Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ինչպես ընտրել «ճիշտ» ձմերուկ

Ինչպես ընտրել «ճիշտ» ձմերուկ
09.07.2013 | 11:58

Ձմերուկի սեզոնն էլ եկավ. մնում է իմանալ, ինչպես ճիշտ ընտրություն կատարել, որպեսզի հետո չափսոսաս:

«Ձմերուկագետները», բոլոր դեպքերում, խորհուրդ են տալիս չշտապել ձմերուկ գնելիս: Ավելին, եթե «իսկական» ձմերուկ եք ուզում, ապա ստիպված եք սպասել մինչև ամառվա վերջ: Անշուշտ շատերը կհամաձայնեն, որ ձմերուկ գնելու լավագույն ժամանակը համարվում է օգոստոսի վերջը կամ սեպտեմբերի սկիզբը: Դա այն ճիշտ ժամանակն է, երբ ցանկացած միրգ հասունանում է ինքնուրույն, ոչ թե քիմիական նյութերով: Իսկ եթե չեք համբերում և ուզում եք հնարավորինս շուտ զգալ հյութեղ ձմերուկի յուրահատուկ համը, ապա հարկավոր է գոնե իմանալ ձմերուկին առնչվող մի քանի կարևոր կանոններ:

Այսօր ոչ միայն ձմերուկ, այլև տարբեր պտուղ-բանջարեղեն գնելիս պետք է զգույշ լինել, որովհետև շատ հողագործներ անհաս պտուղները պարարտացնում են մի շարք քիմիական նյութերով, որոնք վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Այս նպատակով հիմնականում գործածվում են ազոտային պարարտանյութեր` նիտրատներ, որոնք հողից շատ արագ անցնում են ձմերուկի միջուկի մեջ: Նիտրատները կարող են մինչև իսկ օնկոլոգիական հիվանդություններ առաջացնել: Ուստի ձմերուկի ընտրության հարցում հարկավոր է շատ հետևողական լինել:

Այսպես, եթե ձմերուկը հագեցած է նիտրատներով, այն պետք է ունենա հետևյալ մի շարք դրսևորումները.

1. միջուկի ինտենսիվ կարմիր գույն` մանուշակագույն երանգավորմամբ,

2. միջուկից դեպի կեղևը գնացող թելիկների ոչ թե սպիտակ, ինչպես հարկն է, այլ դեղնավուն երանգ,

3. «սխալ» ձմերուկի կտրված մակերեսը հարթ և փայլուն է, դա նշանակում է, որ այդ ձմերուկը չի տեսել արևի բավարար ջերմություն ոչ քաղցր է ոչ հյութեղ, իսկ «ճիշտ» ձմերուկինը շողշողում է մանր անհարթություններով, դա էլ նշանակում է, որ հասունացել է ժամանակին և հենց ձեր ուզածն է:

4. ձմերուկի միջուկից մի փոքրիկ կտոր գցեք մաքուր ջրի մեջ և տրորեք. եթե ձմերուկը լավն է, ջրի գույնը թեթևակի կմգանա, իսկ եթե այն պարունակում է վտանգավոր նյութեր, ջուրը կդառնա կարմիր կամ վարդագույն:

Պետք է ուշադրություն դաձնել նաև ձմերուկի արտաքին տեսքին

Ոչ մի դեպքում պետք չէ գնել վնասված կեղևով կամ արդեն կտրված ձմերուկ: Նույնիսկ աննշան ճեղքվածքը բավական է, որպեսզի օդի ազդեցությամբ բակտերիաները շատ արագ բազմանան վնասված պտղի քաղցր մակերևույթի վրա, որից հետո նման ձմերուկը կարող է հանգեցնել ստամոքս-աղիքային համակարգի խաթարումների:

Ձմերուկի հասունությունը կարելի է որոշել ըստ այն ձայնի, որն առաջանում է կեղևը կտկտացնելիս: Եթե ձայնը խուլ է, ուրեմն ձմերուկը դեռ անհաս է, իսկ չափազանց զրնգուն ձայնը վկայում է գերհասած ձմերուկի մասին: Հետևաբար հարկավոր է ընտրել այս երկուսի միջինը:

Հասած ձմերուկի պոչը պետք է լինի դեղին և չորացած, իսկ կեղևը պինդ, եղունգով հնարավոր է չէ այն քերծել: Եթե վաճառողը ձմերուկի կեղևը կտրել է`ուրեմն նա ձեզանից ինչ-որ բան է թաքցնում, մի վերցրեք այն:

Ի վերջո, եթե արդեն ձմերուկն ընտրել եք , ուրեմն կտրելուց առաջ այն պետք է մանրակրկիտ լվանալ, քանի որ ձմերուկի կեղևի վրա պահպանվում են հողի, փոշու մնացորդներ, տարբեր միկրոօրգանիզմներ, որոնք ինչպես հարկն է չլվանալու դեպքում կարող են դառնալ ստամոքսային ինֆեկցիաների պատճառ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ