«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

...Որպեսզի բազմաչարչար հայ ժողովուրդը ևս ապրի, ինչպես «դեղի գործ» անողները

...Որպեսզի բազմաչարչար հայ ժողովուրդը  ևս ապրի, ինչպես «դեղի գործ» անողները
30.10.2012 | 12:58

Պարզվում է` դեղերի շուկան շատ ավելի հետաքրքիր ու «քաղաքական» է, քան վերջին շրջանում ծավալվող ՀՀԿ-ԲՀԿ` «դու ո՞վ ես, բա դո՛ւ ով ես. չէ-չէ-չէ` դո՞ւ ով ես» պայքարը:
Ըստ պաշտոնական վիճակագրության` դեղերի շրջանառությունը տարեկան կազմում է մոտ հիսուն միլիարդ դրամ: Ասել է` հարյուր քսան միլիոն դոլար: ՈՒ քանի դեռ «աթոռից» չեք ընկել, մի հատ էլ բռնվեք ու հիշեք, որ սրանք պաշտոնական թվեր են, ոչ թե ստվերային: Հիմա ընկեք: Որովհետև ստվերային շրջանառության, չգրանցված դեղերի մասով «ստատիստիկա» չենք ներկայացնում` ելնելով հանրության առողջական վիճակի մասին մեր մտահոգություններից. այստեղ «ընկնելը» հե՛չ չի օգնի:
Դե հիմա, կարծում ենք, մեզ նման ման չեք գա առողջապահական պատասխանատուների հետևից, որպեսզի ստանաք հարցի պատասխանը, թե ինչո՛ւ տևական ժամանակ հնարավոր չէր լինում ընդունել այդ դաշտը կարգավորող օրենքի փոփոխությունների փաթեթը:
Ի դեպ, այն առաջին ընթերցմամբ ընդունվեց 2007-ին, նույնքան բարեհաջող էլ կասեցվեցին նրա երկրորդ ընթերցումը և ամբողջական ընդունումը: Նույն թվին: ՈՒ թե հիշեք, թե ով էր այդ ժամանակ երկրի ղեկին, իսկ ովքեր` «դեղի» շուկայի մոնոպոլիստները (գիտենք` ԲՀԿ առաջնորդն ու Սամվել Ալեքսանյանն այս պահին Դուբայում հոգնածությունից, «դեղերի ծանրությունից» «հանգստանում են»), ապա հասկանալի կլինի, թե ինչու կասեցվեց «սույնը»:
Բայց ոնց կասեին «Արմքոմեդիի» տղերքը, ի դեպ, մեր հարցին` ինչպես է վերաբերվում առողջապահության նախարարն այդ «տղերքին», ովքեր իրենց գրեթե բոլոր հաղորդումների ժամանակ հատուկ հիշում, չեն մոռանում պարոն նախարարին, անտանելիորեն լուրջ առողջապահության նախարարը մեր այս հարցից զարմանալիորեն «բացվեց», փղիկի նման նախ իր ներսում ժպտաց, հետո մեզ` անափ ժպիտով, թե` շա՜ա՜տ լավ:
Եվ ուրեմն, ինչպես կասեին «արմքոմեդիները», «ա՜խ Դերո, Դերո»-ն այնքան է ազդվել կառավարության հայտնի նիստում առողջապահության նախարարության մասին Սերժ Սարգսյանի «ասածից» (իսկ իրականում, կարծում ենք, «դեղերի» մասին զրույցը նախագահի և նախարարի միջև մինչ այդ է եղել), մի է՜ն տեսակ է ձեռնամուխ եղել այդ օրենքի փաթեթի շրջանառությանն ու փոփոխությանը, որ այն շուտով կհայտնվի խորհրդարանում` վերջնական «վերդիկտ» ստանալու:
Մեկ-երկու «նյուանս» սույն օրենքի փոփոխություններից. դեղերի շուկան ազատականացվելու է` մոնոպոլիան սահմանափակելու համար, պարզեցվելու է գրանցման կարգը, առաջվա վեց ամսվա փոխարեն` 21 օր, եվրոպական ստանդարտ չունեցող դեղերին լիցենզիա չի տրվելու (էն ի՞նչ են անում տղերքը Դուբայում. եթե հավատանք պարոն Սամվել Ալեքսանյանին` «ի՜նչ քաղաքականություն, ի՜նչ բան, յոթ էրեխեքի հետ հանգստանում են». չէ, չենք ասում` դեղերի գործարան են հիմնում): Բանն այն է, որ նոր օրենքով հնարավոր է և փոխարինող դեղը ներկրել, սակայն այն Եվրոպայում պետք է անպայման գրանցված լինի, որ համապատասխանի բարձր ստանդարտներին և մասամբ էժան լինի: Օրենքի փոփոխություններով խստացվելու է դեղերի պահեստավորման պատշաճ պայմանների ապահովման կարգը, մաքսային մարմինների հետ հարաբերություններն են «ճշտով» դրվելու, ասել է` ամեն բան արվելու է, որ չգրանցված, ժամկետանց դեղերի հոսք Հայաստան այլևս չլինի…
Որպեսզի բազմաչարչար հայ ժողովուրդը ևս ապրի «չաղ, ուրախ, բախտավոր» ու մի քիչ էլ առողջ: Ինչպես «դեղի գործ» անողները:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ