ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Ձեզ «ձեռ ա տալիս», մեզ` ոչ

Ձեզ «ձեռ ա տալիս», մեզ` ոչ
16.10.2012 | 11:47

Տողերիս հեղինակը երկու անգամ մամուլում անդրադարձել է Իջևանի քաղաքապետարանի «Իջևան» թերթին, մատնանշել դրա էջերում հաճախ հանդիպող մայրենիի հետ դույզն-ինչ աղերսներ չունեցող իմաստազուրկ արտահայտությունները, մտքերի խճողումները, մի խոսքով` «անհայերեն» հայերենը: Լեզվի նկատմամբ այդօրինակ ոտնձգություններին քաջածանոթ են քաղաքապետարանում: Փոխքաղաքապետ Սուրեն Մանուկյանն ասում է. «Մեզ ձեռ ա տալիս»: Գուցե դա իր անձնական կարծիքն է, բայց նմանատիպ թերթի լույսընծայմանը համաձա՞յն են արդյոք բազմաթիվ հարկատու-ընթերցողները, որոնց դրամական մուծումների հաշվին գոյատևում է նաև «Իջևան» թերթը:
Եվ այսպես, ընթերցենք թերթի վերջին համարը (5/48 օգոստոս-սեպտեմբեր, 2012): Առաջին էջում զետեղված է Իջևանի քաղաքապետի հետ հարցազրույցը, որի մեջ անսպասելիորեն հանդիպում ենք «Ծառահատումներ են կատարվել, որոնք խանգարում էին շենքերի լուսավորությանը» հակատրամաբանությանը: Մարդ ապշում է. ինչպե՞ս կարող են ծառահատումները խանգարել շենքերի լուսավորությանը: Կատարյալ անհեթեթություն է: Շարժվենք առաջ: Նույն հարցազրույցում սևով սպիտակի վրա գրված է. «Իջևանը մեր տունն է, և յուրաքանչյուրիս պարտքն է ապրել ցանկացածի հույսով` օգնել նրան իր ուժերի ներածին չափով»: Ինչպես ասում են, կոռուպցիոն ռիսկեր պարունակող նախադասություն է: Չեմ կարող պնդել` արդյո՞ք քաղաքապետը արտաբերել է այդ միտքը (ամենայն հավանականությամբ` ոչ. վայ-լրագրողը փորձել է քաղաքապետի «գլխին սարքել», կամ ինքն էլ չի հասկացել, թե ինչ է գրել), բայց եթե ասել է նման բան, ուրեմն «սխալվել» և ճիշտ է ասել: Ի՞նչ է ստացվում. ուժեղներին շատ պիտի օգնել, թույլերին` քի՞չ: Դարերի խորքից եկած անարդար սովորույթ է` հարատևող և անբեկում: Օրինա՞կ եք ցանկանում: Խնդրեմ. Իջևանի նախկին քաղաքապետին, որի գործունեությունը (ճիշտ կլինի ասել` անգործությունը) հաճախակի խարանվում էր լրատվամիջոցներում, տասներկու տարի առաջ դիմում գրեցի և ցայսօր սպասում եմ պատասխանի: Լրագրող-մանկավարժ եմ, մամուլին էլ մեր ժամանակներում սովորաբար նայում են այնպես, ինչպես մահմեդականը` խոզի մսին, ու այսպես մեր աշխատանքը վերածվում է անօգուտ մարմնամարզության: Ճիշտ է` ֆիզիկական աշխատանքով և սպորտով չզբաղվողների համար վատ մարզանք չէ, դրա համար էլ նախկին քաղաքապետը թքած ուներ թե՛ դիմումիս, թե՛... Բայց անսալով «Չկա չարիք` առանց բարիքի» իմաստնությանը` անհամբեր սպասում եմ, որ դիմումս «ամենաերկար ժամանակ անպատասխան մնացած դիմում» անվանակարգում գրանցում ստանա Գինեսի ռեկորդների գրքում: Ինձ հետ անմահանալու է նաև դիմումիս չպատասխանողը, բայց, դե, ես անհիշաչար մարդ եմ, թող այդպես լինի, ոչինչ: Հազար ներողություն, արգո համբերատար ընթերցող, նյութից շեղվելու համար, ինչպես ասում են` խոսքը խոսք է բերում:
Եվ այսպես, թերթի նույն համարի երկրորդ էջում կարդում ենք. «Կրթական համակարգը գյուղում բարձր հիմքերի վրա է»: Մի՞թե բարձր հիմքեր էլ են լինում: Եթե մի պահ ապրիորի պատկերացնենք, որ բարձր հիմքեր էլ կան, ապա նշված գյուղում կրթական համակարգը գտնվում է աննախադեպ երերուն վիճակում, և ԿԳ նախարարությունը շուտափույթ ստուգումներ պիտի անցկացնի հիշյալ գյուղի կրթօջախներում: Այժմ էլ երրորդ էջում զետեղված երկարաշունչ նախադասությունից մեջբերենք մի հատված. «Բայց այստեղ էլ գրանցվեց ապարդյուն արդյունք»: Մի՞թե ապարդյուն արդյունք էլ է լինում: Ախր ողջ աշխարհը գիտի, որ «ապարդյուն» նշանակում է «արդյունք չտվող»: ՈՒրեմն, թերթն ընթերցողին փորձում է համոզել, որ արդյունք չտվող արդյունք էլ է լինում: Իհարկե, մենք չսպառեցինք թերթի վերջին համարում զետեղված տարօրինակ ու ոչինչ չասող արտահայտությունները, սխալ բառագործածումները և այլն: Մի խոսքով` թերթը լի է բազում լեզվախոշտանգումներով:
Եթե փորձենք ամբողջապես շարադրել հիշյալ թերթի բոլոր «ձախ ու ծուռ» կողմերը, ապա որևէ տպագիր լրատվամիջոց հազիվ թե համաձայնի իր էջերում զետեղել այդպիսի մեծածավալ հոդված: Այդ պատճառով էլ սահմանափակվենք վերոշարադրյալով: Միայն շեշտենք, որ անհրաժեշտ է դպրոցականներին արգելել ընթերցել «Իջևան» թերթը, քանզի այն կարող է մեծ «հաջողությամբ» անհաջողության մատնել մայրենիի ուսուցումը: Կարծում եմ (ի՞նչ կարծել, հաստատ համոզված եմ), որ այս մայրենիատյաց թերթի մասին «մեզ ձեռ է տալիս» հայտարարող քաղաքապետի տեղակալի վերաբերմունքը նշված հարցի վերաբերյալ ո՛չ թերթի ընթերցողներին, ո՛չ էլ պարզապես տրամաբանությանը դույզն-ինչ մոտ կանգնած մարդկանց հաստատապես «ձեռ չի տալիս»:
Դիմում եմ ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, ՀՀ լեզվի պետական տեսչությանը, Հայաստանի ժուռնալիստների միությանը, ինչու չէ` «Իջևան» թերթի ընթերցողներին. համատեղ ուժերով փրկենք թերթը մեր լեզվի նկատմամբ անողոք մեղանչումներից:
Խղճմտանք դրսևորենք. ուղղակի պարսավելի է նման թերթ հրատարակելը:

Զավեն ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
Հայաստանի ժուռնալիստների միության անդամ

Դիտվել է՝ 2464

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ