«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. ԱՊՊԱ-ով Հայաստան և վերջ (ֆելիետոն)

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ. ԱՊՊԱ-ով Հայաստան և վերջ (ֆելիետոն)
15.12.2012 | 22:40

ՈՒո՜ւխ, վերջապես տեղի ունեցավ ՀՀԿ արտահերթ համագումարը, ու մեր նախագահն իր ելույթով շատերի ,,պորտը տեղը դրեց,,: Բա ո՞նց, նախագահ ունենք, աշխարհը չունի:
Հաջորդ օրն իսկ, դեկտեմբերի 15-ին, դուրս եկա տանից ու զարմանքից բերանս բաց մնաց. մարդիկ, որ դեռ երեկ մտախոհ, տխուր, մոլորված, նյարդային, գլխահակ էին քայլում, հիմա՝ ժպտերե՜ս, ուրա՜խ, երջանի՜կ… ,,Կարող է՞ երազ եմ տեսնում,,,- մտածեցի, ձեռքս տարա, որ ինձ կսմթեմ, բայց հանկարծ հիշեցի՝ ախր ասված է. ,,Բացվող ամեն մի նոր օրը պետք է տարբերվի նախորդից՝ լինելով ավելի լավը,, :
Եվ կատարվել էր հրաշքը:
Մեկ էլ, մայթեզրին, արգելակեց հանրահայտ օլիգարխ Սեթոյի ,,Ջիպը,,: Նա անմիջապես իջավ մեքենայից ու մոտեցավ.
-Բարև ձեզ, Դուք Ձեզ վա՞տ եք զգում, ինչո՞վ օգնեմ…
Ա’յ քեզ՝ բա՜ն, էս բռին ե՞րբ հասցրեց սովորել հայոց լեզվի անձնական դերանունների երկրորդ դեմքի հոգնակին: Բայց այդ պահին հիշեցի, որ ասված է. ,,Հայաստանի քաղաքացու հետ պետք է Դուք-ով խոսել,, :
Եվ կատարվել էր հրաշքը:
-Չէ՜,- ասացի,- շնորհակալ եմ, շարունակեք Ձեր ճանապարհը:
Եվ մինչ, Սեթոն, լուսացույցի կարմիր լուսի տակ սպասում էր կանաչին, ինձ մոտեցավ մեր հարևանի տղան.
-Դուք անձամբ ճանաչու՞մ եք պարոն Սիսակյանին,- հետաքրքրվեց նա:
-Պարոն Սիսակյա՞նն ով է:
-Պարոն Սեդրակ Սիսակյանը, ով քիչ առաջ մոտեցավ Ձեզ:
-Ա’խ, Սեթո՜ն… Ո՞նց չեմ ճանաչում, երեկ քիչ մնաց ինձ ավտոյի տակ գցեր, հազիվ արգելակեց ու հայհոյանքի տարափ տեղաց, մի բան էլ ես պարտք մնացի:
-Մի՞թե նախկինում այդպիսի բաներ են կատարվել,-զարմացավ պատանին, և ես այդ պահին հիշեցի, որ ասված է. ,,Նոր սերունդն անպատժելիության այլևս հանդիպելու է միայն ծնողների հուշերում,, :
Եվ կատարվել էր հրաշքը:
-Էդ ի՞նչ լուսանկար է ձեռքիդ,-հետաքրքրվեցի:
-Հորս նկարն է,-ասաց տղան,- ախր ես նրան չեմ հիշում: Ռուսաստանից վերադարձել է, գնում եմ կայարան, նկարով ճանաչեմ, տուն ուղեկցեմ:
-Ինքը չէր կարո՞ղ տուն գալ:
-Տան տեղը չի գտնում,-բացատրեց տղան,-զանգահարեց, թե՝ եկեք ինձ տուն տարեք:
-Աչքդ լույս,-բարեմաղթեցի և հիշեցի, որ ասված է. ,,Վստահեցնում եմ ձեզ, որ ընդամենը մի քանի տարի Հայաստանից դուրս եկած մեր հայրենակցի համար Հայաստանն անճանաճելիորեն փոխվել է,, :
Եվ կատարվել էր հրաշքը:
Ուրախությունից ու հպարտությունից սիրտս ճողփաց, շտապեցի տուն՝ կնոջս էլ երջանկացնեմ:
Վերելակի մոտ դրկից հարևանս՝ ազգությամբ եզդի Խդոն էր սպասում՝ ձեռքին լոտոյի տոմսակ:
-Բա դու երդվել էիր, որ լոտո չառնես,- զարմացա ես:
-Ա’յ ախպեր,-ժպտաց Խդոն,- քեզանից ինչ թաքցնեմ, ամեն օր տելևիզորով, ռադիոյով հաղորդում էին, թե՝ հայերը խաղում են հայ-լոտո, ես էլ մտածում էի, որ ինձ չի կարելի խաղալ: Բայց երեկ, երբ ասվեց , թե՝ ,, Սա այստեղ ապրող բոլոր ազգերի, բոլոր քաղաքացիների համար պատասխանատու Հայաստան է,, , հասկացա, որ կատարվել է հրաշքը:
Ուրախ տրամադրությամբ թակեցի դուռը՝ երգելով.
-Սա՜ է մեր վերջին կռի՜վը և պայքարը մեր մե՜ծ…
Կինս, ապշած, ինձ նայեց.
-Էդ Նոյի թվի երգը որտեղի՞ց հիշեցիր…
- Ի՜նչ Նոյի թիվ, այ կնիկ, բա չգիտե՞ս, որ ասված է. ,, Մենք դեռ կռիվ ունենք տալու: Եվ սա մեր վերջին կռիվն է,,:
Համակարգչով շախմատ խաղացող տղաս վրա բերեց.
-Նաև ասված է՝ ,, Արդեն սկսում ենք էնդշպիլը,,:
-Ի՞նչ էնդշպիլ, այ տղա:
-Դպրոցում՝ շախմատի դասին ենք անցել, վերջնախաղը՝ էնդշպիլն է: ,,Ասված է. ,, Արդեն սկսում ենք վերջնախաղը: Հաղթական վերջնախաղը,,: Այսինքն՝ էնդշպիլը, հետո էլ՝ շախ ու մատ:
-Վախենում եմ տառասխալ լինի,- բարձրաձայն մտորեց կինս,- կարող է՞, ասած լինի՝ ԱՊՊԱ-ով Հայաստան, մենք ,,ապահով,, լսած լինենք:
-Է՜,- նեղսրտեցի ես,- չիմացա՞ր, որ ավտոյի դիմապակու վրա անգամ էդ ԱՊՊԱ-ի կտրոնը փակցնելն արդեն պարտադիր չի:
-Ես էլ էդ եմ ասում, էլի՜: Ավտոյից հանեցին, ժողովրդի վրա են կպցնում:
Կնոջս ձայնը խլացավ միջանցքի աղմուկից: Անհանգստացած դուրս եկա, տեսնեմ Խդոի ընտանիքը հարայ-հրոցով պարում է, իսկ Խդոն կոկորդով մեկ գոռում է.
- Շահել ե՜մ, ավտո եմ շահել և վեեե՜րջ…
Եվ կատարվել էր հրաշքը:

Դիտվել է՝ 2233

Մեկնաբանություններ