«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Մարդիկ կարողանում են բիզնես կազմակերպել նաև ստի վրա»

«Մարդիկ կարողանում են բիզնես կազմակերպել նաև ստի վրա»
11.12.2012 | 11:53

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանի դիտարկմամբ, վերջին տասը տարում հինգ-վեց անգամ հայտարարվել է աշխարհի վերջը: «Աշխարհի վերջ հայտարարվեց 1999 թվականի վերջին, երբ որ ասում էին` նոր հազարամյակ է սկսվելու (թեև աստղագետները բոլորին համոզում էին, որ նոր հազարամյակն սկսվելու է 2001 թվականին: Զրո (0) թիվ չկա, Քրիստոսի ծնունդը 1 թվականն է համարվում, ոչ թե 0 թիվը, այնպես որ, հազարամյակը, տասնամյակը, ինչպես նաև 100-ամյակը, սկսվում են 1 թվականով: Դրանից հետո, հաջորդ տարի, որոշեցին, որ աշխարհի վերջը լինելու է 2001-ին, նորից որևէ ապացույց չբերվեց, ոչ մի փաստ չկար: Անցյալ տարվա ընթացքում նույնպես երկու անգամ նման գուշակություն եղավ, դարձյալ` անհեթեթ: Ըստ մայաների օրացույցի, «աշխարհի վերջ»-ի գուշակումը 2003-ին պետք է լիներ, բայց չեղավ, որոշեցին, որ սխալ գուշակություն է կատարվել, տեղափոխեցին 2012-ի դեկտեմբերի 21-ին»,- ասաց Հ. Հարությունյանը:
Վերջինիս համոզմամբ, իրականում որևէ տիեզերական աղետ, որևէ կասկածելի երևույթ, ինչը կարող է սպառնալ մարդկությանը, գոյություն չունի:
Այս ամենի մեջ, ըստ աստղագետի, միայն մի բան կարելի է փնտրել` մարդկային երևակայություն, ինչպես նաև «մարդկային բիզնեսի առկայություն, մարդիկ, որոնք կարողանում են բիզնես կազմակերպել ոչ միայն ուրախության, ոչ միայն դժբախտության, այլև ստի վրա»:
«Ես հիմա հայտարարում եմ մի բան, որը շատ է հետաքրքրում մարդկանց: Շատ է հետաքրքրում այն պատճառով, որովհետև նրանք ավելի հակված են «կորպորատիվ» մահվան (երբ նրանցից որևէ պայքար, որևէ մի բան չի պահանջվում` ընդունելով, որ «ընկերովի մահը հարսանիք է»), քան անձնական մահվան»:
Հայկ Հարությունյանը վստահ է, որ իրականում այդ բոլոր հնարովի և «ոչինչ չասող փաստերը» շինծու են, թեև դրանց մեջ կան «այստեղից-այնտեղից հավաքած» որոշ գիտական տերմիններ: Ինչ վերաբերում է մոլորակների շքերթին` «Ո՛չ մոլորակների շքերթ է լինելու, ո՛չ էլ արեգակի ակտիվության բարձրացում, որովհետև արեգակի ակտիվությունը միշտ էլ կա: Տասնմեկ տարվա պարբերությամբ այն փոփոխվում է, և, փաստորեն, տասնմեկ տարին մեկ մենք պետք է սպասենք աշխարհի վերջի՞ն»,- նկատեց աստղագետը:
Տեղեկացնենք, որ արեգակի առավելագույն ակտիվության բարձրացում կլինի մյուս տարվա գարնանը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1489

Մեկնաբանություններ