«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պետությունից գոհ է հաշմանդամություն ունեցող հարցվածների հինգ տոկոսը

Պետությունից գոհ է հաշմանդամություն ունեցող հարցվածների հինգ տոկոսը
14.11.2012 | 16:59

Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց համար շարունակում են խնդրահարույց մնալ զբաղվածության ու տարբեր ծառայությունների մատչելիության հարցերը: Այս թեմային էր նվիրված «Լիարժեք կյանք» կազմակերպության նախագահ ՍՈՒՐԵՆ ՄԱՂԱՔՅԱՆԻ հրավիրած մամլո ասուլիսը:

«Ամեն ինչ մեզ համար, մեզ հետ» ծրագրի շրջանակներում Լոռու, Շիրակի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում կատարված երեքամսյա սոցհարցումներն ու հետազոտությունները պարզել են, որ չլուծված և թերի խնդիրը աշխատանք չունենալն է, տրանսպորտից օգտվել չկարողանալը, տարբեր ծառայությունների մատչելիության բացակայությունը:
Ըստ հետազոտության արդյունքների, ոչ միայն պետական քաղաքականության և թերի ընթացակարգերի խնդիր կա, այլև, որոշ դեպքերում, պատկան գերատեսչությունների և կազմակերպությունների համարժեք մոտեցման և արհեստավարժության:
Չորս մարզերի յուրաքանչյուր քաղաքից (19 քաղաք) հարցմանը մասնակցել է 40 անձ, բայց հետագայում հայտնաբերվել է 30 տոկոս անճշտություն: Այսինքն, տոկոսային անհամաչափությամբ, ստացվել է, որ արդյունքում, հարցման մասնակիցները 39 տոկոս են կազմում Լոռիում, 32 տոկոս` Գեղարքունիքում, Արագածոտնում` 12, և 17 տոկոս` Շիրակի մարզում: Թեև, Ս. Մաղաքյանի խոսքով, հաշմանդամություն ունեցողները Շիրակի մարզում ավելի շատ են, բայց հարցմանը մասնակցել է միայն 17 տոկոսը (ընդհանուր` 526 մասնակից):
Գրեթե բոլոր մարզերում նույն պատկերն է: Մեծամասնություն են կազմում աշխատանք փնտրողները: Չաշխատող հարցվածների մեծ մասը ունի աշխատելու մեծ ցանկություն: Շատ դեպքերում նրանք նշանակություն չեն տալիս աշխատավայրին, միայն թե աշխատանք ունենան: Զբաղվածությունը գրեթե բոլոր մարզերում չի գերազանցում 27 տոկոսը: Այս ցուցանիշը պայմանավորված է նրանով, որ հարցվածների զգալի մասն ունի երրորդ խմբի հաշմանդամություն:
Որքան էլ զարմանալի է, նրանց միայն 19 տոկոսն է պետական ատյաններում հանդիպել իրավախախտումների, իրավունքների ոտնահարման և անհարգալից վերաբերմունքի: Նման վերաբերմունք վերջիններս հիմնականում նկատել են առողջապահական հիմնարկներում, սոցիալական ծառայություններում` կապված կենսաթոշակի, հաշմանդամության խումբ նշանակելու համար գումար վերցնելու, անտեղի բուժզննման, դժկամ, անմարդկային վերաբերմունքի հետ: Ցավալին այն է, որ նման դեպքերում, սեփական իրավունքները պաշտպանելու համար, սոցհարցումների մասնակիցներից ոչ ոք երբևիցե չի դիմել որևէ կառույցի:
Ի դեպ, հարցվածների մեջ կան մարդիկ, որոնք կարծում են, թե պետությունը լիովին կատարում է հաշմանդամություն ունեցող քաղաքացիների հանդեպ ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով ստանձնած պարտավորությունները:
Տեսնես ովքե՞ր են այդ 5 տոկոս երջանիկները:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1195

Մեկնաբանություններ