Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

50 դրամանոցներ՝ քաղաքապետի խորհրդականին

50 դրամանոցներ՝ քաղաքապետի խորհրդականին
19.07.2013 | 23:13

Քաղաքային տրանսպորտի ուղեվարձի 50 դրամով բարձրացումն առայժմ թունդ կրքեր է բորբոքել միայն սոցիալական ցանցերի ներսում: Համենայնդեպս, Երևանի քաղաքապետարանի դիմաց անցկացված ակցիային մասնակցել են սակավաթիվ մարդիկ, որոնք էլ 50 դրամանոցներ նետելով են արտահայտել իրենց բողոքը: Դրանցից մեկն էլ դիպել է քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանին: Պարզվում է, որ մեզ մոտ նույնիսկ սոցիալական խնդիրները, որոնք անմիջական հարվածում են քաղաքացու գրպանին, այդպես էլ չեն դառնում համախմբման առիթ: Նույնիսկ ՖԲ-ում հնչում էին կարծիքներ, որ եվրոպական երկրներում տրանսպորտի ուղեվարձը բարձր է, պետք չէ զարմանալ ու զայրանալ: Սակայն եվրոպական գները հանրության աչքը խոթողները մոռանում են, որ նույն Եվրոպայում բարձր են նաև աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները: Երկակի ստանդարտներով առաջնորդվողների մտածելակերպն է այդպիսին. երբ պետք է՝ հիշում են Եվրոպայի համասեռամոլներին ու Եվրոպան ներկայացնում բացասական լույսի ներքո, երբ պետք է՝ հիշում են եվրոպական գներն ու փորձում համեմատվել եվրոպացիների հետ՝ թեկուզ տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելիս:
Հետաքրքիր է, որ նույնիսկ սակավամարդ ակցիաներն են անցնում բազմաթիվ ոստիկանների հսկողությամբ, ինչը վկայում է իշխանության ներսում տիրող տագնապալի տրամադրությունների մասին: Վերջին շրջանում իշխանություններն ականատես եղան սոցիալական ընդվզման մի քանի՝ թեկուզ չկազմակերպված դրսևորումների, որոնք էլ ստիպում են նրանց չկորցնել զգոնությունը: Որ իշխանությունն այս տարիների ընթացքում գործել է, չկորցնելով զգոնությունը, ապացուցելու կարիք չկա, թերևս: Թանկացումներ, նվազագույն աշխատավարձի ծիծաղելի չափ, մարդու իրավունքների ոտնահարումներ բոլոր ոլորտներում, և այդ ամենը, խոշոր հաշվով, մարսվում է, որովհետև բողոքական զանգված այդպես էլ չի ձևավորվում, որն էլ պատրաստ կլիներ հետևողական, ոչ թե քաղաքական կոնյուկտուրայից բխող պայքարի: Մինչդեռ, հենց սոցիալական խնդիրները պետք է դառնան ինքնակազմակերպման առիթ, հատկապես այն դեպքում, երբ կուսակցությունները լռել ու մի կողմ են քաշվել:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 757

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ