև, միայն սեփական գրպաններն են տռզեցնում, իսկ պետությունն իր ժողովրդի առջև կարմրում է նրանց փոխարեն։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1182

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ