Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Դավթաշենի զբոսայգին վերածվել է շինհրապարակի

Դավթաշենի զբոսայգին  վերածվել է շինհրապարակի
21.05.2013 | 10:57

Երևանի Դավթաշեն թաղամասի Տիգրան Պետրոսյան-Փիրումյան փողոցների խաչմերուկում գտնվող «Ռուբեն Գևորգյանից (նախկին ԱԺ պատգամավոր) դավիթաշենցիներին` որպես հարգանքի և սիրո անհատույց նվեր» ցուցանակը կրող զբոսայգին, որի դարպասները բնակիչների առջև փակվել էին երկու տարի առաջ, մեկ ամսից ավելի է, ինչ վերածվել է ահռելի շինհրապարակի: Ավերված այգում և հարող տարածքում այսօր կտրված ու արմատախիլ արված դալար ծառերի ու թփերի կուտակներ են, իսկ նախկին ծառուղիներում` ցաքուցրիվ շինանյութեր ու քարեր:
Ավերված զբոսայգու առմուտքին տեղակայված մեծածավալ գծանկարն ազդարարում է, որ նշված տարածքում Արմենուհի Գևորգյանը (Ռուբեն Գևորգյանի դուստրը) կառուցելու է «Մանկական բազմաֆունկցիոնալ կենտրոն»:
Ասել է` տարիներ հետո վերոնշյալ տարածքում կգործի գործառնական կառույց (իհարկե, վճարովի), որն իր տանիքի տակ պատրաստակամորեն կընդունի մայրաքաղաքի և թաղամասի տարբեր տարիքի երեխաների, ովքեր (եթե անգամ բնատուր շնորհք չունեն) «բազմաֆունկցիոնալ» հաճախելուց հետո ապագայում կդառնան անպայման տաղանդավոր, Հայաստանը շենացնող մարդիկ: Ի՜նչ հրաշալի կլինի, չէ՞:
Իսկ բնակիչների կարծիքով, շատ ավելի լավ կլիներ, որ բազմաֆունկցիոնալի փոխարեն նախկին զբոսայգին շարունակեր գործել և ընդարձակվեր կողքի ամայի տարածքների հաշվին, որտեղ երեխաները բազմաշնորհ դառնալուց առաջ կարողանային մաքուր օդ շնչել, ազատ վազվզել կանաչ գոտիներում, շատ ավելի դյուրին ընկալել և սովորել խաղալով, որի հնարավորությունից լրիվ զրկված են:
Ասեմ, որ նախկին խորհրդային տարիներին, երբ կյանքի կոչվեց Դավթաշեն տիպարային թաղամասը, վերջինիս չորս ենթաթաղամասերից յուրաքանչյուրում արդեն ցանկապատվել, առանձնացվել և գործում էին նաև մանկական ընդարձակ կանաչապատ խաղահրապարակներ: Դրանք, 1990-ականներին, թաղապետարանի «բարեկարգման նպատակով» տրված թույլտվությունների անվան տակ, հիմնահատակ քանդվեցին` մեկընդմիշտ մնալով ավտոտնակների և այլ նշանակության բետոնապատ կառույցների տակ:
Այսօր թաղամասի հատուկենտ շենքերի բակերում, հազիվ պահպանված կարպետաչափ նախկին կանաչ գոտիներում, մեծերի հսկողությամբ մի կերպ խաղում են 3-4 տարեկանները: Ինչ մնում է 6-14 տարեկաններին, ապա նրանք խաղալու տեղ չունեն անգամ շենքամերձ մի քանի մետր տարածքներում` առավոտից երեկո այնտեղ կայանած մեքենաների պատճառով: Այդ երեխաներից շատերն օրվա մեծ մասն անցկացնում են համակարգչի առջև` հիմնականում դիմելով դրա բազմահնար խաղերին, դրա միջոցով էլ ճանաչելով աշխարհը: Իսկ նրանք, ովքեր համակարգիչ ունենալու հնարավորությունից զուրկ են, աննպատակ հավաքվում են շենքերի փողոցներին հարող խուլ մասերում:
Խաղահրապարակներ և ընդարձակ տարածքներ չկան Դավթաշենի նաև առաջին և երկրորդ ենթաթաղամասերի արանքում գտնվող, մի քանի պոլիէթիլենային կամ պլաստմասսե անհեթեթ սղարաններով, ճոճանակներով խճողված զբոսայգում: Ի դեպ, վերջինիս ամենաընդարձակ մասում սրճարաններ ու զվարճանքի օբյեկտներ են, որոնք ամեն տարի ընդարձակվում են` կլանել-փոքրացնելով այգու կանաչ գոտին:
Ասեմ, որ Դավթաշեն թաղամասում, հազիվ պահպանված կանաչ տարածքների հաշվին, սնկի պես շարունակում են աճել և վեր հառնել նաև բազմատեսակ խանութներ, «թոնրատներ», վարսավիրանոցներ, առևտրի ահռելի կենտրոններ, ատամնաբուժարաններ, բենզալցակայաններ, ավտոտեխսպասարկման կետեր` կլոր տարին թաղամասին «պարգևելով» բացօթյա հսկայական շինհրապարակի տեսք:
«Եթե հաշվարկենք, այդ շինությունների քանակն ավելի մեծ է, քան մերը», - դառը քմծիծաղով ասում են բնակիչները:

Աստղ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Դիտվել է՝ 1234

Մեկնաբանություններ