Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Եթե նախարարությունը տեղում լիներ, ծիրանն էլ ծիրան կլիներ

Եթե նախարարությունը տեղում  լիներ, ծիրանն էլ ծիրան կլիներ
28.06.2013 | 12:07

«Ի՞նչ արժե ծիրանը»,- հարցրի Արմավիրի մարզի ճանապարհին ծիրան վաճառողին։ «100 դրամ»,- ասաց նա։ «100 դրա՞մ»,- չհավատալով աներևակայելի էժան գնին` հարցրի ես։ «Լավ, լավ 70 դրամ»,- վախվորած ասաց գյուղացին, և իմ սկզբի զարմանքը տխրության վերածվեց։ Նայում էի արևից սևացած, հողի ու ջրի հետ կռիվ տված մոտ 40 տարեկան կնոջ ժամանակից շուտ ծերացած դեմքին և ձեռքերին ու մտածում` այս ինչ օրի են հասցրել գյուղացուն։
Գյուղացուն, որն ապահովում է տնտեսության աճի զգալի հատվածը, կերակրում է ժողովրդին։ Նա այսօր վախենում է իր վարած ցանածի, աշխատանքի գինն ասելուց, վախենում է անգամ, որ 70 դրամով չառնեն ծիրանը։ Նայում ու մտածում էի` ինչո՞ւ է գյուղացին մենակ մնացել իր բերքի հետ։ Ինչո՞ւ նա չի կարող արժանապատիվ վաճառել իր աշխատածը, ինչո՞ւ այդ նույն ծիրանը մայրաքաղաքում 400-650 դրամով է վաճառվում, իսկ դրանից լավը` յուրահատուկը` 800-1500 դրամով։ Ինչո՞ւ վերավաճառողները շահում են գյուղացու հաշվին։ Ինչո՞ւ պայմաններ չեն ստեղծվում, որ Վրաստանից գան և Արմավիրից ծիրան արտահանեն։ Ինչո՞ւ է սա դարձել խնդիր, որի դեմ բողոքում են գյուղացիները։ Ինչո՞ւ տեղական վերամշակող ձեռնարկությունները և արտահանող ընկերությունները 200 դրամ և դրանից ցածր գին են առաջարկում արմավիրցիներին։ Եվ վերջապես, ինչո՞ւ գյուղատնտեսության նախարարությունը, խոստումներից բացի, հստակ քաղաքականություն չի իրականացնում այս բոլոր «ինչու»-ներին լուծում տալու համար։
Համոզված ենք, որ գյուղատնտեսության նախարարությունը մեր այս «ինչու»-ներն անհիմն կհամարի, հիմնվելով ազատ շուկայական տնտեսության քաղաքականության վրա։ Սակայն իզուր։ Նախ նկատենք, որ գյուղատնտեսության զարգացման քաղաքականության մշակողն այդ նախարարությունն է, նկատենք նաև, որ բարձրացված խնդիրները չեն տեղավորվում զուտ տնտեսավարողների շրջանակներում, քանի որ բերքի ծավալները և իրացման գործընթացն են ապահովելու գյուղատնտեսության ցուցանիշները, որը ձևավորելու է ՀՆԱ-ի կառուցվածքը։ Բացի դա, նախարարությունը պետք է նպաստի, որ արտադրող և սպառող, այսինքն` վերամշակող ձեռնարկությունների ու արտահանողների հարաբերությունները լինեն առողջ մրցակցային։
Բայց ի՞նչ առողջ մրցակցության մասին կարող է խոսք լինել, եթե որակյալ ծիրանը գյուղացին վաճառում է 100 դրամով և պատրաստ է իջեցնելու գինը, իսկ մայրաքաղաքում այն վաճառվում է 400-650 դրամով։ Սա ոչ թե մրցակցություն է, այլ թալան։ Եթե տեղի արտահանողները 200-ից ավելի գին չեն տալիս արմավիրցիներին, իսկ մյուս կողմից` բարձր գին տվողների, այսինքն` վրացի արտահանողների համար խնդիրներ են ստեղծվում մուտքի առումով, ապա չպետք է ենթադրել, որ վրացիների համար խնդիրներն արհեստականորեն են ստեղծվում, որպեսզի տեղի արտահանողը շահի։ Թող շահի տեղական գործարարը, բայց ոչ ի հաշիվ գյուղացու։ Հակառակ դեպքում այս ամենը նմանվում է պայմանավորված «ռեկետի»։ Ազատ շուկայական տնտեսության քաղաքականության հիմքերից մեկը մրցակցության ապահովումն է, որն այս դեպքում, կարելի է ասել, չի կիրառվում։ Մի խոսքով հարցեր, հարցեր, որոնք կուտակվելով լուրջ սոցիալական դժգոհություն են առաջացնում, ու լարվածությունը վերածվում է բողոքների և ցույցերի։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2184

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ