«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սոցիալիզմն անխուսափելի է, և այդ ուղղությամբ նոր քայլեր են պետք

Սոցիալիզմն անխուսափելի է, և այդ ուղղությամբ նոր քայլեր են պետք
08.02.2013 | 12:41

Նախ սկսենք նրանից, որ «սոցիալիզմ» բառը բուն իմաստով սոցիալիստականը չէ, այլ սոցիալականը, որը նաև ամրագրված է մեր Սահմանադրության մեջ: Ասենք ավելին. սոցիալիզմն այն սոցիալական խնդիրների լուծումն է, որի առաջնային խնդիրը մարդն է` անկախ իզմից: Ինչևէ, բարձրացվող հարցը, որի մասին ուզում եմ խոսել, շատ կարևոր է, քանզի երկրի ու պետության, առավել ևս հայրենիքի հզորությունը նրա տնտեսական բազան է` այն հիմքը, որի վրա ձևավորվում են վերնաշենքային կատեգորիաները: Իսկ երկրի տնտեսությունը որքան բազմակացութաձև, այնքան հզոր ու համակողմանի զարգացած է: Եվ որպեսզի ամեն ինչ պարզ ու հասկանալի լինի, մի հայացք ձգենք մեր անցյալին: Անցյալը մեր հետևից ընկած, քարշ գալով երբեմն ոչ միայն խանգարում է առաջ նայելուն, այլև առաջ ընթանալուն, առավել ևս, եթե դրանք օրենքի տեսքով են, կամ կարգավորվում են օրենսդրությամբ, էլ չեմ ասում այն մասին, որ այն ժամանակին շահագրգիռ մարդիկ են ընդունել և, օգտվելով դրանից ու նրա տված բարիքներից (շահագործում կամ օտարում), հարստացել են, և այժմ ծանր կտանեն որևէ ունեցվածքի կորուստ, սակայն այսօր պետք է որ պետությունն այդ ուղղությամբ որևէ ու որոշակի քայլեր նախաձեռնի:
Եթե ժամանակին ճիշտ էր համարվում գործարանների ու ֆաբրիկաների մասսայական սեփականաշնորհումը (չնայած դեռ հարց է, թե իսկապես ճիշտ էր), ապա այսօր էլ ճիշտ հակառակը, բայց ոչ մասսայական ձևով, այլ քայլ առ քայլ տեսնելով դրա արդյունավետությունն ու օգտակարությունը: Խոսքս ապասեփականաշնորհման մասին է, և որպեսզի ասելիքս անիմաստ չհնչի, բերեմ կոնկրետ օրինակ:
Դեռևս անցյալ դարի 50-ական թվականների վերջին են դրվել «Սապֆիր» արտադրական միավորման հիմքերը, որի սկիզբը եղել է տեխնիկական ճշգրիտ քարերի մշակումը, այնուհետ վերանվանվել է «Կրիստալ» արտադրական միավորման, որն իրականացնում էր նաև քարերի մշակումը լազերային տեխնիկայի միջոցով և կապ ուներ առնվազն 150 գիտահետազոտական հիմնարկների, ինստիտուտների ու գործարանների հետ, առավել ևս, որ հենց այս հիմնարկությունն էր, որ անկախության տարիներին սկսեց առաջին զենքերը պատրաստել և, ընդ որում, շատ արդյունավետ ու օգտակար գործ, որի հիման վրա կարելի էր զարգացնել ռազմական արդյունաբերությունը: Այո՛, քաղաքական կամք դրսևորելու և սրտացավ վերաբերմունքի ու հարցին ավելի քան խելացի մոտենալու դեպքում կարելի է, իսկ ավելի ճիշտ պետք է, որ այս գործարանն ապասեփականաշնորհվի։ Պետք է, չէ՞, ինչ-որ բանից սկսել, սկսենք հենց այստեղից:
Ըստ մասնագետների, չնայած ոչ բոլորն են միակարծիք, բայց, այնուամենայնիվ, մի բան բոլորն են ուզում. որ արդյունաբերական ձեռնարկությունը ապասեփականաշնորհվի և անցնի պետությանը, քանզի դեռ կա այն հիմնական արտադրական պոտենցիալը, որի շնորհիվ առողջացումը շատ հնարավոր է, դեռ ամեն ինչ չէ, որ կորած է, առավել ևս, որ այժմ գործարանն ունի կառավարիչ, և իրականացվում է համարակալված ձևով գույքագրում, այսինքն` կանխված է այն ալան-թալանը, որը կարող էր շատ ավելի ողբալի վիճակի հասցնել գործարանը, քան իրականում այսօր կա:
Առաջիկայում նոր ընտրություններ են` նոր հույսով ու հավատով: Ժողովուրդն ակնկալիք ունի, քանզի նրանք, ովքեր հարուստ են, երևի թե էլ հարստանալու տեղ չունեն, իսկ ովքեր աղքատ, ծայրահեղ աղքատության սահմանը վաղուց են հատել, նահանջելու էլ տեղ չունեն, և միայն տնտեսության բազմակացութաձև զարգացումն է, որը սկզբունքորեն ոչ միայն ոչ մեկին չի անտեսի, այլև կլուծի շատերի զբաղվածության հարցը` խթան հանդիսանալով միջին և փոքր բիզնեսի զարգացման համար:
Եկեք բանավիճենք, համաձայնենք կամ չհամաձայնենք, բայց անտարբերությամբ չկործանենք այն, ինչը շատերի քրտինքի արդյունքում ու նաև շատերի աշխատանքի աղբյուր է. ժամանակին շուրջ 2500 մարդ է աշխատել այս գլխավոր ձեռնարկությունում:


Սամվել ՄԱՃԿԱԼՅԱՆ
Իրավաբան

Դիտվել է՝ 1093

Մեկնաբանություններ