ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Ակամա գաղթյալի ոդիսականը

Ակամա գաղթյալի ոդիսականը
17.05.2013 | 12:45

Սիրան Գևորգյանը հեռացել է Հայաստանից սրտի կսկիծով: Այժմ նա դստեր հետ արտերկրում է բնակություն հաստատել: Երբ տեղեկացա նրա ակամա արտագաղթի մասին, ոչ այն է զայրացա, ոչ այն է զարմացա. ներկա արտագաղթը դաժան երանգներ է ընդունում, հեռանում են ընտանիքներով, հաճախ նրանք, ովքեր սոցիալապես այս կամ այն չափով ապահով են: Սակայն իրավազուրկ են և անպաշտպան առանձին պետական մարմինների ոտնձգություններից: ՈՒ դատարան դիմելու փոխարեն «դիմում են» գաղթականի ցուպին: Բայց որն է բանը, ինչն է ստիպել ողջ կյանքը ճակատի քրտինքով ընտանիքի նվազագույն ապրուստն ապահովված և զավակ մեծացրած արդեն ոչ երիտասարդ կնոջը լքելու երկիրը: Պարզվում է` պատճառներ կան և` բավականին ծանրակշիռ: Սույն տարվա փետրվարի 23-ին Տերյան փողոցի 41 շենքի բնակիչ, 65-ամյա Գ. Մ.-ն վաղեմի սովորության համաձայն պատշգամբ է ելնում ծխելու: Ինչպես յուրաքանչյուրը, ով գիշերային լռության մեջ մեն-մենակ ծխում է, Գ. Մ.-ն ևս սիրում է մտորել և ակամա հետևել քնած քաղաքին: Նրա փորձառու աչքից չեն վրիպում քիչ տարօրինակ երեք այցելուները՝ զինվորական հագուստով: Սա, իհարկե, արտառոց մի բան չէր ու դժվար թե տպավորվեր տարեց տղամարդու մտապատկերում, եթե խորհրդավոր այցելուների այցից րոպեներ անց չայրվեր շենքի բնակարաններից մեկը և հրդեհին զոհ չգնային տիկին Սիրանի որդին և հաշմանդամ մայրը: Այս ահռելի վշտին գուցե և դիմակայեր Սիրան Գևորգյանը և, մայրական ու որդիական ցավը սրտում ամփոփած, շարունակեր ապրել ու աղոթել ամենաթանկ մերձավորների հոգիների խաղաղության համար: Գուցե, սակայն նա կասկածներ ունի, որ դա մահափորձ էր, ուղղված նաև իր դեմ, ինչից փրկվել է միայն երջանիկ պատահականությամբ. այդ ահասարսուռ գիշերը Սիրանը բացակայում էր հրի ճարակ դարձած բնակարանից, նա հերթափոխի էր հացի փռում:

Անկասկած, պիտի խոնարհվել այս կնոջ վշտի առջև, այնուամենայնիվ չստանձնել դատավորի դերն ու մեղադրանքներ չհնչեցնել պետական այս ու այն մարմնի հասցեին: Սակայն մի փաստ ուղղակի պարտադրում է քիչ այլ կերպ նայել այս ամենին, պարզվում է, որ հրդեհի հաջորդ օրը Գ. Մ.-ն իր բնակարանում մահանում է գազի արտահոսքից: Կրկին չստանձնելով դատավորի դեր, այնուամենայնիվ, անկարող ենք չընկնել տարակուսանքի գիրկը, չափից շատ են դաժան պատահարները միևնույն շենքի երկու բնակարաններում, մեկ օրվա տարբերությամբ:
Փորձեցի ըմբռնել, այնուամենայնիվ, թե ողբերգության այս շղթայում կա՞ն ինչ-ինչ օղակներ, որոնցից կառչելով հնարավոր կլինի գոնե հասկանալ, եղբայր, ինչն է պատճառը, որ ամենաթողի ճանապարհն է հատել այս համեստ ընտանիքը և արժանացել ահա նման ողջակիզման: Փորձս պիտի հասկանալի լինի ընթերցողի համար, տիկնոջը ժամանակին խնդրեցի փաստեր ու եղելություններ ներկայացնել, որպեսզի հրապարակումը առավել արժանահավատ լինի: Չցանկացավ: Ասաց միայն, որ որդու ընկերները՝ Սամվել Մելիքյանն ու Հայկ Գաբրիելյանը ճիշտ նույն հիմքերով ժամանակին հեռացան Հայաստանից: Հայկի վրա տարիներ առաջ մահափորձ էր կատարվել, իրենք բողոքներ էին հղել պատկան կառույցներին, փորձել հասնել արդարության:
Զրույցի վերջում Սիրան Գևորգյանը վստահեցրեց, որ գալու է ժամանակը և այս ամենի մեղավորները պատժվելու են: Առայժմ նա բավարարվում է նման հրապարակմամբ, քանի որ վստահ չէ, թե արդեն մեն-մենակ կարող է արդարության հասնել: Մեզ էլ մնում է հուսալ, որ այսուհանդերձ գալու է այն օրը, երբ ՀՀ քաղաքացիները իրապես պաշտպանված կլինեն օրենքով և արդարադատությամբ, սեփական երկրում: Սիրան Գևորգյանը, նրա դուստր Գայանե Գևորգյանը, համոզված եմ, նաև շատ շատերը, մի օր կվերադառնան հայրենիք, միայն թե` երբ այն կդառնա օրենքի երկիր։


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ