Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

«Զորակոչվում են առողջական խնդիրներ ունեցող երիտասարդները». ահազանգում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը

«Զորակոչվում են առողջական խնդիրներ ունեցող երիտասարդները». ահազանգում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը
12.07.2013 | 17:53

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում պնդում է, թե ՀՀ զինված ուժեր են զորակոչվում առողջական խնդիրներ ունեցող երիտասարդներ, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը փորձում է անուշադրության մատնել նման դեպքերի մասին ահազանգերին։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Շարունակվում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգերը ծնողների կողմից:

Վերստին ՀՀ պաշտպանության նախարարությունը և նրա համապատասխան ստորաբաժանումները շարունակում են անօրինական քայլեր իրականացնել զորակոչի գործընթացի ամբողջ ընթացքում՝ ՀՀ զինված ուժեր զորակոչելով լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձանց:

Ավելին, ամեն գնով փորձում են անուշադրության մատնել առողջական վիճակի վերաբերյալ ահազանգերը, չտրամադրել ուղեգրեր կրկնակի բուժզննության ենթարկվելու համար և բոլոր ձևական հիմնավորումներով երիտասարդներին ճանաչել պիտանի զինծառայությանը և ենթարկել զորակոչի: Ակնհայտ է զինկոմիսարիատների կողմից քաղաքացիների նկատմամբ զուտ չոր և բյուրոկրատական, անմարդկային վերաբերմունքը, որն ուղեկցվում է սպառնալիքով և ճնշումներով:

Հաշվի չեն առնվում երիտասարդների մոտ առկա հիվանդությունների բնույթը, մի քանի հիվանդությունների զուգակցումը, դրանց հետագա բացասական զարգացումները և հետևանքները, տարբեր բժշկական հաստատությունների կողմից տրամադրված իրարամերժ եզրակացությունները, զորակոչի տարիքի անձանց առողջության իրական վիճակից տարբերվող և մեղմ որոշումների ընդունումները՝ փորձելով ամեն կերպ հիմնավորել առողջական լուրջ խնդիրներով քաղաքացիների զորակոչը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը արձանագրում է, որ.

• պաշտպանության նախարարությունը չի հրաժարվել առողջական խնդիրներ ունեցող և զինվորական ծառայության համար ոչ պիտանի քաղաքացիներին զորակոչելու գործելակերպից

• զորակոչի կազմակերպման վերաբերյալ բարեփոխումները, որոնց մասին ժամանակ առ ժամանակ հայտարարվում է պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչների կողմից, իրականությանը չեն համապատասխանում

• ըստ էության, ՀՀ պաշտպանության նախարարությունը զինված ուժերի համալրման հույսը դրել է հիվանդ քաղաքացիների վրա և իրականում քաղաքական կամք չի դրսևորում այս լրջագույն խնդիրը կարգավորելու ուղղությամբ

• պաշտպանական գերատեսչությունը որևէ կերպ չի ցուցաբերում ցանկություն վերացնելու զորակոչիկների մարդու իրավունքների խախտումների շարանը՝ ծնողներին և զորակոչիկներին թողնելով հուսալքման և անորոշության մեջ:

Առկա խնդիրների պարագայում կազմակերպություն դիմած բոլոր քաղաքացիներին զինվորական ծառայության զորակոչելը հարցականի տակ է դնում ոչ միայն բուժզննության օրինականությունը և հիմնավորվածությունը, այլև ամբողջ զորակոչի կազմակերպման օրինականությունը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է պաշտպանության նախարարության զորակոչի կազմակերպման նման գործելակերպը, պահանջում է անհապաղ դադարեցնել այս արատավոր երևույթը և նման խնդիրներ ունեցող բոլոր զորակոչիկների զորակոչը, իրականացնել պատշաճ բուժզննություն, և անդրադառնալ հատկապես մի քանի հիվանդություններ ունեցող զորակոչիկների՝ զինծառայությանը պիտանի լինելու հարցին և տրամադրել տարկետում, զորակոչի ընթացքում միայն հիմնվել հիվանդության լրջության աստիճանի և օրինականության, այլ ոչ թե կամային ցանկությունների վրա: Հակառակ դեպքում կունենանք զինծառայողների առողջական վիճակի հետագա վատթարացում ծառայության ընթացքում, և կարող է իր հերթին հանդիսանալ նաև այլ բնույթի զինվորական հանցագործությունների առաջացման պատճառ:

Սա հերթական ահազանգն է՝ ուղղված և՛ պաշտպանական գերատեսչությանը, և՛ հանրությանը, և՛ այս հարցի նկատմամբ ոչ անտարբեր մարդկանց»:

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ