«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մանկական պոլիկլինիկայի աշխատանքը չի՞ վերահսկվում

Մանկական պոլիկլինիկայի  աշխատանքը չի՞ վերահսկվում
23.11.2012 | 11:39

Այն, որ Հանրապետության բուժհաստատություններում բարեխիղճ և որակյալ սպասարկում չկա, վաղուց գիտենք: Բայց այն, որ բուժսպասարկում իրականացնողները (բժիշկներ, բուժքույրեր և այլն) չեն բարեհաճում գոնե ժամանակին ներկայանալ աշխատանքի, ինչը, ի դեպ, նրանց պարտականությունների մեջ է մտնում, դա է անհասկանալի:
Սարի թաղի թիվ 10 մանկական պոլիկլինիկան, որը գործում է տեղի և քաղաքի տարբեր մասերից համալրված բուժաշխատողներով, տեղաբնակների պատմելով, ինչպես հարկն է` չի սպասարկում քաղաքացիներին: «Բժիշկները ոչ մի անգամ ժամանակին չեն գալիս աշխատավայր, միշտ ուշանում են: Առանց այդ էլ շաբաթական երկու օր են «նստում», այն էլ` 1-2 ժամով: Պատկերացնո՞ւմ եք, այդ սուղ ժամերի ընթացքում հիվանդների ինչ հերթ է գոյանում բուժկաբինետների մոտ: Միայն դռների վրա փակցված գրություններից ենք տեղեկանում, որ պոլիկլինիկայում նյարդաբան, սրտաբան կամ վիրաբույժ կա: Ոչ մի անգամ նրանց կաբինետների դռները բաց չեմ տեսել: Նման անփույթ վերաբերմունքից, սպասումներից հոգնած, մարդիկ, երբեմն, թողնում գնում են, շատերն էլ` ուրիշ պոլիկլինիկաներում են խորհրդատվություն ստանում»,- պատմում էր Սարի թաղի բնակիչը, ում երկու թոռնիկները բուժզննումն անցնում են այս տեղամասային պոլիկլինիկայում:
Թիվ 10 պոլիկլինիկայում, ինչպես մայրաքաղաքի մյուս մանկական պոլիկլինիկաներում, աշխատանքն սկսվում է առավոտյան ժամը 9:30-ին (օրենքով- Ս. Ս.): Յուրաքանչյուր կաբինետի դռան վրա սևով սպիտակի վրա գրված է` աշխատանքն սկսվում է առավոտյան ժամը 9:30-ին, ավարտվում` 17:00-ին:
Տեսնես ո՞ւմ է վերաբերում գրվածը, կամ արդյոք ո՞ւմ են ուզում խաբել այդ «անլուրջ» ժամանակացույցով: Մեկ ուրիշ հարց էլ է առաջանում. բուժհաստատության տնօրենությունը տեղյա՞կ է` ինչ է կատարվում իր քթի տակ, թե՞ այդ ամենն իրականացվում է իր գիտությամբ: Պարզից էլ պարզ է` նման բարձիթողի վիճակը հաստատության ղեկավարության անուշադրության և անփութության հետևանք է: Բուժանձնակազմին տրված նման արտոնությունը (ճիշտ կլինի ասել` անգործությունը), որտեղ աշխատանքային 6-7 ժամի փոխարեն աշխատում են ընդամենը 2-3 ժամ (լավագույն դեպքում), լուրջ խնդիր է, առաջին հերթին` հասարակության համար: Այստեղից ևս մեկ հետևություն. մանկական պոլիկլինիկայի աշխատանքը չի վերահսկվում ղեկավարության կողմից, նաև, ամենայն հավանականությամբ, տնօրենն ինքն էլ է աշխատում նույն ժամանակացույցով, կամ էլ չի բացառվում, որ նույնիսկ աշխատանքի չի ժամանում, այլապես կկանխեր իր ստորադասների «ինքնագործունեությունը»:
Բնակիչների հավաստմամբ, երբ բուժկաբինետի դռան առաջ մասնագետին երկար սպասելուց հետո փորձում են իրենց դժգոհությունն արտահայտել, բժիշկները, որպես արդարացում, իրենց քիչ ժամաքանակով աշխատելու կամ ուշացումներով ներկայանալու հանգամանքը կապում են հիվանդների սակավության, այցելու չլինելու հետ: Մինչդեռ հավաստի աղբյուրներից տեղեկանում ենք, որ վերջիններիս ուշացումները, որպես կանոն, կապված են ոչ թե հիվանդների թվի, այլ բժիշկների երկրորդ աշխատավայրերի հետ:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Հ. Գ.- Հետո էլ բողոքում են, թե հիվանդ չունենք, գործ չկա... Մեկը չկա ասի` ժամանակին աշխատանքի գալիս ե՞ք, որ հիվանդը ձեզ վստահի ու սպասի: Պարզ է` բոլորը կփախչեն նման բուժհաստատությունից:
Այցելելով թիվ 10 մանկական պոլիկլինիկայի պաշտոնական կայք, տեղեկացանք, որ պոլիկլինիկան ունի մասնագիտացված տարբեր բաժանմունքներ` ակնաբուժական, ատամնաբուժական, թերապևտիկ, նյարդաբանական, սրտաբանական, վիրաբուժական, մանկաբուժական և այլն:
Զարմանքով փաստագրեցինք, որ բուժհաստատության թերապևտիկ բաժանմունքն ունի վեց թերապևտ: Հետաքրքիր է, պոլիկլինիկայում ի՞նչ դեր են կատարում կամ ինչո՞վ են զբաղված այդ վեց թերապևտները, եթե մեկն անգամ անելիք չունի այնտեղ:

Դիտվել է՝ 4496

Մեկնաբանություններ