ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Մեր դասախոսները արժանի են արժանապատիվ աշխատավարձի, բայց ոչ` աղքատ երկրում ապրող ուսանողի հաշվին

Մեր դասախոսները արժանի են արժանապատիվ աշխատավարձի, բայց ոչ` աղքատ երկրում ապրող ուսանողի հաշվին
16.05.2013 | 16:43

Ի՞նչ խնդիրների առաջ կհայտնվի հայ ընտանիքը ԲՈՒՀ-երում վարձավճարների բարձրացման հետևանքով: Արդյո՞ք տեղին է սոցիալ-տնտեսական նման իրավիճակում թանկացնել ուսման վարձը:

Խնդրի առնչությամբ իր մտահոգությունն է հայտնում «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ ԲԱԽՇՅԱՆԸ: «Ընտրություններն ավարտվեցին, սկսվեցին թանկացումները: Գազը, կաթնամթերքը, հացը դեռ մի կողմ, հիմա էլ պիտի մտածենք` մեր երեխաներին տա՞նք ուսման, թե՞ ոչ»,-«Նոյյան տապան» մամուլի սրահում ասաց տիկին Բախշյանը և դիտարկեց, թե ինչ հետևանքների կհանգեցնի դա: «Այս թանկացումների հետևանքը արտագաղթն է: Մեր ժողովուրդը ընդվզումը, ըմբոստությունը արտահայտում է լուռ արտագաղթով: Նա ասում է «էս երկրում ես չեմ կարող ապրել, թքում եմ ամեն ինչի վրա ու գնում: Մեր երկրում սոցիալական ընդվզումը այսքանով է սահմանափակվում»,-ափսոսանք հայտնեց նա, հավելելով, որ հայ ժողովուդը երբեք սոցիալական «բունտ» չի արել, որի մեջ էլ հենց մեր դժբախտությունն է:
Բանախոսն, իհարկե դեմ չէ, որ երիտասարդները լավ, որակյալ կրթություն ստանան, նա նաև հասկանում է, որ «լավ կրթությունը» շատ թանկ հաճույք է: «Եթե ուզում ենք լավ կրթություն ստանանք, պետք է դրա համար վճարենք: Բայց դա մեր երկրի համար չէ: Ըտանիքները վաղը լուրջ խնդրի առաջ կկանգնեն: Այն ընտանիքները, որոնք աշխատանք չունեն, որոնք մի կերպ են հայթայթում այդ գումարները: Ես գտնում եմ, որ կառավարությունը պետք է մեկ ուրիշ ելք գտնի»,-շեշտեց Ա. Բախշյանը:
Վերջինիս խոսքով, մինչև ուսման վարձերի թանկացման շուրջ հայտարարությունները, հայտարարում են, թե բարձրացվում է դասախոսների աշխատավարձերը, բայց չեն ասում` ո՞ւմ հաշվին է բարձրացվում: Փաստորեն` այս աղքատ երկրում ապրող ուսանողի հաշվի՞ն: «Այո, մեր դասախոսները պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանան: Մի կողմից դա կնպաստի նաև կոռուպցիոն ռիսկերի նվազմանը, թեև վստահ եմ` մեր երկրում կոռուպցիան չի նվազի»,-ասաց նա:
Անդրադառնալով ԲՈՒՀ-երի «պետական» և «մասնավոր» կարգավիճակներին, տիկին Բախշյանը նշեց, որ պետք է վերջ դրվի այդ որակումներին, ավելին` պետք է բոլոր ԲՈՒՀ-երի միջև անխտիր լինի մրցակցություն և որակյալ կրթություն, և չպետք է տարբերակվի պետականը մասնավորից, որպեսզի պետությունն ինքն էլ իր ուշադրությունը չկենտրոնացնի միայն պետականի վրա ` անտեսելով մյուսին:
«Ժառանգության» ներկայացուցիչը խոսեց նաև «խայտառակ» և «կեղծարար» ընտրություններից, որի հետևանքը եղան այս թանկացումները:
«Աշտարակ կաթ», «Մարիաննա», «Երևան Սիթի» ՍՊԸ-ները, որ ընտրությունների ժամանակ այդքան ներդրումներ ունեցան` կազմակերպեցին ընտրություններ, ընտրակաշառք բաժանեցին և այլն...բա հիմա էլ պետք է թափով հետ ստանան իրենց գումարները: Այդ ընտրակաշառքը որտեղի՞ց էին բաժանվում: Հիմա էլ պե՞տք է թանկացումներ լինի, որ ժողովրդին քերթելով` հետ ստանան»:
Անահիտ Բախշյանը հավատում է, որ այս վարչախումբը Աստծո անեծքի տակ է ընկնելու. «Ես անչափ խղճում եմ այս կառավարությանը: Ես գիտեմ, որ վարչապետը թունդ քրիստոնյա է և վախենում է Աստծո անեծքից, բայց նույնիսկ այդքանից հետո, չի կարողանում այլ կերպ վարվել»,-եզրափակեց բանախոսը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1211

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ