«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Իրավազրկություն` իրավական պետությունում

Իրավազրկություն` իրավական պետությունում
07.11.2012 | 17:18

ՀՀ քաղաքացի, կյանքով ու եռանդով լի Գևորգ Սիմոնյանը ինձ հանդիպեց առաջին հայացքից ոչ սովորական մի խնդրով` սեփական հայրենիքում արժանապատվորեն բնակվելու, իրեն «ցածր ռասայի» ներկայացուցիչ չզգալու մտահոգությամբ: Մտահոգությունը տարիների տառապանք ունի:

Վերջին տարիներին մեր հերոսը պարբերաբար բախվում է ուժային կառույցների և, առհասարակ, արտոնյալ խավի ներկայացուցիչների վայրագության հետ և, եթե չի փորձել լայն հրապարակայնություն տալ դրանց, պատճառը մեկն է` արտոնյալ խավը ջրից չոր դուրս կգա, ինքը կունենա բազում գլխացավանքներ: Նման դեպքերից մեկը, կարծես, դասական է մեր օրերի համար: Գևորգը պատմեց, որ ակամա դարձավ մի խառը և մթին պատմության վկա:
Մայրաքաղաքի սրճարաններից մեկում վեճ է սկսվում արտոնյալ խավի երիտասարդության և բարձրաստիճան մի ոստիկանի միջև: Վեճը փոխվում է քաշքշուկի, քաշքշուկը` լուրջ ընդհարման: Պատմում է, որ ապշած էր ոստիկանի անպատկառությունից, որը բնավ չէր ամաչում սեփական համազգեստից և ընդհարումը «շահում է» ծառայողական ատրճանակի գործածմամբ:
Զարմանալի է, նույն ոստիկանին ամիսներ անց հանդիպում է մեկ այլ, արդեն քաղաքամերձ հանգստի գոտում: Վերջինս դարձյալ հարբած և դարձյալ համազգեստով «կարգ ու կանոն» էր հաստատում: Սա նշանակում էր, որ շրջապատում բոլորը պիտի համեստ զրուցեն, երբ ինքը ընկերուհու հետ պիտի պարեր ոռնացող երաժշտության ներքո: Գևորգ Սիմոնյանի համբերությունն այս անգամ հատնում է ու փորձում է ուսադիրավոր ստահակին կարգի հրավիրել: Արդյունքում ճակատին ատրճանակ է տեսնում: Զվարճավայրի աշխատակիցները, որոնք հլու-հնազանդ ենթարկվում էին ստահակի քմայքներին (պատճառաբանելով, որ ոչինչ չեն կարող անել, «հիմնական կլիենտ է»), իրենց հերթին խորհուրդ են տալիս շտապ հեռանալ, քանի դեռ «ավելի վատ չի եղել»:
Այս համատեքստում Գևորգ Սիմոնյանը ոչ մի զարմանալի բան չի տեսնում սափրագլուխների հաճախ բռի և ամոթալի գործողություններում, քանի որ վերջիններս պարզապես հրաման կատարող են, ի վերջո, իրենք էլ լինելով այս արատավոր համակարգի զոհը: Նա համոզված է, որ հանրապետությունում կարգ ու կանոնի հաստատումը ձևական բնույթ է կրում: Գևորգն ուզում է լիարժեք քաղաքացի լինել իր երկրում: Բայց ահա հանգստի գոտում անցկացրած երեկոն շատ ծանր է նստել նրա վրա: Ինչպես հետագայում է պարզվում, ուսադիրավոր ստահակը լայն կապեր ունի ամենուր, և ահա սկսվում է Գևորգի մղձավանջը. մերթ նրան անհարկի կանգնեցնում են և տուգանում, մերթ էլ հարկայինն է ստուգումներ իրականացնում նրա մերձավորների օբյեկտներում: Եվ ահա հոկտեմբերի 30-ին, ժամը 23:30-ին, Մյասնիկյան պողոտայում հերթական արտոնյալին պատկանող BMW X5 մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենայով կտրել-կանգնեցրել են Գևորգ Սիմոնյանին պատկանող «Տոյոտա» մակնիշի 24 SO 878 պետհամարանիշով մեքենան: Գևորգ Սիմոնյանին դուրս են հանել մեքենայից և հայհոյելով ու սպառնալով ծեծել: Ականատեսները նշում են նաև սափրագլուխների անվայել պահվածքը: Գ. Սիմոնյանը դեպքի վայրից մի կերպ փախել է, թողնելով իր անձնական մեքենան: Արտոնյալի թիկնապահը հրազենային կրակ է արձակել Գ. Սիմոնյանի հետևից:
Մինչ այժմ ՀՀ ոստիկանությունում ոչ մի տեղեկություն չկա այս դեպքի վերաբերյալ: Ինչպես վերջերս կատարված աղմկահարույց մի քանի դեպքերը, այս դեպքն էլ կանցնի պատմության գիրկը: Ասեմ ավելին. իմ լրագրողական աշխատանքի միջոցով պարզեցի, որ Գ. Սիմոնյանի նկատմամբ սա արդեն երրորդ դեպքն է: Խոսքս ուղղում եմ անմեղ և անպաշտպան քաղաքացիներին: Արտոնյալների արշավները կանխելու Ժամանակն է։
Գևորգ Սիմոնյանը որևէ կուսակցության անդամ չէ, մերժել է բոլոր առաջարկները հարելու սրան կամ նրան: Գուցե նաև սա նրան չեն ներում:
Բայց որքա՞ն պետք է այսպես շարունակվի:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1403

Մեկնաբանություններ