Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

ՀՀ քաղաքացուն փորձում են սպանել ՈՒկրաինայի բանտում

ՀՀ քաղաքացուն փորձում են սպանել ՈՒկրաինայի բանտում
12.07.2013 | 17:44

Կիևի «Լուկյանովսկի» բանտից ուկրաինական Ժիտոմիր քաղաքի բանտ, այնտեղից էլ Բերդիչևյան գաղութ տեղափոխված ՀՀ քաղաքացի Մեհրաբ Ալոյանին (դատապարտված որպես Մեհրաբ Սուսլով) փորձել են թունավորել: Մեհրաբ Ալոյանն այս մասին ահազանգել է իր փաստաբաններին, որոնք վկայում են, որ Ալոյանին չպետք է տեղափոխեին երկրի ամենահեղինակազրկված ու վտանգավոր կալանավայրը, որը հայտնի է որպես կալանավորների նկատմամբ աներևակայելի բռնություններ ու խոշտանգումներ կիրառող հաստատություն, և որտեղ տեղավորում են արդեն վերջնական դատավճռով դատապարտվածներին: Իսկ Ալոյանի գործը դեռ քննության փուլում է` վճռաբեկ դատարանում:

Մեհրաբ Ալոյանը գործարար է, Կիևում հայտնի խոշոր «4 room» առևտրի կենտրոնի հիմնադիրն է ու փայատերերից մեկը, որին ՈՒկրաինայի եռաստիճան դատական համակարգից երկուսը դատապարտել են ցմահ ազատազրկման, իր գործընկերոջ` Շաբաբ Ալոյանի և նրա երկու թիկնապահների սպանությունը պատվիրելու մեղադրանքով: Մեհրաբ Ալոյանը կտրականապես հրաժարվել է իրեն առաջադրված մեղադրանքից, այն հայտարարել շինծու և դատավճիռը բողոքարկել վերին ատյաններ` վերաքննիչ, հետո վճռաբեկ դատարան: Իսկ մինչ դատարանը որոշում կկայացնի, Ալոյանը բանտային պայմաններում ամեն վայրկյան պայքարում է իր կյանքի համար:
«ՈՒկրաինան երկիր է, որտեղ իշխում են ավազակներ, գողեր, դրամաշորթներ, իսկ դատավորների հիմնական մասը պատմուճանով մարդագայլեր են: Աստված իմ, երբեք չէի պատկերացնի, որ 21-րդ դարում նման բան հնարավոր է: Ինձ փաստաբաններիս հետ հանդիպման, բաղնիք կամ զբոսանքի են ուղեկցում հատուկ ծառայության ջոկատայիններ` դիմակներով, և ամեն անգամ ճանապարհին ուղեկցում են զուգարան, որտեղ ինձ դաժան ծեծի են ենթարկում, նվաստացնում են, սպառնում ու ենթարկում են շանտաժի: Նրանք պոկեցին իմ ոսկե շղթան, որի վրա իմ հավատի խորհրդանիշն էր և նետեցին զուգարան, գոռալով` սև հետույքդ առ ու ռադ եղիր քո երկիրը, ի՞նչ գործ ունես մեր երկրում: ՈՒզում եմ ներողություն խնդրել այս այլանդակ արտահայտությունները փոխանցելու և տհաճ մանրամասները նկարագրելու համար, բայց ստիպված եմ, որովհետև ուզում եմ տեղյակ լինեք, թե ինչ է կատարվում այստեղ: Բանտի ղեկավարությունը իմ դեմ է տրամադրում քրեական ծանր հանցագործություններ կատարած բանտարկյալների, որոնք սպառնում են սպանել ինձ, եթե հետ չվերցնեմ բանտային վատ պայմանների ու բանտի ղեկավարության ոչ համարժեք վարքագծի դեմ գրած իմ դատական հայցը»,- գրում է Մեհրաբ Ալոյան-Սուսլովը Հայաստանում գործող փաստաբան Արա Ղազարյանին, որին խնդրում է ներկայացնել իր շահերը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում` ՈՒկրաինայի եռաստիճան դատական համակարգի բոլոր ատյանները սպառելուց հետո:
Տեղեկացնենք, որ Բերդիչևյան գաղութում իր պատիժն է կրում նաև հայտնի մոլագար, սերիական մարդասպան Անատոլի Օնոպրիենկոն, որին կարող են տրամադրել ցանկացած կալանավորի դեմ, վերջինիս ահաբեկելու կամ սպանելու նպատակով:
ՈՒկրաինայի մայրաքաղաքում մեծ համբավ ունեցող «4 room» խոշոր առևտրի կենտրոնում 2009 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած աղմկահարույց սպանությունն իրոք ցնցել էր Կիևը և մինչ օրս գտնվում է իրավապաշտպանների ու լրագրողների ուշադրության կենտրոնում: «4 սենյակի» (4 room) կամ Մեհրաբի գործը ոչ միայն խճճված ու իրարամերժ տեղեկություններով է հագեցած, այլև կարող է հավակնել ՈՒկրաինայի դատական և առհասարակ իրավական համակարգի տգիտության եզակի նմուշ լինելու «տիտղոսին»: Դեռևս նախաքննության փուլում ՈՒկրաինական լրատվամիջոցներն այն գնահատեցին որպես «թխած» իսկ դատաքննության փուլում երկրի հեղինակավոր իրավապաշտպանները հայտարարեցին, որ Սուսլովի գործում առկա ապօրինությունների ու իրավախախտումների ցանկն ամբողջությամբ համընկնում է ԵԱՀԿ կողմից ՈՒկրաինայի իրավական համակարգի վերաբերյալ գնահատականին` կոռուպցիա, անփութություն, խոշտանգումներ, ոչ օրինաչափ գործողություններ:
Կիևի Սվյատոշինսկի շրջանային դատարանի կայացրած դատավճիռը, որը մանր տառերով գրված ամբողջ 30 էջ է, նույնիսկ դժվար է գնահատել որպես ցածրորակ պատմություն: Բայց այն իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է` կայացրած հանուն պետության: Փորձենք հասկանալ մտավոր ցածր կարողություն ունեցողի ձեռագիր հանդիսացող այդ պաշտոնական փաստաթուղթը:
Երեք դատավորի` Բուրբելայի, Կոցյուբայի և Նիկուշինի քննած` ՀՀ քաղաքացի Մեհրաբ Ալոյանի (Սուսլովի) և հայազգի Դավիթ Բատիկյանի գործով դատավճիռը սկսվում է նրանով, որ «Մերհրաբ Օթարիի Սուսլովը 1996 թվականին ապօրինի ստացել է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն և ապրելով Մոսկվայում, մշակել է հանցավոր գործունեության ծրագիր` գտնել գործարար մարդկանց, չարաշահել նրանց վստահությունը և կոնֆլիկտ հրահրել ու վերջում տիրանալ նրանց բաժնեմասին»: Դատարանը ոչ միայն չի հիմնավորել մարդուն զրպարտող այս գրավոր մեղադրանքը, այլև չի էլ մտահոգվել, որ նման հայտարարությունների համար Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կարող է խայտառակվել ու պատճառ դառնալ, որ իր սխալի պատասխանատվությունը կրի իր երկիրը: Եթե այսպես սկսվեր էժանագին սերիալի սյուժեն, այն կարելի կլիներ դեն նետել, բայց քանի որ աղմկահարույց գործի դատավճիռ է, շարունակենք կարդալ: Այսպիսով, ըստ դատավորների եզրակացության, գործարար Մեհրաբ Ալոյանը վերոնշյալ «ծրագրի իրականացման նպատակով», որը, դատավորների տրամաբանությամբ, հասունացել է ամբողջ տասը տարի, այնուամենայնիվ գնացել է ՈՒկրաինայի մայրաքաղաք: Այնտեղ նա իր զարմուհու ամուսնու` Ալոյան Շաբաբի հետ հիմնել է «Գալեն» ՓԲԸ-ն` 2,8 հեկտար հողակտորի վրա, հավասար պայմաններով: Դատավորները գրում են, որ «գործելով մշակված սցենարով», Մեհրաբ Ալոյանը իր ազգակից Շաբաբ Ալոյանին կոնֆլիկտի մեջ ներքաշելու հաջողված փորձեր է արել: Սակայն ծույլիկ աշակերտի շարադրության աղճատված տրամաբանությամբ փաստում է, որ Ալոյան գործընկերները 2009-ին արդեն հիմնադրած են եղել ՈՒկրաինայում հայտնի խոշոր առևտրի կենտրոնը` «4 room»-ը: Գրեթե բոլոր այն նախադասություններում, որտեղ նշվում է Մեհրաբ Ալոյանի անունը, ուղեկցվում է «գործի գցելով հանցավոր նպատակը» կամ «ծրագիրը» և անպայման` «սպառնացել է Շաբաբ Ալոյանին ֆիզիկապես ոչնչացնել» արտահայտություններով, բայց առանց հիմնավորող փաստերի: Նույն տրամաբանությամբ կամ անտրամաբանությամբ ՈՒկրաինայի դատական համակարգի կարկառուն ներկայացուցիչները գրում են, որ վերջապես գործընկերոջից խոշոր բաժնեմաս պոկելու նպատակով (թեպետ մինչ այդ նշում են, թե հավասար մասնաբաժիներով են աշխատել) մի անգամ էլ է սպառնում Շաբաբին ու գնում է Մոսկվա` վարձու մարդասպան գտնելու: Այստեղ, կարծես կախարդական փայտիկի զորությամբ գործում հայտնվում է ոմն Հովհաննեսյան Ա.Պ.: «Օգտագործելով հանցավոր միջավայրի իր կապերը, Սուսլով Մ. Օ.-ն Հովհաննեսյան Ա. Պ.-ի միջոցով, որն իր բարոյական որակներով հարմար է եղել միտումնավոր սպանության պատվեր կատարելու համար, ծանոթացել է Բատիկյան Դ. Բ.-ի հետ, որը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի պատերազմական գործողություններին»:
Հայաստանի հետ դիվանագիտական ու բարիդրացիական կապեր պահպանող ՈՒկրաինայի դատական համակարգի պատկառելի ատյաններն այստեղ չեն խորշել ակնհայտ զրպարտությամբ ստվեր նետելուց Հայաստանի Հանրապետության ամենանվիրական արցախյան ազատամարտի ու նրա մասնակիցների վրա: Դատավճռում նշված է, որ Ալոյանը փնտրել է մարդասպանների, որոնք ունեն պատերազմում մարդ սպանած լինելու փորձ և շեշտում, որ ամենահարմարը եղել է ԼՂ պատերազմի մասնակից Բատիկյանը: Նախ նշեմ, որ նույնիսկ էժանագին սցենարով նկարահանված ֆիլմերում ու կոմիքսներում ոչ ոք նման բան չէր անի` մարդասպան չէր փնտրի պատերազմի վետերանների միջավայրում և, ինչպես դատավճռում է նշված, նրա հետ ամիսներով չէր գնա-գա, հեռախոսով չէր խոսի, ընդհուպ մինչև մեքենա չէր գնի նրա համար, այդ մեքենայով չէր երևա այն մարդու աչքին, որին իբր թե որոշել է սպանել: Բայց ինչևէ, անդրադառնամ Բատիկյանին: ՈՒկրաինայի` խարխափող Թեմիսի սպասավորները միևնույն ժամանակ իրենց իսկ ձեռքով գրում են, որ Բատիկյանը 24.07.1990 -ին ՈՒկրաինայի դատարանի կողմից դատապարտվել է 10 տարվա ազատազրկման և ուղարկվել Կրիվոյ Ռոգի բանտ: Հիշեցնենք, որ Ղարաբաղում ակտիվ պատերազմական գործողությունները սկսվել են 1991 թվականին և ավարտվել 1994-ի զինադադարով: Չնայած հարգարժան դատավորները նշում են, որ Բատիկյանը բանտից փախել է 1992-ին, սակայն նշում են նաև, որ ապրել է Ռուսաստանում, Մեծ Բրիտանիայում, բայց նաև վստահաբար շեշտում, որ հիանալի տիրապետել է զենքին և «շատ հարմար է եղել Մեհրաբ Ալոյանի հանցավոր ծրագիրն իրագործելու համար»:
Միով բանիվ, Բատիկյանն ու գործում հայտնված Հովհաննեսյանը գալիս են Կիև 2009-ի հուլիսի 7-ին, ընդ որում` Սուսլովի փողերով, չի նշվում թե ինչքան գումար է տվել Սուսլովը նրանց և այդ գումարը եղել է սպանության գի՞նը, թե՞ տղաների ապրուստի, բնակարանի վարձակալություն, ավտոմեքենայի ու հատկապես գործում նշված «Glok», հետո չգիտես ինչո՞ւ, մեկ այլ, բայց արդեն «Glok-19» մակնիշի ինքնաձիգներ ու «զինամթերք» ձեռք բերելու համար:
Երկար նկարագրություն կա այն մասին, թե ինչպես են վարձկանները գնում «4 room» առևտրի կենտրոն, ծանոթանում բազմաթիվ մարդկանց, այդ թվում` աշխատակիցների հետ, բացահայտ զրույցների բռնվում, հետաքրքրվում զոհի աշխատանքային գրաֆիկով և, որ ամենակարևորն է, «գործարքի մեջ մտնում չբացահայտված անձի հետ», որը պիտի հետևեր Շաբաբին: Այդ ընթացքում վարձկանները գրեթե ամեն օր, ըստ դատավորների, զանգահարում են իրենց պատվիրատուին` Մեհրաբ Ալոյանին և բացահայտ տեքստով քննարկում սպանության ծրագիրը: Սա նույնպես աբսուրդի ժանրից է, որովհետև միայն հիմարը նախապես կբացահայտի իր ինքնությունը և օրերով կզբոսնի զոհի աշխատավայրում, այն էլ` հանցակից ընկերոջ հետ: ՈՒ միայն ակնհայտ անգրագետը կամ գործը կոծկելու նպատակ հետապնդող և անպատժելիության մթնոլորտում գործող ցինիկը կմոգոնի նման պատմություն ու չի վախենա անգամ հեղինակազրկվելուց:
Եվ այսպես, Կիև գալուց և, ըստ գործի նյութերի, գրեթե ամեն օր զոհի աշխատավայր այցելելուց երեք ամիս անց, 02.10.2009-ին Բատիկյանն ու Հովհաննեսյանը (ի դեպ, նրա մասին որևէ նկարագրություն չկա` ո՞վ է, ի՞նչ բարոյական նկարագիր ունի, Ղարաբաղի կամ մեկ այլ պատերազմի մասնակի՞ց է թե՞ ոչ, երևի որ նա փոխհրաձգության ընթացքում վիրավորվել է, հետո մահացել) գնում են առևտրի կենտրոն` սպանելու Շաբաբ Ալոյանին: Այստեղ արդեն ոչ միայն տրամաբանության, այլև բանականության սահմանից անդին սկսվող նկարագրություն է: ՈՒկրաինացի դատավորները, ամբողջությամբ կրկնօրինակելով ոչ պակաս ապիկար նախաքննական մարմնի շարադրությունը, գրում են, որ վարձկանները, գործի գցելով իրենց մահացու զենքը, մոտեցել են Շաբաբ Ալոյանին, երբ նա դուրս է եկել առևտրի կենտրոնի շենքից` ծխելու: Մի պահ հավատանք, որ հսկայական առևտրի կենտրոնի տեր-տիրականը, որը երևի մի ֆուտբոլի դաշտի չափ գրասենյակ ունի, դուրս է գալիս շենքի բակ` ծխելու:
Հանուն ՈՒկրաինայի Հանրապետության կայացրած դատավճիռը փաստում է, որ դեպքի վայրում Բատիկյանը իր «Glok» տեսակի ինքնաձիգից արձակել է «մոտավորապես 5 փամփուշտ», իսկ Հովհաննեսյանը իր` կրկին «Glok» տեսակի ինքնաձիգից` 4 փամփուշտ Շաբաբ Ալոյանի թիկնապահների ուղղությամբ: Թիկնապահներից մեկը փոխադարձ կրակով վիրավորել է Հովհաննեսյանին և նրան շարքից հանել, իսկ ահա Բատիկյանը վազել է Ալոյանի հետևից ամբողջ առևտրի կենտրոնով մեկ ու կրակել նրա վրա: Չի նշվում, թե քանի փամփուշտ է արձակվել Ալոյանի ուղղությամբ, չի նշվում նաև, թե մարմնի որ մասին է կրակել Բատիկյանը, միայն նշվում է, որ Ալոյանը վայր է ընկել, ու Բատիկյանն իրականացրել է «երկու հերթապահ կրակոց», որից էլ Շաբաբ Ալոյանը կնքել է մահկանացուն: Հետո աչքաչափով որոշել են, որ առաջին 9 կրակոցից թիկնապահներից մեկը ստացել է 5, մյուսը` 4 հրազենային վնասվածք, ու ամենազավեշտալին` մեկն անգամ կապտուկ է ստացել: Իսկ ահա Շաբաբ Ալոյանի դիակից հանվել է 19 փամփուշտ: Կրակոցներից ինչպես Շաբաբ Ալոյանը, այնպես էլ թիկնապահները մահացել են: Այստեղ Ա.Պ Հովհաննեսյանն անհայտանում է նույնքան անսպասելի, որքան անսպասելի հայտնվել էր գործի նյութերում: Ըստ դատավորների, նա Բատիկյանին թողել է դեպքի վայրում, ինքը նստել մեքենան ու փախել: Մեկ էլ նրա անունը հայտնվում է դատավճռի 19-րդ էջում` «Հովհաննեսյանը հանցանքի վայրից փախել է և նրա ձերբակալման հանգամանքները»... Այս նախադասությունը կիսատ է և վերջանում է ստորակետով: Իսկ ահա հաջորդ նախադասության մեջ գրած է, որ նա, համաձայն դատաբժշկական փորձաքննության, «մահացել է հրազենային բազմաթիվ վնասվածքներից` 2009-ի նոյեմբերի 27-ին, դեպքից մեկ ամիս անց»:
Գծային, կարելի ասել, մանկամիտ տրամաբանությամբ, երկու խոշոր գործարարներից մեկի սպանությունը պիտի որ անմիջապես ստվեր նետի գործընկերոջ վրա, քանի որ, այդ տրամաբանությամբ, մեկի մահը ձեռնտու պիտի լինի մյուսին, համատեղ բիզնեսին միանձնյա տիրանալու նպատակով: ՈՒկրաինական թեմիսի հավկուրությունը կառուցված է հենց այս տրամաբանության վրա: Այս շրջանակում սպանվածի ընտանիքն անմիջապես մեղադրում է Մեհրաբ Ալոյանին և նրան հայտնաբերողին ու ձերբակալողին խոստանում 200 հազար ԱՄՆ դոլար վարձավճար: Բնական է, որ հասարակ քաղաքացիները գումար աշխատելու համար չէին ընկնի դես ու դեն, մասնավոր անձանց կողմից մեղադրվող մարդուն հայտնաբերելու նպատակով: Բնական է նաև, որ այդ առաքելությունը ստանձնում են ուկրաինական ոստիկանությունն ու իրավապահ մարմինները: Ռուսաստանի իրենց գործընկերների հետ սերտ կապերի ու աշխատանքային նույն գործելաոճի արդյունքում, Ալոյանը նախ անհեթեթ պատճառաբանությամբ (իբր, 1996-ից մինչև 2010 թվականը նա անօրինական փաստաթղթերով է եղել ՌԴ քաղաքացի, այնինչ այդ տարիների ընթացքում վարել է գազի և պողպատի հաջող բիզնես ու վճարել հարկեր) զրկվել է ՌԴ քաղաքացիությունից, հետո հանձնվել ՈՒկրաինայի իրավապահներին: ՈՒ հենց հանձնում են, ՈՒկրաինայի իրավապահները արժանանում են Շաբաբ Ալոյանի հարազատների խոստացած գումարին: Ամենայն շուքով, իբր բարեգործություն, սպանված գործարարի եղբայրն անձամբ երկրի ՆԳՆ-ին է հանձնում 10 ավտոմեքենա` «Daewoo sens» մակնիշի ու ջերմ, ընկերական կապեր հաստատում ՆԳ նախարարի և Մեհրաբ Սուսլովի գործը քննող քննիչ Բուրկալի հետ:
Այդ պահից սկսվում է Մեհրաբ Ալոյանի կյանքի դժոխային շրջանը: Նրան հարցաքննում են ապօրինի, խոչընդոտում փաստաբանների հետ հանդիպումներին, պահում անմարդկային պայմաններում և, բազմաթիվ իրավապաշտպանների ու փաստաբանների հավաստմամբ, ամեն ինչ անում նրան հոգեբանական ծանր վիճակի հասցնելու և ոգին կոտրելու ուղղությամբ, մինչ կսկսվի դատավարությունը: Նրան զրկում են դատաքննությանը պատշաճ պատրաստվելու և պաշտպանվելու բոլոր հնարավորություններից: Դատաքննության ընթացքում շարունակում են ճնշումները, մի քանի անգամ անհիմն զրկում փաստաբանների օգնությունից: Դատավարությունը իրավապաշտպանների ու փաստաբանների վկայությամբ ընթանում է ֆորմալ և հետապնդում է մեկ նպատակ` մեկուսացնել Մեհրաբ Ալոյանին: Դատաքննության ընթացքում նրա փաստաբաններին հերթով հեռացնում են, և Մեհրաբ Ալոյանը զրկվում է գործի նյութերին լիակատար տիրապետող փաստաբան ունենալու հնարավորությունից: Մի քանի դատական նիստից հետո պատրվակ են գտնում, թե իբր մեղադրվող կողմը խանգարում է դատաքննությանը, ու գործընթացը տեղափոխում են դռնփակ ռեժիմ: Ընդ որում, նիստերից մեկի ժամանակ տուժող կողմը հարձակվում է Մեհրաբի ծնողների վրա և, դատարանի դահլիճում, դատավորի և կարգը պահպանող իրավապահների լուռ ներկայությամբ, ծեծի ենթարկում նրանց: Միջադեպը շուռ են տալիս ամբաստանյալ Սուսլովի վրա և ծառայեցնում որպես նոր պատրվակ նրան դահլիճից հեռացնելու համար, իսկ մի քանի նիստից հետո ընդհանրապես զրկում գործընթացին մասնակցելու իրավունքից ու դատավարությունը շարունակում առանց նրա: Դատակոչված 29 վկաներից 22-ը առանց հիմնավորման դատարան չեն կանչվում, մնացածները ցուցմունք են տալիս մեղադրող կողմին ձեռնտու պայմաններում, որոշ դեպքերում էլ դատարանը հիմք է ընդունում նախաքննական ցուցմունքները: Դատական ողջ գործընթացի ժամանակ Ալոյանին զրկում են թարգմանիչ ունենալու իրավունքից, իսկ գրավոր նյութերը տրամադրում նրան կիսատ- պռատ, այն էլ` ուկրաիներեն: Վերջապես Մեհրաբ Ալոյանին զրկում են վերջին խոսքի իրավունքից ու նրա նկատմամբ կայացնում ցմահ ազատազրկման վճիռ: Անգամ դատավճիռն են կարդում նրա բացակայության պայմաններում:
Ամբաստանյալ Բատիկյանը դատաքննության ընթացքում հրաժարվում է նախաքննության ընթացքում տված ցուցմունքներից և հայտարարում, որ այդ ցուցմունքներն իրենից կորզվել են դաժան ու անմարդկային խոշտանգումների հետևանքով: Նրա նկատմամբ կիրառվել է խորհրդային ԿԳԲ-ի մեթոդների ողջ սպեկտրը` էլեկտրահարումից մինչև քնելու, ուտելու և բնական կարիքները հոգալու հնարավորությունների սահմանափակում: Բատիկյանի կնոջը նույնպես խոշտանգում են և ցուցմունքներ կորզում ընդդեմ Ալոյանի: Նրան ապօրինի բերման են ենթարկում, ձեռնաշղթաներով կապում ջեռուցման համակարգին ու դաժանաբար ծեծում: Դատարանը Բատիկյանին նույնպես դատապարտում է ցմահ ազատազրկման: Երկուսի դեպքում էլ կիրառվում է ողջ ունեցվածքի բռնագրավում:
Ամբողջությամբ աբսուրդ հիշեցնող այս աղմկահարույց դատավարությունը, այնուամենայնիվ, հանրության համար առկախ հարցերի երկար շղթա է թողնում: Ի վերջո, առաջ է գալիս դեպքի իրական մոտիվը հասկանալու պահանջ: Մինչ այդ նշենք, որ դեռևս բիզնեսի սկզբնավորման փուլում Մեհրաբ Ալոյանը` 2008-ի Նոր տարվա նախօրեին, գործընկերոջն առաջարկում է սեփական փայաբաժինները ձևակերպել իրենց որդիների անուններով: Շաբաբ Ալոյանը չի համաձայնում, իսկ ահա Մեհրաբը իր մասնաբաժինը փոխանցում է որդուն` Ռոման Սուսլովին (Ալոյան): ՈՒկրաինայի դատական մարմինն այնքան անգրագետ է գտնվել, որ անհեթեթ, անհիմն ու իրավաբանության հետ որևէ աղերս չունեցող իր դատավճռում նշել է «թեպետ բոլորին հասկանալի է, որ բիզնեսը վարել է հայրը»: Տեղեկացնենք, որ կահույքի խոշոր առևտրով զբաղվող «4 room» կենտրոնի 49 % մասնաբաժինը հավասարապես պատկանում է Շաբաբ Ալոյանին և Մեհրաբ Ալոյանի որդուն` Ռոման Սուսլովին (Ալոյան): Հորը բանտարկելուց հետո Արթուր Ալոյանը չի կարողանում գնալ Կիև` իր օրինական բիզնեսը տնօրինելու նպատակով: Մեհրաբ Ալոյանի ձերբակալությունից հետո ՈՒկրաինայի ՆԳՆ-ն առանց պատճառաբանության արգելել է Ռոման Սուսլովի մուտքը երկրի տարածք: Հիմա հարց է առաջանում, ո՞ւմ է իրականում ձեռնտու «4 room» առևտրի կենտրոնի երկու խոշոր փայատերերի չեզոքացումը (մեկը չկա ֆիզիկապես, մյուսն էլ ցմահ փակված է բանտում, որտեղ նրան նույնպես փորձում են ոչնչացնել): Նախապես նշենք, որ ՈՒկրաինայի իրավական համակարգը, օգտագործելով իր իշխանությունը, ամեն ինչ արեց, որ նշված երկու գործարարներից ողջ մնացածին մեկուսացնի, այն էլ` ցմահ: Նշենք նաև, որ շարունակելով դատական համակարգի գործը, բանտային ծառայությունների աշխատակիցները ամենայն ակտիվությամբ նպաստում են, որպեսզի կոտրեն մարդու կամքը ու միգուցե նաև կյանքը: Ինչ վերաբերում է բիզնեսում շահագրգիռ կողմերին, տեղեկացնենք, որ Մեհրաբ Ալոյանի որդին, ինչպեսև նշել էինք, երկրի իշխանությունների ձեռամբ նույնպես մեկուսացված է ընտանեկան բիզնեսից: Մնում են սպանված Շաբաբ Ալոյանի հարազատները, որոնք երկրի իշխանությունների հովանավորությամբ հաջողությամբ վարում են «4 room» առևտրի կենտրոնի գործերը` ստանալով հսկայական եկամուտներ: Հիշեցնենք, որ սպանված Շաբաբ Ալոյանի եղբայրը` Ջամալը, ՈՒկրաինայի ՆԳ նախարարի մտերիմ ընկերն է:
Իսկ խոշոր փողերի ու թափված արյան շրջանակում ապրող մարդկանց շահախնդրությունն ու վրիժառությունն անսահման է: Վտանգի տակ է ոչ միայն Մեհրաբ Ալոյանը, այլև նրա գործի վրա լույս սփռելու նպատակ հետապնդողները, որոնց գրեթե բոլոր փորձերը բախվել են ինչպես իրավապահների, այնպես էլ նրանց տանիքի տակ «բեսպրեդելի» օրենքներ հաստատողների մեթոդներին: Գործը հետաքննող լրագրող Անատոլի Շարիան իր ու իր ընտանիքի նկատմամբ իրականացվող հետապնդումներից ու մահվան սպառնալիքներից փրկվելու համար ստիպված է եղել լքել ՈՒկրաինան և ապաստան փնտրել եվրոպական երկրներից մեկում: ՈՒկրաինական լրատվամիջոցները բազմիցս գրել են, որ Շարիայի դեպքը եզակի չէ, և նույն գործի շրջանակում արդարադատություն ու ճշմարտություն փնտրող բոլորը վտանգի ու սպառնալիքների տակ են:
Վերադառնալով Մեհրաբ Ալոյանին մեկուսացնելու գաղափարի վարկածին, տեղեկացնեմ, որ համացանցում կա մի տեսանյութ, որում Շաբաբ Ալոյանի սպանությունից մի քանի ամիս անց (Մեհրաբ Ալոյանը դեռ ձերբակալված չէ) նրա որդին` Արթուր Ալոյանը, պատվիրում է իր հորեղբոր` Ջամալ Ալոյանի բիզնեսի մրցակցի սպանությունը և մարդասպանի հետ պայմանավորվում է, որ եթե հանկարծ ոստիկանության ձեռքն ընկնի, ասի, որ պատվիրատուն Մեհրաբ Սուսլովն է եղել:
http://mybignews.ru/video/o-politike/zakaz-ubijstva-onlajn.html
Տեղեկացնենք, որ այս սպանությունը առեղծվածային պայմաններում կանխվել է, իսկ պատվիրատու Արթուր Ալոյանը, 7 ամիս ձերբակալված լինելուց հետո, ազատ է արձակվել, նրա նկատմամբ քրեական գործ չի հարուցվել` ոչ բավարար հիմքերի պատճառով: Ավելին, Արթուրն ու հորեղբայրը` Ջամալը, հանդես են գալիս որպես Մեհրաբ Ալոյանի գործով հիմնական տուժողներ:
Մեհրաբ Ալոյանի պատմությունը թերևս եզակի չէ` նրա նկատմամբ ուկրաինական կույր արդարադատության կիրառած ապօրինությունների, նվաստացումների, խոշտանգումների ու անարդարության իմաստով, քանի որ երկրի իրավապաշտպաններն ուղղակի ահազանգում են այս իրավիճակի մասին: Սակայն Մեհրաբ Ալոյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է և հույս է փայփայում, որ հայրենիքն իրեն կաջակցի և կօգնի վերականգնելու իր քաղաքացու ոտնահարված իրավունքները:
Նա շարունակում է պայքարել իր իրավունքների համար և ՈՒկրաինայի եռաստիճան դատական համակարգում իր գործի քննությունը սպառելուց հետո Հայաստանի փորձառու փաստաբանների միջոցով դիմելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Իսկ մինչ այդ, բանտում անցկացրած նրա օրը կարող է վերջինը լինել (նրա փաստաբանները հավաստիացնում են, որ Մեհրաբ Ալոյանի կյանքին վտանգ է սպառնում): «Ես չէի պատկերացնում, որ նման «բեսպրեդել» հնարավոր է, որ բանտը կարող է դժոխքից սարսափելի լինել: Չէի պատկերացնում, որ բանտում օտարությունն այսքան անտանելի կարող է լինել, որ կովկասցի լինելու հանգամանքը կարող է դառնալ խոշտանգման պատճառ: Թեկուզ բանտում, բայց գերադասում եմ հայրենիքում լինել, որտեղ կկարողանամ պայքարել ու ապացուցել իմ անմեղությունը»,- փոխանցել է Մեհրաբ Ալոյանը:


Գոհար ՄՌԱՎՅԱՆ
Հ. Գ.- irates.am-ը կհետևի դեպքերի զարգացմանը և կտեղեկացնի գործի ընթացքի մասին:

Դիտվել է՝ 1692

Մեկնաբանություններ