«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հիվանդությունն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել

Հիվանդությունն ավելի հեշտ է  կանխարգելել, քան բուժել
25.10.2012 | 16:58

Հոկտեմբերն ամբողջ աշխարհում հայտարարված է կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տվյալներով` կենտրոնի գործունեության 15 տարիներին կատարվել է ավելի քան 272000 հետազոտություն։ Ամեն տարի այստեղ հետազոտվում է շուրջ 20000 կին։ Կենտրոնի բացումից մինչ օրս կատարվել է կրծքագեղձի 157020 հետազոտություն։ Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է 6691 այցելուի մոտ։ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հետազոտվածներից ավելի քան 92000-ն ունի կրծքագեղձի բարորակ ախտահարում։ Նորմալ ախտորոշում տրվել է շուրջ 33000 այցելուի։ Տվյալները վկայում են, որ կրծքագեղձի քաղցկեղի դեպքերն ունեն երիտասարդացման միտում. մինչև 29 տարեկան 60 կնոջ մոտ հայտնաբերվել է քաղցկեղ։
Եթե գործունեության առաջին տարիներին կենտրոն գալիս էր օրական 2-3 այցելու, ապա այսօր այն օրական սպասարկում է մինչև 100-120 մարդու։ Նրանց շուրջ 50 տոկոսը գալիս է պրոֆիլակտիկ զննման, և նման ուսումնասիրությունների շնորհիվ փրկվածների թիվը քիչ չէ՝ մոտ 3700 կին։ Այս կանայք վիրահատությունից հետո ապրում են 4 և ավելի տարի, և նրանց լիովին առողջացման հավանականությունը բավականին մեծ է։
Հայ-ամերիկյան կենտրոնը համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան մի շարք կլինիկաների հետ՝ իրականացնելով փորձի փոխանակում։ Այս օրերին Երևանում է Հայդելբերգի համալսարանական կլինիկայի կանանց առողջության կենտրոնի ղեկավար, դոկտոր-պրոֆեսոր Քրիստոֆ Զոնը, ով հոկտեմբերի 21-ին դասախոսություն կարդաց Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում։ Պրոֆեսոր Զոնն արդեն երկու տարի համագործակցում է հայկական կողմի հետ՝ վիրահատություններ իրականացնելով Հայաստանում։
Քրիստոֆ Զոնը կարծում է, որ Հայաստանում կանայք տեղեկացված լինելու և իրենց առողջությանը հետևելու կարիք ունեն։ Ըստ նրա՝ հիվանդությունն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Նա վստահեցրեց, որ կրծքագեղձի քաղցկեղից մահերի թիվն էապես քիչ կլինի, եթե կանայք հետևեն իրենց առողջությանը՝ ենթարկվելով պարբերական ստուգումների և մամոգրաֆիկ զննման։ Նա նաև նշում է, որ իր այցելությունների նպատակն է Հայաստանում ձևավորել արդյունավետ, ստանդարտ հնարավորություններ, որպեսզի հիվանդների բուժումն ավելի օպտիմալ լինի։ Ըստ Զոնի՝ Գերմանիայում կրծքագեղձի քաղցկեղի 85 տոկոսի դեպքում հիվանդներն ապաքինվում են, սակայն Հայաստանում ապաքինման ցուցանիշը, ըստ մասնագետի, 50-55 տոկոսի սահմաններում է։
Բժշկի հավաստմամբ` կրծքագեղձի քաղցկեղի պատճառ կարող են դառնալ գենետիկ նախատրամադրվածությունը, չծննդաբերելը կամ ուշ տարիքում երեխա ունենալը, ինչի հետևանքով հորմոնային խախտումներ են տեղի ունենում։ Զոնը նշում է նաև, որ առողջության վրա բացասական ազդեցություն են թողնում ծխելը, ալկոհոլը, ինչպես նաև արագ սննդից օգտվելն ու ավելորդ քաշը: Նա հատկապես կարևորում է վիրահատությունից հետո քիմիաթերապիայի կուրսերի անցկացումը։ Բժիշկը նկատում է, որ Հայաստանում անցկացվող քիմիաթերապիան ոչ ամենաբարձր որակի է։ Նա 25 տարեկանից բարձր կանանց խորհուրդ է տալիս հետազոտվել տարին գոնե մեկ անգամ։ Պրոֆեսորը շտապում է ցրել կանանց մտահոգությունները. տարիների փորձը ցույց է տվել, որ մամոգրաֆիկ սարքերը լիովին անվտանգ են։
Նշենք, որ Զոնը երկու ամիսը մեկ ժամանում է Հայաստան։ «Նաիրի» բժշկական կենտրոնում նա, կատարելով խորհրդատվություն և վիրահատություններ, հետագայում պահպանում է կապն իր հիվանդների հետ` ապահովելով բուժման և խորհրդատվության շարունակականությունը։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 7079

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ