«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Գոնե քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը փրկեք Երևանի օլիգարխներից

Գոնե քաղաքաշինությունն ու ճարտարապետությունը փրկեք Երևանի օլիգարխներից
18.01.2013 | 13:27

Հասկանալի է, որ դա այդքան էլ հեշտ գործ չէ. նրանք մեր անկախության տարիներին դարձել են «Երևանի ուժեղներ» և կարողացել են իրենց կամքն ու ճաշակը թելադրել մայրաքաղաքի տարբեր պաշտոնական անձանց: Եվ Երևանի կենտրոնում, Թամանյանի ոգեղեն հրապարակի հարևանությամբ անգամ, սկսեցին վեր խոյանալ մասշտաբային անհոգի շենքեր ու համալիրներ։
Օրինաչափ կարելի է համարել, որ 2794 տարվա պատմություն ունեցող Երևանը նույնպես ընթացել է զարգացման ու կառուցապատման ուղիով: Սակայն ցավալին այն է, որ այդ կառուցապատման ընթացքում ավերվել են Երևանի պատմական դեմքն ընդգծող միջավայրն ու պատմաճարտարապետական հուշարձանները։ Հատկապես սովետական կառուցապատման տարիներին, երբ զարկ էր տրվում «Վարդագույն Երևանին»` նաև արժեքավոր հինն ավերելու գնով: Երևանը մեթոդապես սկսեց կորցնել իր պատմամշակութային դեմքը: Իսկ տոտալիտար ճարտարապետության օրինակ հանդիսացող մասշտաբային անհոգի Հեղափոխության թանգարան-պատկերասրահը կառուցվեց հենց Թամանյանի` ազգային շունչ ու ոգի կրող հրապարակում։ Ջանք չի խնայվում, որ Երևանը կորցնի նաև Թամանյանի նախագծած հատակագծերի ազգային ոգեղենությունը, որը պետք է երևանցիներին փոխանցվեր նաև Արարչագործ Արարատով ու շրջակա անկրկնելի բնապատկերներով: Այն դեպքում, երբ հարևան Թբիլիսին նախագահ Սաակաշվիլու ջանքերով սկսեց վերանորոգել ու վերականգնել պատմական Թիֆլիսի ոգեղեն (հայկական) միջավայրն ու շինությունները, որոնք այցելողներին պատճառում են խոր հարգանք ու հիացմունք։
«ՀԺ» օրաթերթի 2013 թ. հունվարի 11-ի համարում հրապարակված լուսանկարից և կից հոդվածից («Պետությո՞ւն, թե՞ Լֆիկ` այս է խնդիրը») տեղեկացանք, որ Երևանի ճարտարապետության պարծանք հանդիսացող «Փակ շուկան», չնայած տրված խոստումներին, թե այն չի կորցնելու իր ճարտարապետական դեմքը, այսօր ծավալի կիսով չափ կառուցապատվում է որպես մասշտաբային ծավալուն, հավանաբար, սուպերմարկետ:
Այս իրավիճակում «Փակ շուկան» փրկելու մեր միակ հույսը մենք կարող ենք դնել միայն հարգարժան ՀՀ նախագահի վրա, որն ամիսներ առաջ կարողացավ երևանցիներիս վերադարձնել «Մաշտոցի այգին»` վերակառուցված ու բարեկարգ տեսքով (և հիմնավոր է, որ այդ այգին մենք անվանում ենք նաև «Մեր նախագահի այգի»):
Երևանի քաղաքաշինությամբ ու ճարտարապետությամբ մտահոգվող ընտրողներիս նախընտրական մեծ նվեր կլինի, եթե մեր հարգարժան ՀՀ նախագահը պաշտպան կանգնի «Փակ շուկայի» նախկին ճարտարապետության և ծավալատարածական լուծումների վերականգնմանը:
Մենք, ինչ խոսք, գիտակցում ենք, որ մեր այս խնդրանքով շատ ծանր իրականության առաջ ենք կանգնեցնելու մեր հարգարժան նախագահին:


Ռոբերտ ԴԱՇՏՈՅԱՆ
«Գոյապահպանություն» համագործակցության ծրագրերի համակարգող

Դիտվել է՝ 1399

Մեկնաբանություններ