ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Որպեսզի հնարավորինս վերականգնվի թամանյանական ոգին

Որպեսզի հնարավորինս վերականգնվի թամանյանական ոգին
15.12.2012 | 19:31

Մարդիկ չարիքին ընտելանում են մինչև այն աստիճան, որ բողոքը համարում են անմտություն, եթե ոչ հանցագործություն


Ջոն ՄԻԼ
անգլիացի փիլիսոփա


Ալեքսանդր Թամանյանի նախագծած այսօրվա Հանրապետության հրապարակի (այսուհետև` հրապարակ) հետ կապված որոշ նվիրյալ-ճարտարապետներ արդեն բարձրաձայնում են, թե հասունացել է անհրաժեշտությունը` հնարավորինս վերականգնելու գոյություն ունեցող համալիրների թամանյանական գոնե մասշտաբայնությունն ու ազդեցիկ գեղարվեստական արտահայտչականությունը` ավարտին հասցնելով նաև Թամանյանի նախագծած Կառավարական տան բաշխիչ թմբուկը: Այսօր Կառավարական տան բաշխիչ թմբուկի կառուցմանը կողմ ու դեմ ճարտարապետները և դրա նախագծի երկու տարբերակները վերլուծող մասնագետները, կարծում ենք, պետք է իրենց մասնագիտական ունակություններն ու եռանդը, կապերն ու ազդեցությունները փորձեն համատեղ օգտագործել` նախ և առաջ քննարկման հարց դարձնելու մեծն Թամանյանի հատակագծերում հրապարակի համալիրում բացակայող պատկերասրահի ներկայության հարցը: Ցավոք, այսօր քիչ չեն այն մարդիկ, ովքեր սխալմամբ կարծում են, թե պատկերասրահը նույնպես նախագծել է Ալեքսանդր Թամանյանը։
Թամանյանի նախագծած Կառավարական տան բակում վեր հառնող բաշխիչ թմբուկի կառուցումը, որը որպես խորհրդանիշ ընդգծելու է մեր իշխանության և պետականության գլխավորությունը հրապարակում և ուղղորդելու է Երևանի քաղաքաշինական հյուսիսային առանցքն ու նրա մասը կազմող Հյուսիսային պողոտան դեպի Արարատ և երկրի պատմական տարածք, կարելի է իրականացնել պատկերասրահի խնդիրը լուծելուց հետո:
Թամանյանի կազմած Երևանի հատակագծերում բացակայող հրապարակի պատկերասրահի ներկայության հարցը լուծելու նպատակով հարկ կլինի նախ և առաջ լուծել մեր մշակույթին արժանի նոր պատկերասրահի կառուցման խնդիրը: Այն` շահագործման արդյունավետ ծավալներով ու նոր տեխնոլոգիաներով հարուստ սրահներով, կապահովի մեր պատկերասրահի ազգային մեծ հարստության առավելագույն ցուցադրումը: Նոր պատկերասրահում տեղ կհատկացվեն նաև այսօրվա պատկերասրահում գործող թանգարաններին և այլ ծառայություններին: Այդ առումով կարելի է վստահորեն ասել` ազգանվեր բարերար կգտնվի, միայն թե մասնագետ-ճարտարապետները համագործակցեն այնպես, որ իշխանության հետ համատեղ` հնարավորինս կյանքի կոչվեն Թամանյանի ազգային գաղափարները: Նոր պատկերասրահը կկոչվի նվիրյալ բարերարի անունով: Ցանկալի կլինի նոր պատկերասրահը կառուցել Երևանի կենտրոնում։

ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Այսօրվա պատկերասրահը, որը նախագծվել և կառուցվել է 70-ականներին որպես հեղափոխության թանգարան-պատկերասրահ (ճարտարապետ` Մարկ Գրիգորյան և այլք), ինչպես մասնագետներն են պնդում, ամենաանհաջող միջամտությունն է Թամանյանի հրապարակում, որն ազդել է հորինվածքի ամբողջականության վրա` խախտելով համալիրների թամանյանական ոգեղեն ներդաշնակությունը: Կառավարական տան բակում նախատեսված բաշխիչ թմբուկի կառուցմանը դեմ որոշ երիտասարդ ճարտարապետներին, թերևս, հայտնի չէ պատմության թանգարանին կցակառույց հեղափոխության թանգարան-պատկերասրահի կառուցման բուն պատճառը: Այդ առումով ահա թե ինչ է գրում ճարտարապետ Կարեն Բալյանն իր «Արարատին նայող քաղաքը» ուշագրավ հոդվածում (Карен Бальян, «Город, смотрящий на Арарат», журнал «Проект-классика», Москва, N 1, 2006, ст. 162):
«Թամանյանի նախագծով` ազգային խորին խորհուրդ կրող Երևանի քաղաքաշինական հյուսիսային առանցքը, սկիզբ առնելով Կասկադից, պետք է անցներ Օպերայով և նրանից սկիզբ առնող Հյուսիսային պողոտայով անցներ Կառավարական տան բաշխիչ թմբուկով և ազատորեն ուղղվեր դեպի Արարատ ու պատմական մեր երկրի տարածքներ»:
Կարեն Բալյանը, ելնելով Թամանյանի կազմած Երևանի հատակագծերի վերլուծություններից, համոզված է, որ Արարատը Թամանյանի համար եղել է Հայաստանի ամբողջականության, կորցրած տարածքների վերամիավորման գաղափարները կրող Սրբազան լեռ: Ազգային այդ գաղափարներն իրականացնելու նպատակով Թամանյանը հրապարակը նախագծել է այնպես, որ նրա էլիպսի մեծ առանցքի երկու կողմերով (այսօրվա ջրավազանից վերև` Աբովյան-Արամի-Նալբանդյան փողոցների միջև գտնվող հատվածով, և նախկին պատվանդանի հատվածով) հրապարակը կապվեր կից այգիների ու բնության հետ` ձևավորելով բաց ասիմետրիկ հորինվածքի հրապարակ: Այդ լուծումը կապահովեր Երևանի քաղաքաշինական հյուսիսային առանցքի և նրա մասը կազմող Հյուսիսային պողոտայի անարգել ընթացքը դեպի Արարատ։ Սակայն, Թամանյանից հետո, սաստկացող տոտալիտար ապազգային ռեժիմի պայմաններում, ազգային այդ գաղափարները ձգտում էին ամեն կերպ վերացնել: Այդ առումով նա ցավով նշում է. «…Ռեպրեսիայի ենթարկվեցին և ազգային գաղափարախոսությունն ամբողջությամբ` դրված գլխավոր հատակագծում, և համապատասխան այն լուծումները, որոնք արտահայտում էին դրանք»: Արդյունքում` հրապարակում հայտնվեց տոտալիտար ճարտարապետության ոգուն հատուկ մասշտաբային կցակառույց հեղափոխության թանգարան-պատկերասրահը, որի դիմաց գտնվող երիցս նզովյալի մոնումենտալ հուշարձանով հրապարակի հորինվածքը վերափոխվեց փակ սիմետրիկի: Հեղափոխության թանգարան-պատկերասրահը նախագծվեց ու կառուցվեց հրապարակում այնպես, որ Հյուսիսային պողոտան դեմ առներ այդ կցակառույցին` փակելով Հյուսիսային պողոտայի ազատ ընթացքը դեպի Արարատ։ Հյուսիսային պողոտան վերածվեց փակուղու: Ազգային գաղափարներ կրող Թամանյանի քաղաքաշինական հյուսիսային առանցքն ու Հյուսիսային պողոտան փորձեցին փոխարինել դեպի արևմուտք գնացող Ստալինյան (այսօրվա` Մաշտոցի) պողոտայով, որի հեռանկարում ընդգծվում էին Մատենադարանը և Ստալինի մոնումենտը:
Կառավարական տան բաշխիչ թմբուկի կառուցման առնչությամբ մամուլում հրապարակվել ու հրապարակվում են հոդվածներ։ Այդ հրապարակումներում հանդիպում ենք նաև կարծիքների` Թամանյանի նախագծած հրապարակի համալիրներին անհամատեղելի մասշտաբային կցակառույց պատկերասրահի վերաբերյալ: Մեզ մտահոգող այդ կցակառույցի առկայության հետ կապված հոդվածներից առանձնացնենք միայն «թՏսՏր ԸՐՎպվՌՌ» 2011 թ. հունիսի 16-ի համարում տեղ գտած` Ճարտարապետության միջազգային ակադեմիայի պրոֆեսոր Կարեն Բալյանի` «Մայրաքաղաքի կենտրոնին անհրաժեշտ է դադար» հոդվածից որոշ մտքեր պատկերասրահի (հոդվածում` թանգարանի) վերաբերյալ: Նա նշում է, որ պատմականորեն ստացվել է այնպես, որ թամանյանական Երևանի գլխավոր հատակագիծը զարգացել է երկու ուղղությամբ. ազգային` ըստ Թամանյանի նախագծերի և հետագա տարիներին` տոտալիտար: Հրապարակի ներկայիս իրավիճակը դրա ցավալի վկայություններից է: Նա համոզված է, որ պատկերասրահը թամանյանական ազգային հրապարակում ընդգծում է տոտալիտար ճարտարապետությունը, և կարելի է այն անվանել բռնապետության տարիների գաղափարախոսության «զիկկուրատ» (Միջագետքի հնամենի պաշտամունքային կառույց): Նա նշում է, որ անկախության ձեռքբերումից հետո միտք է հղացել վերականգնելու Թամանյանի ազգային հատակագիծը, առաջին հերթին` Հյուսիսային պողոտայի բացումը և Կառավարական տան բաշխիչ թմբուկի կառուցումը, որն այն ժամանակ դժվար լուծելի էր, քանի որ Հրապարակում արդեն կար պատկերասրահի թմբուկը, և քաղաքաշինական առումով անհամատեղելի կլիներ երկրորդ թմբուկի կառուցումը: Բնական է` պատկերասրահի իրական հեռացման խնդիրը, տնտեսական նկատառումներով անգամ, այն ժամանակ հնարավոր չէր։ Իսկ այսօր պատկերասրահի հեռացումը, ցավոք, կնպաստեր, որ Հյուսիսային պողոտայի, Աբովյանի, Պուշկինի և Արամի փողոցներում կառուցված անհոգի մասշտաբային-«մոդեռն» շենքերը ներխուժեն դեպի հրապարակ և աղավաղեն Թամանյանի հրապարակի ոգեղենությունը: Քաղաքաշինական այս իրավիճակը, ցավոք, թույլ չի տալիս վերադառնալ Թամանյանի նախագծած հրապարակի ասիմետրիկ` բաց հորինվածքին:
Ալեքսանդր Թամանյանի 1924-1932 թթ. կազմած Երևանի հատակագծերում և 1935 թ. մշակված «Մեծ Երևան» հատակագծի էսքիզում (500 հազար բնակչի համար), բացակայում է այն ժամանակվա կուլտուրայի տան համալիրը: Այդ համալիրը սկսել է կառուցվել 1910 թ. այսօրվա Աբովյան, Արամի և Նալբանդյան փողոցների միջև ընկած հատվածում որպես Արական գիմնազիա: Սև տուֆից կառուցված այդ երկհարկ համալիրը 50-ականներից սկսած երեսպատվեց սպիտակ ֆելզիտով (բացի այսօրվա «Առնո Բաբաջանյան» համերգասրահի շենքից): Իսկ հրապարակին հարող երեսպատված պատմության թանգարանին կցակառուցվեց նաև գեղեցիկ բաց կամարաշար` համահունչ հրապարակի համալիրների կամարների ռիթմին:
90-ականների քաղաքական իրադրության նոր պայմաններում «ապամոնտաժեցին» փոքրածավալ ճարտարապետության կոթող պատվանդանը` հայտարարելով, որ հրապարակում կյանքի են կոչում Թամանյանի գաղափարը` օվալի մեծ առանցքով դեպի այգիներ-բնություն բաց հորինվածքի ձևավորումը: Սակայն լռեցին այն մասին, որ Թամանյանը նախատեսել էր նաև կուլտուրայի տան համալիրի հեռացում հրապարակի հորինվածքից, որ Հյուսիսային պողոտան անարգել ընթանար դեպի Արարատ։
Նրանց իրականացրած միակողմանի «լուծման» պատճառով հրապարակը վերածվեց առավել անհավասարակշիռ` իշխող, տոտալիտար-գլխամասային հորինվածք ունեցող հրապարակի, որտեղ խիստ ընդգծված տիրապետող մասշտաբ դարձավ կցակառույց-չարիք պատկերասրահը` սովետահայ բռնատիրական ճարտարապետության գաղափարախոսության «բաստիոնը»:
Երևանի հատակագծերում Թամանյանի հրապարակին կից կուլտուրայի տան համալիրին տեղ չհատկացնելը հետապնդել էր հեռուն գնացող քաղաքաշինական նպատակներ` ազգային և յուրօրնակ հորինվածքային. նախ և առաջ պետք է ապահովվեր Թամանյանի նախատեսած Երևանի քաղաքաշինական հյուսիսային առանցքի ուղղորդված ընթացքը դեպի Արարատ (Կասկադից դեպի Օպերա ու նրանից սկիզբ առնող Հյուսիսային պողոտայով` դեպի Կառավարական տան բակում նախագծված բաշխիչ թմբուկ և այնտեղից` Արարատ): Բաշխիչ թմբուկի կառուցումը, ցավոք, կյանքի չկոչվեց, և այն այսօր վերածվել է պատեհ առիթի` ճարտարապետներին անիմաստ կերպով «դիրքավորվելու»: Հրապարակի բոլոր հատակագծերում Թամանյանը նախատեսել է նաև նախկին կենտրոնական փոստի ու ՀԱՄԽ -ի շենքերի միջև լայնահուն փողոց, որը Հրապարակը կապելու էր Արարատին (տոտալիտար գաղափարախոսության պայմաններում այդ և շատ այլ գաղափարներ նույնպես կյանքի չկոչվեցին):
Վերը նշված իրար հետ կապվող քաղաքաշինական խնդիրները միաժամանակ լուծելու համար Թամանյանը ստիպված է եղել Երևանի հատակագծերում հրապարակի հորինվածքն ու Հյուսիսային պողոտան նախագծել այնպես, որ կուլտուրայի տան համալիրը հետագայում քանդվի-հեռացվի հրապարակից: Այն, ցավոք, ոչ միայն չքանդվեց, այլև 70-ականներին, ինչպես նշեցինք, բակի կողմից կցակառուցվեց մասշտաբային հեղափոխության թանգարան-պատկերասրահը, որը վերածվեց հրապարակին խորթ այսօրվա պատկերասրահի համալիրի: Թամանյանի` հրապարակին առնչվող գաղափարները հնարավորինս կյանքի կոչելու առումով նախ նշենք, որ 50-ականներից մինչև 70-ականների սկիզբը, հրապարակում մինչև մասշտաբային կցակառույց Հեղափոխության թանգարան-պատկերասրահ կառուցելը, հրապարակի հորինվածքն իր պատմության թանգարանին կցակառուցված բաց կամարաշարով և դրա դիմաց գտնվող հուշարձան-պատվանդանով, տեսողական ընկալումով ձեռք էր բերել որոշ չափով սիմետրիա և հավասարակշռություն` վերածվելով փակ սիմետրիկ հորինվածք ունեցող հրապարակի: Այդ ժամանակահատվածում հրապարակի հորինվածքում տիրում էր թամանյանական համալիրների մասշտաբայնությունն ու գեղարվեստական անզուգական արտահայտչականությունը: Դրանք ապահովվում էին համալիրների ճարտարապետությամբ ու դրանց կամարների հզոր ռիթմով: Հրապարակն իր հորինվածքի փակ սիմետրիկ տեսքով անգամ ամբողջական էր, ազդեցիկ ու մոնումենտալ։
Եթե փորձ արվի հրապարակի քաղաքաշինական այսօրվա իրադրության պայմաններում վերականգնել Թամանյանի նախագծած հրապարակի բաց ասիմետրիկ տարբերակը (հասկանալի է` մտովի), ապա հրապարակը շրջափակած անդեմ մասշտաբային-«մոդեռն» շենքերն առավել ակտիվ կթափանցեն հրապարակ և կնսեմացնեն համալիրների թամանյանական ոգեղենությունը: Քաղաքաշինական այսօրվա իրավիճակը թելադրում է, որ հրապարակի հորինվածքում հնարավոր է վերականգնել միայն փակ սիմետրիկ տարբերակը (50-70-ականներին գոյություն ունեցած ոչ թամանյանական հորինվածքը):

ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ


1. Կառուցել ժամանակակից նոր պատկերասրահ (մշակույթի կենտրոն):
2. Թամանյանի ոգեղեն հրապարակից հեռացնել մասշտաբային կցակառույց պատկերասրահը, ինչպես նաև Արամի փողոցով ձգվող ու նրա համալիրի մեջ մտնող թանգարանային մասնաշենքը (մասնագետ-ճարտարապետների շրջանում պատկերասրահի հեռացման գաղափարը վաղուց է հասունացել, և նրանք դեռ 70-80-ականներին այդ մասին հիմնավոր, բարձրաձայն խոսք են ասել):
3. Պատմության թանգարանին հարկ է ներկայացնել նաև «վարագուրող» ֆունկցիա (այդ նպատակով, օրինակ, հարկ կլինի գոնե Պատմության թանգարանի վրա կառուցել համահունչ ճարտարապետությամբ ևս մեկ-երկու հարկ, որը կնպաստի, որ Հյուսիսային պողոտայի, Աբովյան, Արամի ու Պուշկինի փողոցներում կառուցված բազմահարկ, մասշտաբային անհոգի-«մոդեռն» շենքերը «չներխուժեն» Թամանյանի ոգեղեն հրապարակի հորինվածք):
4. Պատմության թանգարանի ճարտարապետությունն ամբողջությամբ պետք է դառնա թելադրող` հետագայում դրա դիմաց, պատվանդանի տեղում, նախատեսվող կառույցի համար նախագծային առաջադրանք կազմելիս (ասենք, հուշարձանային համալիրի համար, որը պետք է ունենա ամբիոն):
Պատվանդանի տեղում պատմության թանգարանի ճարտարապետությանն ու մասշտաբին ներդաշնակ և միաժամանակ «վարագուրող» կառույցի գաղափարի իրականացումը կնպաստի նաև, որ անհիմն կերպով քանդված սպայի տան ու կից տարածքներում կառուցված մասշտաբային անհոգի-«մոդեռն» շենքերը հնարավորինս վարագուրվեն:
Վերը նշված գաղափարների իրականացումը կնպաստի, որ հետագայում կազմվի ամբողջական և համակողմանի նախագծային առաջադրանք` հրապարակի հորինվածքում թամանյանական ոգին հնարավորինս վերականգնելու նպատակով:


Ռոբերտ ԴԱՇՏՈՅԱՆ
«Գոյապահպանություն» համագործակցության ծրագրերի համակարգող

Դիտվել է՝ 2869

Մեկնաբանություններ