«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կեցցե՛ բրոնզի դարը (նավաբեկություն)

Կեցցե՛ բրոնզի դարը (նավաբեկություն)
16.11.2012 | 12:27

«Քաղաքացիական հասարակությունը քրեաօլիգարխիկ համակարգի միակ այլընտրանքն է, ուրիշ այլընտրանք չկա։
Մենք այս ընթացք?ում սկսել ենք ստեղծել այլընտրանքային ժողովրդական իշխանության սաղմերը։ Մենք արդեն ստեղծել ենք նախախորհրդարան, այն արդեն ընդունել է հռչակագիր և առաջիկա 20 շաբաթվա մեջ ստեղծելու է պայմաններ հիմնադիր խորհրդարանի համար»։
Տիգրան ԽԶՄԱԼՅԱՆ
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ

ՍՊԻՏԱԿ ՏԵՆԴ
(սուրճ ենք ըմպում, մնացածն ունայն է)
Մեր անկախ պետականության նավը, իհարկե, խմուկ է, առագաստներն է պարզում, երբ մեղմանուշ անդորր է, և հակառակը` հավաքում-թաքցնում է եռագույն առագաստները, երբ կայտառ զեփյուռը փոխվում է խենթ փոթորկի։
Այսպիսով, սպիտակ տենդը բռնկեց, բայց սակավ են բուժամիջոցները, բուժակներն էլ ապիկար են և անբարո։ Բայց նավը լողում է թիապարտ ժողովրդի ջանքերով։ Այս դարը մերը չէ, զի անկախության թունդ հարբեցողությունից ետքը այդպես էլ պատշաճ կարգով խումարաթող չենք լինում։ Եվ ահա եռագույն մեր առագաստանավը, քաղցրահամ ջրերը լքելով, գասպարավարի լողում է դեպի օվկիանոսների գարշաբույր մշուշներում դիրքավորված կղզին, ուր բրոնզի դարն է թագավորում։ (Նորանկախ մեր սուրճը էս ի՜նչ դառնահամ է)։


ՀԱԿԸՆԴԴԵՄ ՀԱՅՑ` ՁՄՌԱՆ ՑՐՏԵՐԻՆ
(վերհուշ)
Հիշենք` 1991-1995 թվականների ձմեռներն անցան «Ծառն ու գիրքը վառարանիս վնաս չեն» նշանաբանի ներքո։ Հիշենք` այդ հերոսական տարիներին հաճախ ներքնակը փոխարինում էր վերմակին։ Առհասարակ, նորանկախական հայոց անկողինները քաղաքակրթական ահռելի թռիչքով հասել էին նախնադար և վերհիշել նախամարդու հնարագիտությունը։ Այսպես, մեր անկողինները տաքացվում էին վաղօրոք ջերմացրած աղյուսներով։ Բայց և այնպես նախամարդուն գերազանցեցինք։ Զորօրինակ, մոլիբդենի փոխարեն Հայաստան ներկրված իրանական, թուրքական թխվածքաբլիթները («պեչենի», «վաֆլի» և այլ զահրումար) ռազմավարական գյուտ էին, ժամանակի իշխանությունների հակահարվածը մազութի գողերին։ Հուշեմ` հիշեք, մենք նախ կշտանում էինք հանելուկային համ ու հոտ ունեցող «թխվածքաբլիթներով», հետո դրանց մնացորդներով նոր կյանք պարգևում վառարաններին։ Սրանից զատ, խիստ օգտակար էին նախագահական նստավայրից պլստացող հորդորները։ Զորօրինակ, նախագահի խորհրդականներից մեկը հորդորեց, որ բազմաբնակարան շենքերի բնակիչները բռունցքվեն կոնկրետ գաղափարի շուրջ (ինչպես «Թատերական» հրապարակում) և դիմակայեն, հաղթանակ տանեն։ Այսպես, նա առաջարկում էր 16-հարկանի շենքի բնակիչներին քնել, ճաշել (եթե կա հնարավորություն) և անկախությունը հիշել միևնույն սենյակում։ Մուտքի ավագի հրահանգով ժամը 20.00-ին 1-ից 16-րդ հարկերի բնակիչները վառում են վառարանները հյուրասենյակներում։ Չէ՞ որ տաքությունը ներքևից վերև բարձրանալու սովորություն ունի, հուզված ցնդաբանում էր խորհրդականը, բնականաբար, նվազագույն միջոցներով առավելագույն արդյունք կունենանք, կշահենք ազգովին։ Այս գյուտը ոմանք կիրառեցին, սակայն տարակուսանքով։ Պատմում էին, որ էֆեկտը մեծ էր, երկու կտոր փայտով (կամ Լենինի մեկ հատորով) հնարավոր էր մի լավ տաքանալ, զի հատակը տաք էր, առաստաղը` նույնպես։ Բաց էր մնում արտաքնոցից օգտվելու և լողանալու խնդիրը։ Խորհրդականը խոստացավ դա ներմուծել բնակչության մենթալիտետ հաջորդ ձմռան նախաշեմին։ Չհասցրեց, նրան պաշտոնանկ արին։ Բայց հուշը մնաց։ Հուշը` դառն ու անուշ։ Մասնավորապես այսօր էլ թաղամասի x շենքի z1 մուտքի բնակիչները (ովքեր առաջինը կիրառեցին գյուտը) հավաքվում են խոհանոցներում (ուր տեղավորված էին նրանց վառարանները) և հիշում խորհրդականի յոթ պորտը։ Այո՜, անբեկանելի է սովորույթի ուժը, ավանդույթ է դարձել և զոմբիացրել x շենքի անբախտ բնակիչներին. ջեռուցում կա, գումարներն առկա են, սակայն սովորույթի ուժն անբեկանելի է։

Անկեղծ եմ և արդարամիտ, մեր հնագետներն անխտիր պիտի կարգազրկվեն։ Կենսաբանները` ևս։ Նանոտեխնոլոգիաների մասնագետները` առավել ևս։ Ինչո՞ւ, շատ պարզ, զի չեն հայտնաբերել նախնադարյան Հայաստանի ջեռուցման համակարգի գաղտնիքները։ Ինչպե՞ս են մեր նախնիները ջերմացրել քարանձավները, արդյո՞ք միայն փայտով։ Աթար գործածե՞լ են, թե՞ ոչ։ Անհնար է, որ Քարահունջի աստղադիտարան կերտած ժողովուրդը միայն մամոնտի աթարով բավարարվեր։ Բայց ուշ է, ձմեռը մեր դռներն է բախում և պարտադրում ելք գտնել։ Եվ քանի որ մեր թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր թևերը բնակչության դիմակայության նոր առաջարկներով հանդես չեն գալիս, անհրաժեշտ է սույն հարցը մտցնել կառավարություն, հրավիրել արտահերթ խորհրդարանական նիստ, քննել այն Անվտանգության խորհրդում, զննել, բնականաբար, Հանրային խորհրդում և այսպես շարունակ։ Այսպիսով, ինչպես տաքանալ ազգովին, եթե «բալը թանկ է» (այսինքն` գազի գինը, մեղմ ասած, դուրս է բարոյականի հայտնի սահմաններից)։ Ինչ պիտի անե՞լ, ընդամենը պիտի հիշել խորհրդականին և նորովի կիրառել նրա գյուտը։ Նորովի, նոր ձևաչափում, զի խիստ քաղաքականացված մեր հանրությանն անհնար է համոզել, որ, զորօրինակ, նրանք ողջ ձմեռ տեղակայվեն միջանցքում, այսինքն` գործարկեն միայն միջանցքների ջեռուցիչները։ Պատկերացնենք, որ բազմաբնակարան որևէ շենքի որևէ մուտքի առաջին երեք հարկերում բնակվում են քաղաքականապես անբարեհույս, այսինքն` անկուսակցական ընտանիքներ։ Նրանք հոգաբարձուների խորհուրդ են հրավիրում և համաձայնության գալիս, այո՛, ձմեռն անցկացնելու արևկող ննջասենյակում։ Սակայն չորրորդ հարկից սկսած բռնկում են հիմնախնդիրները։ Ինչո՞ւ, շատ պարզ։ Չորրորդ հարկում բնակվողը ՀԱԿ-ի համակիր է։ Հինգերորդում ապրում է հակա-ՀԱԿ մի ընտանիք։ Հինգերորդից տասներորդ հարկերում, հասկանալի է, գերիշխող դիրք են գրավել ՀՀԿ-ի անդամներն ու վերջիններիս համակիրները։ Տասնմեկերորդ հարկում, ո՞վ ապրի, որ լավ լինի, այո՜, այո՜, տիկին Զառնիշանը, ով հինգ հեռուստացույց, երեք ավել ու երկու բջջային է վաստակել «Շոգեքարշում», և նրա համար երկրի վրա, երկնքում ու գետնի տակ մեկ քաղգործիչ կա, հասկացա՞ք, թե ով, հուսամ` այո։ Վեր ենք թևածում։ Տասներկուերորդ հարկում ապրում են բարգավաճող բնակիչներ, որոնց ջրերն ու կոյուղաջրերն ընդդեմ են ալամաշխարհի ջրերին և կոյուղաջրերին։ Ո՞վ է բնակվում տասներեքերորդ հարկո՞ւմ։ Հարկավ րաֆֆիական տիկին Մարուսյան։ Տասնչորսերորդում արտախորհրդարանական ընդդիմադիր պարոն Վռամն է, տասնհինգերորդում` կոմունիստ ուստա Հմայակը, և վերջին հարկում` մարքսիստական կուսակցության երկրորդ անդամ Մաքսիմ Վոլդեմարի Վռամշապուհյանը։ Է, հիմա դուք եզրահանգեք, հնարավո՞ր է ընդհանուր հայտարարի գալ նման իրավիճակներում, հարկավ ո՛չ։ Բայց տաքանալ անհրաժեշտ է։ Ինչպե՞ս, ահա այս մասին խորհենք մեր վերջնազրույցում։

ՎԵՐՋՆԱԶՐՈՒՅՑ
(լրջախոհ ախմախություն)
Էսպես ուրեմն, տաքանում ենք միակցման եղանակով։ Այսինքն, յուրաքանչյուր թաղ, քուչա, և համայնք միակցվում է յուր ֆեոդալին։ Սա էսպես է լինում. յուրաքանչյուր ֆեոդալ որոշակի գումար է ներդնում «Որ ազգս չվերանա հակազգային սառնամանիքից» ծրագրում։ Հիսուն տոկոսը ներդնում են ֆեոդալները, մնացած հիսունը` կառավարությունը։ Շահում ենք ազգովին, կառուցում ենք կաթսայատուն Նուբարաշենի աղբանոցում։ Յուրաքանչյուր բնակիչ ազատ կարող է հասնել կաթսայատուն և ազատ ու անկաշկանդ տաքանալ։ Սա` մայր ոստանում։ Միևնույնը` բոլոր համայնքներում, շեներում ու գյուղերում։ Այստեղ, անկասկած, նորույթ կա։ Բանն այն է, որ երկու-երեք ժամ տաքանալով կաթսայատների մերձակայքում, երեք-չորս ժամ էլ ջերմանում եք սեփական տանը։ Բանն այն է, որ սույն կաթսայատների էներգիան կախարդանք ունի, պարզապես պետք է տնօրինել նրա էությունը։ Բանն այն է, որ կաթսայատների մոտ տաքանալիս պետք է ակնապիշ նայել կրակին, ուր արտացոլված է տվյալ ֆեոդալի կյանքի ուղին` մանկապարտեզից մինչև առաջին միլիոն դոլարի «քցումը» (ասենք, ինչպես է ֆեոդալ z-ն մանկապարտեզում սողոսկել խոհանոց, կորզել չամիչով բուլկու չամիչները, հետո դրանք վերավաճառել էսկիմոս զբոսաշրջիկներին, կամ ինչպես է նա աշխատել որպես ջոկատավարի տեղակալ Հանքավանի վրանային ճամբարում և շաբաթը մեկ էլ մեկական ռուբլի հավաքել մանուկներից` վրանների համար վարագույր գնելու նպատակով)։
Վերջապես բանն այն է, որ մեր հայրենական արտադրության ֆեոդալների իրական կերպարի բացահայտումներն անիրական-դրական ներշնչանք են տալիս դիտողին։ Եվ, ահավասիկ, նա, ի հաշիվ ներշնչանքի, ջերմանում է սեփական բնակարանում, ավտոտնակում ու ծերանոցում։ Ի վերջո, այս նորույթը կիրառելու համար մեր կառավարությունը կարող է ահռելի վարկեր ստանալ չինական, ճապոնական, ռուսական, իրանական, ինչպես նաև Զատկի կղզու վարկային կազմակերպություններից։
Իսկ այժմ միանգամայն լուրջ. պատվարժան Տիգրան Խզմալյան, վստահաբար հուսալի ծիլեր կտան (հետո ծիլերը` հասկ, հասկն էլ` հացը մեր հանապազօր) այլընտրանքային ժողովրդական իշխանության սաղմերը։ Հուշեմ` հիշեք, թե ինչու։ Զի անհնար է, որ զինավառ ասպետների, ոսկեխունկ մատյանների և Սասնա ծռերի հայրենիքը մնա ֆեոդալական թափթփուկների հանդամաս։ Ո՛ղջ լերուք։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2588

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ