«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Անտեր ազգային կտակներ

Անտեր ազգային կտակներ
22.11.2012 | 15:48

Աստված ստեղծեց մարդուն և նրան կյանք պարգևեց: Եվ տեսավ, որ կյանքն ինքնին անարդար է, քանզի մարդն անկատար է: Եվ այնժամ Աստված մարդուն մահկանացու դարձրեց և վերականգնեց արդարությունը, քանզի մահվան առջև բոլորը հավասար են: Մահն արդարություն է:

Կտակը նախամահյան երևույթ է: Մարդու վերջին կամքն է, վերջին ցանկությունն է կյանքում: Կամք և ցանկություն, որոնք պահպանվում ու պաշտպանվում են աշխարհիկ և հոգևոր օրենքներով:
Ինչևէ, զարմանալի ժողովուրդ ենք: Բազում արդար մարդիկ, կանխազգալով արդար մահը, գիտակցելով մահվան արդարացիությունը, առաջնորդվելով վախճանի անխուսափելիության տրամաբանությամբ` իրենց կյանքում վաստակածը վերջին կամքով նվիրաբերել են ազգին: …Եվ մոռացվել:
Ոչ, նրանց վարմունքում փառասիրություն չկար, այդ մարդիկ իրենց կյանքն էին կտակում, ի պահ հանձնում ազգին: Հանուն ազգի հարատևման և ոչ ամենևին իրենց անձի:

Թեպետ վերնագրում գործածել եմ «անտեր» բառը, սակայն իրականում որևէ կտակ անտեր չէ, դրանք տասնամյակներ ու դարեր շարունակ տնօրինում են ապօրինի տերերը` հակառակ կտակարարի վերջին կամքի:
Անդրադառնամ ամենաչարչրկված, ամենաշատ «ջուր քաշած» կտակին` կալկաթաբնակ Մասեհ Բաբաջանի (Աբդլմասեհ Մարտիրոս) վերջին կամքին:
Նա կտակը գրել է 1794-ի մայիսի 30-ին, իսկ 1795-ի ապրիլի 1-ին կատարել լրացում: Տեքստն առաջին անգամ հրապարակվել է 1840 թ. «Ազգասեր» շաբաթաթերթում: Հավելման պատճենը 2006 թ. տպագրվել է «Բանբեր Հայաստանի արխիվների» պարբերականում (թ. 1, էջ 166-168, թեպետ չգիտես ինչու խորագրված է 1794 թ. մայիսի 30, այնինչ այդտեղ ուղղակիորեն նշված է. «Եղեւ յամի Տեառն հազար յոթն հարիւր իննսուն եւ հինգ, ապրիլ, ամսոյ մինն, ի Կալկաթաե, այսինքն` «Գրված է Քրիստոսի 1795-ի ապրիլի 1-ին, Կալկաթայում»): Բայց դա էական չէ:
Մասեհ Բաբաջանն իր ունեցվածքի կեսը` 100 հազար ռուփի արժողությամբ, կտակեց Նոր Նախիջևանին: Այդ գումարն անձեռնմխելի էր, դրա շահութատոկոսները, կտակարարի մահից հետո (Բաբաջանը վախճանվեց 1797-ին), պիտի հատկացվեին Դոնի ափին գտնվող հայաքաղաքին: Իսկ տոկոսները պարտավոր էր տրամադրել «The Official Trust of West Bengal, Calcutta» («Արևմտյան Բենգալիայի պաշտոնական վստահորդ») բանկային հաստատությունը, որին հանձնվեց կտակի իրագործումը:
Հարց է ծագում` ծնունդով համադանցի Բաբաջանն ինչո՞ւ այդպիսի խոշոր գումար կտակեց Նոր Նախիջևանին:
Ես մեկ անգամ «Իրավունք de facto»-ում գրել եմ, թե` «Հայի հինն է լավ»: Գուցե, չափազանցրել եմ. ինչպես անցյալում, այնպես էլ այժմ հայոց մեջ եղել են ու կան թե լավ, թե հոռի մարդիկ: Բայց որ դրամատերերը դասական իմաստով կապիտալիստներ էին և այդ իսկ պատճառով հայրենասերներ, ազգասերներ, կասկածից վեր է: Ահա մեկ ապացույց ևս:
Երբ անեցիների սերունդները Ղրիմից գաղթում են Դոնի առափնյակ և 1779 թ. հիմնում Նոր Նախիջևանը, դիմում են աշխարհասփյուռ հայությանը, թե` օգնեք ոտքի կանգնենք, հայաքաղաքը կառուցենք, շենացնենք: Կոչին արձագանքում են դրամատերերը, և նրանցից մեկը Մասեհ Բաբաջանն էր, որը դրամագլխի շահութատոկոսները կտակով հատկացնում է Նոր Նախիջևանի եկեղեցիներին, դպրատանը, հիվանդանոցին, աղքատանոցին և որբանոցին:
Նորնախիջևանցիները կտակի մասին տեղեկանում են միայն 1818 թվականին: Տասը տարի անց նրանք պաշտոնական նամակ են հղում Հնդկաստան` իրենց հասանելիք գումարներն ստանալու առնչությամբ, սակայն պատասխան չի ստացվում: Չմոռանանք, որ Հնդկաստանը բրիտանական գաղութ էր, և անգլիացիները ոչ մի ցանկություն չունեին հայերին փող տալու:
1859 թ. նորնախիջևանցի 30-ամյա «տաքգլուխ երիտասարդ» Միքայել Նալբանդյանը տպագրում է «Ազգային ժառանգութիւն» հոդվածը, որտեղ կտակի թեման «թարմացնում» է և առաջարկում մարդ ուղարկել Հնդկաստան` շահութատոկոսներն ստանալու: Քաղաքի «հայրերն» էլ թե` հոդված ես գրել, ինքդ էլ զբաղվիր: 1861 թ. սկզբին բանաստեղծը մեկնում է Լոնդոն, արտաքին գործերի նախարարությունում հաստատում իր լիազորությունները և ճանապարհվում Հնդկաստան: (Հավելենք, որ Լոնդոնում նա «ձեռի հետ» կապ է հաստատում Գերցենի, Օգարյովի և այլ հեղափոխականների հետ): Կալկաթայում մեր բանաստեղծ-հեղափոխականը շատ արագ համոզվում է, որ առանց դատական գործընթացի գործը գլուխ չի գա: Երեք ամիս տևած դատավարությունից հետո, Արևմտյան Բենգալիայի գերագույն դատարանն օրինական է ճանաչում նորնախիջևանցիների պահանջը: Մ. Նալբանդյանն ստանում է կտակարարի մահից հետո կուտակված տոկոսների կեսը` 60 հազար ռուփի (մյուս կեսը պիտի փոխանցվեր Լոնդոնով) և վերադառնում տուն: 1862 թ. հուլիսի 10-ին նա ժամանում է Նոր Նախիջևան և նույն գիշեր ձերբակալվում` Լոնդոնում հեղափոխականների հետ կապ հաստատելու համար:
Սա Բաբաջանի կտակի հետ կապված պատմության առաջին փուլն էր:
Մինչև XX դ. սկիզբ շահութատոկոսները Հնդկաստանից ստացվում էին կանոնավորապես, ինչի շնորհիվ հայաքաղաքի ազգային հաստատությունները ծաղկում ապրեցին: Սակայն հետագայում գումարները դադարեցին մուտք գործել: 1912-ի վերջին քաղաքի «հայրերը» Կալկաթա ուղարկեցին կենսաբանության դոկտոր Բեդելյանին, որը 1913-ի փետրվարի 27-ին Կալկաթայի դատարանից վճիռ ստացավ, համաձայն որի` Նոր Նախիջևանի եկեղեցական հոգաբարձությունը ճանաչվում էր օրինական պահանջատեր: Բեդելյանն ստացավ վերջին 5 տարում կուտակված շահութատոկոսները` 10 հազար ռուփի, և գումարը փոխանցեց Ռուս-ասիական բանկ: Վերջինս ամեն տարի ստացավ շահութատոկոսները և բարեխղճորեն փոխանցեց քաղաքին:
1917-ին Ռուսաստանում տեղի ունեցած բոլշևիկյան հեղափոխությունն ստեղծեց աշխարհաքաղաքական նոր իրողություններ, և Անգլիան, բնականաբար, դադարեցրեց վճարումները ԽՍՀՄ Նոր Նախիջևան քաղաքին:
Երբ 1947 թ. Հնդկաստանն անկախություն ձեռք բերեց, Սբ. Էջմիածինը թեժացրեց կտակի թեման, հավանաբար ենթադրելով, թե նորանկախ պետությունն ավելի բարեհաճ կլինի կտակի խնդրում: 1948 թ. Ամենայն հայոց Գևորգ Զ կաթողիկոսի կարգադրությամբ Իրանա-Հնդկաստանի թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Կոստանյանը մեկնեց Կալկաթա և վեց ամիս այնտեղ մնալուց հետո, սեպտեմբերի 22-ին զեկուցագիր հղեց հայրապետին` պատմելով դժվարությունների, ահավոր քաշքշուկի և վճարումից ուղղակի հրաժարվելու մասին, նշելով, որ 1917-ից հետո վճարման ենթակա գումարը կազմում էր 320 հազար ռուփի: Ակնհայտ էր, որ կտակի խնդրում Հնդկաստանն Անգլիայի դիրքորոշումն էր որդեգրել: Սակայն 1952 թ. Վստահորդից (Trust), այնուամենայնիվ, հաջողվեց ստանալ 2000 ֆունտ ստեռլինգ:
1956-ին կտակի շահութատոկոսն արդեն կազմում էր 268 հազար ռուփի, որից 20 հազար ֆունտ ստեռլինգին համարժեքը` պետական պարտատոմսերի տեսքով, 65767 ռուփին` կանխիկ:
1959-ի մայիսի 25-ին Սահակ արքեպիսկոպոս Տեր-Հովհաննիսյանը գրավոր դիմեց Մոսկվայում Հնդկաստանի դեսպանին, թե` Նոր Նախիջևանի եկեղեցիներին պարտք եք 200 հազար ռուփի, վճարեք: Ձայն բարբառոյ յանապատի…
Ըստ որոշ տեղեկությունների, երբ 1976 թ. Ինդիրա Գանդին ժամանել է Խորհրդային Հայաստան, Մասեհ Բաբաջանի կտակի խնդիրն արծարծվել է: Իզուր, ապարդյուն…
Սույն հոդվածով ես նպատակ չունեի լոկ Բաբաջանի կտակի հետ կապված պատմությունը շարադրելու, խնդիրն այլ է:
1991-ից հետո կրկին առաջացել են աշխարհաքաղաքական նոր իրողություններ, և դրանցից ամենակարևորը մեզ համար Հայաստան պետության առկայությունն է: Իսկ դա ենթադրում է, որ ազգային նշանակության խնդիրների լուծման ակունքում պետք է գտնվի պետությունը: Ակնհայտ է, որ կտակները ազգային-պետական բովանդակություն ունեն: Եվ հարցը լոկ այն չէ, որ կտակների օրինական պահանջատիրության արդյունքը կարող է զգալիորեն համալրել պետական բյուջեն. հարցը ազգային բարոյականությանն է վերաբերում, առնչվում է այն մարդկանց, ովքեր իրենց կյանքի վաստակը հետմահու ժառանգել են ազգին:
Խոսքը միայն Մասեհ Բաբաջանի կտակի մասին չէ: Ես գիտեմ հարյուրավոր այդպիսի կտակների գոյության մասին: Բերեմ ընդամենը մեկ օրինակ` կրկին կապված Նոր Նախիջևանի հետ: 1799 թ. Հակոբի որդի Եղիան այդ հայաքաղաքի դպրատանն է կտակել 5000 ռուփի (12.500 ֆրանկ), տիկին Կատարինե Խոջամալյանը` քաղաքին` 5845 ֆրանկ, Սարգիս Ծատուրի Աղավելյանը` քաղաքի դպրատանը և տպարանին` 200 հազար ռուբլի: Սրանցով (ինչպես նաև, կրկնում եմ, հարյուրավոր այլ կտակներով) ո՞վ պիտի զբաղվի:
Շուրջ 20 տարի մենք Հնդկաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ ունենք, Հայաստանի Հանրապետության դեսպանները գեթ մեկ անգամ արծարծե՞լ են կտակների խնդիրը:
Անկախությունից ի վեր Մայր աթոռը զբաղվե՞լ է այդ խնդրով, շարունակե՞լ է Գևորգ Զ և Վազգեն Ա կաթողիկոսների ուղեգիծը: (Ես առայժմ չեմ հարցնի այն կտակների մասին, որոնք արվել են Սբ. Էջմիածնին, բայց ոչ թե եկեղեցու գործունեությանը, այլ ազգային ուրիշ նպատակների ծառայեցնելու համար):
Եթե ինչ-որ մեկը զբաղվել է, թող ասի: Միայն կոչ կանեի վերընթերցել սույն հրապարակման նախաբանը:


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ
Հ. Գ.- Ընկերներով զրուցում էինք: Հարցրին` ինչո՞վ եմ զբաղվում: Ասացի` «Հայոց ազգային կտակներ» վերնագրով նոր գրքի վրա եմ աշխատում և «Իրատես de facto»-ի գլխավոր խմբագրի առաջարկով Մասեհ Բաբաջանի և առհասարակ կտակների անտերության մասին հոդված եմ գրելու: Մեկն ասաց` զուր գործով ես զբաղվում. ո՛չ պետական մարմինները, ո՛չ եկեղեցին մատը մատին չեն խփի, բան չի ստացվի: Պատասխանեցի, որ կամք ու ջանադրություն դրսևորելու դեպքում` կհաջողի, նախադեպեր կան, բացի այդ, պիտի փորձես, որպեսզի համոզվես, որ չի ստացվում:
Մյուսն ասաց` եթե ստացվի, վիթխարի փողեր կհայտնվեն դրանցով զբաղվողների ձեռքում, ու «կլափեն», քո ինչի՞ն է դա պետք: Այդպիսի «փաստարկի» պատասխանը չունեի:

Դիտվել է՝ 3228

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ