ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Սրտի խոսք 21-րդ դարի հայ երիտասարդին

Սրտի խոսք 21-րդ դարի հայ երիտասարդին
21.06.2013 | 11:56

Պողոս առաքյալն ասում է. «Չգիտե՞ք, թե նրանցից, որ ասպարեզում վազում են,- թեև բոլորն են վազում,- միայն մեկն է առնում հաղթության մրցանակը: Այնպես վազեք, որ հասնեք դրան» (Ա. Կորնթ. 9:24-25):
21-րդ դարի սիրելի հայ երիտասարդ, ես Հայաստանյայց առաքելական մեր Սուրբ և Մայր եկեղեցու պարզ սպասավոր եմ, ու իմ սերը եկեղեցու նկատմամբ սկսվել է տասը տարեկանից, երբ ես իմ առաջին քայլերն էի կատարում հոգևոր ասպարեզում, աշխարհում հայտնի առաջին քրիստոնյա քաղաքում, որը կոչվում է Էջմիածին, այսինքն` իջավ Միածինը: Ես ծնվել եմ, գուցե շատերին զարմանալի թվա, ուղղակի Սուրբ Էջմիածնի վանքի սենյակներից մեկում, քանի որ, Բեյրութից ներգաղթելուց հետո, մեզ այնտեղ բնակվելու հնարավորություն էր տրվել, որովհետև հորեղբայրս սարկավագ էր: Ավելի զարմանալին այն էր, որ 13 տարի հետո, Աստծու նախախնամությամբ, ես վերադարձա Վանք, այս անգամ իբրև Սուրբ Էջմիածնի հոգևոր ճեմարանի ուսանող: Սա պատահականություն չէր, այլ Աստծու կամքն էր: Այսպես էր գրված իմ կյանքի գրքում: Հայրենիքում վիճակը այլ էր, անհնարին է համեմատել ամերիկյան փոթորկոտ կյանքի հետ: Այստեղ ա՛յլ են պայմաններն ու հնարավորությունները: Ամերիկան «ավետյաց երկիր է», արտահայտվում են նրանով հիացած մարդիկ: Այստեղ ազատություն է, ազատություն և նորից ազատություն, որը 21-րդ դարի հայ երիտասարդին հնարավորություն է տալիս ունենալու «շուտ տեղ հասնելու և հարստանալու» ցանկություն: Աշխարհը մեծ քայլերով առաջ է գնում, նա ինչպե՞ս կարող է սպասել վաղվան, այդքան համբերություն նրան ո՞վ է տվել: Նրա շուտ հարստանալու ցանկությունը անհամբերության արտահայտություն է: Ընդհանուր մի երևույթ է սա, որ աշխարհի բոլոր երկրների ու ժողովուրդների երիտասարդների մեջ նույն ձևով է արտահայտվում. «Ինչպե՞ս անեմ, որ շուտ հարստանամ», և այս ճանապարհին, ցավոք, շատերը իրենց մարմինները փչացնում են բանտերի մութ խցերում, առանց հասնելու «երազային բարձունքների»:
Հայ երիտասարդ, այս բոլորն ասում եմ միայն մի նպատակ ունենալով, որ արթնանաս: Ինձ թվում է, թե դու քնած ես, ոչինչ չես զգում, ամեն ինչ անում ես առանց զգալու, թե ո՞ւմ և ի՞նչ նպատակի համար` ինքդ էլ չգիտես:
ՈՒզում եմ մանրամասնել իմ «արթնացի՛ր» խոսքը:
Իմ փորձառությունից ելնելով, ուզում եմ, որ դու աչքերդ բացես, ժամանակ գտնես ու մի անգամ գոնե քեզ նայես հայելու մեջ, խոր, շատ խոր, ոչ թե մի քանի րոպե, այլ երկա՜ր, երկար, աչքերիդ միջից թափանցելով հոգուդ խորքը, քննելով քեզ, թե ո՞վ ես դու, ինչպիսի՞ն ես դու, քո լավ կողմերն ու թերությունները, ամեն, ամեն ինչ, ինչ քեզ է վերաբերում ու քո ներքին աշխարհին: Ժողովուրդն ասում է. «Մարդու աչքերը հոգու հայելին են»: Եվ ճիշտ է բնորոշում: Մի՛ կարծիր, թե հեշտ է, մտնել հոգուդ խորքը, ուսումնասիրել և քայլեր կատարել: Դա միայն ու միայն կարող ես անել աղոթքի միջոցով, երբ հոգիդ մաքրես զանազան մեղքերից: Այն ժամանակ միայն կզգաս հոգուդ մաքրությունը:
Գիտեմ, որ դու հիմա չես կարող դա անել, որովհետև շատ ես զբաղված զանազան գործերով. աղոթքի ժամանակ չունես: Ափսո՜ս: Շա՜տ ափսոս: Դու պետք է տարբերես կարևորը անկարևորից, արժեքավորը անարժեքից: Կան արժեքներ, որոնք մնայուն են ու հավիտենական:
Լավ, փորձեմ մի պահ նկարագրել քեզ. սկսենք քո թերություններից, չնայած ես չեմ սիրում մարդու սխալներից սկսել, բայց այս անգամ թող այդպես լինի:
Ինչպիսի՞ն ես դու, 21-րդ դարի հայ երիտասարդ:
Եսասե՞ր, դրամասե՞ր, խաղամո՞լ, հարբեցո՞ղ, թե՞ հայհոյող:
Ո՞րն ես: Բոլո՞րը: Եթե միայն մեկ երիտասարդին է վերաբերում, շատ է, իսկ եթե ընդհանուր վերցնենք` հնարավոր է, որ ամեն մեկը մի բան ունենա: Ճի՞շտ եմ:
Դու կարող ես առարկել, թե սրանցից ոչ մեկը չես ունեցել և չունես, երանի, բայց, դժբախտաբար, իրականությունը տարբեր է, ու օրինակներն էլ շատ են: Ես չեմ սիրում բացասական կողմերի մասին շատ խոսել, ուստի հիմա խոսեմ քո դրական կողմերի մասին: Զարմանալիորեն վերևում հիշված թերություններիդ կողքին դու ունես սքանչելի և օրինակելի բնավորության գծեր, որոնք եթե գործադրես, կլինես ամենալավ հայ երիտասարդը: Իսկ ինչո՞ւ ոչ:
Իսկ որո՞նք են դրանք.
Մարդասեր, ծնողասեր, ընկերասեր և բարեկամասեր:
Եթե որևէ մեկը քո թերություններն ու բարեմասնությունները համեմատի իրար հետ, կարող է և զարմանալ: Չնայած դու հինգ թերություն ունես, որոնցից մի քանիսն էլ մոլություն են, ունես նաև չորս հրաշալի առաքինություն, որոնք կարող են քեզ պատիվ բերել: Ի՞նչն է խանգարում քեզ այս չորս առաքինությունները մշտապես օգտագործել: Շատ քիչ բան: Բա՛ց աչքերդ ու մտածիր, թե ով է քո արած հաճույքներից գոհ մնացել: Հաճույքներ, հաճույքներ, արդյոք դրանք միայն քե՞զ համար են: Բաց աչքերդ ու հասկացիր, որ աշխարհի ոչ մի հզոր տիրակալ իր հետ ոչինչ չի տարել: Վերցնենք պատմությունից Ալեքսանդր Մակեդոնացուն, որն աշխարհը ծնկի բերեց ու ենթարկեց իրեն: Հզոր տիրակալ էր, չէ՞: Ի՞նչ եղավ: Մեռնելուց առաջ հասկացավ, որ ինքը իբրև մարդ ոչինչ է ու զղջաց, և իր հրամանատարների հարցին, թե` «Ո՞Ւմ ես թողնում աշխարհը», պատասխանեց. «Հզորագույնին»: Նա իր կյանքի մայրամուտին լավ էր հասկացել, թե ո՛վ է Ամենաուժեղը` Աստված: Աստծու զորության առաջ բոլոր բռնակալները ծնկի են եկել ու գալիս են այսօր: Երանի՜ ավելի շուտ հասկանային ու գիտակցեին. աշխարհի շատ փոթորիկներ, որ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դարձան, կկանխվեին ու չէին լինի:
Հայ երիտասարդ, քեզ եմ հարցնում, ո՞ւր է հավատդ, ո՞ւր մնաց քո սրտի ու հոգու մեջ և ճակատիդ դրոշմված հայ քրիստոնյայի մյուռոնով օծված հավատդ: Քո պապերը իրենց արյունը թափեցին «հանուն հավատի և հանուն հայրենիքի»: Իսկ դո՞ւ...
Իսկ դու, թողած քո հրաշալի բարեմասնությունները, որոնք քեզ ու մանավանդ ծնողներիդ պատիվ կբերեն, ընկել ես անպատվաբեր ու ժամանակավրեպ մոլությունների հետևից. թմրամոլություն, հարբեցողություն, գողություն, խաղամոլություն: Պողոս առաքյալն ասում է. «Ի՞նչ օգուտ կունենա մարդ, եթե ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի» (Մատթ. 16:26):
Բաց աչքերդ ու քեզ լավ նայիր, թե դու ի՞նչ ես շահել: Ոչինչ, ընդհակառակը, դրանց երեսից դարձել ես թուլամորթ, վախկոտ, հավատից հեռու, կամքից թույլ մի մարդ, որը գերի է դարձել այս մոլություններին: Փոխանակ պայքարելու կյանքի դժվարությունների դեմ, նմանվել ես այն նավին, որի նավապետը ղեկը թողել է ալիքների հույսին, նրանք էլ ուր ուզում, քշում են այն, մինչև որ ժայռերին դիպչելով փշուր-փշուր լինեն: Ամուր բռնիր կյանքիդ ղեկը: Աստծու նկատմամբ ունեցած սերդ գործի վերածիր:
Հայ երիտասարդ, սիրիր կյանքը, ապրիր նրանով, սակայն ինչ էլ անես, ամեն ինչ չափով արա, որ բոլորի համար էլ հաճելի լինի: Երբ նեղություն ունենաս, Աստծուն աղոթիր, և նա կօգնի քեզ, որ հավատդ գործով ապացուցես: Հակոբոս առաքյալն ասում է. «Ինչպես որ մեռած է մարմինը առանց հոգու, այնպես էլ մեռած է հավատը առանց գործերի» (Հակ. 2:26)։ Աղոթքով խնդրիր Բարձրյալի ներողամտությունը:
Հիսուս ասում է. «Փշերից թուզ չեն քաղում և ոչ էլ մորենուց` խաղող: Բարի մարդը իր սրտի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը չարն է բխեցնում, որովհետև սրտի ավելցուկից է, որ խոսում է նրա բերանը» (Ղուկ. 6:44-45):
Դու եղիր այդ բարի մարդը, որն իր սրտի գանձերից բարին է բխեցնում:
Սիրելի հայ երիտասարդ, զավակիս պես քեզ սիրում եմ ու դրա համար էլ ցավում եմ քո այսպիսի վիճակների համար:
Աստծու քեզ տված կյանքը ամենից թանկագին նվերն է, որը ոչ մի բանով չես կարող փոխարինել, եթե այն այսօր իմաստնությամբ չօգտագործես, վաղն արդեն ուշ կլինի:
Կ. Պոլսի Հայոց պատրիարք Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանը հրաշալի է բնութագրում սրբերի կյանքը, թե ովքեր են եղել նրանք. ուշադիր կարդա և, իբրև հայ քրիստոնյա երիտասարդ, օրինակ վերցրու նրանց սրբակենցաղ կյանքից.
«Սրբերը թելադրում եմ մեզ, իրենց կյանքով ու խոսքով, որ միշտ և անսայթաք Աստծու ու Արդարության կողմը կանգնենք, հակառակ ամեն բանի և ի գին ամեն զոհողության: Միշտ սրբության ու քաջության ձգտենք: Միշտ պատրաստ լինենք փոքր, աշխարհիկ, տգեղ ու ժամանակավոր բաները զոհելու մեծագույն, հոգևոր, ազնիվ ու հավիտենական բարիքների համար: Որով մեզ տրված այս երկրավոր կյանքը այնպես գործածենք ու արժևորենք, որ շահենք և ժառանգենք, ի վերջո, հավիտենական երանական կյանքը, ինչպես սրբերը արեցին` «չարերին պարտության մատնեցին, նեղություններին համբերեցին և արժանի եղան լուսեղեն ու անթառամ պսակներին» (Շնորհք պատրիարք Գալուստյան, «Հայազգի Սուրբեր», Իսթանպուլ, 1982, էջ 17):
Աստված թող քեզ օգնական ու պահապան լինի, ոտքդ թող քարին չդիպչի, ինչպես բարեմաղթում են մեր մեծերը: Արթնացիր ու տես, թե աշխարհը ինչքան գեղեցիկ է, ապրիր, ստեղծիր ու շնչիր նրանով և մի՛ մոռացիր, որ հայ ես, հայրենիք, եկեղեցի ու Սուրբ Էջմիածին ունես, և ոչ միայն հիշիր, այլև կյանքիդ օրինակով ցույց տուր սերդ ու նվիրվածությունդ:
Իմ այս խոսքը վերջացնում եմ Հիսուսի խրատով.
«Մի՛ դատեք, որ Աստծուց չդատվեք, մի՛ դատապարտեք և չպիտի դատապարտվեք, ներեցե՛ք, և ներում պիտի գտնեք Աստծուց, տվեք և պիտի տրվի ձեզ… այն չափով, որով չափում եք, նույն չափով պիտի չափվի ձեզ համար» ¥Ղուկ. 6:37-38):
Օրհնյալ լինես:

Հոգևոր հայրդ`
Հովսեփ ավագ քահանա ՀԱԿՈԲՅԱՆ
Բրբենկ,
Կալիֆոռնիա

Դիտվել է՝ 2370

Մեկնաբանություններ