ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Քայլ դեպի երկինք

Քայլ դեպի երկինք
17.05.2013 | 11:03

Այո, յուրաքանչյուր նոր եկեղեցու ծնունդ քայլ է դեպի երկինք, քանզի երկինք տանող ընթացքը սկսվում է եկեղեցու սուրբ ավազանից, ասել կուզի` մկրտությունից։ Այս հենց այնպես չասվեց, որպես լրագրողական հնարովի գեղեցիկ խոսք, այլ անձամբ Հիսուսի խոսքերից կրկնվեց, երբ Նա Իր մոտ եկած հրեա իշխանավորին ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթե մեկը ջրից և Հոգուց չծնվի, չի կարող Աստծո Արքայությունը մտնել, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը` հոգի» (Հովհաննեսի ավետարան 3.5)։ Իսկ այս դեպքում ջրից և Հոգուց մարդը վերստին ծնվում է եկեղեցում, մկրտության սուրբ ավազանում, օծյալ հոգևորականի կողմից, ու այդ պատճառով էլ մենք նրանց տեր հայր ենք ասում, կամ էլ հայր սուրբ։ Այսքանը որպես անհրաժեշտ նախաբան մեր բուն նյութին անցնելուց առաջ։
Հայաստանյայց բոլոր լրատվամիջոցները վերջին օրերին բուռն կերպով ազդարարում էին Աբովյան քաղաքի նոր եկեղեցու բացման մասին։ Այդ լրատվական հեղեղի ու անվճար ավտոբուսներով այնտեղ հասնելու փափագը շատերի մեջ առաջացավ, որ մայիսի 14-ին նորաբաց հսկայական եկեղեցին անկարող եղավ բոլորին իր գիրկն ընդունելու, ավելի շուտ ուզենալու դեպքում էլ չէր ընդունի բոլոր ներկաներին, քանի որ այդ օրը այնքան բազմաշատ ու մեծափառք (իհարկե, երկրային չափանիշներով) մարդիկ էին հրավիրված, հանձինս Բելառուսի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, հայոց նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի, նախկին նախագահ Քոչարյանի, ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանի և այլ բարձրաստիճան անձերի։ Այսինքն` այդ օրը նրանց համար էր, ովքեր մնացած կիրակիների բազմազբաղության, կամ թերահավատության պատճառով եկեղեցի չեն հաճախում։ Է, ինչ արած, թող այդպես լինի, այդ օրվա եկեղեցու բացման սերուցքից թող նրանք օգտվեն, իսկ մնացած կիրակիների պատարագների սուրբ ու կենարար Հաղորդությունից` հասարակ մահկանացուներս, որոնք Հիսուս Տիրոջ հանդեպ ունեցած հավատով երկնային անմահության են ձգտում։ Իսկ դրսի այգում կանգնած ժողովրդի հետ ընդամենը պարիսպներից դուրս եկեղեցու արտաքին տեսքով հիացմանն արժանացանք։ Առաջին անգամվա համար այդքանն էլ բավական էր, քանի որ ներսի եկեղեցական արարողությանն այս անգամ արժանացան բարձր պաշտոնների աթոռներով ու հարստությամբ ճոխացած անձինք։
Իսկ մենք այս տողերի միջոցով այժմ քիչ թե շատ ծանոթանանք այդ նոր ու հիասքանչ եկեղեցուն, որ Հովհաննես Մկրտչի անունով է կոչվել, այսինքն` այն մեկի, ում մասին Հիսուսը անձամբ վկայեց` ասելով. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել» (Մատթեոսի ավետարան 11.11)։ ՈՒ որպես այդ գործի մեծագույն վկայություն, Հայոց կաթողիկոս Գարեգին Բ¬ն իր ձեռքով Էջմիածնի գանձարանից Հովհաննես Մկրտչի թանկագին մասունքներից բաժին հանեց այդ նոր եկեղեցու համար, որը սուրբ Գրիգոր Լուսավորչի միջոցով է բերվել Հայաստան աշխարհ, ու դրանից մի մաս էլ Արցախի Գանձասար վանքում դրվել։ Իսկ այստեղ բերված սուրբ մասունքը զետեղվեց ոսկե ճաճանչներով գեղեցիկ զարդարանքի մեջ, որը միշտ ներկա կգտնվի այդ եկեղեցու Սուրբ խորանի վրա։ Այնպես որ, յուրաքանչյուր աղոթող կարող է հավատով սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը վայելել այստեղ։ Եվ ըստ մեր առաքելական եկեղեցու ծիսական ավանդության, նոր եկեղեցին օծվեց ձեթով ու գինով, որպեսզի այնտեղ իրավունք ունենան սուրբ Պատարագ մատուցելու։
Ասացինք արդեն, որ այդ օրը արժանացանք միայն եկեղեցու արտաքինի դիտմանը, ու մեր տեսածի նկարագրությունը այդ պահին արված համապատասխան լուսանկարների հետ մեկտեղ փոխանցում ենք ընթերցողներին։ Այդ հոյակերտ եկեղեցին ամբողջովին կառուցված է շիկագույն ու հազվագյուտ ընտիր տուֆից և ունի հինգ գմբեթ, մեջտեղինի բարձրությունը` մոտ երեսուն մետր։ Ամբողջ արտաքին պատերը քանդակազարդ են մեծ վարպետությամբ, ինչ¬որ տեղ Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու նմանությամբ, բայց առավել ճոխությամբ։ Ասածս այդքան էլ չափազանցություն չէ, քանի որ այդպես է։ Օրինակ, քիչ թե շատ մեր պատմական եկեղեցիներին ծանոթ լինելով, դեռ ոչ մի տեղ այդքան մեծ ու գեղեցիկ մաշտոցյան տառերով «Հայր մեր» աղոթքը եկեղեցու արևելյան պատին քանդակված չեմ տեսել. այն պատի երկայնքով մեկ, որի ուղղությամբ է կատարվում պատարագի սուրբ արարողությունը, այսինքն` քահանան ու ժողովուրդը միշտ դեմքով դեպի արևելք են կանգնում, որտեղից, ըստ Ավետարանի խոսքի, նորից պիտի գա մեր բոլորի Տերն ու Փրկիչը՝ Հիսուս Քրիստոսը։ Իսկ մնացած ժանյակազարդ քանդակների ու ներսի պատկերազարդ սրբապատկերների հետ կծանոթանանք ու կըմբոշխնենք, երբ հնարավորություն կունենանք այնտեղ գնալու մոտակա կիրակիներից մեկին։
Իսկ առայժմ աղոթենք ու խնդրենք սուրբ Հովհաննես Մկրտչի բարեխոսությունը մեր ազգի ու մեր ընտանիքների, ինչպես նաև Ծառուկյանների գերդաստանի հոգիների փրկության համար, որպեսզի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին արժանավայել կյանքով ապրենք, որ Նա երբ վերադառնա երկիրը դատելու, մեզնից ոչ մի բացակա չգտնվի երկնքի Արքայության մեջ: Եթե համամիտ եք, ապա ասեք՝ ամեն, թող այդպես լինի։


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Լուսանկարները` հեղինակի

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2460

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ