«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Երբ մարդ ապաշխարում է, ավելի հանգիստ է նայում ապագային

Երբ մարդ ապաշխարում է, ավելի հանգիստ է նայում ապագային
22.03.2013 | 12:25

Մայրաքաղաք Աբու Դաբիից 170 կմ հեռավորության վրա գտնվող Շարժան ԱՄԷ-ի յոթ էմիրություններից մեկն է: Այստեղ 1970-ականներին ձևավորված համայնքի համար 1998-ից գործում է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցին, իսկ եկեղեցու հարևանությամբ կառուցված շենքում մշտական հանգրվան է գտել 1980-ին հիմնադրված հայկական միօրյա վարժարանը, որը, ի պատիվ համայնքի բարերար Հարութ Օհաննեսյանի, վերանվանվել է «Օհաննեսյան հայկական վարժարան»: Նույն համալիրի տարածքում տեղադրված է «Ապրիլեան նահատակաց յուշակոթող» խաչքարը (1999), որտեղից ամեն տարի մոմավառությամբ սկսվում է Եղեռնի զոհերի ոգեկոչման արարողությունը: Հետագա հրապարակումներում մանրամասն կպատմեմ թե՛ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու, թե՛ Օհաննեսյան վարժարանի մասին:
Տեղի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում ՀՀ դեսպանության խնդրանքով Մեծ պահքի շրջանում կատարվող Արևագալի ժամերգությանը հաջորդեց Սումգայիթի զոհերի հիշատակին հոգեհանգստի պաշտոն, որը վարում էր Արժանապատիվ տեր Արամ Քահանա Տեյրիմենճյանը: Արարողությանը ներկա էին ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը, Դուբայի և Հյուսիսային էմիրությունների ազգային վարչության ներկայացուցիչներ, Շարժայի, Դուբայի, Աբու Դաբիի հայ համայնքի անդամներ:
Մեծ պահքի Արևագալի ժամերգությունը նվիրված է Սուրբ Հոգուն և խորհրդանշում է Քրիստոսի հարությունը, նրա երևալը աշակերտներին: Արարողության ներկաները ժամերգությանը հետևում էին Արևագալի ժամագրքով, որը պատրաստել է Արամ քահանան: Գրքույկի նախաբանում ուշագրավ է հավատացյալներին ուղղված խոսքը. «Եկէք եկեղեցի. Մեծ Պահոց հոգեպարար արարողութիւնները պիտի դնեն յաւելեալ լոյս ձեր հոգիներու մէջ, պիտի քաղցրացնեն ձեր ուսերէն առօրեայ կեանքի բեռը և ձեզի պիտի շնորհեն հոգիի թեթևութեան պատճառած հաճոյքը»: ՈՒրախալի էր տեսնել, որ եկեղեցին բազմամարդ է:
Ժամերգությունից հետո, երբ կատարվեց հոգեհանգստյան պաշտոն, քահանան հավատացյալներին Սումգայիթի զոհերի հոգիների համար հրավիրեց միասնական աղոթքի: Նա նաև իր խոսքում պատմական ակնարկ կատարելով ներկայացրեց սումգայիթյան դեպքերը, նշեց, որ այսօր այդ սպանդից փրկվածները և նաև Արցախի մեր եղբայրները ողջ հայ ժողովրդի զորակցության կարիքն ունեն:
Արարողության ավարտին, երբ զրուցում էի ներկաների հետ, զարմանալիորեն գտնվեցին մարդիկ, ովքեր շատ քիչ տեղեկություններ ունեին Սումգայիթի դեպքերի մասին: Սակայն պետք չէ զարմանալ, այլ պետք է յուրաքանչյուրս ջանք գործադրենք տեղեկացվածության պակասը լրացնելու համար, քանի որ ոչ միայն սփյուռքում, այլև Հայաստանում կգտնվեն մարդիկ, ովքեր քիչ տեղեկություն կունենան կամ բոլորովին անտեղյակ կլինեն հայոց պատմության այս կամ այն դրվագին: Այդ իսկ պատճառով տեղին է գոնե ընդհանուր գծերով վերհիշել սումգայիթյան դեպքերը. 1988-ի փետրվարի 27-ին Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանցիները սկսեցին հայերի սպանդը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի թալանով և ոչնչացմամբ: Երեք օրում սպանվեց 100-ից ավելի մարդ, եղան տասնյակ վիրավորներ: Խաղաղ հայ բնակչությունը խոշտանգվում էր, բռնաբարվում, հրկիզվում: Անպաշտպան բնակչությունը խուճապահար էր: Փետրվարի 29-ին խորհրդային բանակի Սումգայիթ մտնելուց հետո ոչ թե դադարեցվեցին բռնությունները, այլ շարունակվեցին: Ադրբեջանցիները միջազգային հանրությունից փորձեցին քողարկել սումգայիթյան ջարդերը, իսկ 1990-ի հունվարին նոր թափով Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվեցին կոտորածներ: 1988-1990 թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի արդյունքում վտարանդի դարձավ Ադրբեջանի ողջ հայությունը (գրեթե կես միլիոն մարդ), որոնց մի մասը հաստատվեց Հայաստանում, մյուսները` արտերկրում: Նույնիսկ դեպքերից 25 տարի հետո շատերը չեն կարողանում հաղթահարել այդ օրերին իրենց ապրած սարսափը: Կան ընտանիքներ, որոնք մինչև հիմա բնակարանային խնդիր ունեն և չեն կարողացել վերագտնել ու կազմակերպել իրենց կյանքը: Թեև շատերին էլ հաջողվել է նոր կյանք սկսել: Իսկ Ադրբեջանը դեռ չի ընդունում իր կատարած բռնությունները: Այս առիթով մեր զրույցում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն ասաց. «Գնահատականը պատմությունը տվել է: Հանցագործները, որոնք իրականացրին մեր հայրենակիցների սպանդը, անշուշտ, եթե ոչ հիմա, ապա, ի վերջո, երբևէ պիտի պատժվեն: Պատմությունը ցույց է տվել, որ որևէ հանցագործություն աշխարհի որևէ անկյունում չի կարող քողարկվել: Մեր ժողովրդի համար փետրվարը ոչ միայն հիշողությունների, ազգային զարթոնքի և պետականություն ստեղծելու ժամանակ է, այլև այսպիսի հոգեցունց ապրումների: Եթե մեր ծնողները տեսել էին Մեծ եղեռնը, մենք միայն փաստաթղթերով գիտեինք իրականության մասին: Բայց տեսանք Սումգայիթի, Բաքվի, Մատաղիսի դեպքերը: Քանի մարդ տարիք է առնում, ուզում է, որ անպատժելիության մթնոլորտը վերանա: Ի վերջո, ադրբեջանցիները պետք է իրենց մեջ իրենց մեղքն ընդունելու համարձակություն ունենան, որովհետև երբ մարդ ապաշխարում է (սա ասում ենք Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում), ավելի հանգիստ է նայում ապագային»:
Ընդունված կարծիքի համաձայն` սումգայիթյան դեպքերը պատասխան էին Լեռնային Ղարաբաղում իրականացվող հայ բնակչության խաղաղ ցույցերին, որոնցով նրանք պահանջում էին իրականացնել ինքնորոշման իրենց սահմանադրական իրավունքը:
Թեև Ադրբեջանը չի ընդունել կատարած բռնությունները, բայց 1988-ի հուլիսի 7-ին Եվրոպական խորհուրդը Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձև է ընդունել, որտեղ ասվում է. «Նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի` Հայաստանի մաս հանդիսանալու պատմական իրողությունը (մարզի բնակչության 80 %-ը կազմում են հայերը), ինչպես նաև 1923-ին այս մարզը կամայական որոշմամբ Ադրբեջանին միացնելու հանգամանքը, ինչպես նաև 1988-ի փետրվարին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի կոտորածը, և նկատի ունենալով Ադրբեջանում վատթարացող քաղաքական իրավիճակի պատճառով տեղի ունեցած հայերի զանգվածային սպանությունները Սումգայիթում և բռնությունները Բաքվում, ինչի հետևանքով հայերի համար վտանգավոր է ապրել Ադրբեջանում, դատապարտում է Ադրբեջանում հայ ցուցարարների հանդեպ բռնություններն ու ճնշումները»:


Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2200

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ