Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Դուք ալ հոստեղեն չե՞ք

Դուք ալ հոստեղեն չե՞ք
25.05.2013 | 15:05

Պատմությունը, իհարկե, նախասկիզբ ունի, որ նույնպես հագեցած է հետաքրքիր մանրամասներով, որոնք բոլորն ավարտվում են նույն նախադասությամբ` «Վճարեք 1 (2,3) հազար դրամ», բայց հիմա ուզում եմ անդրադառնալ ոչ թե իմ ոդիսականին, այլ` կիրթ, բարեհամբույր ու Հայաստանյան բարքերին անսովոր երիտասարդ սիրիահայ Ջորջիո-Գեորգի-Խորխե Խաչատուրյանի: Ինչու՞ համարյա իսպանական անուն: Հենց այդպես: Մարդու անունը Ջորջ է, այդ անունով ապրել է 27 տարի և ոչ ոք նրան չի ասել, որ քո անունը Գեորգի է կամ Խորխե: Մարդը եկել է Հայաստան, գույքի տեղափոխման խնդիր է ծագել և հայտնվել է Կենտրոնի նոտարական գրասենյակում` ահա այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը` առավոտյան ժամը 10-ից երիտասարդը նոտարիատի աշխատակիցների ակտիվ մասնակցությամբ փորձում է հասկանալ ինչու՞ է իր անունը այդքան խնդրահարույց: Անունը, իհարկե, բոլորովին խնդրահարույց չէ, փաստաթուղթն էլ բոլորովին խնդրահարույց չէ, բայց սիրիահայ երիտասարդը մոռացել էր, որ Հայաստանում է, որտեղ օրենքները ինչ էլ ասեն, վճռորոշը մարդկային գործոնն է: Ինչպես բոլորը` նա էլ ամեն մի թղթի համար համապատասխան հազարը (1-3) վճարելուց հետո կանգնել էր փաստի առաջ` աշխատակիցը ոչ մի կերպ չէր ուզում փաստաթղթի վրա գրել Ջորջ ու տևականորեն համոզում էր, որ նրա անունը Գեորգի է և պատճառաբանում էր, որ եթե մեկ տառ իսկ սխալ լինի, սահմանի վրա պրոբլեմներ կունենա: Սիրիահայը ասում էր` գրեք ինչպես անձնագրում է, ոչ` ասում էր աշխատակիցը, գնացեք պարզեք, ես հավես չունեմ նույն թուղթը մի քանի անգամ գրեմ: Ասում էր բավականին ջղայնոտ ու կոպիտ, այնպես, որ կիրթ ու բարեհամբույր սիրիահայը մոլորված ժպտում էր` ինչու՞ այդքան անկիրթ ու այդքան անբարեհամբույր: Նա գուցե այդպես էր չհասկացավ, բայց պատճառը շատ պարզ էր` նրան ուղիղ երեք անգամ ուղարկեցին նոտարիատի շրջակայքի տարբեր թարգմանիչների մոտ` ճշտելու, թե իր անունը ինչ է, իսկ բոլոր թարգմանիչները ունեն իրենց գինը: Նոտարիատի զգոն աշխատակցուհին չէր բավարարվում թարգմանչի պատասխանով այնքան, մինչև երիտասարդը գնաց հենց այն թարգմանչի մոտ, ում ինքը վստահում էր: Ժամը 12.30-ին մոտ վերջապես, նոտարի բարձր թողտվությամբ, կայացվեց հենց այն որոշումը, ինչ առաջարկում էր երիտասարդը` փաստաթղթում գրվեց անձնագրի լատինատառ անունը, որ ով ինչ ուզում է կարդա:

Ես ոչինչ չէի գրի, եթե չլիներ երիտասարդ սիրիահայի մոլորված ժպիտը ու մեկ նախադասությունը` «Սիրիա ասանկ պաշտոնյաներ չեն աշխատեր»: Ես չգիտեմ` կմնա նա Հայաստանում, թե կվերադառնա Սիրիա կամ կմեկնի այլ երկիր, բայց գիտեմ, որ «ասանկ պաշտոնյաների» կամայականությունները շարունակվելու են: Պետական տուրքից բացի ամեն փաստաթղթի համար գանձվող բոլոր վճարները անօրինական են, որևէ կտրոն չի տրվում քաղաքացուն առ այն, որ նրանից ստացվել է այդքան գումար` այսինչ ծառայության դիմաց: Բոլորը գիտեն և ոչ ոք չի կանխում, չի էլ փորձում օրինականացնել գումարը, որ հայտնի չէ` ում գրպանն է գնում: Իսկ եթե այդ գումարները օրինական են, թող գնացուցակը ներկայացվի քաղաքացուն: Ստացվում է, որ փաստաթղթային առումով պետության հետ ցանկացած փոխհարաբերություն քաղաքացու համար նշանակում է նույն թղթի համար մի քանի անգամ գնալ-գալ (հաճախ տարբեր տեղեր, նայած` որ պաշտոնատարը ինչ է գերադասում), վճարել օրինական ու անօրինական վճարները, և` ամբողջ գործընթացում իր դիմաց տեսնել գերզբաղված, գերհոգնած, գերանհավես մի մարդու, ում միակ նպատակը ձեզնից պահ առաջ ազատվելն է:
Ջորջիո-Գեորգի-Խորխե Խաչատուրյանը, երբ վերջապես հաստատեց իր Ջորջ անվան իրավունքը, աշխատակցին հարցրեց. «Իսկ որ Ջորջ Բուշը գար Հայաստան, նրան Գեորգի՞, թե՞ Խորխե էիք ասելու» և ստացավ հիասքանչ պատասխան` «Ջորջ Բուշն ո՞վ է»: Սա Հայաստանն է, և մարդիկ այստեղ ամեն ինչ գիտեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ.-Երբ Ջորջ Խաչատուրյանին հաջողություն մաղթեցի իր մյուս գործերում, շատ ուրախացած հարցրեց «Դու՞ք ալ հոստեղեն չեք»:

Դիտվել է՝ 1587

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ